Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՂ «ԴԵՊԻ ՏՈԿԻՈ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ՀՆՉԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

24․05․2021

«Սպորտում կա նաև ազգային մենտալիտետի խնդիր»։

Նշված բառի հայերեն համարժեքը մտածելակերպն է։ Նախապատվություն պետք է տալ ոչ թե օտար, այլ մեր բառերին։

 

«Գիտեմ, նաև թիմային աշխատանք եք տանում»։

Աշխատանքը ոչ թե տանում են, այլ անում, կատարում։ Այս մասին խոսվում է հաճախ։ Հարկավոր էր ասել․ «Գիտեմ, նաև թիմային աշխատանք եք անում (կատարում)»։

«Խոսքը հոգեբաններին է վերաբերվում»։

Այս սխալի մասին որքան էլ ասվում է, այն «դիրքերը» չի զիջում։ Մեջբերենք Լեզվի կոմիտեի հրապարակումը։

ՎԵՐԱԲԵՐԵԼ բայը գործածում ենք «մասին» իմաստով: Օրինակ․ «Հարցը վերաբերում է նրան, թե ո՛ր ուղղությամբ պետք է շարժվենք», այսինքն՝ հարցը նրա մասին է, կապ ունի նրա հետ, թե ո՛ր ուղղությամբ մենք պետք է շարժվենք:

Երբ ուզում ենք արտահայտել մեր վերաբերմունքը այս կամ այն երևույթի, մարդու նկատմամբ, գործածում ենք ՎԵՐԱԲԵՐՎԵԼ-ը. «Ես քեզ լավ եմ վերաբերվում», այսինքն՝ լավ վերաբերմունք ունեմ քո նկատմամբ[1]։

«Մարզիկները նաև շատ բարդ մարդիկ են․ ինչ-որ տեղ՝ կամակոր, ինչ-որ տեղ՝ կոմպլեքսավորված»։

«Կոմպլեքս» օտար բառի փոխարեն այստեղ ճիշտ կլիներ գործածել բարդույթ-ը։ Պետք էր ասել․ «․․․․ ինչ-որ տեղ՝ բարդույթավորված»։

31․05․2021

«Այժմ քեզ կրկին բարդ մրցակից է սպասվում՝ իռլանդացի բռնցքամարտիկ»։

Բռնցքամարտիկի հետ մենամարտելու համար նրա մրցակիցը նրան կարող է ոչ թե սպա­­սվել, այլ  սպասել։  Ճիշտ կլիներ ասել․  «Այժմ քեզ կրկին բարդ մրցակից է սպա­սում ․․․․»։

«Ինչպե՞ս ես պատրաստվելու հաղթահարել առաջիկա մենամարտը»։

Հաղթահարում են, օրինակ, դժվարությունը, խոչընդոտը, բարձունքը, իսկ մենամար­տում հաղթում են։

Պետք էր ասել․ «Ինչպե՞ս ես պատրաստվելու, որ հաղթես առաջիկա մենամարտում»։

«Փարիզի վարկանիշային մրցաշարում մենք կունենանք նաև գեղեցիկ սեռի ներկա­յացուցիչ՝ հանձինս Անի Հովսեփյանի»։

 «Հանձինս» բառի ս-ն գրաբարյան հոգնակերտ մասնիկ է։ Այս պատճառով էլ հանձին-ը կապվում է եզակի, հանձինս-ը՝ հոգնակի թվով բառերի հետ։ Օրինակ՝ հան­ձին մար­զիկի, հանձինս մարզիկների։

Բերված նախադասության մեջ պետք էր ասել՝  հանձին Անի Հովսեփյանի։

07․06․2021

«Սա մեր երկրորդ պաշտոնական օլիմպիական ուղեգիրն էր բռնցքամարտից»։

Օլիմպիական ոչ պաշտոնական ուղեգրեր չեն լինում։ Պաշտոնական-ը ավելորդ է․ չպի­­տի գործածվեր։

«Վրացի բռնցքամարտիկը դեռ շանս ունի օլիմպիական ուղեգիր նվաճելու»։

Չգիտես ինչու, մեր շատ մարզական մեկնաբաններ ու մարզիկներ նախապատ­վություն տալիս են ոչ թե հայերեն «հնարավորություն», այլ օտար «շանս» բառին։ Պետք է հրաժարվել այդ արատավոր սովորությունից։

Հարկավոր էր ասել․ «Վրացի բռնցքամարտիկը դեռ հնարավորություն ունի օլիմպիա­կան ուղեգիր նվաճելու»։

«Բայց էսա կտեսնենք, որ ․․․․», «Հենց այստեղ էսա՝ քիչ հետո, կերևա»։

Հաղորդման ընթացքում միշտ գրական հայերենով խոսող հեռուստալրագրողը երբեմն ունենում է նաև այսպիսի սայթաքումներ։ Ինչ խոսք, որ էսա-ի փոխարեն պետք էր գործածել «հիմա» բառը՝ հիմա կտեսնենք, հիմա՝ քիչ հետո, կերևա։

«Տեսեք, այստեղ երևում ա Արմանի հարվածները», «Վստահ եմ՝ այն հարվածները, որը վրացի բռնցքամարտիկը զգում էր իրանին ․․․․»։

Այստեղ նույնպես անզեն աչքով իսկ երևում է, որ մեջբերված նախադասություններում կա թվային անհամաձայնություն։

Պետք էր ասել․ «Տեսեք, այստեղ երևում են Արմանի հարվածները», «Վստահ եմ՝ այն հարվածները, որոնք վրացի բռնցքամարտիկը զգում էր իրանին ․․․․»։

«․․․․ հետևում եք հեռուստացույցից կամ հեռվից»։

Սխալը լեզվատրամաբանական է․ հեռվից հնարավոր է հետևել, հեռուստացույցից՝ ոչ։

Հարկավոր էր ասել․ «․․․․ հետևում եք հեռուստացույցով կամ հեռվից»։

«․․․․ բայց նաև Արմանի մոտ էլ հոգնածություն կար, և փորձեց ինքն էլ բռնի»։

Մեր խոսքում տարածված այս սխալը ռուսերենի ազդեցության հետևանք է։ Հոգնա­ծությունը չի լինում որևէ մեկի մոտ։ Միտքը կարելի էր ձևակերպել այլ ձևով։ Օրինակ․   «․․․․ բայց նաև Արմանն էլ հոգնել էր և փորձեց ինքն էլ բռնի»։

14․06․2021

«․․․․ յուրաքանչյուր մարզիկ իր մարզական կարիերան սկսելուց մտածում է միայն օլիմպիական խաղերի մասին»։

Կարիերա-ի փոխարեն այստեղ գերադասելի էր գործածել «գործունեություն» բառը։

Համաժամանակյա գործողություն արտահայտում է ոչ թե բայի բացառական հոլովը, այլ համակատար դերբայը, որը կազմվում է -իս վերջավորությամբ։

Պետք էր ասել․ «․․․․ յուրաքանչյուր մարզիկ իր մարզական գործունեությունն սկսելիս մտածում է միայն օլիմպիական խաղերի մասին»։

«Ի՞նչ տվեց այդ երկու ռինգերը քեզ»։

Այստեղ նույնպես կա թվային անհամաձայնություն։ Բացի այդ՝ «ռինգ» բառի հոգնակին պետք էր կազմել -ներ վերջավորությամբ․ «Ի՞նչ տվեցին այդ երկու ռինգները քեզ»։

«Փարիզի մրցաշարում դու պետք է մենամարտեիր նրա հետ, սակայն երկուստեք որո­շում կայացրեցիք վնասվածքներից խուսափելու համար չանցկացնել այդ մենամարտը»։

«Երկուստեք» նշանակում է՝ երկու կողմից էլ, երկու կողմից եղած, երկկողմանի, եր­կուսն էլ, փոխադարձ, փոխադարձաբար (Էդ․ Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան»)։

Ինչպես տեսնում ենք, բառն այստեղ գործածվել է սխալ։

«Կայացնել» պատճառական բայը անցյալ կատարյալ ժամանակում ունենում է հետևյալ ձևերը՝ կայացրի, կայացրիր, կայացրեց, կայացրինք, կայացրիք, կայացրին։

Նախադասությունը կարելի էր կազմել այսպես․  «Փարիզի մրցաշարում դու պետք է մենամարտեիր նրա հետ, սակայն երկուսով որոշում կայացրիք վնասվածքներից խուսափելու համար չանցկացնել այդ մենամարտը»։

21․06․2021

«Այս մարզաձևից մեր երկրի համար օլիմպիական ուղեգիր նվաճեց Էլմիրա Կարա­պեծյանը»։

Սխալն արտասանական է և հնչում է բավական հաճախ։ Պետք էր ասել՝ Կարա­պետյան։

 

«Պարո՛ն Նիկողոսյան, մենք հրաձգությունից միշտ լավ ավանդույթներ ենք ունեցել»։

Ավանդույթ կարելի է ունենալ ոչ թե մարզաձևից, այլ մարզաձևում։

Ճիշտ կլիներ ասել, օրինակ․ «Պարո՛ն Նիկողոսյան, մենք հրաձգություն մարզաձևում միշտ լավ ավանդույթներ ենք ունեցել»։

«Հատկապես ֆինալային կրակահերթը»։

Այս դեպքում նույնպես օտար բառ անհարկի գործածելու կարիք չկար։ Պետք էր ասել՝ եզրափակիչի կրակահերթը (եզրափակիչ փուլի կրակահերթը)։

«Կարևոր է նաև օլիմպիական խաղերից առաջ՝ այս երեսուն օրերի ընթացքում, ճիշտ ու գրագետ նախապատրաստական փուլը, որովհետև ժամանակն էլ քիչ է մնացել»։

Գրագետ կարող են լինել, օրինակ, մարզիկը, մարզիչը, մարզասերը, բայց ոչ փուլը։ Այն կարելի է, օրինակ, գրագետ կազմակերպել, անցկացնել։

Բացի այս՝ «ժամանակ» բառը պետք էր գործածել առանց «ն» հոդի։

Նախադասությունը կարող էր կազմվել այսպես․ «Կարևոր է նաև օլիմպիական խաղերից առաջ՝ այս երեսուն օրերի ընթացքում, ճիշտ ու գրագետ կազմակերպել նախապատ­րաստական փուլը, որովհետև ժամանակ էլ քիչ է մնացել»։

«Ինչպե՞ս եք տեսնում այս նախապատրաստական փուլը»։

Ենթադրում ենք, որ մարզական լրագրողը ցանկացել է ասել․ «Ինչպե՞ս եք պատկե­րացնում այս նախապատրաստական փուլը»։

28․06․2021

«Բաղձալի ուղեգրի համար դու երեք գոտեմարտ անցկացրեցիր»։

Այստեղ նույնպես սխալ է կազմվել բայի անցյալ կատարյալ ժամանակաձևը։ Պետք էր ասել՝ անցկացրիր։

 

«Կարե՛ն, մարզիչդ ասեց, որ վնասվածք ունես»։

«Ասել» բայը թեև պատկանում է «ե» խոնարհման, սակայն անկանոն է, և գրական լեզվում նրա կատարյալի հիմքը կազմվում է «աց» բաղադրիչով։ Ճիշտն է՝ ասաց։

«․․․․ ամեն դեպքում զգացնել տալիս է», «Գիտեմ, որ տղաները վերջին շրջանում զգացնել տվող վնասվածքներ ունեն»։

Այս սխալի մասին նույնպես մենք ունենք առանձին հրապարակում, որն էլ առա­ջար­կում ենք ընթերցել[2]։

Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ

Գուրգեն Միքայելյան

[1] Լեզվիկոմիտե․հայ  //https://bit.ly/2UbwSLO

[2] Լեզվիկոմիտե․հայ  //https://bit.ly/3hlUS76

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook