Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ» ԿԱՅՔԻ «ԱՇԽԱՐՀ» ԷՋՈՒՄ ՆԿԱՏՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

«Bloomberg-ի տվյալներով դրանք 2026 թվականին կդառնան երկրի էներգիայի հիմ­նական աղբյուրը և կկարողանան ծածկել ․․․․ էլեկտրաէներգիայի կարիք­ների մինչև 77 տոկոսը» («Ավստրալիան պատրաստվում է ․․․․», 31.08.2021):

Նախ՝ Bloomberg-ը հարկավոր էր տառադարձել։

Երկրորդ՝ կա սխալ ձևակերպում․ կարիքները չեն ծածկում։

Երրորդ՝ ճիշտ կլիներ ասել էլեկտրաէներգիայի պահանջարկ, այլ ոչ կարիքներ։

Չորրորդ՝ տվյալներով-ի վրա պետք էր դնել բութ։

Նախադասությունը կարելի էր կազմել այսպես․ ««Բլումբերգ»ի տվյալներով՝ դրանք 2026 թվականին կդառնան երկրի էներգիայի հիմնական աղբյուրը և կկարողանան բավա­րարել ․․․․ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 77 տոկոսը»։

 

«Ավստրալիայի էներգետիկ շուկայի օպերատորի (AEMO) փորձագետներն ակնկալում են, որ մինչև 2021 թվականի նոյեմբերի վերջ Հարավային Ավստրալիան կունենա առաջին խոշոր համակարգը ․․․․» (նույն տեղում):

Վերջ-ի փոխարեն հարկավոր էր գրել վերջը․ «․․․․ ակնկալում են, որ մինչև 2021 թվականի նոյեմբերի վերջը Հարավային Ավստրալիան կունենա առաջին խոշոր համա­կարգը ․․․․»։

 

«Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է կրթաթոշակներ և ժամանակավոր աշ­խա­տանքային վիզաներ տրամադրեն Կենտրոնական Ամերիկայի երկրների բնակիչներին» («Մեքսիկայի հարավում զինվորականներն անօրինական ներգաղթյալների ․․․․», 01.09.2021):

Քանի որ Միացյալ նահանգները մեկ պետություն է, ուստի պետք էր գրել․ «Նրա խոս­քով՝ Միացյալ Նահանգները պետք է կրթաթոշակներ և ժամանակավոր աշխատան­քային վիզաներ տրամադրի ․․․․»։

 

«Եթե չլինեին հեղափոխությունն ու ԽՍՀՄ փլուզումը, Ռուսաստանի բնակչությունը կկազմեր 500 միլիոն. Պուտին» (01.09.2021, վերնագիր)։

Մեր կայքերը, չգիտես ի՛նչ տրամաբանությամբ, վերնագրերում ուղղակի խոսքը սովո­րաբար չակերտների մեջ չեն առնում։ Ասելու առիթներ եղել են, ասենք նորից․ լեզվական կանոնը գործում է բոլոր դեպքերում։

Պետք էր գրել․ ««Եթե չլինեին հեղափոխությունն ու ԽՍՀՄ փլուզումը, Ռուսաստանի բնակչությունը կկազմեր 500 միլիոն». Պուտին»։

 

«Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտ­րո­նում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը» (նույն տեղում):

Այստեղ էլ հարկավոր էր տառադարձել ТАСС-ը, ինչպես տառադարձվել է «Օկեան»-ը։

Կայքը ո՛ր բառը ուզում տառադարձում է, ո՛ր բառը չի ուզում, չի տառադարձում։ Դա անընդունելի է։

«Փոխանցել» բառի հետ կապված սխալի մասին Լեզվի կոմիտեն գրել է բազմիցս, բայց ոչինչ չի փոխվել։ Առաջարկում ենք կարդալ կոմիտեի հորդորակը[1]:

 

«Քննարկման առանցքում կլինի նաև Աֆղանստանը, մասնավորապես նրանից ստաց­ված դասերը: Եվ հենց այդ հաշվի առնելով` Եվրամիությունում մտադիր են ստեղծել արագ արձագանքման ուժեր» («ԵՄ պաշտպանության նախարարները ․․․․», 01․09․2021):

Ասելիքը շարադրված է լեզվատրամաբանական և քերականական սխալներով։ Ըստ գրվածի՝ քննարկման առանցքում պիտի լինեն․․․ Աֆղանստանը, դասերը։ Այն էլ՝ ոչ թե ստացած դասերը, այլ ստացված։

Իսկ թե ի՛նչը հաշվի առնելով են Եվրամիությունում մտադիր ստեղծել արագ արձա­գանք­ման ուժեր, մենք չհասկացանք․․․

 

«․․․․ չնայած ԵՄ պաշտպանության նախարարները քննարկել են նման ուժի ստեղծումը, սակայն Լյուբլյանայում կայացած հանդիպմանը որոշումներ չեն կայացվել» («ԵՄ գերա­գույն հանձնակատարը հերքում է ․․․․», 02.09.2021):

Նույնպիսի լեզվատրամաբանական սխալ կա նաև այստեղ․ նախարարները քննարկել կարող էին ոչ թե նման ուժի ստեղծումը, այլ, օրինակ, ստեղծման հարցը։

 

«Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստա­կան­ները կընդունվեն շատ երկրների կողմից» («Հռոմի պապը հույս է հայտնել, որ շատ երկրներ ․․․․», 05․09․2021):

Հանձնարարելի չէ, որ նման դեպքերում նախադասությունը կազմվի կրավորական ձևով, անհարկի գործածվի կողմից կապը։ Կարելի էր գրել․ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս ունի, որ Աֆղանստանից ժամանած փախստա­կան­ներին կընդունեն շատ երկրներ»:

 

«Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր ․․․․» (նույն տեղում)։

Որպեսզի շաղկապի փոխարեն պետք էր գործածել որ-ը։

Այս շաղկապների իմաստային տարբերության մասին գրվել է շատ անգամ։ Այդ մասին կարելի է կարդալ նաև կոմիտեի հորդորակում[2]։

 

«Սկզբնական փուլում փորձարա­րա­կան ծրագրին կմասնակցեն փոքր քանակության «անօդաչու» մեքենաներ ․․․․» («Յանդեքսը «անօդաչու» տաքսիներ ․․․․», 05.09.2021):

Նշված բառը պետք էր գործածել գործիական հոլովով․ «․․․․ կմասնակցեն փոքր քանա­կութ­յամբ «անօդաչու» մեքենաներ ․․․․»։

 

«Ընդհանուր առմամբ, էքսպերիմենտալ նախագծին սկզբնական փուլում կմասնակցի 1000 անօդաչու տաքսի, որն ըստ գնահատումների, Ռուսաստանի յուրաքանչյուր տարա­ծա­շրջանում ճանապարհային երթևեկության մասնակիցների 1%-ից էլ պակաս է կազմում» (նույն տեղում):

Էքսպերիմենտալ-ի հայերեն համարժեքն է  փորձարարական-ը։

Ինչպես նախորդ օրինակում, այստեղ նույնպես անօդաչու-ն պետք էր առնել չակերտ­ների մեջ, որովհետև գործածված է փոխաբերական իմաստով։

Կազմում-ը չպիտի լիներ։

Կան նաև կետադրական սխալներ։

Նախադասությունը հարկավոր էր գրել այսպես․ «Ընդհանուր առմամբ փորձարա­րա­կան նախագծին սկզբնական փուլում կմասնակցի 1000 «անօդաչու» տաքսի․ դա ըստ գնա­հա­­տումների, Ռուսաստանի յուրաքանչյուր տարա­ծա­շրջանում ճանապարհային երթևե­կութ­յան մասնակիցների 1%-ից էլ պակաս է»։

 

«Yandex.Taxi-ի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում անօդաչու տաքսիով ուղևորա­փոխադրումների մեկնարկի ժամկետների մասին հայտնի կդառնա ծրագրի համաձայ­նութ­յունից հետո» (նույն տեղում):

Հեղինակը հավանաբար նկատի ունի ծրագրի համաձայնեցումը։

      Պետք էր գրել․ ««ՅանդեքսՏաքսի»-ի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայում «անօդա­­չու» տաքսիով ուղևորա­փոխադրումների մեկնարկի ժամկետների մասին հայտնի կդառնա ծրագրի համաձայ­նեցումից (ծրագիրը համաձայնեցնելուց) հետո»։

 

«Աֆղանստանում «Թալիբանի» կողմից իշխանությունը զավթելուց հետո Թուրքիան բանակցություններ է վարում խմբավորման ղեկավարության հետ» («Թուրքիան բանակ­ցում է թալիբների հետ», 06.09.2021)։

Եթե՝ կողմից, ուրեմն՝ զավթվելուց, այլ ոչ զավթելուց։ Քանի որ գործածվել է զավթելուց ձևը, ուրեմն չպիտի գործածվեր կողմից-ը։ Գերադասելի էր վերջին տարբերակը․ «Աֆ­ղանստա­նում իշխանությունը «Թալիբանի» զավթելուց հետո Թուրքիան բանակ­ցութ­յուններ է վարում խմբավորման ղեկավարության հետ»:

 

«Չնայած պատմական կապերի և ընդհանուր կրոնի՝ որոշ վերլուծաբաններ զգու­շաց­նում են, որ Անկարան կարող է ձախողվել» (նույն տեղում)։

Պետք է լիներ՝ չնայած ․․․․ կապերիՆ, կրոնիՆ։ Կա նաև շարադասական սխալ։

Հարկավոր էր գրել․ «Որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ, չնայած պատմական կապերին և ընդհանուր կրոնին, Անկարան կարող է ձախողվել»։

Ի դեպ, անհասկանալի է, թե ի՛նչ է նկատի առնված ընդհանուր կրոն ասելով։

 

«Չնայած ՆԱՏՕ-ի դաշինքին Թուրքիայի անդամակցությանը ․․․․» (նույն տեղում):

ՆԱՏՕ հապավման մեջ «դաշինք» բառը կա։ Սա Հյուսիսատլանտյան դաշինք-ի անգ­լե­րեն տարբերակի (North Atlantic Treaty Organization) հապավումն է։

Պետք էր գրել․ «Չնայած ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությանը ․․․․»։

 

«Թուրքիան գտնում է, որ եզակի դիրք ունի խմբավորման հետ հարաբերություններում» (նույն տեղում):

Հարաբերություններում դիրք չեն ունենում։ Եթե ունենան էլ, այն չի կարող լինել եզա­կի։

«Գտնում է»-ի փոխարեն ճիշտ կլիներ գրել՝ կարծում է, համարում է։

Հեղինակը հավանաբար ցանկացել է ասել․ «Թուրքիան կարծում է (համարում է), որ բացառիկ դեր ունի խմբավորման հետ հարաբերություններում»։

 

«Սակայն, Բելմոնդոն ճանաչում և փառք գտավ տասը տարի անց միայն ․․․․ «Վերջին շնչով» ֆիլմից հետո: Գրավիչ հանցագործ Միշելին հեռուստադիտողը միանգամից սիրեց: Նրան սկսեցին հրավիրել նկարահանումների, տարեկան թողարկվում էր Բելմոնդոյի մաս­նակցությամբ 1-2 ֆիլմ» («Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն», 06․09․2021):

Ո՛չ ճանաչումը, ո՛չ էլ փառքը չեն գտնում։ Ասելիքը պետք էր ձևակերպել այլ կերպ։ Օրինակ՝ ճանաչվեց և փառքի հասավ։

Ըստ շարադրանքի՝ ոչ թե Բելմոնդոյին, այլ նրա կերպավորած հերոսին՝ Միշելին են հրավիրել նկարահանումների։

Սակայն-ից հետո ստորակետ չպիտի դրվեր։ Նկարահանումներ-ից հետո ճիշտ կլիներ դնել վերջակետ, որովհետև սկսվում է այլ նախադասություն։

Պետք էր գրել, օրինակ, այսպես․ «Սակայն Բելմոնդոն ճանաչվեց և փառքի հասավ միայն տասը տարի անց ․․․․ «Վերջին շնչով» ֆիլմից հետո: Գրավիչ հանցագործ Միշելին հե­ռուս­տադիտողը միանգամից սիրեց: Դերասանին սկսեցին հրավիրել նկարահա­նում­ների։ Տարեկան թողարկվում էր Բելմոնդոյի մասնակցությամբ 1-2 ֆիլմ»։

 

«Բելմոնդոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպես Ժան Լյուկ Գո­դա­րը, Կլոդ Լելուշը, Մարսել Կարնեն, Ժան Պիեր Մելվիլը» (նույն տեղում):

Կարծում ենք՝ մեկնաբանելու անհրաժեշտություն չկա։ Պետք է լիներ․ «Բելմոն­դոն աշ­խա­տել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են ․․․․»։

 

Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

[1]Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3tiWzrz

[2] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3jQmFz6

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook