Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԵՐՈՎ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Ուսումնասիրել ենք «Աշխարհի համերով» հաղորդաշարի լեզվավիճակը:

Ներկայացնում ենք հաղորդավարի խոսքում նկատված սխալների երկրորդ ամփոփագիրը։

 

«Երևանից Թել Ավիվ մեկնում եմ ուղիղ չվերթով՝ ի շնորհիվ Արմենիա ավիաընկերության» (17-րդ մաս)։

Շնորհիվ-ի հետ ի նախդիրը գործածելը  սխալ է, քանի որ այս գրաբարյան գործիական հոլովաձևի հետ ի  նախդիր երբևէ չի գործածվել։ Շարադասությունը շրջենք և սխալն ակնհայտ կդառնա․ «․․․․Արմենիա ավիաընկերության շնորհիվ»։

Ճիշտ է՝ «Երևանից Թել Ավիվ մեկնում եմ ուղիղ չվերթով՝ շնորհիվ Արմենիա ավիաընկերության»։

Նույնն է՝ «Ես ունեմ բժշկական ապահովագրություն՝ ի շնորհիվ Ամերիքան էքսպրես քարտի» (24-րդ մաս)։

Ճիշտ է՝ «Ես ունեմ բժշկական ապահովագրություն՝ շնորհիվ Ամերիքան էքսպրես քարտի»։

 

«Վերջերս տեղացիները, ի ուրախություն բոլորի, սկսել են քիչ ուտել շան միս»։ (25-րդ մաս)։

Այստեղ գրաբարյան ի նախդիրը տեղին է գործածված, միայն թե ձայնավորից առաջ այն հնչյունափոխվում է յ-ի (ուղղագրական փոփոխությունից հետո այն հ է գրվում) և միանում բառին։ Թեև արդեն չի ընկալվում, բայց այդ կառուցվածքն ունեն հանուն, հաջող, հոտնկայս և այլ բառեր։ Այդպես պետք է լիներ և այստեղ։

Ճիշտ է՝ «Վերջերս տեղացիները, հուրախություն բոլորի, սկսել են քիչ ուտել շան միս»։

 

«Խորհուրդ եմ տալի այստեղ լինելուն» (18-րդ մաս)։

Առաջին նշումը հատուկ է բարբառային, խոսակցական լեզվին։ Եթերի համար այս ոչ հանձնարարելի ձևը հաղորդավարի խոսքում բավական հաճախադեպ է (տալի, գալի․․․)։ Նաև՝ ստորոգյալի հետ որպես լրացում գործածվում է բայի ուղիղ ձևը՝ հորդորում ենք լռել, փորձում եմ համոզել, որոշել է գալ և այլն։

Ճիշտ է՝ «Խորհուրդ եմ տալիս այստեղ լինել»։

Նույն՝ երկրորդ սխալն է՝ «Ես պարտավոր եմ այդ ամենը համտեսելու և ներկայացնելու ձեզ» (34-րդ մաս)։

Ճիշտ է՝ «Ես պարտավոր եմ այդ ամենը համտեսել և ներկայացնել ձեզ»։

 

«Երբ ասում էի, որ Մեռյալ ծովը, նրա ջուրն ու ցեխը համարվում են աշխարհի ամենաբուժիչ երևույթները, ոչ մի րոպե չէի չափազանցնում» (18-րդ մաս)։

Խոսքը ոչ թե չափազանցնելու ժամանակին է վերաբերում, այլ դրա չափին։ Ուրեմն պետք էր գործածել չափի մակբայ։

Ճիշտ է՝ «Երբ ասում էի, որ Մեռյալ ծովը, նրա ջուրն ու ցեխը համարվում են աշխարհի ամենաբուժիչ երևույթները, ամենևին/բոլորովին չէի չափազանցնում»։

 

«Այսպես ենք օգտագործում այս դիմակը» (18-րդ մաս),- ասում է հաղորդավարը՝ ցեխը քսելով իր թևին։

Տարածված սխալ է․ գլխամաշկին, ձեռքերին, ոտքերին քսելու համար նախատեսված բուժիչ կամ օգտակար նյութերի մասին ասում են՝ դիմակ։ Այս բառի արմատը դեմ(ք)-ն է։ Ուրեմն  միայն դեմքի համար նախատեսված հատուկ նյութերը կարելի է դիմակ անվանել։ Իսկ մյուսները պետք է կոչել դրանց ընդհանուր անունով, որը դիմակին էլ է վերաբերում՝ քսուք։

Ճիշտ է՝ «Այսպես ենք օգտագործում այս քսուքը»։ Տվյալ դեպքում կարելի էր հենց ցեխ  անվանել։

 

«Անբացատրելի զգացողություն է Երուսաղեմով շրջելը» (19-րդ մաս)։

Շրջում են ոչ թե ․․․ով, այլ ․․․ում՝ փողոցում, քաղաքում, հրապարակում և այլն։

Ճիշտ է՝ «Անբացատրելի զգացողություն է առավոտյան Երուսաղեմում շրջելը»։

Նույնն են՝

«Կայսրը զբոսնել է լճով» (32-րդ մաս)։

«Եթե ուզում ես Հանոյով շրջել ու բացահայտել քաղաքը․․․․» (32-րդ մաս)։

«Եթե ոչինչ չես ուզում գնել, կարող ես այս խանութով հենց այնպես պտտվել» (33-րդ մաս)։

Ճիշտ են՝ «Կայսրը զբոսնել է լճում»։

«Եթե ուզում ես Հանոյում շրջել ու բացահայտել քաղաքը․․․․»։

«Եթե ոչինչ չես ուզում գնել, կարող ես այս խանութում հենց այնպես պտտվել»։

 

«Մի բան հաստատ է․ այստեղ բոլորովին նոր մարդ դարձած ես վերադառնում» (19-րդ մաս)։

Խոսքը Երուսաղեմում հոգեպես նորոգվելու ու այնտեղից նոր մարդ դարձած վերադառնալու մասին է։

Ուրեմն՝ «Մի բան հաստատ է․ այստեղից բոլորովին նոր մարդ դարձած ես վերադառնում»։ Կամ, օրինակ՝ «Մի բան հաստատ է․ այստեղ բոլորովին նոր մարդ ես դառնում և ապա վերադառնում»։

 

«Ես Վարդան Սարգսյանն եմ, ով շատ է սիրում ճանապարհորդել, և այս պահին գտնվում եմ Իսրայելում» (20-րդ մաս)։

Նշված առաջին հատվածում սխալ է ով դերանվան գործածումը։ Ճիշտ է՝ Ես Վարդան Սարգսյանն եմ, որ(ը) ․․․ Ով-ը միայն դերանունների հետ է ճիշտ՝ Ես նա եմ, ով․․․ Երկրորդ նշումը՝ սիրում է, սխալ չէ, միայն թե պետք էր նախադասությունը երրորդ դեմքով էլ շարունակել կամ սիրում է-ն դեմքով համապատասխանեցնել գտնվում եմ-ին՝ դիմային անհամաձայնությունից խուսափելու համար։

Ճիշտ է՝ «Ես Վարդան Սարգսյանն եմ, որը շատ է սիրում ճանապարհորդել, և այս պահին գտնվում է Իսրայելում»։ Կամ՝ «Ես Վարդան Սարգսյանն եմ։ Շատ եմ սիրում ճանապարհորդել և այս պահին գտնվում եմ Իսրայելում»։

 

«Ու էլի հիշեմ ինձ համար շատ զարմացրած փաստի մասին» (22-րդ մաս)։

Կարելի էր մտածել, թե խոսելիս վրիպել է հաղորդավարը, բայց խոսքը հնչում է կադրից դուրս, և հեշտությամբ կարելի էր ուղղել ակնհայտ սխալ ձևակերպումը։

Ճիշտ է՝ «Ու էլի հիշեմ ինձ շատ զարմացրած փաստի մասին»։ Կամ՝ «Ու էլի հիշեմ ինձ համար շատ զարմանալի փաստի մասին»։

 

«Այստեղ ամեն ինչ շատ թանկ արժե։ Կասե՞ս ինչի հետ է դա պայմանավորված» (23-րդ մաս)։

Առաջին սխալի մասին խոսվել է նախորդ ամփոփագրում։ Էժան-ի և թանկ-ի մեջ արդեն իսկ կան գնի, արժեքի իմաստները։ Երկրորդ նշումը սխալ ձևակերպում է։

Ճիշտ է՝ «Այստեղ ամեն ինչ շատ թանկ է։ Կասե՞ս ինչով է դա պայմանավորված»։ Կամ՝ «Այստեղ ամեն ինչ շատ թանկ է։ Կասե՞ս ինչի հետ է դա կապված»։

Նույն՝ առաջին սխալի կարգի սխալներ են՝

«Բնակչությունը հազվադեպ է գալիս գնումների։ Այդ պատճառով էլ գները թանկ են» (23-րդ մաս)։

Ճիշտ է՝ «Բնակչությունը հազվադեպ է գալիս գնումների։ Այդ պատճառով էլ գները բարձր են»։ Կամ՝ «Բնակչությունը հազվադեպ է գալիս գնումների։ Այդ պատճառով էլ ապրանքները թանկ են»։

«Փողոցային կերակուրները բավական մատչելի արժեն»։

Մատչելի-ն այստեղ նշանակում է գնի, վճարման իմաստով հասանելի, ուստի արժեն-ը դարձյալ ավելորդ է։

Ճիշտ է՝ «Փողոցային կերակուրները բավական մատչելի են»։

 

«Սա մանրեցված վիճակում բաղադրիչներն են» (23-րդ մաս)։

Թվային անհամաձայնություն կա․ սա՝ եզակի, բաղադրիչները՝ հոգնակի։

Լավ չի ձևակերպված նշված արտահայտությունը։

Ճիշտ է՝ «Սրանք մանրեցված բաղադրիչներն են»։ Կամ՝ «Սրանք բաղադրիչներն են՝ մանրեցված վիճակում»։

 

«Նրանք ապրում են քարե դար հիշեցնող ժամանակաշրջանում» (24-րդ մաս)։

Ժամանակաշրջանը, որի մասին խոսվում է, քարե դար չի հիշեցրել, այլ կոչվել է քարե դարի ժամանակաշրջան։ Պապուա Նոր Գվինեայում մարդիկ այսօ՛ր են ապրում ասես քարե դարի ժամանակաշրջանում։

Ճիշտ է՝ «Նրանք ապրում են ասես քարե դարի ժամանակաշրջանում»։ Կամ՝ «Նրանց ապրելակերպը հիշեցնում է քարե դարի ժամանակաշրջանը»։

 

«Աղբյուրի ջուրը կփրկի ինձ դուրս գալ այս վատ իրավիճակից» (24-րդ մաս)։

Կփրկի դուրս գալ-ը սխալ ձևակերպում է։ Նաև՝ իրավիճակը ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ իրականությունն է։ Իսկ այստեղ հաղորդավարն ընդամենը կերել է մի բան, որն այնքան էլ իր սրտով չէր։ Վատ է ոչ թե իրավիճակը, այլ նրա վիճակը։

Ճիշտ է՝ «Աղբյուրի ջուրը կօգնի ինձ դուրս գալ այս վատ վիճակից»։ Կամ՝ «Աղբյուրի ջուրը կփրկի ինձ, ես դուրս կգամ այս վատ վիճակից»։

 

«Դրանից հետո նոր վրան հավելյալ լցնել կարագ» (25-րդ մաս)։

Հաղորդավարը պատմում է, թե Վիետնամում սուրճը ինչպես են պատրաստում։ Սկզբում սուրճի մեջ կարագ չկար, վերջում են այն ավելացնում։ Ուստի հավելյալ (լրացուցիչ) բառն այստեղ ավելորդ է։

Ճիշտ է՝ «Դրանից հետո նոր վրան լցնել կարագ»։

 

«Տեսե՛ք ինչքան սրճարաններ կան ինձանից աջ կողմում» (31-րդ մաս)։

Ձևակերպումը սխալ է։

Ճիշտ է՝ «Տեսե՛ք ինչքան սրճարաններ կան ինձանից դեպի աջ»։ Կամ՝ «Տեսե՛ք ինչքան սրճարաններ կան իմ աջ կողմում»։

 

«Այս նախագիծը դիտելուց հետո շատ և շատ մեր հայրենակիցներ կցանկանան իրենց հանգիստը վայելել այստեղ» (33-րդ մաս)։

Տարածված սխալ է։

Ճիշտ է՝ «Այս նախագիծը դիտելուց հետո մեր հայրենակիցներից շատերը/շատ-շատերը կցանկանան իրենց հանգիստը վայելել այստեղ»։

 

«Առավոտ վաղ արդեն լողանում են ծովում» (34-րդ մաս)։

Լողանում են լոգարանում, ցնցուղի տակ՝ մաքրվելու նպատակով։ Իսկ լողավազանում, գետում, ծովում, օվկիանոսում լողում են։

Ճիշտ է՝ «Առավոտ վաղ արդեն լողում են ծովում»։

Նույնն է՝ «Տեղաբնակները երբեք ծովերում չեն լողանում» (35-րդ մաս)։

Ճիշտ է՝ «Տեղաբնակները երբեք ծովերում չեն լողում»։

 

«Կան դեպքեր, երբ չխանգա(ռ)ելը ավելի իսկական օգնություն է» (23-րդ մաս)։

Շատ բառեր կան, որոնք հաղորդավարը սխալմամբ ռ-ով է արտասանում, ինչպես այս չխանգա(ռ)ել-ը՝ (խոշո(ռ), դոլա(ռ), եվ(ռ)ոպական, ծա(ռ)ավ և այլն)։ Այստեղ նաև սխալ է ավելի իսկական օգնություն ձևակերպումը։

Ճիշտ է՝ «Կան դեպքեր, երբ չխանգարելը իսկական օգնություն է»։ Կամ՝ «Կան դեպքեր, երբ չխանգարելը ավելի մեծ օգնություն է»։

 

«Եկավ ժամանակը, երբ ես պիտի դառնամ դանի ժողովրդից մեկը» (22-րդ մաս)։

Ժողովուրդ-ը եզակի է, ուրեմն դրանից մեկը լինել հնարավոր չէ։

Ճիշտ է՝ «Եկավ ժամանակը, երբ ես պիտի դառնամ դանի ժողովրդի անդամներից/ներկայացուցիչներից մեկը»։

 

«Ես, իհարկե, այստեղ պատերազմելու ոչ մի նպատակ չունեմ» (22-րդ մաս)։

Նշված ձևակերպումը սխալ է։

Ճիշտ է՝ «Ես, իհարկե, այստեղ պատերազմելու նպատակ ամենևին չունեմ»։

 

«Կասե՞ս՝ որտեղ ենք գնալու հիմա» (25-րդ մաս)։

Այս սխալի մասին խոսվել է նախորդ ամփոփագրում։ Որտեղ-ի մեջ գնալու, որևէ ուղղությամբ ընթանալու իմաստը չկա։

Ճիշտ է՝ «Կասե՞ս՝ ուր ենք գնալու հիմա»։

 

«Ամեն առավոտ նախաճաշս հենց այստեղ եմ անցկացնում» (25-րդ մաս)։

Նախաճաշը չեն անցկացնում։

Ճիշտ է՝ «Ամեն առավոտ հենց այստեղ եմ նախաճաշում»։

 

«Թեյը թարմեցնում է» (26-րդ մաս)։

Նշվածը ա խոնարհման բայ է։

Ուրեմն՝ «Թեյը թարմացնում է»։

 

«Կան երկրներ, որոնց ճաշատեսակներն ինձ այդքան էլ դուր չեն գալիս» (22-րդ մաս)։

Հայերենում կա այնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստները չունեն այդքան էլ կամ այսքան էլ՝ վերջին շրջանում հավանաբար ռուսերեն не так уж-ի ազդեցությամբ մեր խոսք սպրդած արտահայտությունները։

Ճիշտ է՝ «Կան երկրներ, որոնց ճաշատեսակներն ինձ այնքան էլ դուր չեն գալիս»։

Նույնն են՝ «Այստեղ այդքան էլ հեշտ չի լինում ազատ սեղան գտնելը» (31-րդ մաս)։

Ճիշտ է՝ «Այստեղ այնքան էլ հեշտ չի լինում ազատ սեղան գտնելը»։

«Գուցե ամեն բան այդքան էլ տհաճ չէ» (31-րդ մաս)։

Ճիշտ է՝ «Գուցե ամեն բան այնքան էլ տհաճ չէ»։

 

Նախորդ ամփոփագրում առանձին բաժիններով ներկայացրել ենք հաղորդավարի խոսքում յուրաքանչյուր և ուստի բառերի չարաշահումները։ Ստորև ներկայացված օրինակներում նույնպես այդ բառերի գործածումը սխալ է կամ անտեղի․

 

«Յուրաքանչյուր հայի համար այստեղ գործում է զեղչ» (20-րդ մաս)։

Ճիշտ է՝ բոլոր հայերի համար, նախընտրելի է՝ հայերի համար։

«Յուրաքանչյուր օր այստեղ այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ (20-րդ մաս)։

ճիշտ է՝ ամեն օր։

«21-րդ դարում յուրաքանչյուր վճարումները հարկավոր է կատարել քարտով» (23-րդ մաս)։

Ճիշտ է՝ բոլոր վճարումները։

«Յուրաքանչյուր օր նկարահանման հրապարակից ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրում եմ շատ և շատ հետաքրքիր նկարներ, ուստի ձեր մեկնաբանությունները շատ կարևոր են» (25-րդ մաս)։

Ճիշտ է՝ 1․ամեն օր, 2․քանի որ։

«Դու դեռ Ամերիկան Էքսպրես քարտի օգտատեր չե՞ս։ Ուստի շտապիր զանգահարել Ակբա բանկ» (23-րդ մաս)։

Ճիշտ է առանց ուստի-ի։

«Եթե տեղյակ չլինես ինչից է պատրաստված, ուստի կասես, որ շատ համեղ է» (32-րդ մաս)։

Ճիշտ է՝ առանց ուստի-ի։ Կամ ուստի-ի փոխարեն՝ ապա։

«Եթե հնարավորություն ունեք ձեզ հետ բերելու Արմենիա գինի, ուստի հաճույքը կրկնապատկվում է» (25-րդ մաս)։

Ճիշտ է՝ ապա հաճույքը կկրկնապատկվի։

 

Երազիկ Գրիգորյան

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook