«Նշենք, սակայն, հետաքրքիր մի հանգամանք այն մասին, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի հետ մեր նկարահանումների ընթացքում Մանթաշ Ավետիսյանը ևս եղել է այնտեղ և նույնիսկ հայտնել երեխայի գտնվելու վայրը՝ պնդելով, որ նույնիսկ այդ պարագայում երեխային ոչ ոք չի կարող իրենից վերցնել»։
Հանգամանքը որևէ բանի մասին չի լինում։ Նշումն է լինում հանգամանքի մասին, կամ նշվում է հանգամանքը։ Բացի այս՝ նկարահանումները եղել են ոչ թե ծառայության պետի հետ, այլ նրա մասնակցությամբ։ Ճիշտ կլիներ նախադասությունը ձևակերպել այսպես․ «Նշենք, սակայն, հետաքրքիր մի հանգամանք․ հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի հետ մեր զրույցի (հարցազրույցի) ընթացքում Մանթաշ Ավետիսյանը ևս եղել է այնտեղ և նույնիսկ հայտնել երեխայի գտնվելու վայրը՝ պնդելով, որ նույնիսկ այդ պարագայում երեխային ոչ ոք չի կարող իրենից վերցնել ․․․․» կամ «Նշենք, սակայն, հետաքրքիր մի հանգամանքի մասին․ հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի հետ մեր զրույցի (հարցազրույցի) ընթացքում Մանթաշ Ավետիսյանը ևս եղել է այնտեղ և նույնիսկ հայտնել երեխայի գտնվելու վայրը՝ պնդելով, որ նույնիսկ այդ պարագայում երեխային ոչ ոք չի կարող իրենից վերցնել ․․․․»։
«Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում՝ անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի ․․․․»։
Խոսքը հաստատական է, ուստի «թե» շաղկապի փոխարեն պետք էր գործածել «որ»-ը․ «Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում՝ անկախ այն բանից, որ դրանք ձեռնարկվում են ․․․․»։
«Բայց արի ու տես, որ Հայաստանի Հանրապետությունը, ով ստանձնել է մի շարք պարտավորություններ ․․․․»։
Տվյալ դեպքում «ով» հարաբերական դերանունը գործածվել չէր կարող։ Հարկավոր էր ասել․ «Բայց արի ու տես, որ Հայաստանի Հանրապետությունը, որը/որն ստանձնել է մի շարք պարտավորություններ ․․․․»։
«․․․․ միջազգային իրավական փաստաթղթերը, որոնց նպատակն ու առաքելությունը ճիշտ ըմբռնելու դեպքում դրանք կարող են փարոսի դեր կատարել իրավական ավանդույթների բազմազանությունում դեգերող Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգի համար»։
Բովանդակության առումով համամիտ ենք, սակայն նախադասությունն ունի անհարկի վերամբարձ տոնայնություն, և կան սխալ ձևակերպումներ։ (Ճիշտ տարբերակ չենք առաջարկում, որովհետև խոսքը մանվածապատ է)։
«Օրեր առաջ այս խնդրի հետ կապված ընդհանուր պատկերը հասկանալու համար մեր կողմից գրավոր հարցում կատարվեց ԴԱՀԿ ծառայություն»։
«Կողմից» կապով կրավորական կառույցներ հաճախ կազմվում են անտեղի։ Սա այդ դեպքերից է։
Այս մասին հանգամանալից կարելի է կարդալ կոմիտեի հրապարակած հորդորակում[1]։
Այստեղ կա նաև շարադասական անհարթություն։ Ճիշտ կլիներ ասել․ «Այս խնդրի հետ կապված ընդհանուր պատկերը հասկանալու համար oրեր առաջ մենք գրավոր հարցում կատարեցինք ԴԱՀԿ ծառայություն»։
«․․․․ մանկական սրտաբանը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծի ենթարկել»։
Բժշկի արածը քրեական հանցագործություն է, լրագրողի արածը՝ լեզվական մեղանչում, որովհետև ծեծի ենթարկել-ը հատկապես այս դեպքում տեղին չէ։ Պարզապես պետք էր ասել․ «․․․․ ապա նաև ծեծել»։
«Մայիսի տասնըերեքին առաջին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել քսանյերեքամյա մի երիտասարդ․․․․ », «Օրեր առաջ՝ մայիսի տասնըերեքին, հիվանդանոցից ոստիկանության բաժին ․․․․», «Մայիսի տասնվեցին՝ ժամը քսանյերեքն անց երեսունի սահմաններում, գարեջրատան դիմաց հայհոյանք տալու շուրջ տղաները վիճաբանել են ․․․․»։
Բաղաձայնից հետո ե-ն արտասանվում է «է»։ Պետք էր ասել՝ տասնէրեքին, քսանէրեքամյա, քսանէրեք։
Վերջին նախադասության մեջ՝ նշված հատվածում, սխալ է շարադրված նաև ասելիքը․ վիճաբանությունը չի լինում որևէ բանի շուրջ։ Միտքը կարելի էր ձևակերպել, օրինակ, այսպես․ «Մայիսի տասնվեցին՝ ժամը քսանէրեքն անց երեսունի սահմաններում, գարեջրատան դիմաց հայհոյելու պատճառով տղաները վիճաբանել են ․․․․»։
«․․․․ բնակիչը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության կենտրոնական բաժին՝ իր հետ բերելով «Մակարըվ» տեսակի ատրճանակ»։
Այստեղ նույնպես սխալն արտասանական է։ Նշված բառն արտասանվում է այնպես, ինչպես գրվում է՝ Մակարով։
«․․․․ «Մասիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քսանչորսամյա Ռ․ Զ-ն»։
Սխալ ձևակերպում է․ բժշկական հաստատություն տեղափոխվում են ոչ թե բուժօգնության, այլ որպեսզի ցուցաբերվի, որպեսզի ստանան բուժօգնություն։
Նախադասությունը կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ «․․․․ «Մասիս» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել քսանչորսամյա Ռ․ Զ-ն, որպեսզի ցուցաբերվի (ստանա) բուժօգնություն»։
«Ճշտվեցին վեճի հնարավոր մասնակիցների շրջանակը», «Նշված խնդիրների հաղթահարման գործում մեզ աջակցության են գալիս արտասահմանյան փորձը․․․․ »։
Երկու դեպքում էլ թվով չեն համաձայնեցվել ենթական և ստորոգյալը։ Հարկավոր էր ասել․ «Ճշտվեց վեճի հնարավոր մասնակիցների շրջանակը», «Նշված խնդիրների հաղթահարման գործում մեզ աջակցության է գալիս արտասահմանյան փորձը ․․․․» կամ, գերադասելի տարբերակով, «Նշված խնդիրների հաղթահարման գործում մեզ օգնում է արտասահմանի փորձը ․․․․»։
«Արարողությանը ներկա են գտնվել Ալեքսանդրի զորամասի հրամանատարի տեղակալ․․․․ »։
Ճիշտ ձևակերպում չէ։ Պետք էր ասել․ «Արարողությանը ներկա են եղել ․․․․», «Արարողությանը մասնակցել են ․․․․»։
«Փոխգնդապետ Նվեր Մանգասարյանի հուզմունքը համոզմունքն է իմ այն մտքի, որ նրա զինվորը ․․․․»։
Հուզմունքն ինչպե՞ս կարող է լինել մտքի համոզմունք․․․
Հեղինակը թերևս ցանկացել է ասել․ «Փոխգնդապետ Նվեր Մանգասարյանի հուզմունքը ևս մեկ անգամ փաստում է իմ այն համոզմունքը, որ նրա զինվորը ․․․․»։
«․․․․ պետք է զանգ տաք մեզ կամ գրեք մեզ մեր էլեկտրոնային հասցեին ․․․․»։
Գրում են ոչ թե հասցեին, այլ հասցեով։ Կարելի էր խուսափել մեզ-ի անհարկի կրկնությունից և նախադասությունը կազմել այսպես․ «․․․․ պետք է մեզ զանգ տաք կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեով ․․․․»։
30․05․2021
«․․․․ Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի և համայնքի ղեկավարի տեղակալի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ․․․․»։
Կատարված, եղած ամեն բանի մասին չէ, որ կարելի է ասել «տեղի է ունեցել»։ Այստեղ կարող էր ասվել, օրինակ․ «․․․․ Զարթոնք գյուղի բնակիչներից մեկը և համայնքի ղեկավարի տեղակալը վիճել (վիճաբանել) են ․․․․»։
«Նշենք նաև, որ հիշյալ անձիք․․․․ »։
Գրաբարյան «անձն» բառի հոգնակի թիվը կազմելիս ն-ն պահպանվում է։ Ճիշտն է՝ անձինք։
«Կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են փայտե մահակներ, երկաթյա ձողեր, ապակյա տարաներ, քարեր ․․․․»։
Երբ խոսքը երկու կողմի բաժանված գյուղացիների փողոցային կռվի մասին է, թվարկված «զինատեսակների» կիրառումը ճիշտ չէ ոչ միայն «մարտավարական» տեսանկյունից, այլև լեզվական։ Բայց քանի որ, որքան էլ լինի անցանկալի, բանը հասել է դրան, կարելի էր ասել, օրինակ․ «Կողմերը միմյանց հարվածել են (կամ՝ փորձել են հարվածել) փայտե մահակներով, երկաթյա ձողերով, ապակյա տարաներով, քարերով ․․․․»։
«․․․․ բավարար ապացույցների հիման վրա թվով տասնըութ անձի մեղադրանք է առաջադրվել ․․․․», «․․․․ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հարյուրտասնըերկույերորդ հոդվածի ․․․․»։
Ինչպես տեսնում ենք, հաղորդման լրագրողները թվականներն արտասանելիս սխալվում են հաճախ։ Պետք էր ասել տասնութ, հարյուրտասնէրկուէրորդ։
«Երկու հազար տասնհինգ թվականից մինչև երկու հազար քսան թվականները հանդիսացել է նույն դպրոցի տնօրենը»։
Տնօրեն չեն հանդիսանում․ հարկավոր էր ասել՝ եղել է ․․․․ տնօրենը։
Բացի այս՝ տնօրեն եղել է ոչ թե թվականից ․․․․ թվականները, այլ թվականից ․․․․ թվականը։
Նախադասությունը պետք էր կազմել, օրինակ, այսպես․ «Երկու հազար տասնհինգ թվականից մինչև երկու հազար քսան թվականը եղել է նույն դպրոցի տնօրենը» կամ «Երկու հազար տասնհինգ-երկու հազար քսան թվականներին եղել է նույն դպրոցի տնօրենը»։
«․․․․ բողոքի ալիք բարձրացրեցին, բայց ապարդյուն»։
Այս բայը անցյալ կատարյալ ժամանակում ունենում է հետևյալ ձևերը՝ բարձրացրի, բարձրացրիր, բարձրացրեց, բարձրացրինք, բարձրացրիք, բարձրացրին։
Հաղորդաշարի ամեն հերթական հաղորդման վերջում գրվում է․
«Հաղորդմանն աջակցում են՝
ՀՀ ոստիկանությունը
ՀՀ փաստաբանների պալատը
ՀՀ գլխավոր դատախազությունը ․․․․
ՀՀ հատուկ քննչական ծառայություն»։
Կարծում ենք՝ վրիպակ է, որ վերջին մարմնի անվանումը գրվում է առանց ը-ի․ պետք է ուղղել։
Հաղորդումների ընթացքում բոլոր տեքստերն ընթերցվում են, նշանակում է՝ դրանք, ինչպես հարկն է, կարելի է խմբագրել, թերությունները հասցնել նվազագույնի։ Ընդունելի չէ, որ կա այսքան սխալ։
Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
Գուրգեն Միքայելյան