Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Ուսումնասիրել ենք «Ձայնային հարված» հաղորդաշարի վերջին ամիսների հաղորդումների լեզվավիճակը: Ներկայացնում ենք հաղորդավարուհու խոսքում նկատված սխալների երկրորդ ամփոփագիրը։

 

«Արմինկան այն երգչուհիներից է, ում կողքով տարիները կարծես թե չեն անցնում։ Նա միշտ երիտասարդ է ու հետաքրքիր»։ (04․05․2021)

Ոչ թե երգչուհիներից է, ում, այլ երգչուհիներից է, որի…։ Ում (ով)-ը գործածվում է միայն դերանունների հետ (օրինակ՝ Արմինկան նրանցից է, ում)։ Նաև՝ եթե մեկի արտաքինը լավ է պահպանվել, ասում են, թե տարիները նրա կողքով են անցնում/անցել (կամ՝ շրջանցել են նրան), այլ  ո՛չ հակառակը, ինչպես որ մեջբերված հատվածում է։

Ճիշտ է՝ «Տարիները կարծես երգչուհի Արմինկայի կողքով են անցնում։ Նա միշտ երիտասարդ է ու հետաքրքիր»։

 

«Մարիամն այն երգչուհիներից է, ով հայտնվեց մեր հաղորդման մեջ ու միանգամից սիրվեց։ Նա զբաղեցնում է ավելի բարձր հորիզոնական, քան նախորդ շաբաթում»։ (26․02․2021)

Վերևում խոսվել է ով/ում-ի գործածության մասին։ Ճիշտ է՝ «այն երգչուհիներից է, որը․․․»։ Նաև՝ ոչ թե նախորդ շաբաթում, այլ նախորդ շաբաթ։

Ճիշտ է՝ «Մարիամն այն երգչուհիներից է, որը (որ) հայտնվեց մեր հաղորդման մեջ ու միանգամից սիրվեց։ Նա զբաղեցնում է ավելի բարձր հորիզոնական, քան նախորդ շաբաթ»։

 

«Կա մի խաղ, որը նոսթալգիա է առաջացնում բոլորի մոտ»։

Հաղորդավարուհու սիրած նոսթալգիա բառի մասին խոսվել է նախորդ ամփոփագրում։ Հայերենում դա կարոտաբաղձությունն է, բայց այստեղ խոսքը կարոտի զգացման, հուշերի մասին է։ Չէ՞ որ խոսքը ընդամենը «Մարիո» խաղին է վերաբերում։ Նաև՝ սխալ է բոլորի մոտ-ը․ օտարաբանություն է։

Ճիշտ է՝ «Կա մի խաղ, որը բոլորի մեջ հուշեր է արթնացնում»։

 

«Սևակ Ամրոյանի մոտ կարծես թե երկրորդ շնչառություն է բացվել»։ (30․04․2021)

Նույն սխալն է. մոտ կապի՝ հայերենին խորթ կիրառություն։

Ճիշտ է՝ «Կարծես թե Սևակ Ամրոյանի երկրորդ շնչառությունն է բացվել»։

 

«Այսօր մեր եթերում հնչելու են երգեր, որոնք մեզնից ամեն մեկի մոտ արթնացնելու են իրենց անձնական հիշողությունները և պարգևելու են տրամադրություն, որը միայն իրեն է պատկանում»։ (20․04․2021)

Առաջին նշումը մոտ կապի սխալ կիրառության դեպք է։ Եթե ամեն մեկի, ուրեմն ոչ թե իրենց, այլ իր (թվային անհամաձայնություն է)։ Ամեն մեկի հիշողությունը չի կարող ոչ անձնական լինել, ուրեմն անձնական բառն ավելորդ է։ Տրամադրությունն էլ կարող է, ասենք, առանձնահատուկ, լավ կամ վատ լինել, բայց ուրիշին պատկանել չի կարող։

Ուրեմն ճիշտ է՝ «Այսօր մեր եթերում հնչելու են երգեր, որոնք մեզնից ամեն մեկի/յուրաքանչյուրիս մեջ արթնացնելու են հիշողություններ և պարգևելու են առանձնահատուկ տրամադրություն»։

 

«Փոխվում է երաժշտությունը, որը հնչում է մեր ականջների մեջ՝ փողոցով զբոսնելիս»։ (04․05․2021)

Զբոսնում են ո՛չ թե փողոցով, այլ փողոցում։ Նաև՝ նախընտրելի է, որ երաժշտությունը հնչի ո՛չ թե ականջների մեջ, այլ ականջներում։

Ուրեմն՝ «Փոխվում է երաժշտությունը, որը հնչում է մեր ականջներում՝՝ փողոցում զբոսնելիս»։ Կամ՝ «Փոխվում է երաժշտությունը, որը փողոցում զբոսնելիս հնչում է մեր ականջներում»։

 

«Ասում են՝ եթե մի բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որպեսզի ցանկությունդ իրականանա»: (12․03․2021)

Որպեսզի շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով  հարցերով կարող ենք պարզել, որ այս երկրորդականը նպատակի պարագա չէ։

Ուրեմն ճիշտ է՝ «Ասում են՝ եթե մի բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը նպաստում է, որ ցանկությունդ իրականանա»:

 

«Ժամանակն է նշել այս գեղեցիկ տոնը»։ (01․01․2021)

«Ինչի՞ ժամանակն է» հարցին պատասխանում ենք՝ նշելու ժամանակն է, ուրեմն շարադասությունը շրջելու դեպքում էլ այդպես պիտի լինի։

Ճիշտ է՝ «Ժամանակն է նշելու այս գեղեցիկ տոնը»։

 

«Հետաքրքիր է՝ Սևակ Ամրոյանի երազը ինչ-որ նմանություն ունի՞ ձեր երազի հետ»։ (04․05․2021)

Նմանություն են ունենում կամ նման են լինում ոչ թե ինչ-որ բանի հետ (կամ ինչ-որ մեկի հետ), այլ ինչ-որ բանի(ն) (կամ ինչ-որ մեկին

Ճիշտ է, ասենք՝ «Հետաքրքիր է՝ Սևակ Ամրոյանի երազը ինչ-որ նմանություն ունի՞ ձեր երազին»։

 

«Եկեք մի պահ կտրվենք այդ ամենից ու վայելենք պահը»։ (01․01․2021)

Հատկապես պատրաստի տեքստում հեշտությամբ կարելի էր խուսափել բառի կրկնությունից։

Ճիշտ է՝ «Եկեք մի վայրկյան/ակնթարթ կտրվենք այդ ամենից ու վայելենք պահը»։

 

«Այս տեսահոլովակը կյանքի ու ապրելու մասին հիշեցնելու մասին է»։ (30․04․2021)

Այստեղ էլ անհարկի կրկնվել է մասին բառը։

Ճիշտ է, օրինակ՝ «Այս տեսահոլովակը կյանքի ու ապրելու մասին է հիշեցնում»։

 

«Մնացեք մեզ հետ և ծանոթացեք դրանց հետ»։ (12․02․2021)

Կրկնությունը լեզվական սխալի պատճառով է։ Երկրորդ հետ-ն ավելորդ է, քանի որ խոսքն այստեղ ոչ թե մարդու, այլ երգերի մասին է։

Ճիշտ է՝ «Մնացեք մեզ հետ և ծանոթացեք դրանց»։

 

«Ընտրեք այն երաժշտությունը, որը արտացոլում է ձեր ներքին ապրումները»։ (23․04․2021)

Ապրումները արտաքին չեն լինում։ Ուստի ներքին բառն ավելորդ է։

«Ընտրեք այն երաժշտությունը, որը արտացոլում է ձեր ապրումները»։

 

«Ծննդյան տոների մասին երգերը, կարծում եմ, հայկական շոու բիզնեսի ամենապահանջված թեման է։ Այն միշտ ակտուալ է»։ (30․04․2021)

Ծննդյան տոներ հոգնակի բառակապակցությամբ անվանում ենք Քրիստոսի Սուրբ Ծնունդի, դրան առնչվող ծիսական արարողակարգի ամբողջությունը։ Մեզ՝ մահկանացուներիս համար գործածում ենք եզակի՝ ծննդյան տոն, հոգնակի՝ ծննդյան տոնակատարություններ արտահայտությունները։ Մեջբերման մեջ կա նաև թվային անհամաձայնություն․ երգերը՝ հոգնակի, թեման է՝ եզակի։ Բայց պահանջվածը ո՛չ թե թեման է, այլ նշված  թեմայով երգերը։ Ակտուալ նշանակում է արդիական, հրատապ, ներկա պահին անհրաժեշտ։ Իրականում երկրորդ նախադասության կարիքը չկա, քանի որ հաղորդավարուհու խոսքը վերաբերում է հենց ծննդյան տոնին նվիրված երգերի պահանջված լինելուն, պահանջարկ ունենալուն։

Ճիշտ է՝ «Ծննդյան տոնի (Ծննդյան տոնակատարությունների) մասին երգերը, կարծում եմ, հայկական շոու բիզնեսի ամենապահանջվածներից են»։

 

«Ասում են, որ բոլորին չի տրված երաժշտությունից փշաքաղվելու գեղեցիկ արվեստին տիրապետելը։ Տրված է միայն նրանց, ովքեր ունեն էմոցիոնալ մեծ դաշտ ու բավականին բարձր ինտելեկտ։ Իսկ եթե ձեզ այդպես էլ չի հաջողվում փշաքաղվել երաժշտությունից, ապա ամբողջ մեղքը կարող եք գցել հենց երաժշտության վրա՝ ասելով, որ այն բավականին էմոցիոնալ չէ։ Միևնույնն է՝ այն ստուգել ոչ ոք չի կարողանա»։ (30․04․2021)

Փշաքաղվելը գեղեցիկ արվեստ համարելը մոտեցման խնդիր է։ Բայց մի՞թե փշաքաղվելուն տիրապետում են կամ չեն տիրապետում։ Տիրապետելը  կարողանալն է, իսկ փշաքաղվելը կարողանալու հետ կապ չունի։ Հետևաբար այն նաև չի կարող հաջողվել կամ չհաջողվել։ Մարդիկ պարզապես կամքից անկախ փշաքաղվում են կամ չեն փշաքաղվում։ Հաղորդավարուհու խոսքն ընդհանուր առմամբ լեցուն է փոխառություններով։ Նախընտրելի է գործածել դրանց հայերեն համարժեքները։ Այստեղ առաջին էմոցիոնալ-ի փոխարեն հարմար է հուզական-ը, երկրորդի փոխարեն՝ հուզիչ-ը, իսկ ինտելեկտ-ի փոխարեն՝ բանականություն-ը, խելք-ը։ Մնում է հասկանալ՝ ինչ կապ ունի փշաքաղվելը խելքի հետ։ Միևնույն է արտահայտությունը հաճախ է սխալ գործածվում։ Եթե միևնույն բառը  կարող ենք փոխարինել նույն-ով, ուրեմն վերջում կարո՛ղ է երկու ն լինել՝ «Այս երկուսը կարծես միևնույնն են/նույնն են»։ Իսկ եթե միևնույն-ը փոխարինվում է մեկ-ով, ուրեմն վերջում երկու ն չի կարող լինել՝ «Ինձ համար միևնույն է/մեկ է, թե ինչ կլինի»։ Պարզ է, որ այստեղ երկրորդ դեպքն է։ Նաև՝ մեջբերված նախադասության մեջ նախընտրելի է այն դերանվան փոխարեն գործածել դա դերանունը։

Ճիշտ է՝ «Ասում են՝ բոլորը չէ, որ երաժշտությունից փշաքաղվում են։ Դա տրված է միայն նրանց, ովքեր ունեն հուզական մեծ դաշտ (նախընտրելի է՝ հուզական են)։ Իսկ եթե դուք  այդպես էլ երաժշտությունից չեք փշաքաղվում, ապա ամբողջ մեղքը կարող եք գցել հենց երաժշտության վրա՝ ասելով, որ այն բավականին հուզիչ չէ։ Միևնույն է՝ դա ստուգել ոչ ոք չի կարողանա (նախընտրելի է՝ Միևնույն է՝ դա ոչ ոք չի կարողանա ստուգել)»։

 

«Մեզանից շատերը իրենց սիրելի երգերի ցանկում ունեն այնպիսինները, որոնք հիշեցնում են ապրած էմոցիաների մասին»։ (12․02․2021)

Այնպիսի դերանունը կարող է որոշյալ հոդ ստանալ՝ այնպիսին։ Բայց հոգնակիի դեպքում նրան ավելանում է ոչ թե ներ, այլ եր՝ այնպիսիները։ Էմոցիա բառի մասին վերևում խոսվել է։

Ճիշտ է՝ «Մեզանից շատերը իրենց սիրելի երգերի ցանկում ունեն այնպիսիները/այնպիսիք, որոնք հիշեցնում են ապրած հույզների/զգացմունքների մասին»։

 

«Մարդ չի կարող ապրել առանց օդի, ջրի, ուտելիքի, և իհարկե, առանց էմոցիաների։ Իսկ էմոցիաների ամենահոմանիշ բառը երաժշտությունն է»։ (20․04․2021)

Էմոցիա բառի մասին վերևում խոսել ենք։ Բայց չենք խոսել նրա ամենահոմանիշ բառի մասին։ Չի կարող լինել ամենահոմանիշ, ավելի հոմանիշ, պակաս հոմանիշ։ Հոմանիշ բառը համեմատության աստիճաններ չունի։

Եթե ցանկություն կա արտառոց միտք արտահայտելու, կարելի է ասել, օրինակ՝ «Մարդ չի կարող ապրել առանց օդի, ջրի, ուտելիքի, և իհարկե, առանց հույզերի/զգացմունքների։ Իսկ հույզերը/զգացմունքները համարժեք են երաժշտությանը»։

 

«Այս տեսահոլովակն ու երգը ինչ-որ առումներով նման է Իվետային»։ (30․04․2021)

Այստեղ կա ենթակայի ու ստորոգյալի թվային անհամաձայնություն։ Ենթական (տեսահոլովակն ու երգը) հոգնակի է, ուրեմն ստորոգյալն էլ (նման է) պիտի հոգնակի լիներ։ Իսկ ինչ-որ առումներով-ը նախընտրելի է եզակիով գործածել։

Ճիշտ է՝ «Այս տեսահոլովակն ու երգը ինչ-որ առումով նման են Իվետային»։

 

«Եղիշե Գասպարյանը շարունակում է ապահովել մեր բոլորիս տոնական տրամադրությունը»։ (12․02․2021)

Մեր դերանունն ու ս հոդը համարժեք են, ուստի դրանցից մեկն ավելորդ է։

Ճիշտ է՝ «Եղիշե Գասպարյանը շարունակում է ապահովել մեր բոլորի տոնական տրամադրությունը»։ Կամ՝ «Եղիշե Գասպարյանը շարունակում է ապահովել բոլորիս տոնական տրամադրությունը»։

 

«Չնայած ժամանակն անցնում է, բայց միևնույնն է, այն իր հետ բերում է անմոռանալի զգացողություններ»։ (02․04․2021)

Միևնույնն է սխալ ձևի մասին խոսեցինք։ Այս նախադասությունն ամբողջությամբ անտրամաբանական է։ Տպավորություն է, թե ժամանակը կանգ առնելու դեպքո՛ւմ պիտի բերեր անմոռանալի զգացողություններ, բայց այն բերում է այդ զգացողությունները, չնայած որ անցնում է»։

Այս նախադասության ճիշտ տարբերակը չենք ներկայացնում, քանի որ այն ուղղելի չէ։

 

«Եվ հիշեք, որ ոչ թե երգերն են ստեղծում տրամադրություն, այլ հենց դուք եք իրավիճակները լցնում սիրելի երգերով՝ տալով դրանց առանձնահատուկ նշանակություն։ Եվ ես վստահ եմ, որ այսօրվա հնչած երգերի շնորհիվ դուք կունենաք լավ օր և բարի հուշեր»։ (12․02․2021)

Ոչ թե այսօրվա հնչած, այլ այսօր հնչած։ Այստեղ կա նաև տրամաբանական խառնաշփոթ։ Եթե ըստ հաղորդավարուհու՝ երգերը տրամադրություն չեն ստեղծում, ապա ինչո՞ւ է նա այդքան վստահ, որ հաղորդման ժամանակ հնչած երգերի շնորհիվ ունկնդիրը կունենա լավ օր և բարի հուշեր։

Այս հատվածի ճիշտ տարբերակը նույնպես չենք ներկայացնում։ Խմբագրելի չէ։

 

«Եթե ունեք էմոցիաների կարիք, ապա միացրեք սիրելի երաժշտությունը և ընկեք հիշողությունների գիրկը։ Սակայն զգույշ եղեք, որովհետև երաժշտությունը ունի մոգական հատկություն։ Այն կարող է կլանել ձեզ մի քանի ամիս, և թույլ չտալ իրենից հեռանալ շատ երկար ժամանակ։ Իսկ մելանխոլիկ տրամադրությունների դեպքում դա կարող է իսկապես վտանգավոր լինել»։ (20․04․2021)

Էմոցիա բառի մասին խոսել ենք վերևում։ Մելանխոլիկ բառի հայերեն համարժեքն է մելամաղձոտ, իսկ տրամադրություններ-ը ճիշտ է գործածել եզակիով։ Այստեղ միայն այս լեզվական թերացումները չեն․ հաղորդաշարում հաճախ է հնչում բառերով լեցուն, բայց ոչինչ չասող կամ գրեթե ոչինչ չասող խոսք, որ դժվար է խոսք համարել։

 

Ներկայացնում ենք այդպիսի հատվածներից մի քանիսը՝ առանց մեկնաբանման ու խմբագրման

 

«Քանի որ բոլոր կանայք դիետան սկսում են պահել երկուշաբթի օրվանից, ես առաջարկում եմ կոտրել այդ կարծրատիպը։ Փոխեք ձեր կյանքը հենց այսօրվանից, մի սպասեք ամռանը, որովհետև դրան կհաջորդի աշունը, ու նորից կմնաք հին հագուստի, հին կարոտների ու կոտրված տաշտակի առջև»։ (30․04․2021)

 

«Ասում են՝ սերը ապրում է երեք տարի։ Իսկ թե քանի տարի են ապրում այդ սիրո մասին հիշողությունները՝ ոչ մեկին պարզել չի հաջողվել»։ (16․03․2021)

 

«Մարիամին նայելիս հարց է առաջանում՝ որտեղի՞ց այս փխրուն աղջկան այսքան հզոր ձայն։ Իսկ պատասխանը պարզ է․ նա իսկական հայուհի է»։ (12․02․2021)

 

«Որքան էլ մենք նման լինենք երաժշտության, երբեմն ինքներս համաձայն չենք լինում մեզ հիշեցնող և նկարագրող երգերի հետ։ Եվ եթե ձեզ այսօր բաժին է հասել մի երգ, որը ըստ ձեզ՝ չի համապատասխանում ձեր տրամադրությանը, ապա առաջարկում եմ փոխել ձեր աշխարհայացքը»։ (26․03․2021)

 

 

Երազիկ Գրիգորյան

 

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Ավելին
facebook