Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԲԵՐԳ ՍԱՈՒՆԴ» («BERG SOUND») ՍՏՈՒԴԻԱՅԻ ՆԿԱՐԱՀԱՆԱԾ  ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Լեզվական ուսումնասիրության ենք ենթարկել «Բերգ Սաունդ» («Berg Sound») ստուդիայի նկարահանած մանկական ճանաչողական ֆիլմերը։ Նկատված սխալները հիմնականում ռուսերեն մտածողության հետևանք են։ Քանի որ ֆիլմերը նախա-տեսված են երեխաների համար, լեզվական սխալները համարում ենք առավել մտահոգիչ։ Ֆիլմերից մի քանիսի վերնագրում գրված է՝ ամենափոքրերի համար, բայց դրանց սցենարը շարադրանքի բարդությամբ չի համապատասխանում այդ տարիքային խմբին։ Մի պատահական նախադասություն՝ որպես օրինակ «Սա բուսական բջիջ է։ Նա կաղապար ունի՝ բջջաթաղանթ։ Թաղանթի մեջ ցիտո-պլազման է։ Դա թանձր հեղուկ է, որի մեջ լողում են վակուոլները՝ սննդարար նյութերով պղպջակները, որոնցով սնվում է բջիջը»։

 

Ներկայացնում ենք ֆիլմերից դուրս գրված լեզվական սխալներից մի քանիսը։

«Դինոզավրերից ոմանք կշռել են այնքան, որքան կկշռեին տասներկու ժամանակակից փղերը միասին» («Դինոզավրերի աշխարհում»)։

Ոմանքոմն դերանվան հոգնակին է։ Գործածվում է միայն մարդկանց վերաբերյալ։ Ճիշտ չէ նաև փղերի մասին անցյալով խոսելը՝ կկշռեին։

Ճիշտ է՝ «Որոշ դինոզավրեր կշռել են այնքան, որքան կկշռեն տասներկու ժամանակակից փղերը միասին»։

Առաջին սխալի այլ դեպքեր․

«Պտերոդակտիլները տարբեր են եղել։ Ոմանք միջատներով են սնվել («Դինոզավրերի աշխարհում»)։

Ճիշտ է՝ «Պտերոդակտիլները տարբեր են եղել։ Մի մասը միջատներով է սնվել»։

«Ոմանք (խոսքը կենդանիների մասին է) չհասցրեցին, կհասցնեն ուրիշները» («Դինոզավրերի աշխարհում»)։

Այստեղ ճիշտ է՝ «Շատերը չհասցրեցին, կհասցնեն ուրիշները»։

«Արևը աստղ է, որի շուրջն են պտտվում մոլորակները․ ոմանք՝ ավելի մոտ, ոմանք՝ ավելի հեռու» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Այստեղ նաև ավելորդ է առաջին ավելի բառը։ Եթե երկրորդ՝ հեռու գտնվող խումբը համեմատվում է առաջինի հետ, ապա առաջինը համեմատության մեջ չէ։

Ճիշտ է՝ «Արևը աստղ է, որի շուրջն են պտտվում մոլորակները․ մի մասը՝ մոտ, մի մասը՝ ավելի հեռու»։ Ճիշտ է նաև առանց ավելի բառի՝ «Արևը աստղ է, որի շուրջն են պտտվում մոլորակները․ մի մասը՝ մոտ, մի մասը՝  հեռու»։

«Նրանցից ոմանք ընկել են այնպիսի ուժով, որ Երկրի վրա անդունդ է գոյացել»։ («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Ճիշտ է՝ «Նրանցից մի քանիսն ընկել են այնպիսի ուժով, որ Երկրի վրա անդունդ է գոյացել»։

«Գիտնականներից ոմանք կարծում են, թե Երկրի վրա կյանքը սկիզբ է առել ինչ-որ ինքն իրեն» («Դինոզավրերի աշխարհում»)։

«Ոմանք դերանունն այստեղ ճիշտ է գործածված։ Իսկ նշված արտահայտությունը պատճենված է ռուսերենից (как-то сама по себе)։ Ինչ-որ անորոշ դերանունն արտահայտում է առարկայի անորոշություն։ Ասում ենք՝ ինչ-որ գիրք, ինչ-որ միտք ևն, բայց ոչ երբեք ինչ-որ ինքն իրեն։

Ճիշտ է՝ «Գիտնականներից ոմանք կարծում են, թե Երկրի վրա կյանքը սկիզբ է առել ինքն իրեն»։

Նույնն է․

Պապ ու թոռ զրուցում են, պապը քնում է։ Թոռը արթնացնում է նրան, և պապը ասում է․ «Ես ինչ-որ մտքով ընկա» («Դինոզավրերի աշխարհում»)։

Ֆիլմի դրվագից դատելով՝ խոսքն այստեղ ինչ-որ մտքի մասին չէ։

ճիշտ է՝ «Ես կարծես մտքով ընկա»։

«Դու էլի շփոթվեցիր։ Ոչ թե մեգապոլիսներ, այլ պտերոդակտիլներ» («Դինոզավրերի աշխարհում»)։

Պապը թոռանը մեղադրում է ոչ թե շփոթվելու՝ մոլորվելու, հուզվելու, այլ շփոթելու՝ սխալմամբ մեկը մյուսի հետ խառնելու համար։

Ճիշտ է՝ «Դու էլի շփոթեցիր։ Ոչ թե մեգապոլիսներ, այլ պտերոդակտիլներ»։

«Սա պլեզիոզավր է։ Այն, ինչ տեսնում ենք, դեռևս պարանոցն է»։ («Դինոզավրերի աշխարհում»)։

Դեռևս-ը ժամանակի մակբայ է և նշանակում է մինչև այժմ, առայժմ, ներկայումս։ Ֆիլմում պլեզիոզավրը ծովից դուրս է հանում իր երկար պարանոցը, ինչն ամենևին ժամանակի հետ կապ չունի։

Ճիշտ է՝ «Սա պլեզիոզավր է։ Այն, ինչ տեսնում ենք, ընդամենը պարանոցն է»։

«Օվկիանոսի ալիքները ավիրում են ամբողջական կղզիներ» («Աշխարհագրություն»)։

Նշված բառի արմատը ավեր-ն է, և այն չի հնչյունափոխվում (ավերված, ավերիչ ևն)։

Ճիշտ է՝ «Օվկիանոսի ալիքները ավերում են ամբողջական կղզիներ»։

«Եվրասիան դա Եվրոպան ու Ասիան է» («Աշխարհագրություն»)։

Սա նույնպես ռուսերենից եկած սխալ է՝ ռուսաբանություն։ Հայերենում ենթական դա դերանվամբ չի կրկնվում։

Ճիշտ է՝ «Եվրասիան Եվրոպան ու Ասիան է»։

Նույնն է․

«Բազմաբջիջ կենդանիները դրանք այն կենդանիներն են, որոնց ամեն օր հանդիպում ես քո շուրջը» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Ճիշտ է՝ «Բազմաբջիջ կենդանիները այն կենդանիներն են, որոնց ամեն օր հանդիպում ես քո շուրջը»։

«Նրանց (լեռների) գագաթները վեր են խոյանում մինչև իսկ ամպերը» («Աշխարհագրություն»)։

Մինչև իսկ նշանակում է նույնիսկ։ Այստեղ, պարզ է, խոսքը այլ բանի մասին է։

Ճիշտ է՝ «Նրանց գագաթները վեր են խոյանում մինչև ամպերը»։

 

«Երկու բևեռներն էլ գտնվում են արևի ճառագայթներից ամենահեռվում» («Աշխարհագրություն»)։

Սխալ ձևակերպում է։ Կարելի է գտնվել ամենահեռվում, բայց ո՛չ ինչ-որ բանից, ինչ-որ տեղից ամենահեռվում։

Ճիշտ է՝ «Երկու բևեռներն էլ գտնվում են արևի ճառագայթներից ամենահեռու տեղում»։ Այստեղ նախընտրելի է՝ «Այդ երկու բևեռները արևի ճառագայթներից ամենահեռու կետերն են»։

 

Տղան նապաստակին ասում է, որ ուզում է որսորդ դառնալ, և նապաստակի այն հարցին, թե ո՞ր կենդանուն է ճանաչում, պատասխանում է․ «Շանը, փղին»։ Նապաստակն ասում է․ «Հա՛, շատ չէ, նույնիսկ որսորդի համար» («Քո առաջին կենդանիները»)։

Ինչո՞ւ նույնիսկ, եթե հակառակը՝ որսորդը պետք է կենդանիներին բոլորից լավ ճանաչի։

Ճիշտ է՝ «Հա՛, շատ չէ, հատկապես որսորդի համար»։ Նախընտրելի է առանց հա-ի՝ «Շատ չէ, հատկապես որսորդի համար»։

«Երբ ես քո տարիքին էի, արդեն գիտեյ, որ իմ շուրջը ապրում են թռչունները, մողեսմերը, նույնիսկ ակվարիումի միջի ձկները» («Քո առաջին կենդանիները»)։

Նախ՝ բայի անցյալ ժամանակի վերջավորության ի-ն մի դեպքում յ արտասանելու, մյուս դեպքում՝ չարտասանելու մասին՝ տեսնեյ, մնայ ևն։ Բանավոր խոսքում սա շատ տարածված սխալ է։ Առավել սխալ է ֆիլմի միջոցով այն երեխաներին սովորեցնելը՝ գիտեյ։ Եվ դարձյալ՝ այս անհասկանալի նույնիսկ-ը։ Այստեղ այն ավելորդ է։ Այն, որ ակվարիումի ձկներն ապրում են՝ ամենևին զարմանալի չէ։

Ճիշտ է՝ «Երբ ես քո տարիքին էի, արդեն գիտեի, որ իմ շուրջը ապրում են թռչունները, մողեսները, ակվարիումի միջի ձկները»։

«Քանի որ խոսքը գնաց հյուսիսի կենդանիների մասին, նայիր այս լուսանկարը» («Քո առաջին կենդանիները»)։

Ռուսերենում  ճիշտ է ասել՝ речь пошла։ Բայց չի կարելի մտածողության ձևը տեղափոխել մի լեզվից մյուսին։ Նաև՝ ճիշտ է ասել տես այսինչ բանը, բայց սխալ է ասել՝ նայիր այսինչ բանը։

Ճիշտ է՝ «Քանի որ խոսվեց հյուսիսի կենդանիների մասին, նայիր այս լուսանկարին»։ Կամ՝ «Քանի որ խոսվեց հյուսիսի կենդանիների մասին, տես այս լուսանկարը»։

«Այգում գիտնականները հետևում են կենդանիներին, որպեսզի իմանան նրանց սովորույթները» («Քո առաջին կենդանիները»)։

Նշված բառը նշանակում է հասարակական վարք ու բարքի ավանդորեն ընդունված կանոն։ Պարզ է, որ այն կենդանիների մասին գործածելը սխալ է։

Ճիշտ է՝ «Այգում գիտնականները հետևում են կենդանիներին, որպեսզի իմանան նրանց սովորությունները»։

Պապը թոռանը ծանոթացնում է ռնգեղջյուրին։ «Ռնգեղջյուր՝ որովհետև եղջյուրը քթի վրա՞ է»,- հարցնում է տղան, և պապը հաստատում է թոռան ասածը («Քո առաջին կենդանիները»)։

Այստեղ լեզվական սխալ չկա։ Բայց կարելի էր առիթից օգտվել և այս ճանաչողական ֆիլմի միջոցով երեխաներին սովորեցնել, որ ռունգը հենց քիթն է։ Ռուսերենում, օրինակ, դրա կարիքը չկա, քանի որ носорог-ի արմատը բոլորին հայտնի нос-ն է։

«Հնարավոր է՝ դինոզավրերը աստիճանաբար են ոչնչացել, և նրանցից մի մասին առաջին մարդիկ միգուցե տեսել են» («Քո առաջին կենդանիները»)։

Սխալ է մի նախադասության մեջ և՛ հնարավոր է-ն, և՛ միգուցե-ն գործածելը, քանի որ դրանք նույն բանն են նշանակում։ Այստեղ ավելորդ է միգուցե-ն, քանի որ հնարավոր է -ի թեական իմաստը վերաբերում է ամբողջ նախադասությանը։ Նաև՝ սխալ է նրանցից մի մասին արտահայտությունը։

Ճիշտ է՝ «Հնարավոր է՝ դինոզավրերը աստիճանաբար են ոչնչացել, և նրանց մի մասին/ նրանցից մի քանիսին առաջին մարդիկ տեսել են»։

«Հնում մարդիկ գտնում էին, որ կետերը կարող են նավը կուլ տալ» («Քո առաջին կենդանիները»)։

Դարձյալ ռուսերենից պատճենված ձև։ Հայերենում գտնել բայը բոլորովին այլ իմաստով է գործածվում։

Ճիշտ է՝ «Հնում մարդիկ կարծում էին/մտածում էին, որ կետերը կարող են նավը կուլ տալ»։

Նույնն է․

«Որոշ գիտնականներ գտնում են, որ դրանք ջրանցքներ են կամ գետերի հուներ» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Ճիշտ է՝ «Որոշ գիտնականներ կարծում են/մտածում են, որ դրանք ջրանցքներ են կամ գետերի հուներ»։

«Անակոնդայի և կոկորդիլոսի աչքերին ավելի լավ է՝ չերևալ» («Քո առաջին կենդանիները»)։

Դարձվածքների գլխավոր՝ բանալի բառը եզակի թվով գործածելու փոխարեն հոգնակիով գործածելը վերջին շրջանում տարածված սխալներից է՝ քթերից բերել, ձեռքերից պրծնել, աչքերով տեսնել, աչքերին երևալ, աչքերին չերևալ և այլն։

Ճիշտ է՝ «Անակոնդայի և կոկորդիլոսի աչքին ավելի լավ է՝ չերևալ»։

«Եթե պարանը բաց թողնենք, օդապարիկը կհասնի՞ մինչև տիեզերք»։ («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Նապաստակի ձեռքին օդապարուկի պարանն է։ Օդում սավառնում է օդապարուկը։ Ֆիլմը ստեղծողները օդապարուկը շփոթել են օդապարիկի հետ։

Ճիշտ է՝ «Եթե պարանը բաց թողնենք, օդապարուկը կհասնի՞ մինչև տիեզերք»։

«Օդապարիկը կշրմփա գետնին» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Գուցե օդապարիկը կարող է շրմփալ գետնին, բայց թեթև օդապարուկը՝ երբեք։ Իսկ կադրում դարձյալ ոչ թե օդապարիկ է, այլ օդապարուկ։

Ճիշտ է՝ «Օդապարուկը կընկնի գետնին»։

«Եվ օրերից մի օր մեկ էլ գալիս է ամռան վերջը» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Ճիշտ չէ օրերից մի օր և մեկ էլ արտահայտությունները միասին գործածելը։

Ճիշտ է՝ «Եվ օրերից մի օր գալիս է ամռան վերջը»։ Կամ՝ «Եվ մեկ էլ գալիս է ամռան վերջը»։

«Լուսնի խավար մասը ոչ թե սովորական անցք է, այլ Երկրի ստվերը, երբ Արևը հայտնվում է իր մեջքին» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Լսողն ընկալում է, որ Արևը հայտնվում է Լուսնի մեջքին։ Բայց դա այդպես չէ։ Իրականում Արևը հայտնվում է Երկրի հետևում։ Այստեղ մեղավորը միայն մեջքին՝ սխալ ընտրված բառը չէ։ Թյուրիմացության պատճառը իր դերանունն է, որ նույնպես տեղին չէ գործածված։ Ճիշտ կլիներ կիրառել նրա դերանունը։ Երկրի կլորավուն ստվերն ընկնում է Լուսնի վրա՝ ստեղծելով կիսալուսնի կորությունը, որն ամենևին նման չէ անցքի։ Այս բառը նույնպես սխալ է ընտրված և թյուրիմացության մեջ է գցում ո՛չ միայն «ամենափոքրերին»։

Ճիշտ է՝ «Լուսնի խավար մասը ոչ թե սովորական կորագիծ է, այլ Երկրի ստվերը, երբ Արևը հայտնվում է նրա հետևում»։

«Կներե՛ս, մոռացա զանգահարել, որ նորմալ եմ հասել» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Երեխաների համար գրված սցենարում այսպիսի նախադասություն չի կարելի կազմել։

Ճիշտ է՝ «Կներե՛ս, մոռացա զանգահարել ու ասել, որ լավ եմ հասել»։ Կամ՝ «Կներես, մոռացա զանգահարել։ Շատ լավ եմ հասել»։

«Նրանց (կենդանակերպի նշանների) մեջ կան ո՛չ միայն կենդանիներ։ Խեցգետին կա, երկվորյակներ, նույնիսկ կշեռք, կույս։ Ահա՛ և առյուծը, խոյը, այծեղջյուրը։ Դարձյալ ոչ կենդանիներ՝ ջրհոսը և ձկները․ նույնպես կենդանիներ չեն» («Աստղագիտություն ամենափոքրերի համար»)։

Սա իսկական շիլաշփոթ է։ Ըստ ֆիլմի՝ առաջին ոչ կենդանին խեցգետինն է։ Առյուծի, խոյի և այծեղջյուրի կարգավիճակն անորոշ է։ Հետո պարզվում է, որ ձկները նույնպես կենդանիներ չեն։ Ֆիլմը ստեղծողները կենդանին ու անկենդանն իրար են խառնել։ Եվ ամենակարևորը՝ նրանք չեն տարբերում կենդանուն գազանից։ Կամ էլ դրանց միանգամայն տարբեր բաներ են համարում։ Խեցգետինն ու ձուկը, ճիշտ է, գազան չեն, բայց նրանք կենդանի են՝ կենդանական աշխարհի մասնիկ, ինչպես որ առյուծը, խոյը։ Ուրեմն պետք էր ընդամենը առանձնացնել կենդանական աշխարհը անկենդանից։

Ճիշտ է, օրինակ՝ «Նրանց մեջ կան ո՛չ միայն կենդանիներ։ Երկվորյակներ, նույնիսկ կշեռք կա, կույս, ջրհոս։ Ահա՛ և կենդանիները՝ առյուծը, խոյը, այծեղջյուրը։ Խեցգետին էլ կա, նաև ձկներ»։

Նապաստակը մանրէին հիշեցնում է, թե ինչի մասին էին խոսում․ «Դու ասում էիր մոլեկուլների ու ատոմների մասին» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Ասում են ինչ-որ կոնկրետ՝ որոշակի բան։ Իսկ այս կամ այն թեմայի, երևույթի մասին խոսում են։

Ճիշտ է՝ «Դու խոսում էիր մոլեկուլների ու ատոմների մասին»։

«Սնկերի մի մասը հողի վրա են աճում» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Այստեղ ենթակայի և ստորոգյալի թվային անհամաձայնություն կա․ մի մասը՝ եզակի, աճում են՝ հոգնակի։

Ճիշտ է՝ «Սնկերի մի մասը հողի վրա է աճում»։

«Գիտնականները չեն պարզաբանել։ Իսկ ինքդ դու մի՞թե չգիտես» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Շեշտելու նպատակով ասում ենք  ես ինքս, դու ինքդ ևն, բայց ո՛չ հակառակը։

Ճիշտ է՝ «Գիտնականները չեն պարզաբանել։ Իսկ դու ինքդ մի՞թե չգիտես»։

«Քարի նման կենդանիներ կան՝ կորալները, որի մարմինը ծածկվում է կրային կմախքով» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Նշված հատվածում թվային անհամաձայնություն կա։ Նաև՝ ֆիլմում բավական խոսվում է կորալների մասին։ Տեղին կլիներ ամեն անգամ կորալ ասելու փոխարեն երեխաներին սովորեցնել նաև դրա հայերեն անվանումները։

Ճիշտ է՝ «Քարի նման կենդանիներ կան՝ կորալները (մյուս դեպքերում՝ բուստերը կամ մարջանները), որոնց մարմինը ծածկվում է կրային կմախքով»։

«Մեդուզան դառնում է անձև խյուս՝ առանց որևէ ողնաշարի» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Նշված դերանունը սխալմամբ գործածել են, որպեսզի մեդուզայի ողնաշար չունենալը ընդգծեն։ Այսպիսի դեպքերում ճիշտ է ասել ամենևին կամ միանգամայն։ Բայց այստեղ այս բառերի կարիքն առհասարակ չկա, քանի որ ողնաշարը կա՛մ կա, կա՛մ չկա։ Այն չի կարող լինել մասամբ, որոշ չափով։

Ուրեմն ճիշտ է՝ «Մեդուզան դառնում է անձև խյուս՝ առանց ողնաշարի»։

«Ե՛վ մեդուզան, և՛ կորալները ցեղակից կենդանիներ են և պատկանում են աղեխորշավորների խմբին» («Բնագիտություն ամենափոքրերի համար»)։

Կարո՞ղ ենք ասել՝ մեդուզան ցեղակից կենդանի է։ Կամ՝ կորալը (բուստը) ցեղակից կենդանի է։ Նրանք առանձին-առանձին ցեղակից չեն, այլ ցեղակից են իրար՝ նույն ցեղին են պատկանում։ Ուրեմն սխալ է և՛․․․, ՛և․․․-ով կազմել այս միտքը։

Ճիշտ է՝ «Մեդուզան և կորալները ցեղակից կենդանիներ են և պատկանում են աղեխորշավորների խմբին»։

Երազիկ Գրիգորյան

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook