Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԵՐՈՎ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Ուսումնասիրել ենք Վարդան Սարգսյանի հեղինակային հաղորդաշարի լեզվավիճակը։ Նրա խոսքում հաճախադեպ են լեզվամտածողական սխալները։ Դուրս գրված հատվածներից շատերում հենց այդպիսիք են․

 

«Այն, ինչ տեղացիները տուն են համարում, մեզ համար կարող է անբարվոք խորդանոց թվալ»։ (3-րդ մաս)

Մեզ համար կարող է թվալ- ը սխալ ձևակերպում է։

Ճիշտ է՝ «Այն, ինչ տեղացիները տուն են համարում, մեզ համար կարող է անբարվոք խորդանոց լինել»։ Կամ՝ «Այն, ինչ տեղացիները տուն են համարում, մեզ կարող է անբարվոք խորդանոց թվալ»։

 

«Եթե ուզում եք ճաշել այս ռեստորանում, պատրաստվեք վճարել բավականին կլորիկ գումար»։ (1-ին մաս)

Կլոր կամ կլորիկ գումար նշանակում է մեծ կամ առնվազն ոչ փոքր գումար։ Բայց եթե մեծ գումարի մասին կարող ենք ասել բավականին (բավականին մեծ գումար), ապա կլորիկ (կլոր) գումարի մասին չենք կարող, քանի որ այս փոխաբերական բառակապակցության մեջ կլորիկ (կլոր) -ը չունի համեմատության աստիճան։ Մենք չենք հարցնի՝ «Ձեր գումարը շա՞տ է կլորիկ»։ Նույնքան անհեթեթ կհնչի պատասխանը՝ «Այո՛, բավականին (կամ՝ բավական, շատ, ահագին) կլորիկ է»։

Ճիշտ է՝ «Եթե ուզում եք ճաշել այս ռեստորանում, պատրաստվեք վճարել կլորիկ գումար»։ Կամ՝ «Եթե ուզում եք ճաշել այս ռեստորանում, պատրաստվեք վճարել բավականին մեծ գումար»։

 

«Նրա դստեր Մարիամը համաձայնեց հանդիպել մեզ հետ»։ (1-ին մաս)

Դստերդուստր բառի սեռական հոլովաձևն է, պատկանելություն է ցույց տալիս։ Այստեղ դրա գործածումը սխալ է։

Ճիշտ է՝ «Նրա դուստր Մարիամը համաձայնեց հանդիպել մեզ հետ»։ Կամ՝ «Նրա դուստրը՝ Մարիամը, համաձայնեց հանդիպել մեզ հետ»։

 

«Հաջողություն եմ մաղթում ձեր դստերին»։ (13-րդ մաս)

Այստեղ նույնպես դուստր բառը սխալ է գործածված։ Տրական հոլովում այն դառնում է ոչ թե դստերին, այլ դստերը։

Ճիշտ է՝ «Հաջողություն եմ մաղթում ձեր դստերը»։

 

«Հինդուները ունեն շատ տոներ, ծիսեր, որոնք անց են կացնում հենց այդ ամիսներին»։ (2-րդ մաս)

Ծես-ի ձայնավորը բառի հոգնակիացման դեպքում չի հնչյունափոխվում, այլ միայն բառաբարդման (ծիսագետ, ծիսակարգ), ածանցման (ծիսական, ծիսային) դեպքերում։ Երկրորդ նշումը հնացած ձև է։ Նախընտրելի է՝ անցկացնում են։ Բայց եթե տոների մասին կարելի է ասել անցկացնում են, ապա ծեսերը ոչ թե անցկացնում, այլ կատարվում են։ Այստեղ բայական անդամը պետք էր համաձայնեցնել ծեսեր-ի հետ՝ նախադասության մեջ նրա դիրքով պայմանավորված (թվարկվողներից վերջինն է)։

Ուրեմն՝ «Հինդուները ունեն շատ տոներ, ծեսեր, որոնք կատարվում են հենց այդ ամիսներին»։

 

«Սա միակ վայրերից է, որտեղ երկար մնալու ցանկությունս միշտ շատ մեծ է»։ (5-րդ մաս)

Միակ նշանակում է մեկ հատ, միայն մի և այլն։ Ուրեմն այն չի կարող գործածվել հոգնակի լրացյալի, տվյալ դեպքում՝ վայրերի հետ։

