Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱԾ-ի, ՍԱԾ-ի, ԴԲԾ-ի, ՊՊԾ-ի և ԴԱՀԿԾ-ի մասին

Ինչպե՞ս են արտասանվում տառային հապավումները։

Այնպես, ինչպես գրվում են։ Օրինակ՝ ՄԱԿ, ՄՕԿ, ՀՕՖ, ՏԻՄ: Բաղաձայններով կազմվածների դեպքում արտասանվում է գաղտնավանկի ը-ն՝ ԼՂՀ (ԼըՂըՀը), ԿԳՆ (ԿըԳըՆը), ՀԳՄ (ՀըԳըՄը), ՀՍԴԿ (ՀըՍըԴըԿը) և այլն:

Արտասանության հետ կապված խնդիր հիմնականում չկա, բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե այս մասին է, այլ այն, թե նպատակահարմա՞ր է արդյոք բաղադրյալ ամեն անվանում հապավել և եթերում արտասանել այդպես: Օրինակ՝ մեր երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը ասել ՀՀ, Ազգային ժողովին՝ ԱԺ, Սահմանադրական դատարանին՝ ՍԴ և այլն:  

Ուշադրություն դարձնենք և կնկատենք, որ որոշ հապավումների դեպքում եթերում այդ արտասանությունը գեղեցիկ, նպատակահարմար չէ: Օրինակ՝ մի՞թե արժի հաղորդման ընթացքում հնչող հազարավոր բառերի մեջ ընդամենը մի քանի բառ պակաս արտասանելու համար բարեհնչությունն անտեսել և ասել ՀԾԿՀ նախագահ, ԱԽ քարտուղար, ՊՊԾ գունդ, ԴԱՀԿ ղեկավար, ԹՄՄ մասնաճյուղ, ՀՔԾ հաղորդագրություն, ԹԳՄ համագումար,«ՊՍԺ» հարձակվող, ՀԿ, ՉԹՕ, ՉԹԱ, ՊՎԾ և այլն։

Հակիրճությունը՝ հակիրճություն, բայց խոսքը, մանավանդ եթերի՛ խոսքը, նախ և առաջ պետք է լինի գեղեցիկ, հնչեղ։

Պետք է նաև նկատի ունենալ, որ այսպիսի հապավումները շատերին նույնիսկ անհասկանալի են: Օրինակ՝ քանի՞ հեռուստադիտող կամ ռադիոլսող գիտի, որ ինչ-որ ընկերության տուգանած ՏՄՊՊՀ-ն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է։

Խե՜ղճ հեռուստադիտող ու ընթերցող, դե ե՛կ ու վերծանիր ԱԾ-ն, ՍԱԾ-ն, ԴԱՀԿԾ-ն, ԴԲԾ-ն, ԱԾԻԳ-ը, ՉԼ-ն, ՍՏՀԿ-ն, ՄԶԳ-ն, ՄԶԶ-ն…

Հիշում եմ. երեխա ժամանակ, որպես խաղ, բակում խոսում էինք ինչ-որ ծածկալեզվով, որի բառերը կազմվում էին կրճատելու, համառոտելու սկզբունքով։ Հիմա մեր եթերի լրագրողները կարծես որոշել են խոսել այդպիսի լեզվով։

Քանի որ մեր ժամանակներում էլ հապավումներն ստեղծվում ու տարածվում են «դարին վայել» արագությամբ, երևի հեռու չէ այն օրը, երբ ամեն նախադասությունից հետո մենք իրար պիտի հարցնենք, թե ի՛նչ էր նշանակում այս կամ այն բառը։ Օրինակ՝ ԳՏՄԿ-ն, ԳՓՄ-ն, ԳՖԲ-ն, ԳՖԴ-ն, ՀՌՖ-ն, ՀՎՄ-ն, ՀՏԳՄ-ն…

Իմաստները հասկացա՞ք… Դժվար թե։ Ավա՜ղ, ես էլ չեմ կարող օգնել, որովհետև… մոռացա։

Եվ գուցե ճիշտ կլինի որևէ մարմին անվանակոչելիս նաև մտածենք, թե հակիրճության ձգտող մեր դարում ինչպե՛ս է հնչելու դրա հապավումը, որպեսզի չսկսենք նաև ակամայից հայհոյել…

Ճիշտ է, հապավումները նույնպես մեր բառամթերքի կարևոր մասն են, բայց, ինչպես ամեն բառ, եկեք դրանք գործածենք տեղին, չափավոր։ Օգտագործե՛նք, այլ ոչ թե չարաշահենք։

                      Գուրգեն Միքայելյան

Հղումը սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին