Լեզվի կոմիտեն մեկ տարի առաջ ուսումնասիրել է «Նանե․ կանացիության բանաձև»
հաղորդաշարի լեզվավիճակը։ Նկատված սխալներից կազմված ամփոփագիրը ուղարկվել է հեռուստաընկերություն։
Մեր աշխատակիցները դարձյալ ուսումնասիրել են հաղորդաշարը՝ նախկին դիտողությունների հիման վրա լեզվական բարելավում նկատելու ակնկալիքով։ Եզրակացրել ենք, որ որոշ սխալներ շարունակում են հնչել եթերից։ Դրանք, ինչպես նաև լեզվական այլ սխալներ, ներկայացված են ստորև։
«Այս նախագիծը աջակցեց նորաձևության դպրոցի հիմնումը» (96-րդ թողարկում)։
Աջակցում են ոչ թե որևէ երևույթը կամ որևէ մեկը, այլ որևէ երևույթին, որևէ մեկին։
Ճիշտ է՝ «Այս նախագիծը աջակցեց նորաձևության դպրոցի հիմնմանը»։
«Շնորհակալ եմ, Անիտա, թեման իրազեկելու համար» (96-րդ թողարկում)։
Իրազեկում են ոչ թե որևէ բան, այլ որևէ բանին կամ որևէ բանի մասին։
Այստեղ նախընտրելի է՝ «Շնորհակալ եմ, Անիտա, թեմային իրազեկելու համար»։
«Ծնողներդ շռայլորեն պարգևատրե՞լ են երաժշտական գեները» (96-րդ թողարկում)։
Ճի՛շտ է, այստեղ դարձյալ խնդրառության սխալ կա (պարգևատրում են ոչ թե որևէ բան, այլ որևէ բանով՝ շքանշանով, պատվոգրով և այլն), բայց նաև սխալ է ընտրված պարգևատրել բառը։ Ծնողները, պատկերավոր ասած, իրենց գեները փոխանցում, տալիս, կարելի է նաև ասել՝ պարգևում են իրենց զավակին, բայց ո՛չ պարգևատրում։
Ճիշտ է՝ «Ծնողներդ շռայլորեն պարգևե՞լ են երաժշտական գեները»։
«Նախագիծը գտավ, որ սա լավագույն լուծումն է Հայաստանում» (96-րդ թողարկում)։
Գտնել բայի այս սխալ կիրառությունը ռուսերենից է եկել։
Ճիշտ է՝ «Նախագիծը որոշեց/եզրակացրեց, որ սա լավագույն լուծումն է Հայաստանում»։
«Մաղթում եմ, որպեսզի հայկական նորաձևությունը զարգացում ապրի» (96-րդ թողարկում)։
Որպեսզի շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով հարցերով կարող ենք պարզել, որ այս երկրորդականը նպատակի պարագա չէ։ Այն ուրիշ գործառույթ ունի և պատասխանում է ի՞նչ հարցին (մաղթում եմ ի՞նչ)։
Ճիշտ է՝ «Մաղթում եմ, որ հայկական նորաձևությունը զարգացում ապրի (նախընտրելի է՝ զարգանա)»։
Այս հաճախադեպ սխալի ևս մի քանի օրինակ․
«Քեզ մաղթում եմ, որպեսզի այն մոտակա ժամանակահատվածում տեղի ունենա» (97-րդ թողարկում)։
Այստեղ սխալ է նաև այն դերանունը, քանի որ խոսքը սիրելիի համար կերակուր պատրաստելու մասին է։ Անհաջող է ընտրված մոտակա ժամանակահատվածում արտահայտությունը։ Խոսքը շուտով, առաջիկայում տեղի ունենալու մասին է, և հենց այդպես էլ պետք էր ասել։
Ուրեմն ճիշտ է՝ «Քեզ մաղթում եմ, որ դա շուտով տեղի ունենա»։
«Հիմա պիտի խնդրեմ, որպեսզի դու հեռուստադիտողներին պատմես քո մասին» (97-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Հիմա պիտի խնդրեմ, որ դու հեռուստադիտողներին պատմես քո մասին»։
«Պանիրը թույլ չի տալիս, որպեսզի ուտեստները դուրս գան միջից» (109-րդ թողարկում)։
Այստեղ մի սխալ էլ կա․ իրականում պանիրը թույլ չի տալիս (նախընտրելի է՝ չի թողնում), որ բաղադրիչնե՛րը դուրս գան ուտեստի միջից։
Ճիշտ է՝ «Պանիրը չի թողնում, որ բաղադրիչները դուրս գան միջից»։
Որպեսզի շաղկապի սխալ գործածության մասին նախորդ ամփոփագրում ևս խոսվել է, բայց այն շարունակում է հնչել այս հաղորդաշարում։
«Յուրաքանչյուր մարդու կյանքում հայրը այն կերպարն է, ով մեծ դեր է ունենում․․․․» (96-րդ թողարկում)։
Ոչ թե կերպարն է, ով․․․․, այլ կերպարն է, որ(ը)․․․․։ Ում (ով)– ը գործածվում է միայն դերանունների հետ (օրինակ՝ հայրը նա է, ում…, հայրը՝ նա, ում․․․․)։
Ճիշտ է՝ «Յուրաքանչյուր մարդու կյանքում հայրը այն կերպարն է, որը մեծ դեր է ունենում․․․․»։
Նույնն են․
«Սիրում եմ պրոֆեսիոնալ խոհարարներին, ովքեր զարմացնում են իրենց հմտություններով» (105-րդ թողարկում)։
Այստեղ նաև՝ նախընտրելի էր գործածել օտար պրոֆեսիոնալ բառի հայերեն համարժեքը։
Ճիշտ է՝ «Սիրում եմ արհեստավարժ խոհարարներին, որոնք զարմացնում են իրենց հմտություններով» (105-րդ թողարկում)։
«Շուշան Պետրոսյանը այն երգչուհիներից է, ում երգերը միշտ ասելիք ունեն» (105-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Շուշան Պետրոսյանը այն երգչուհիներից է, որի երգերը միշտ ասելիք ունեն»։
Այս սխալի մասին նույնպես նախորդ ամփոփագրում խոսվել է։
«Դերասանի հանրային կյանքը բաղկացած է նրա մարմնավորած կերպարներից» (97-րդ թողարկում)։
Սխալ ձևակերում է։
Ըստ համատեքստի ճիշտ է՝ «Դերասանի մասին ստեղծված հանրային կարծիքի վրա ազդեցություն են ունենում (ազդում են) նրա մարմնավորած կերպարները»։
Սխալ ձևակերպման այլ դեպքեր․
«Այժմ ի՞նչ դերի շուրջ եք աշխատում» (97-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Այժմ ի՞նչ դերի վրա եք աշխատում»։
«Շնորհակալ եմ այս յուրօրինակ աղցանը մեզ համար պատրաստելու։ Իսկ հեռուստադիտողները թող շտապեն գրանցել բաղադրատոմսը հեռուստաէկրաններին» (105-րդ թողարկում)։
Ճիշտ է, օրինակ՝ «Շնորհակալ եմ, որ այս յուրօրինակ աղցանը մեզ համար պատրաստեցիք։ Իսկ հեռուստադիտողները թող շտապեն գրառել բաղադրատոմսը հեռուստաէկրաններից»։
«Այսօր Մանուկ Պողոսյանի հետ պատրաստելու ենք մի հետաքրքիր ուտեստ, որը հենց հիմա նա մեզ համար կասի» (105-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Այսօր Մանուկ Պողոսյանի հետ պատրաստելու ենք մի հետաքրքիր ուտեստ, որի պատրաստման ձևը հենց հիմա նա մեզ կասի/կբացատրի/կներկայացնի»։
«Ինչո՞ւ որոշեցիք աշխատել հենց տիկնիկային թատրոնում, որովհետև յուրաքանչյուր արտիստ ցանկանում է տեսանելի լինել հանրության կողմից» (98-րդ թողարկում)։
Նշված որովհետև շաղկապի գործածումը սխալ է։ Նաև՝ խոսքը այստեղ ոչ թե տեսանելի՝ երևացող լինելու մասին է, այլ ճանաչված լինելու։
Ճիշտ է՝ «Ինչո՞ւ որոշեցիք աշխատել հենց տիկնիկային թատրոնում։ Չէ՞ որ յուրաքանչյուր արտիստ ցանկանում է ճանաչված լինել հանրության կողմից»։ Կամ՝ «․․․․ Չէ՞ որ յուրաքանչյուր արտիստ ցանկանում է երևալ հանրության առաջ»։
«Ո՞րն են այն կարևորագույն արժեքները, որոնց սերմանում եք Ձեր երեխաների մեջ» (98-րդ թողարկում)։
Թվային անհամաձայնություն կա։ Եթե արժեքները, ուրեմն ոչ թե ո՞րն են, այլ որո՞նք են։ Նաև՝ մարդու մեջ սերմանում են արժեքները, այլ ո՛չ արժեքներին, և հետևաբար հաջորդող դերանունն էլ պիտի նույն հոլովաձևով լիներ։
Ճիշտ է՝ «Որո՞նք են այն կարևորագույն արժեքները, որոնք սերմանում եք Ձեր երեխաների մեջ»։
Նույնն են․
«Ո՞րն է շաքարային դիաբետի առաջացման պատճառները» (104-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Որո՞նք են շաքարային դիաբետի առաջացման պատճառները»։
«Դրանք բխում են ժողովրդի սրտից, արտահայտում նրանց ապրումները» (104-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Դրանք բխում են ժողովրդի սրտից, արտահայտում նրա ապրումները»։
«Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը։ Այնպես որ, վերցրեք մեկ գավաթ սուրճը և միացեք մեզ» (99-րդ թողարկում)։
Խոսքը ենթադրյալ, այլ ո՛չ որոշակի մեկ գավաթ սուրճի մասին է։ Ուրեմն ավելորդ է որոշիչ հոդը։ Նաև՝ նման դեպքերում նախընտրելի է մեկ թվականի փոխարեն մի անորոշ դերանունը գործածել։
Ճիշտ է՝ «Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը։ Այնպես որ, վերցրեք մի գավաթ սուրճ/մի գավաթ սուրճ վերցրեք և միացեք մեզ»։
«Այսօրվա հյուրը ակտիվ կենսագրություն ունի և՛ թատրոնում, և՛ ֆիլմերում» (99-րդ թողարկում)։
Կյանքը, մարդը կարո՛ղ են ակտիվ լինել։ Իսկ կենսագրությունը դրանից դառնում է ոչ թե ակտիվ, այլ հարուստ։ Սխալ է նաև երկրորդ ընդգծումը։
Ճիշտ է՝ «Այսօրվա հյուրը ակտիվ կյանք ունի և՛ թատրոնում, և՛ կինոյում»։ Կամ՝ «Այսօրվա հյուրը հարուստ կենսագրություն ունի և՛ թատրոնում, և՛ կինոյում»։
«Ինչպե՞ս եղավ անցումը խամաճիկներից կամերային թատրոնի» (99-րդ թողարկում)։
Նշված բառը սխալ հոլովաձևով է գործածված։
Ճիշտ է՝ «Ինչպե՞ս եղավ անցումը խամաճիկներից կամերային թատրոն»։
«Շնորհակալ եմ կենտրոնի հաջողության բանաձևով կիսվելու համար» (102-րդ թողարկում)։
Ինչ-որ բանով կիսվելը օտարաբանություն է․ դա կանոնական է, օրինակ՝ ռուսերենում։
Ճիշտ է՝ «Շնորհակալ եմ կենտրոնի հաջողության բանաձևի մասին պատմելու համար»։
Նույնն են․
«Կարո՞ղ եք կիսվել տոլմա պատրաստելու գաղտնիքներով» (106-րդ թողարկում)։
Ճիշտ է, օրինակ՝ «Կարո՞ղ եք ասել՝ որոնք են տոլմա պատրաստելու գաղտնիքները»։
«Այսպես է Սաթենիկ Ղազարյանը ամեն օր կիսվում իր հետաքրքիր բաղադրատոմսերով» (106-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Այսպես է Սաթենիկ Ղազարյանը ամեն օր ներկայացնում իր հետաքրքիր բաղադրատոմսերը»։
Այս սխալը նույնպես գրանցված էր նախորդ ամփոփագրում։
«Թունա ձուկը իր մեջ պարունակում է օմեգա» (104-րդ թողարկում)։
Պարունակել բառի մեջ ամփոփելու, իր մեջ ունենալու իմաստը կա, ուստի սխալ է ասել իր մեջ պարունակում է։
Ճիշտ է՝ «Թունա ձուկը պարունակում է օմեգա»։ Կամ՝ «Թունա ձկան մեջ օմեգա կա»։
«Վերջին շրջանում կանանց մոտ ակտիվացել են վահանաձև գեղձի խնդիրները։ Ի՞նչ են իրենից ներկայացնում դրանք» (104-րդ թողարկում)։
Մոտ կապի այսպիսի կիրառությունը օտարաբանություն է։ Այստեղ կա նաև թվային անհամաձայնություն՝ իրենից՝ եզակի, ներկայացնում են դրանք (խնդիրները)՝ հոգնակի։ Անհաջող է նաև խնդիրները ակտիվացել են արտահայտությունը։
Ճիշտ է՝ «Վերջերս կանանց շրջանում հաճախադեպ են դարձել վահանաձև գեղձի խնդիրները։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում դրանք»։
Մոտ կապի սխալ կիրառության այլ դեպքեր․
«Շատ այցելուների մոտ կա մտավախություն, որ վահանագեղձի հանգույցը կարող է վերածվել չարորակ գոյացության։ Ճի՞շտ է արդյոք այս մտավախությունը» (104-րդ թողարկում)։
Այստեղ նաև սխալ է մտավախության մասին հարցնել՝ ճի՞շտ է։
Ճիշտ է՝ «Շատ այցելուների մեջ կա մտավախություն, որ վահանագեղձի հանգույցը կարող է վերածվել չարորակ գոյացության։ Տեղի՞ն է արդյոք այս մտավախությունը»։
«Հայկական ուտեստները հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ» (109-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Հայկական ուտեստները հետաքրքրում են զբոսաշրջիկներին»։
Այս սխալը նույնպես նախորդ ամփոփագրում տեղ էր գտել։
«Դու ավարտել ես ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժինը։ Այժմ կարողանո՞ւմ ես համատեղել և՛ երգը, և՛ թարգմանությունները» (104-րդ թողարկում)։
Նախ նշված առաջին բառի մասին․ հայերենն ունի միայն ա հոդակապ՝ ռոմանական + ա + գերմանական։ Նաև՝ կարելի է համատեղել երգը և թարգմանությունները։ Իսկ և՛ երգը, և՛ թարգմանությունները գրելու, ասելու դեպքում մենք զատում ենք երգն ու թարգմանությունները, և պարզ չէ, թե դրանք առանձին-առանձին ինչի՛ հետ է պետք համատեղել։
Ճիշտ է՝ «Դու ավարտել ես ռոմանագերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժինը։ Այժմ կարողանո՞ւմ ես համատեղել երգը և թարգմանությունները»։
«Քանի որ խոսք գնաց թարգմանություններից՝ եղե՞լ է նման դեպք քո կյանքում, որպեսզի թարգմանես և կատարես որևէ երգ» (104-րդ թողարկում)։
Կան լեզուներ, որտեղ խոսքը գնում է։ Հայերենում այս ձևակերպումը սխալ է։ Որպեսզի շաղկապի սխալ կիրառության մասին վերևում խոսվել է։
Ճիշտ է՝ «Քանի որ խոսեցինք թարգմանություններից՝ եղե՞լ է նման դեպք քո կյանքում, որ թարգմանես և կատարես որևէ երգ»։
Նույնն է․
«Քանի որ խոսք գնաց ընտանեկան հարաբերությունների մասին․․․․» (109-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Քանի որ խոսեցինք ընտանեկան հարաբերությունների մասին․․․․»։
Այս սխալի մասին նույնպես նախորդ ամփոփագրում խոսվել է։
«Այդ տեսահոլովակի մտահաղացումը ինչպե՞ս եղավ» (104-րդ թողարկում)։
Այս սխալի մասին ամենից շատ է խոսվել։ Նշված բառը կազմված է միտք և հղանալ/հղացում բառերից։ Հաղացում բառ հայերենում չկա։
Ուստի ճիշտ է՝ «Այդ տեսահոլովակի մտահղացումը ինչպե՞ս եղավ»։
«Կարծիք կա, որ եղունգների լաքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ» (105-րդ թողարկում)։
Եղունգների լաքը նախատեսված է եղունգները ներկելու, փայլեցնելու համար։ Ինչպե՞ս կարող է այն հակառակ ազդեցություն ունենալ։ Պարզ է, որ հաղորդավարը սխալ բառ է գործածել։
Ճիշտ է՝ «Կարծիք կա, որ եղունգների լաքը կարող է բացասական ազդեցություն ունենալ»։
«Հնարավո՞ր է արդյոք լիովին բուժել այս խնդիրը» (105-րդ թողարկում)։
Խնդիրը չեն բուժում, այլ լուծում են։ Բուժում են հիվանդությունը։
Ճիշտ է՝ «Հնարավո՞ր է արդյոք լիովին բուժել այս հիվանդությունը»։ Կամ՝ «Հնարավո՞ր է արդյոք լիովին լուծել այս խնդիրը»։
«Այսինքն՝ մրգեր նույնպես կիրառում են տոլմայի մեջ» (106-րդ թողարկում)։
Նշված բառը տեղին չէ գործածված։ Նրա բառարանային բացատրությունն է՝ կյանքում գործի դնել, կիրարկել ևն, և բառարանային օրինակն է՝ «Կարելի է կիրառել աշխատանքի համատեղության կարգը» («Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հ. 3, Երևան, 1974)։
Ճիշտ է՝ «Այսինքն՝ մրգեր նույնպես օգտագործում են տոլմայի մեջ»։
Նույնն է․
«Դու քո ուտեստների մեջ շատ ես կիրառում ծնեբեկ» (107-րդ թողարկում)։
Այսպես խոսքն ավելի գրագետ չի դառնում։ Բառերը պետք է ընտրել ըստ իրադրության ու հարկի։
Ճիշտ է՝ «Դու քո ուտեստների մեջ շատ ես օգտագործում ծնեբեկ» կամ «Դու քո ուտեստների մեջ ծնեբեկ շատ ես օգտագործում»։
«Ես գիտեմ, որ Դուք անձամբ աշխատում եք Ձեր հեղինակային ուտեստների շուրջ, որը շատ շուտով կհամալրվի ճաշացանկի մեջ» (106-րդ թողարկում)։
Դուք-ի հետ ավելորդ է անձամբ բառը։ Հեղինակային ուտեստները, բնական է՝ խոհարարը անձամբ պիտի պատրաստի։ Ուտեստների շուրջ չեն աշխատում։ Հոգնակի ուտեստները կհամալրվեն, այլ ո՛չ կհամալրվի։ Նաև՝ ճաշացանկի մեջ չեն համալրվում, այլ համալրում են ճաշացանկը։ Այսքան սխալ՝ մի նախադասության մեջ։
Ճիշտ է՝ «Ես գիտեմ, որ Դուք աշխատում եք Ձեր հեղինակային ուտեստների վրա, որոնք շատ շուտով կհամալրեն ճաշացանկը»։
«Կենտրոնում գործում են բարձրակարգ մասնագետներ և անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի» (106-րդ թողարկում)։
Հաղորդավարուհին հաճախ նախադասությունն ասես թերի է թողնում։
Ճիշտ է՝ «Կենտրոնում գործում են բարձրակարգ մասնագետներ և կա անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ»։
Նույնն է․
«Շնորհակալ եմ, Գոռ, այս յուրահատուկ ուտեստը մեզ համար պատրաստելու» (107-րդ թողարկում)։
Ճիշտ է՝ «Շնորհակալ եմ, Գոռ, այս յուրահատուկ ուտեստը մեզ համար պատրաստելու համար»։ Կամ՝ «Շնորհակալ եմ, Գոռ, որ այս յուրահատուկ ուտեստը մեզ համար պատրաստեցիր»։
«Ժամանակակից ատամնաբուժությունը ներկայում կարող է վերականգնել նույնիսկ անհնարին թվացող խնդիրները» (106-րդ թողարկում)։
Ժամանակակից ատամնաբուժություն արտահայտության հետ ավելորդ է ներկայում-ը։ Նաև՝ խնդիրները չեն վերականգնում, այլ լուծում, հաղթահարում են։
Նույնն է՝ «Ժամանակակից ատամնաբուժությունը կարող է լուծել նույնիսկ անհնարին թվացող խնդիրները»։
«Բավականին գերզբաղված գրաֆիկով ես աշխատում» (106-րդ թողարկում)։
Բավականին-ը գեր-ի հետ ավելորդ է, և գրաֆի՛կը զբաղված չի լինում, այլ մարդը։ Գրաֆիկը կարող է լինել հագեցած։ Նաև՝ գրաֆիկ-ը հայերեն համարժեք ունի։
Ճիշտ է՝ «Բավականին հագեցած ժամանակացույցով ես աշխատում»։ Կամ պարզապես՝ «Բավականին զբաղված ես աշխատանքում»։
«Ինչպիսի՞ն ես դու էկրաններից դուրս» (105-րդ թողարկում)։
Նշվածը պատկերավոր արտահայտություն է, և գործածվում է միայն եզակի թվով։
Ճիշտ է՝ «Ինչպիսի՞ն ես դու էկրանից դուրս»։
««Հելիոս» կենտրոնը առաջինն էր, որ սկիզբ դրեց էսթետիկ բժշկությանը» (107-րդ թողարկում)։
Սկիզբ դնողը բնականաբար պետք է առաջինը լիներ։ Այստեղ նշված բառն ավելորդ է։
Ճիշտ է՝ «Հելիոս» կենտրոնը սկիզբ դրեց էսթետիկ բժշկությանը»։ Կամ՝ «Հելիոս» կենտրոնը առաջինն էր էսթետիկ բժշկության մեջ կամ ասպարեզում»։
Հաղորդաշարում հաճախադեպ են արտասանական սխալները՝ օռգանիզմ, հոռմոն, ծեխնիկա, էնեռգիա, ֆիզիոտեռապևտ և այլն։
Ճիշտ են՝ օրգանիզմ, հորմոն, տեխնիկա, էներգիա, ֆիզիոթերապևտ և այլն։
Հաճախ են գործածվում նաև անհարկի օտարաբանություններ՝ բրենդ, ֆորմատ, պոզիտիվ, էֆեկտիվ, կրեատիվ և այլն։ Ահա՛ դրանց հայերեն համարժեքները՝ ապրանքանիշ, ձևաչափ, դրական, արդյունավետ, ստեղծարար/ստեղծագործ և այլն։
Այս մասին նույնպես խոսել ենք նախորդ ուսումնասիրությունն ամփոփելիս։
Երազիկ Գրիգորյան