Ճիշտ է՝ «Սա այն (կամ՝ այն սակավաթիվ) վայրերից է, որտեղ երկար մնալու ցանկությունս միշտ շատ մեծ է»։ Կամ՝ «Սա միակ վայրն է, որտեղ երկար մնալու ցանկությունս միշտ շատ մեծ է»։

 

«Այսօր նա ևս շատ զբաղված էր այստեղի ռեյտինգային ծրագրերից մեկում»։ (1-ին մաս)

Նա ևս զբաղված է նշանակում է՝ զբաղվածները մի քանիսն են։ Բայց խոսքը միայն խոհարարի մասին է, որը նկարահանման օրը նույնպես զբաղված է։ Ռեյտինգային բառի հայերեն համարժեքն է վարկանիշային։

Ճիշտ է՝ «Այսօր ևս/նույնպես/էլ նա շատ զբաղված էր այստեղի վարկանիշային ծրագրերից մեկում»։

 

«Դուք ինձ հարցնում եք․ «Վարդան, որտե՞ղ մեկնեմ հանգստանալու»։ (5-րդ մաս)

Որտեղ և ուր դերանունները հաճախ են իրար փոխարեն գործածվում։ Բայց երբ խոսքը հստակ որևէ ուղղությամբ գնալու մասին է, նախընտրելի է գործածել ուր-ը, քանի որ այս դերանվան մեջ կա «ուղղություն դեպի ինչ-որ վայր» իմաստը։ Այլ բան է՝ որտե՞ղ հանգստանամ։ Այստեղ ուղղություն, ընթացք չկա։

Ճիշտ է՝ «Դուք ինձ հարցնում եք․ «Վարդան, ո՞ւր մեկնեմ հանգստանալու»։

 

«Այստեղ մարդիկ աղքատ են ապրում»։ (6-րդ մաս) Սխալ արտահայտություն է։ Ինչպես որ սխալ կլիներ՝ հարուստ են ապրում։ Մարդիկ լինում են հարուստ կամ աղքատ, ապրում են լավ կամ վատ։

Ճիշտ է՝ «Այստեղ մարդիկ վատ են ապրում»։ Կամ՝ «Այստեղ մարդիկ աղքատ են»։

 

«Շատ կարևոր է, որ այս բոլոր բաղադրիչները լավ խառնվեն ու փոխանցեն մեկը մյուսի համերը»։ (7-րդ մաս)

Ըստ այս ձևակերպման՝ բաղադրիչներից ամեն մեկը պիտի փոխանցի մյուսի համը։ Մինչդեռ խոսքն այս մասին է․

«Շատ կարևոր է, որ այս բոլոր բաղադրիչները լավ խառնվեն ու իրար/միմյանց փոխանցեն իրենց համը»։

 

«Ովքեր ձուկ են սիրում, ուշադիր տեղավորվեք էկրանների մոտ»։ (7-րդ մաս)

Այստեղ դիմային անհամաձայնություն կա։ Սիրում են– երրորդ դեմք, տեղավորվեք– երկրորդ դեմք։ Նաև՝ ի՞նչ է նշանակում ուշադիր տեղավորվեք արտահայտությունը։ Պարզ է, որ խոսքն այստեղ տեղավորվելու և ուշադիր դիտելու մասին է։

Ճիշտ է՝ «Ովքեր ձուկ են սիրում, (թող) տեղավորվեն էկրանների մոտ և ուշադիր դիտեն»։ Կամ՝ «Եթե ձուկ եք սիրում, տեղավորվեք էկրանների մոտ և ուշադիր դիտեք»։

 

«Այս ալոեից մեզ այնքան էլ շատ չկա»։ (7-րդ մաս)

Ալոե բույսի հայերեն անվանումն է հալվե։ Սխալ է մեզ այնքան էլ շատ չկա արտահայտությունը։

Ճիշտ է՝ «Այս հալվեից մենք այնքան էլ շատ չունենք»։

 

«Ծրագրի այս հատվածը կհետաքրքրի նրանց, ովքեր վաղ առավոտից սիրում են համեղ նախաճաշել»։ (8-րդ մաս)

Նշվածը հայերենում սխալ, ռուսերենից պատճենված (завтракать) с утра пораньше արտահայտության պատճենումն է (հայերենում վաղ առավոտից նշանակում է վաղ առավոտից սկսած

Ճիշտ է՝ «Ծրագրի այս հատվածը կհետաքրքրի նրանց, ովքեր վաղ առավոտան սիրում են համեղ նախաճաշել»։

 

«Օվկիանոսի ափին գտնվող այս հյուրանոցում լողավազանն ու օվկիանոսը կարծես մեկը մյուսի շարունակությունը լինեն»։ (8-րդ մաս)

Լողավազանը հյուրանոցում չէ, բայց գոնե նրա տարածքում է։ Իսկ օվկիանոսն ընդհանրապես չի կարող հյուրանոցում լինել։ Նաև՝ օվկիանոս բառը չկրկնելու համար վերաշարադրենք նախադասությունը։

Ճիշտ է, ասենք՝ «Այս ափամերձ հյուրանոցի լողավազանը կարծես օվկիանոսի շարունակությունը լինի»։

 

«Այս երկիր գալիս աղմուկը ուղեկցելու է ձեզ առաջին իսկ վայրկյաններից»։ (9-րդ մաս)

Նշված բայի այս ժամանակաձևը ցույց է տալիս գործողությունը կատարման ընթացքում․ գալիս՝ գալու ընթացքում։ Այսինքն՝ աղմուկը կուղեկցի այս երկիր (Հնդկաստան) գալու ճանապարհի՞ն։ Բայց հաղորդավարը արդեն Հնդկաստանում է և պատմում է այդ աղմկոտ երկրի մասին։

Ուրեմն՝ «Այս երկրում աղմուկը կուղեկցի ձեզ առաջին իսկ վայրկյաններից»։

 

«Որևէ ժամանակակից սարքեր այստեղ չկան»։ (10-րդ մաս)

Որևէ դերանվան հետ հոգնակի թիվ չի գործածվում։

Ճիշտ է՝ «Որևէ ժամանակակից սարք այստեղ չկա»։ Նախընտրելի է՝ «Ժամանակակից որևէ սարք այստեղ չկա»։

 

«Ուզում եմ ուշադրություն դարձնեք, թե ինչ հրաշալի սարք ունեմ ինձ հետ միասին»։ (11-րդ մաս)

Այս նախադասության մեջ շատե՛րը կգործածեն ինձ հետ ռուսաբանությունը։ Բայց այս հաղորդումը վարողն ավելի առաջ է անցել՝ ինձ հետ միասին։

Ճիշտ է՝ «Ուզում եմ ուշադրություն դարձնեք, թե ինչ հրաշալի սարք ունեմ»։ Կամ՝ «Ուզում եմ ուշադրություն դարձնեք, թե ինչ հրաշալի սարք եմ հետս բերել»։

 

«Ճանապարհորդել սիրում են բոլորը, ես ևս, բնականաբար, առաջին իսկ հերթին»։ (12-րդ մաս)

Այստեղ առաջին հերթին-ն էլ ճիշտ չէր լինի, ուր մնաց՝ առաջին իսկ հերթին։ Խոսքը ամենից շատ սիրելու մասին է, և հենց այդպես էլ պետք էր ասել։ Առաջին հերթին-ը իմաստային այլ նրբերանգ ունի։

Ճիշտ է՝ «Ճանապարհորդել սիրում են բոլորը, ես ևս, բնականաբար, ամենից շատ»։

 

«Աստվածուհին ապրում է այստեղ, սակայն մինչև ներս մտնելը հարկավոր է լվանալ ձեռքերը, հետո նոր մտնել ներս»։ (13-րդ մաս)

Երկրորդական նախադասության մեջ հաղորդավարն իր խոսքն անհարկի կրկնել է։ Նաև՝ սակայն շաղկապից հետո ասված միտքը պետք է տրամաբանորեն հակասի դրանից առաջ ասվածին։ Այդ երկու հատվածները պետք է ներհակական հարաբերություններ արտահայտեն։ Մինչդեռ այստեղ աստվածուհու ապրելու վայրը հակասության մեջ չէ ներս մտնելիս լվացվելու մասին մտքի հետ։

Ճիշտ է՝ «Աստվածուհին ապրում է այստեղ, և մինչև ներս մտնելը հարկավոր է լվանալ ձեռքերը»։ Նախընտրելի է՝ «Աստվածուհին ապրում է այստեղ, և կարգ է, որ մինչև ներս մտնելը լվանան ձեռքերը»։

 

«Պիտի ասեմ, որ միսը անպայման բաղադրիչ է»։ (14-րդ մաս)

Գուցե անպայման պետք է միս օգտագործել։ Բայց բաղադրիչը չի կարող անպայման լինել։

Ճիշտ է՝ «Պիտի ասեմ, որ միսը պարտադիր բաղադրիչ է»։

 

«Եթե ցանկությունդ փոքր է, կարող ես միրգ տանել տաճար։ Իսկ եթե ցանկությունդ մեծ է, պետք է զոհաբերություն անես»։ (15-րդ մաս)

Կարող ես մի բան շատ ուզել, մի այլ բան՝ քիչ։ Դրան համապատասխան՝ մի դեպքում ցանկությունդ մեծ կլինի, մյուս դեպքում՝ փոքր։ Բայց այստեղ խոսքը բոլորովին այլ բանի մասին է․ այն մասին է, թե Բուդդայից մե՞ծ բան ես խնդրում, թե՞ փոքր։ Չէ՞ որ կարող ես մի փոքր բան ունենալու մեծ ցանկություն ունենալ, և հակառակը։ Նաև՝ միրգը տաճար տանելը նույնպես զոհաբերություն է։

Ուրեմն ճիշտ է՝ «Եթե փոքր բան ես ցանկանում/ուզում, կարող ես միրգ տանել տաճար։ Իսկ եթե մեծ բան ես ցանկանում/ուզում, պետք է ավելի մեծ զոհաբերություն անես»։

 

«Կոճապղպեղը կտրատում ենք երկար փողիկներով»։ (16-րդ մաս)

Փողիկը փոքր խողովակն է։ Կադրում խոհարարը կտրատում է կոճապղպեղը, և կտորներն ամենևին սնամեջ փողիկներ չեն։ Դրանք ձողաձև են։ Վերջին շրջանում խոհարարական հաղորդումներում հաճախ են ինչ-որ բան կտրատելիս դրա ձևը արտահայտում գործիական հոլովով՝ կտրատել օղակներով, կիսալուսիններով և այլն։

Հայերենում ճիշտ է՝ «Կոճապղպեղը կտրատում ենք ձողաձև» (մյուս դեպքերում՝ օղակաձև, կիսալուսնաձև

 

«Միանգամից ինձ աչք ծակեց փոքրիկ աստվածուհու նկարը»։ (16-րդ մաս)

Սխալ ձևակերպում է։

Ճիշտ է՝ «Միանգամից աչք ծակեց/աչքիս զարնեց փոքրիկ աստվածուհու նկարը»։

 

«Լոտոսներն այստեղ շատ էժան արժեն»։ Ապա՝ «Կամբոջայում հյուրանոցները շատ թանկ արժեն»։ (5-րդ մաս)

Նշված արտահայտությունները սխալ են, ինչպես որ սխալ են էժան գին-ը, թանկ գին-ը։

Էժան-ի և թանկ-ի մեջ արդեն իսկ կան գնի, արժեքի իմաստները։ Ճիշտ են՝  «Լոտոսներն այստեղ շատ էժան են»։ Կամ՝ «Կամբոջայում հյուրանոցները շատ թանկ են»։

Նույնն է՝

«Մալդիվյան կղզիներում ծովամթերքները բավական թանկ արժեն»։ (8-րդ մաս)

Այստեղ սխալ է նաև նշված առաջին բառը։ Այն անհոգնական է՝ միայն եզակի թվով է գործածվում։

Ճիշտ է՝ «Մալդիվյան կղզիներում ծովամթերքը բավական թանկ է»։

«Այդ լվացքատները շատ մատչելի արժեն»։ (9-րդ մաս)

Մատչելի-ն այստեղ նշանակում է գնի, վճարման իմաստով հասանելի, ուստի արժեն-ը դարձյալ ավելորդ է։

Ճիշտ է՝ «Այդ լվացքատները շատ մատչելի են»։

 

Առանձին բաժնով ներկայացնում ենք յուրաքանչյուր բառի չարաշահման դեպքերը։ Զանգվածային լրատվամիջոցներում այս միտումը խիստ տարածված է։ Ամեն, ցանկացած, այլ բառերի փոխարեն, երբեմն էլ պարզապես անհարկի գործածում են «գրական» յուրաքանչյուր-ը։ Քիչ է մնում՝ ամեն ինչ-ի փոխարեն ասեն յուրաքանչյուր ինչ։

 

Այստեղ արքայախնձորը շատ ավելի համեղ է, քան աշխարհի յուրաքանչյուր երկրում»։ (6-րդ մաս)

Ճիշտ է՝ «Այստեղ արքայախնձորը շատ ավելի համեղ է, քան աշխարհի այլ երկրներում»։

«Յուրաքանչյուր տարին մի քանի անգամ կազմակերպում են ճանապարհորդություն»։ (8-րդ մաս)

Ճիշտ է՝ «Տարին մի քանի անգամ կազմակերպում են ճանապարհորդություն»։

«Յուրաքանչյուր տաճար մտնելիս պետք է հանել կոշիկները»։ (8-րդ մաս)

Ճիշտ է՝ «Տաճար/Այստեղ տաճար մտնելիս պետք է հանել կոշիկները»։

«Բուդդան հետևում է յուրաքանչյուր կողմից»։ (8-րդ մաս)

Ճիշտ է՝ «Բուդդան հետևում է բոլոր կողմերից»։

«Կարող եք լինել Ձեր սիրած յուրաքանչյուր վայրում»։

Ճիշտ է՝ «Կարող եք լինել Ձեր սիրած վայրերում»։

«Երբ գալիս եմ այս քաղաք, յուրաքանչյուր անգամ այցելում եմ նրան»։

Ճիշտ է՝ «Երբ գալիս եմ այս քաղաք, ամեն անգամ այցելում եմ նրան»։

 

Հաջորդ չարաշահումը նախորդի պես տարածված չէ։ Այն նկատել ենք միայն այս հաղորդաշարում։ Խոսքը ուստի (հոմանիշները՝ հետևաբար, ուրեմն)  շաղկապի երբեմն ավելորդ, երբեմն այլ բառերի փոխարեն գործածելու մասին է

 

«Ես բոլոր բաղադրիչները չեմ նշի, ուստի կսկսենք պատրաստել և ընթացքում կհասկանանք, թե ինչ է մեզ պետք»։ (8-րդ մաս)

Ուստի-ի փոխարեն՝ այլ։

Ճիշտ է՝ «Ես բոլոր բաղադրիչները չեմ նշի, այլ կսկսենք պատրաստել և ընթացքում կհասկանանք, թե ինչ է մեզ պետք»։

«Ես Ձեզ կհյուրասիրեմ հայկական գինի, ուստի Ձեզ մոտ կլինի տպավորություն, որ Դուք եղել եք Հայաստանում»։ (12-րդ մաս)

Ուստի-ն ավելորդ է։ Տեղին կլինի և համադասական շաղկապը։ Այստեղ սխալ է նաև ուստի-ին հաջորդող հատվածը․ ռուսաբանություն է։

Ճիշտ է՝ «Ես Ձեզ կհյուրասիրեմ հայկական գինի, և Դուք տպավորություն կունենաք, թե /Ձեզ կթվա, թե Դուք եղել եք Հայաստանում»։

«Այստեղ ամեն անկյունում վաճառում են դիմակներ։ Եթե մեր հայրենակիցների մոտ դրանք սարսափ են առաջացնում, ուստի տեղի բնակիչների համար շատ կարևոր դեր ունեն»։ (16-րդ մաս)

Ուստի-ին ավելորդ է։ Սխալ է նաև նշված մոտ-ը․ ռուսաբանություն է։ Այստեղ տրամաբանական խնդիր էլ կա․ առաջին վերաբերմունքը երկրորդին չի բացառում, կարելի է սարսափելով հանդերձ կարևորել, ինչպես և հակառակը։

Ճիշտ է, օրինակ՝ «Այստեղ ամեն անկյունում վաճառում են դիմակներ։ Եթե մեր հայրենակիցների մեջ դրանք կարող են միայն սարսափ առաջացնել, ապա տեղի բնակիչների համար շատ կարևոր դեր ունեն»։

«Այստեղ քայլելը շատ հաճելի է, բայց երբ այս ամենին միանում է «Ռոյալ Արմենիայի» լուծվող թեյը, ուստի ամեն հաճույք կրկնապատկվում է»։ (8-րդ մաս)

Ուստի-ն ավելորդ է։ Նաև՝ խոսքը քայլելու և դրանից ստացած հաճույքի մասին է, ուրեմն սխալ են այս ամենին և ամեն հաճույք արտահայտությունները։

Ճիշտ է՝ «Այստեղ քայլելը շատ հաճելի է, բայց երբ դրան միանում է «Ռոյալ Արմենիայի» լուծվող թեյը, հաճույքը կրկնապատկվում է»։

 

Երազիկ Գրիգորյան

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook