Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ամփոփագիր «Արմենիա» հեռուստաընկերության «Սեփական փորձով» հաղորդաշարի լեզվական սխալների

Հաղորդաշարի բնույթն այնպիսին է, որ այն վարողը անընդհատ ինչ-որ բան է գտնում, ուստի նա հաճախ է գործածում գտնել բառը, միայն թե այն արտասանում է սխալ՝ քթնել, քթա, կքթնեմ և այլն։ Օրինակ՝ «Կենդանիներին քթնելը այնքան էլ դյուրին գործ չէ»։

Ճիշտ է՝ «Կենդանիներին գտնելը այնքան էլ դյուրին գործ չէ»։

Հաճախ է գործածվում նաև տեղանք բառը՝ սխալ՝ տեղայնք ձևով․

«Տեղայնքին ծանոթ լինելը կարևոր է»։

Ճիշտ է՝ «Տեղանքին ծանոթ լինելը կարևոր է»։

Հաղորդաշարում հաճախադեպ են ավելորդ բառերն ու արտահայտությունները․

«Կա վարկած, ըստ որի Մաթոսավանքը կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա, սակայն դա հաստատ չէ»։

Նախադասության նշված հատվածն ավելորդ է, քանի որ վարկածը հենց չհաստատված կարծիքն է, ենթադրությունը։

Ճիշտ է՝ «Կա վարկած, ըստ որի Մաթոսավանքը կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա»։

«Մոտ երեք մետրանոց արքան անտառում կատարվող ամեն ինչի լուռ ականատեսն է, չնայած տեղացիները հավատում են, որ արքան ամեն ինչ լսում է ու տեսնում»։

Նշված կապին հաջորդող միտքը պետք է որոշակի հակասության մեջ լինի դրան նախորդող մտքի հետ, մինչդեռ այստեղ պարզապես կրկնվում է ասվածը։

Ճիշտ է, օրինակ՝ «Մոտ երեք մետրանոց արքան անտառում կատարվող ամեն ինչի լուռ ականատեսն է, և տեղացիները հավատում են դրան»։ Կամ՝ «Տեղացիները հավատում են, որ մոտ երեք մետրանոց արքան անտառում կատարվող ամեն ինչի լուռ ականատեսն է»։

«Բավական է նայել դիմացի սարերի կատարներին, դրանք մեզ հուշում են, որ այդքան էլ երկար չի մնացել քայլելու։ Բացի դրանից, հստակ երևում են դիմացի սարերի կատարները»։

Այստեղ հաղորդավարն անտեղի կրկնել է նույն միտքը, և անգամ «սաստկացրել» այն բացի դրանից արտահայտությամբ։ Սխալ է նաև այնքան էլ քարացած արտահայտության փոխարեն վերջին շրջանում տարածված այդքան էլը։

Ճիշտ է՝ «Բավական է նայել դիմացի սարերին։ Դրանց երևացող կատարները մեզ հուշում են, որ այնքան էլ երկար չի մնացել քայլելու»։

«Տիգրանը շարունակում է սովորեցնել, թե ինչպես ու ոնց է պետք կառավարել»։

Նշված դերանունները նույն իմաստն ունեն (ոճական որոշակի տարբերությամբ իհարկե), և այստեղ նույնպես անհարկի կրկնություն կա։

Ճիշտ է՝ «Տիգրանը շարունակում է սովորեցնել, թե ինչպես է պետք կառավարել»։ Կամ՝ «Տիգրանը շարունակում է սովորեցնել, թե ոնց է պետք կառավարել»։

«Հիմա փորձելու ենք յոթ քառակուսի մետրանոցով, որը նրա հետ համեմատ բավական փոքր է»։

Նրա հետ համեմատած, բայց նրա համեմատ՝ առանց հետ-ի։

Ճիշտ է՝ «Հիմա փորձելու ենք յոթ քառակուսի մետրանոցով, որը նրա համեմատ բավական փոքր է»։ Կամ՝ «Հիմա փորձելու ենք յոթ քառակուսի մետրանոցով, որը նրա հետ համեմատած՝ բավական փոքր է»։

«Սակայն նույնիսկ մանրակրկիտ դիտարկելուց հետո անգամ չենք կարողանում գտնել»։

Նշված բառերի գործածությունը միևնույն կառույցի մեջ սխալ է, քանի որ նույն նշանակությունն ունեն. մեկն առաջադաս է, մյուսը՝ հետադաս։

Ճիշտ է՝ «Սակայն նույնիսկ մանրակրկիտ դիտարկելուց հետո չենք կարողանում գտնել»։ Կամ՝ «Սակայն մանրակրկիտ դիտարկելուց հետո անգամ չենք կարողանում գտնել»։

«Գուցե ոմանց համար անհավանական թվա»։

Նշված բառն ավելորդ է։ Թվում է քեզ, նրանց, ոմանց։ Առանց համար-ի։

Ճիշտ է՝  «Գուցե ոմանց անհավանական թվա»։

«Գուցե անծանոթ աչքի համար թվա, որ անտառը շատ լավն է»։

Դարձյալ համար կապի սխալ կիրառության դեպք է։

Ճիշտ է՝ «Գուցե անծանոթ աչքին թվա, որ անտառը շատ լավն է»։ Կամ՝ «Գուցե անծանոթ աչքի համար անտառը շատ լավն է»։

«Մեծ հաշվով, ջուրը սկսում է եռալ և առանձնանալ աղից»։

Նշվածի փոխարեն կարելի էր գրել վերջապես, ի վերջո և այլն։

«Վերջապես/Ի վերջո ջուրը սկսում է եռալ և առանձնանալ աղից»։

Նախընտրելի է պարզապես՝ «Ջուրը սկսում է եռալ և առանձնանալ աղից»։

«Մեծ հաշվով, անհայտ է, թե ի՛նչ է սպասվում»։

Այստեղ նաև օտարաբան ի՛նչ է սպասվում-ի փոխարեն ճիշտ է գործածել ի՛նչ է լինելու։

Նախընտրելի է՝ «Ընդհանուր առմամբ/Առհասարակ անհայտ է, թե ի՛նչ է լինելու»։ Կամ պարզապես՝ «Անհայտ է, թե ի՛նչ է լինելու»։

«Նու, առնվազն 10-15 մետր իջնում է» և այլն։

Հաղորդաշարում հաճախ հնչող նու-ն այս օրինակում կա՛մ ավելորդ է, կա՛մ հայերեն դե-ի փոխարեն է գործածվել։

Ճիշտ է՝ «Առնվազն 10-15 մետր իջնում է»։ Կամ՝ «Դե, առնվազն 10-15 մետր իջնում է»։

«Մնում է մնալ ոտքի վրա»։

Բառի անհարկի կրկնությունից կարելի էր խուսափել։

Նախընտրելի է՝ «Պիտի փորձենք մնալ ոտքի վրա»։ Կամ՝ «Կարևորը ոտքի վրա մնալն է»  և այլն։

«Սեփական փորձով»-ի թիմը առաջինն է, ով նախաձեռնում է վայրէջք դեպի անհայտ անդերգրաունդ։

Նման դեպքերում ճիշտ է երկրորդական նախադասությունը գլխավորին կապակցել ոչ թե ով/ովքեր, այլ որ/որոնք դերանուններով։ Սխալն այնքան է տարածվել, որ ով/ովքեր դերանուններն են գործածվում անգամ այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը լրացնում է գլխավորի՝ իր ցույց տվող գոյականին։ Այդպես է նաև մեջբերված նախադասության մեջ՝ թիմը, ով։ Բացի այդ՝ նշված փոխառյալ բազմիմաստ բառն այստեղ գործածվել է ընդհատակ իմաստով։ Ուստի ճիշտ է՝ «Սեփական փորձով»-ի թիմն առաջինն է, որը (կամ որ) նախաձեռնում է վայրէջք դեպի անհայտ ընդհատակ»։

«Սկզբում ավելացնում ենք մածունը»։

Հաղորդավարը ազգային ինչ-որ ճաշ է եփում։ Դատարկ ամանի մեջ լցնում է մածունը և ասում մեջբերված նախադասությունը։ Բայց ամանի մեջ դեռ ոչինչ չկար, ուրեմն ինչի՞ն էր ավելացնում մածունը։

Ճիշտ է՝ «Սկզբում լցնում ենք մածունը»։

«Մենք պատկերեցինք է տառը, որը հայկական ամենահին տառերից մեկն է»։

Մաշտոցը հայոց գրերը ստեղծել է 405 թվականին, և է տառը մյուս տառերից հին չէ։

Ճիշտ է՝ «Մենք պատկերեցինք հայկական է տառը»։

«Էստեղ գոյություն ունեն փոքր ճեղքեր, որտեղ ճգնավորներն առանձնանում էին աղոթք անելու, առանձնանալու համար»։

Այդ «փոքր ճեղքերը» անուն ունեն։ Դրանք եկեղեցու խորաններն են։ Սխալ է նաև՝ «առանձնանում էին առանձնանալու համար»։ Կարելի էր հեշտությամբ խուսափել սխալ կրկնությունից։ Բացի այդ՝ խորանների մասին գոյություն ունեն-ի փոխարեն նախընտրելի էր կարճ ասել կան։

Ուրեմն՝ «Էստեղ կան խորաններ, որտեղ ճգնավորներն առանձնանում էին աղոթք անելու, միայնանալու համար»։

«Որոշները հացատներ ու խոհանոցներ են եղել»։

Նշված առաջին բառը սխալ է։ Այս դերանունը հոգնակի թիվ չունի՝ անհոգնական է։ Նախընտրելի է հացատուն և խոհանոց բառերը նույնպես եզակիով գործածել։ Ու քանի որ այստեղ խոսքը սենյակների մասին է, ուրեմն՝ «Որոշ սենյակներ հացատուն ու խոհանոց են եղել»։

«Սրանք թունավոր սնկեր են, ոչ մի կերպ, ոչ մի ձև չի կարելի ուտել»։

Ոչ մի ձև արտահայտությունը սխալ է (ճիշտ է՝ ոչ մի ձևով)։ Այստեղ սխալ է նաև ոչ մի կերպ-ը, քանի որ խոսքը ոչ թե թունավոր սնկերը ուտելու կերպի ու ձևի մասին է, այլ ընդհանրապես չուտելու։

Ճիշտ է՝ «Սրանք թունավոր սնկեր են, ոչ մի դեպքում չի կարելի ուտել»։

«Վեց տարիների ընթացքում բացվել է խանդակը»։

Թվականի հետ նախընտրելի է գործածել եզակի թվով լրացյալ։

Ճիշտ է՝ «Վեց տարվա ընթացքում բացվել է խանդակը»։

«Ինձ մոտ ստացվո՞ւմ է թռցնելը»։

«Մեզ մոտ մեծ ստացվեց»։

«Ինձ մոտ ստացվում է խառնել»։

«Իմ մոտ ստացվեց, բայց տղաների մոտ ավելի լավ է ստացվում»։

Այս օրինակներում սխալ է մոտ կապի գործածությունը։ Սա հայերենին խորթ լեզվական կաղապար է։ Այստեղ նախընտրելի չէ ստացվեց բայը գործածելը։ Կարող էր ասել հաջողել կամ հաջողվել։

Ճիշտ է՝

«Ես կարողանո՞ւմ եմ թռցնել»։

«Մերը մեծ եղավ»։

«Ես կարողանում եմ խառնել»։

«Ես կարողացա, բայց տղաներն ավելի լավ են անում»։ Կամ՝ «Ես կարողացա, բայց տղաներն ավելի լավ են հաջողում»։ Կամ՝ «Ես կարողացա, բայց տղաներին ավելի լավ է հաջողվում»։

«Ամրագոտին հագնելուց հետո .․․․»։

Ամրագոտին ոչ թե հագնում են, այլ կապում։

Ճիշտ է՝ «Ամրագոտին կապելուց հետո .․․․»։

«Պետք է հասնել բարձրունքում գտնվող Ջուխտակ վանքը»։

Բարձունք-ի փոխարեն բարձրունք ասելը տարածված սխալ է, այս հաղորդաշարում՝ նույնպես։

Ճիշտ է՝ «Պետք է հասնել բարձունքում գտնվող Ջուխտակ վանքը»։

«Ոչ ոք անգամ տեղը չգիտի գաղտնուղու, որը որ մենք գտանք ու բացահայտեցինք»։

Նշվածը նույնպես տարածված սխալ է։

Ճիշտ է՝ «Ոչ ոք անգամ տեղը չգիտի գաղտնուղու, որը մենք գտանք ու բացահայտեցինք»։

«Սելջուկները մտածեցին, թե նրանք թռչել-հեռացել են»։

Նշված բայաձևը սխալ է։

Ճիշտ է՝ «Սելջուկները մտածեցին, թե նրանք թռել-հեռացել են»։

«Այստեղ կան կուժեր։ Կուժերը տեղադրվել են տանիքում»։

Կուժ բառը, երբ հոլովվում է, բառամիջի ու-ն վերածվում է գաղտնավանկի ը-ի՝ կուժ-կժի, կժեր։

Ճիշտ է՝ «Այստեղ կան կժեր։ Կժերը տեղադրվել են տանիքում»։

«Այստեղ շատ են վտանգավոր թունելները։ Եթե այս մեկով փորձել անցնել, կգահավիժես»։

Նշված բայը սխալ ձևով է գործածվել։ Նախադասության մեջ բայերից մեկը կարող է ուղիղ ձևով լինել, մյուսները պետք է խոնարհվեն։

Ճիշտ է՝ «Այստեղ շատ են վտանգավոր թունելները։ Եթե այս մեկով փորձես անցնել, կգահավիժես»։

Երազիկ Գրիգորյան