Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԻՐ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Լեզվի կոմիտեն մեկ տարի առաջ ուսումնասիրել է «Մանկական երկիր»

հաղորդաշարի լեզվավիճակը։ Նկատված սխալներից կազմված ամփոփագիրը ուղարկվել է հեռուստաընկերություն։

Մեր աշխատակիցները դարձյալ ուսումնասիրել են հաղորդաշարը՝ նախկին դիտողությունների հիման վրա լեզվական բարելավում նկատելու ակնկալիքով։ Եզրակացրել ենք, որ կան սխալներ, որոնք նախկինում հաճախադեպ էին, և հիմա դուրս են մղվել լրագրողների խոսքից (ցանկության դեպքում կարող եք համեմատել ամփոփագրերը)։ Ցավոք, որոշ սխալներ շարունակում են հնչել եթերից։ Դրանք, ինչպես նաև լեզվական այլ սխալներ ներկայացված են ստորև։   

«Չարենցը գրել սկսել է վաղ հասակից, բայց իր մուտքը գրական աշխարհ համարվում է 1912 թվականից» (28․03․2021):

Նախ՝ առաջին նշումի մասին։ Չարենցն ի՛նքը կարող էր իր մուտքը համարել այս կամ այն թվականը։ Իսկ մյուսները կարող են գրել, խոսել նրա մասին, գրական աշխարհ կատարած նրա մուտքի մասին։

Նաև՝ նախադասությունը սխալ է ձևակերպված։

Ճիշտ է, օրինակ՝ «Չարենցը գրել սկսել է վաղ հասակից, բայց համարվում է, որ նրա մուտքը գրական աշխարհ եղել է 1912 թվականին»։

 

«15 տարեկան հասակում նա գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը կոչվում է «Ծաղիկները օրորվում են հեզ քամու օրորի տակից» (28․03․2021):

Չարենցի մասին հաղորդում պատրաստելիս պետք էր ճշտել նրա բանաստեղծության առաջին տողը

Ճիշտ է՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին»։

«Մեր հաղորդումը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալ այդ մասնագիտություններին» (28․03․2021):

Հնարավորություն են տալիս ոչ թե որևէ բան անել, այլ անելու (անելու հնարավորություն)։

Ուրեմն՝ «Մեր հաղորդումը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու այդ մասնագիտություններին»։

«Երկիր մոլորակը մեր տունն է, որտեղ գտնվում է մեր մանկապարտեզը, խաղահրապարակները, մեր դպրոցն ու գրադարանը» (28․03․2021):

Այստեղ թվային անհամաձայնություն կա․ գտնվում է՝ եզակի, թվարկվածները՝ հոգնակի։

Ճիշտ է՝ «Երկիր մոլորակը մեր տունն է, որտեղ գտնվում են մեր մանկապարտեզը, խաղահրապարակները, մեր դպրոցն ու գրադարանը»։ Նախընտրելի է՝ «Երկիր մոլորակը մեր տունն է, որտեղ մեր մանկապարտեզը, խաղահրապարակները, մեր դպրոցն ու գրադարանն են»։

Թվային անհամաձայնության ևս մի քանի դեպք․

«Ինքնապաշտպանությունը հնարավոր էր՝ այլ ընթացք ունենար, եթե չլինեին սննդի ու զինամթերքի պակասը» (02․05․2021)։

Չլինեին-ը պետք էր թվով համաձայնեցնել ոչ թե սննդի ու զինամթերքի, այլ պակաս-ի հետ, որը եզակի թվով է։

Ճիշտ է՝ «Ինքնապաշտպանությունը հնարավոր էր՝ այլ ընթացք ունենար, եթե չլիներ սննդի ու զինամթերքի պակասը»։

«Այստեղ սովորում են 3-ից 18 տարեկան 120 երեխա» (13․06.2021):

Ճիշտ է՝ «Այստեղ սովորում է 3-ից 18 տարեկան 120 երեխա»։

«Նրանցից մի մասը ճանաչում էին իրար» (11․07.2021)։

Ճանաչում էին-ը թվով պետք էր համաձայնեցնել ոչ թե նրանց հետ, այլ մի մաս-ի։ Այստեղ նաև՝ ոչ թե նրանցից մի մասը, այլ նրանց մի մասը։

Ճիշտ է՝ «Նրանց մի մասը ճանաչում էր իրար»։

«Տղաները գիտակցում են պետության, հայրենիքի և այն ամեն գնով պաշտպանելու կարևորությունը» (19․07.2021)։

Ճիշտ է՝ «Տղաները գիտակցում են պետության, հայրենիքի և դրանք ամեն գնով պաշտպանելու կարևորությունը»։

«1941-ից 1945 թվականին մարտնչել է ավելի քան 450 հազար հայորդի» (09․05.2021):

Ճիշտ է՝ «1941-ից 1945 թվականներին մարտնչել է ավելի քան 450 հազար հայորդի»։

Թվային անհամաձայնության դեպքերը քիչ չէին նաև մեր նախորդ ամփոփագրում։ Ներկայացնում ենք դրանցից երկուսը։

«Այս տարվա միջոցառումները տարբերվում են նախորդ տարիների միջոցառումներից, քանի որ համավարակի պատճառով հնարավոր չէ այն նույն կերպ անցկացնել»։

Ճիշտ է՝ «Այս տարվա միջոցառումները տարբերվում են նախորդ տարիների միջոցառումներից, քանի որ համավարակի պատճառով հնարավոր չէ դրանք նույն կերպ անցկացնել»։

«Փոխվեցին նամակագրության ձևերը։ Այն դարձավ ավելի ժամանակակից»։

Ճիշտ է՝ «Փոխվեցին նամակագրության ձևերը։ Դրանք դարձան ավելի ժամանակակից»։

«Շուշիում ծնվեց Արամ Մանուկյանը, ում վիճակված էր վերակերտել հայոց անկախ պետականությունը» (28․03.2021)։

Այստեղ՝ ոչ թե ում, այլ որի(ն)…։ Ում (ով)-ը գործածվում է միայն դերանունների հետ (օրինակ՝ Արամ Մանուկյանը նա է, ով/ումկամ՝ Արամ Մանուկյանը՝ նա, ով/ում․․․)։

Ճիշտ է՝ «Շուշիում ծնվեց Արամ Մանուկյանը, որին վիճակված էր վերակերտել հայոց անկախ պետականությունը»։

Նույնն են․

«Նիկոլ Աղբալյանը, ով շատ հայտնի գիտնական, հրապարակախոս էր ․․․․» (28․03.2021)։

Ճիշտ է՝ «Նիկոլ Աղբալյանը, որը շատ հայտնի գիտնական, հրապարակախոս էր ․․․․»

«Լսողության խնդիրներ ունեցողների դպրոց էին հաճախել հյուրեր, ովքեր անհրաժեշտ սարքեր էին տարել դպրոց» (13․06.2021)։

Այստեղ նաև սխալ է հաճախել բառի գործածությունը։ Բառի արմատն իսկ հուշում է, որ դրա մեջ շարունակականության, պարբերականության իմաստ կա։

Ճիշտ է՝ «Լսողության խնդիրներ ունեցողների դպրոց էին այցելել հյուրեր, որոնք անհրաժեշտ սարքեր էին տարել դպրոց»։

«Կարգապահությունը կարատեիստները սովորել են մարզչից, ով իրենց ասում է ․․․․» (26․09․2021)։

Ճիշտ է՝ «Կարգապահությունը կարատեիստները սովորել են մարզչից, որն իրենց ասում է ․․․․»։

«Մեր գործընկեր Անի Մանուկյանը հարցազրույց էր վերցրել Անահիտ Չարենցից, ով առանց ծնողների է մեծացել» (28․03.2021)։

Ճիշտ է՝ «Մեր գործընկեր Անի Մանուկյանը հարցազրույց էր վերցրել Անահիտ Չարենցից, որն առանց ծնողների է մեծացել»։

«Երբ փոքրիկները հայտնվում են իրենց սիրված հեքիաթում ․․․․» (04․04.2021)։

Սխալ ձևակերպում է։ Եթե բայը կրավորական սեռի է (սիրված), պետք է ավելացնել կողմից բառը. «Երբ փոքրիկները հայտնվում են իրենց կողմից սիրված հեքիաթում ․․․․»։

Անշուշտ նախընտրելի է այս տարբերակը՝ «Երբ փոքրիկները հայտնվում են իրենց սիրած հեքիաթում ․․․․»։

Այս սխալը հանդիպել էր նաև նախորդ ուսումնասիրության ժամանակ և տեղ էր գտել մեր ամփոփագրում․ «Փոքրիկները շատ էին կարոտել իրենց սիրված հերոսներին»։

Ճիշտ է՝ «Փոքրիկները շատ էին կարոտել իրենց սիրած հերոսներին»։

«Եթե մեր մոլորակը մաքուր չպահենք, հնարավոր է՝ հնարավոր չլինի ապրել» (04․04.2021)։

Այստեղ ըստ էության՝ լեզվական սխալ չկա։ Բայց հաճախ բառի, արտահայտության կրկնությունը ոճական այնպիսի անհարթություն է ստեղծում, որ համազոր է լեզվական սխալի։

Ճիշտ է, օրինակ՝ «Եթե մեր մոլորակը մաքուր չպահենք, գուցե այստեղ հնարավոր չլինի ապրել»։

Եվս մի քանի նման օրինակ՝ հաղորդաշարից․

«80-ամյա սիրված երգիչը ոչ միայն մեզ նվիրել է ոչ միայն ժողովրդական երգը» (07․02.2021):

Ուզում է ասել, որ երգիչը միայն ժողովրդական երգեր չի երգել և միայն մեզ չէ, որ նվիրել է այդ երգերը։

Ճիշտ է, օրինակ՝ «80-ամյա սիրված երգիչը մեզ ու աշխարհին նվիրել է ոչ միայն ժողովրդական երգը»։

«Դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք են բարձրանում բազմաթիվ մարդիկ» (25․04.2021):

Ճիշտ է՝ «Դեպի Ծիծեռնակաբերդ են բարձրանում բազմաթիվ մարդիկ»։

«Արդեն  քսան տարուց ավելի է, որ հայ երիտասարդները Ծիծեռնակաբերդի բարձունք են բարձրանում» (02․05.2021):

Ճիշտ է՝ «Արդեն  քսան տարուց ավելի է, որ հայ երիտասարդները Ծիծեռնակաբերդ են բարձրանում»։

«Դպրոցականների դպրոցական առավոտը պետք է սկսվի հետաքրքիր և ուրախ» (05․10.2021):

Ճիշտ է՝ «Աշակերտների դպրոցական առավոտը պետք է սկսվի հետաքրքիր և ուրախ»։ Կամ պարզապես՝ «Դպրոցականների առավոտը պետք է սկսվի հետաքրքիր և ուրախ»։

Նախադասության մեջ բառի կրկնությամբ ստեղծված ոճական անհարթության մասին նախորդ ամփոփագրում նույնպես խոսել ենք․

«Փոքրիկը մի փոքր մեծացել է»։

Ճիշտ է՝ «Փոքրիկը մի քիչ մեծացել է»։ Կամ՝ «Երեխան մի փոքր մեծացել է» և այլն։

«Համո Սահյանը նկարագրում է հասարակ մարդուն ․․․․՝ անձամբ չհեռանալով հայրենի բնությունից ու չհեռացնելով ընթերցողին» (22․04.2021):

Այստեղ գործ ունենք վատ շարադրված նախադասության հետ։

Առաջարկում ենք հաղորդաշարի տեքստին հնարավորինս մոտ ու ընդունելի տարբերակ․ «Համո Սահյանը նկարագրում է հասարակ մարդուն ․․․․՝ չհեռանալով հայրենի բնությունից ու օգնելով, որ ընթերցողը նույնպես չհեռանա»։

Վատ շարադրված նախադասության ևս երկու օրինակ․

«Բներ պատրաստելու համար երեխաները ներկայացնում էին թիմերով, քանի որ միջոցառումը կազմակերպված էր որպես մրցույթ, որին մասնակցելու համար թիմերը պետք է ունենային համապատասխան նյութեր» (22․04․ 2021)։

Առաջարկում ենք՝ «Բներ պատրաստելու համար երեխաները ներկայանում էին թիմերով, քանի որ միջոցառումը կազմակերպված էր որպես մրցույթ։ Մասնակցելու համար թիմերը պետք է ունենային համապատասխան նյութեր»։ Կամ՝ «Պատրաստած բները երեխաները ներկայացնում էին թիմերով, քանի որ միջոցառումը կազմակերպված էր որպես մրցույթ։ Մասնակցելու համար թիմերը պետք է ունենային համապատասխան նյութեր»։

«Մասնակից երեխաները ներկայացնում էին իրենց վայրի ընկերների մասին տեղեկություններով լի նկարազարդ պաստառներով» (22․04․ 2021)։

Առաջարկում ենք՝ «Մասնակից երեխաները ներկայանում էին իրենց վայրի ընկերների մասին տեղեկություններով լի նկարազարդ պաստառներով»։ Կամ՝ «Մասնակից երեխաները ներկայացնում էին իրենց վայրի ընկերների մասին տեղեկություններով լի նկարազարդ պաստառներ»։ Կամ՝ «Մասնակից երեխաները ներկայացնում էին իրենց վայրի ընկերների մասին տեղեկություններ՝  նկարազարդ պաստառներով»։

Վատ շարադրված նախադասությունների մասին նախորդ ամփոփագրում նույնպես խոսել ենք․

«Առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկների համար առաջին դպրոցական օրը ամենահիշարժան օրերից մեկն է, երբ ամռան ամիսներին դպրոցների դատարկված միջանցքներն ու դասասենյակները կրկին լցվում են երեխաների խինդով ու ծիծաղով»։

Ճիշտ է, օրինակ՝ «Ամռան ամիսներից հետո երեխաների խինդով ու ծիծաղով (նախընտրելի է՝ խինդ ու ծիծաղով) լցված միջանցքներում ու դասասենյակներում կազմակերպված սեպտեմբերի 1-ը առաջին անգամ դպրոց ոտք դրած փոքրիկների համար ամենահիշարժան օրերից մեկը կլինի»։

«Թիվ 124 դպրոցը ուսուցչի օրվա առիթով հենց նրանց էին փորձել բեմ բարձրացնել» (11․10.2021):

Այստեղ կա թվային անհամաձայնություն։ Փորձել էին-ը պետք էր համաձայնեցնել ոչ թե նրանց, այլ դպրոց-ի հետ։ Նաև՝ նախընտրելի է խուսափել փորձել բայից։

Ճիշտ է՝ «Թիվ 124 դպրոցը ուսուցչի օրվա առիթով հենց նրանց էր բեմ բարձրացնել»։

«Սկաուտներն անցկացրին հանրօգուտ աշխատանք» (22․04.2021):

Աշխատանքը անում, կատարում են, այլ ոչ անցկացնում։

Ճիշտ է՝ «Սկաուտները կատարեցին հանրօգուտ աշխատանք»։

«Կկարողանա՞մ արդյոք ես էլ նրա գործողությունները կրկնել» (22․04.2021):

Խոսքը ձևավորման աշխատանքների մասին է։ Ձևավորողն իր գործողությունները չէր կրկնել, և խոսողը չէր կարող նույնպես կրկնել՝ ես էլ։

Ուրեմն ճիշտ է՝ «Կկարողանա՞մ արդյոք ես էլ կատարել նրա գործողությունները»։ Կամ՝ «Կկարողանա՞մ արդյոք նրա գործողությունները կրկնել»։

«Այս երթը առաջին անգամ կազմակերպվել է 1999 թվականից» (25․04.2021):

Ձևակերպումը սխալ է։

Ճիշտ է՝ «Այս երթը առաջին անգամ կազմակերպվել է 1999 թվականին»։ Կամ «Այս երթը կազմակերպվել է 1999 թվականից»։

«Հայոց պատմության դասագրքերից մենք կարդում ենք ․․․․» (02․05.2021):

Դասագրքերից տեղեկանում, իմանում են, կարդում են դասագրքերում։

Ճիշտ է՝ «Հայոց պատմության դասագրքերում մենք կարդում ենք ․․․․»։ Կամ՝ «Հայոց պատմության դասագրքերից մենք տեղեկանում ենք ․․․․»

«Շատերը ակտիվորեն ներգրավվել են դիմադրության շարժման մեջ» (09․05.2021):

Ներգրավվել բայի մեջ կա մեջ կապի իմաստը, ուստի նշված կապի գործածությունն այստեղ ավելորդ է։

«Շատերը ակտիվորեն ներգրավվել են դիմադրության շարժմանը»։

«Քաղաքն ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում» (09․05.2021):

Սխալ բայաձև է գործածվել։

Ճիշտ է՝ «Քաղաքն ազատագրելու գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»։ Կամ՝ «Քաղաքի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»։

«Շուշին դարձավ այն չափաբաժանը, որ վերաիմաստավորեց մեր ժողովրդի ուղին» (09․05.2021):

Հայերենում կա ճամփաբաժան բառը, կա չափաբաժին– ը։ Գուցե լրագրողը դրանցից առաջինն է ուզել գործածել, քանի որ երկրորդն ավելի անտեղի կլիներ։ Համենայն դեպս, այն բառը, որ գործածվել է, հայերենում չկա։

Ճիշտ է՝ «Շուշին դարձավ այն ճամփաբաժանը, որ վերաիմաստավորեց մեր ժողովրդի ուղին»։

«Այդ ճակատամարտերը կանգնեցրին թուրքերի ախորժակը» (06․06.2021):

Ախորժակը կանգնեցնել-ը սխալ արտահայտություն է։

Ճիշտ է՝ «Այդ ճակատամարտերը փակեցին թուրքերի ախորժակը»։

«Երբ հնարավոր է դառնում լսել աշխարհի ձայները, խնդիրն էապես պակասում է» (13․06.2021):

Պակասել կարող են խնդիրները։ Մեկ խնդիրը պակասել չի կարող։ Այն կարող է փոքրանալ։

Ճիշտ է՝ «Երբ հնարավոր է դառնում լսել աշխարհի ձայները, խնդիրներն էապես պակասում են»։

«Փոքրիկներն արդեն գիտեն, թե որոնք են պետական խորհրդանիշերը»  (25․07.2021):

Նշված բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ։

Ճիշտ է՝ «Փոքրիկներն արդեն գիտեն, թե որոնք են պետական խորհրդանիշները»։

«Առավոտյան շուտ՝ վերկաց, մարզանք, երգի դասեր» (29․08.2021):

Նշված արտահայտությունը սխալ է։

Ճիշտ է՝ «Առավոտյան՝ վերկաց, մարզանք, երգի դասեր»։ Կամ՝ «Առավոտ շուտ՝ վերկաց, մարզանք, երգի դասեր»։

«Նրանք բոլորը պատերազմում զոհվածների և Արցախից տեղահանվածների երեխաներն են» (29․08.2021):

Նշված բառի որոշիչ հոդն ավելորդ է։

Ճիշտ է՝ «Նրանք բոլորը պատերազմում զոհվածների և Արցախից տեղահանվածների երեխաներ են»։

Նույնն է․

«Շուրջ 4500 հայեր, որոնց գերակշիռ մասը կանայք ու երեխաներն էին, բարձրացան Մուսա լեռը» (26․09.2021):

Ճիշտ է՝ «Շուրջ 4500 հայեր, որոնց գերակշիռ մասը կանայք ու երեխաներ էին, բարձրացան Մուսա լեռը»։

«Մուսա լեռան հերոսամարտը անօրինական է և հայ ազատագրական պայքարի փառավոր էջերից» (26․09.2021):

Նշված բառի իմաստն է՝ ապօրինի, ոչ օրինական։ Այստեղ խոսքը հերոսամարտի ոչ թե անօրինական, այլ անօրինակ՝ նմանը չունեցող, անհամեմատելի լինելու մասին է։

Ճիշտ է՝ «Մուսա լեռան հերոսամարտը անօրինակ է և հայ ազատագրական պայքարի փառավոր էջերից»։ Նախընտրելի է՝ «Մուսա լեռան հերոսամարտը հայ ազատագրական պայքարի անօրինակ և փառավոր էջերից է»։

«Գյուղերի բնակիչները 40 օր կենաց ու մահու կռիվ մղեցին թուրք հրոսականների դեմ»։ (26․09.2021):

Հայերենում կան հրոսակ և հերոսական բառերը։ Իսկ մեջբերման մեջ նշված բառը չկա հայերենում։ Պարզ է, թե այստեղ մեր ներկայացրած բառերից որն էր պետք գործածել։

Ճիշտ է՝ «Գյուղերի բնակիչները 40 օր կենաց ու մահու կռիվ մղեցին թուրք հրոսակների դեմ»։

«Օգոստոսի 7-ից թուրքերը մի քանի հարձակում կազմակերպեցին, սակայն ո՛չ միայն անհաջողության մատնվեցին, այլև մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն» (26․09.2021):

Խոսքը Սարդարապատի հերոսամարտի մասին է, և այս նախադասության մեջ տրամաբանական հակասություն և մեծ թյուրիմացություն կա։

Ճիշտ է՝ «Օգոստոսի 7-ից թուրքերը մի քանի հարձակում կազմակերպեցին, սակայն հայերը ո՛չ միայն անհաջողության մատնեցին, այլև մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն»։ Կամ՝ «Օգոստոսի 7-ից թուրքերը մի քանի հարձակում կազմակերպեցին, սակայն ոչ միայն անհաջողության մատնվեցին, այլև մեծ կորուստներ կրեցին»։

«Սեպտեմբերի 13-ից 15-ին ֆրանսիական ռազմանավերը հասան ․․․․» (26․09.2021):

Սեպտեմբերի 15-ին հասան միտքը ճիշտ է կազմված, բայց սխալ է ասել  սեպտեմբերի 13-ից 15-ին հասան։

Ճիշտ է՝ «Սեպտեմբերի 13-ից 15-ը ֆրանսիական ռազմանավերը հասան ․․․․»։

Հաղորդաշարում բազմաթիվ են արտասանական սխալները։

Ահա՛ դրանցից մի քանիսը․

«Այս տարի լռանում է Համո Սահյանի ծննձյան 100-ամյակը» (22․04.2021):

Ճիշտ է՝ «Այս տարի լրանում է Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը»։

«Միչոցառումը զարդարեց երգի-պարի խումբը»։ Նաև՝ «Միչոցառումը ստիպել էր երեխաներին ավելի ուսումնասիրել թռչուններին» (22․04.2021):

Երկրորդ նախադասության մեջ սխալ է նաև ավելի ուսումնասիրել արտահայտությունը։

Ճիշտ է՝ «Միջոցառումը զարդարեց երգի-պարի խումբը»։ «Միջոցառումը ստիպել էր երեխաներին ավելի լավ/հանգամանորեն ուսումնասիրել թռչուններին»։

«Լենինգրադի պաշտպանության գործում մեծ էր ծովակալ Իսակըվի դերը» (09․05.2021):

Ճիշտ է՝ «Լենինգրադի պաշտպանության գործում մեծ էր ծովակալ Իսակովի դերը»։

«Ժամանակակից ծեխնոլոգիաներին մոտ լինելով՝ ժամանակակից աշակերտը կարող է ․․․․» 11․10.2021):

Այստեղ նաև կրկնվել է ժամանակակից բառը։ Սա հաղորդաշարի ոճական թերություններից է։ Երկրորդ ժամանակակից-ի կարիքը չկա, քանի որ անցած ժամանակների աշակերտը չի կարող մոտ լինել ժամանակակից տեխնոլոգիաներին։

Ճիշտ է՝ «Ժամանակակից տեխնոլոգիաներին մոտ լինելով՝ աշակերտը կարող է ․․․․»։

«Սեբաստացիների ներկայացրած համայնքային խնդիրը բոլոր խմբերի ներկայացրած նախագծերից ամենալավն ու կրեածիվն է եղել» (31․10.2021):

Պետք էր գործածել սխալ արտասանված օտար բառի հայերեն համարժեքը։ Նաև՝ սեբաստացիները խնդի՛ր չեն ներկայացրել, այլ նախագիծ։ Եվ՝ խնդի՛րը չի եղել լավը, այլ (սննդի կազմակերպման խնդրի լուծման) նախագիծը։

Ճիշտ է՝ «Սեբաստացիների ներկայացրած համայնքային խնդրի լուծման նախագիծը բոլոր խմբերի ներկայացրած նախագծերից ամենալավն ու կրեատիվն (ստեղծարարն, ստեղծագործն) է եղել»։

Արտասանական սխալներից մեկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել, քանի որ այն անում են հաղորդաշարի գրեթե բոլոր լրագրողները (Տաթևիկ Աղավելյան, Միլենա Հարությունյան և այլն)։ Հաղորդման վերջում ցտեսություն ասելու փոխարեն ասում են ստեսուցյուն։

Երազիկ Գրիգորյան

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook