Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Ուսումնասիրվել է «Ձայնային հարված» հաղորդաշարի վերջին ամիսների հաղորդումների լեզվավիճակը: Ներկայացնում ենք հաղորդավարուհու խոսքում նկատված սխալներից մի քանիսը՝ մեկնաբանություններով։ Առանձին բաժնով ներկայացնում ենք այնպիսիք, որոնք ենթակա չեն մեկնաբանման ու շտկման դրանք մանվածապատ են, լեզվատրամաբանության տեսանկյունից՝ անկատար, երբեմն զավեշտալի են, ենթակա են առնվազն վերաշարադրման:  

«Գարունն է մոտենում, ու Արայի ձայնին չսիրահարվելը դառնում է անխուսափելի»։

Պարզ է, որ հաղորդավարուհին ուզում էր ասել իր ասածի ճիշտ հակառակը՝ որ չես կարող չսիրահարվել։

Ուրեմն ճիշտ կլիներ՝ «Գարունն է մոտենում, ու Արայի ձայնին սիրահարվելը դառնում է անխուսափելի»։

«Գարնանային տաք օրերի հետ ցանկություն է առաջանում կիսվել բարձր, արևային տրամադրությամբ, ժպիտով ու ջերմությամբ: Գարունը հայտնի է իր փոփոխական եղանակով, և նման մի բան էլ տեղի է ունեցել մեր շքերթի մասնակիցների հետ»:

Ինչ-որ բանով կիսվելը հատուկ է ռուսերենին: Հայերենում մեկի հետ ինչ-որ բանով կիսվելու փոխարեն նրա հետ կիսում ես ինչ-որ բան: Լեզվամտածողության խնդիր է: Ի դեպ, երկրորդ նշումը՝ նույնպես: Հետ կապով այս լեզվական կառույցը ռուսերենից է փոխանցվել մեր լեզվին:

Ճիշտ է՝ «Գարնանային տաք օրերի հետ ցանկություն է առաջանում մարդկանց հետ/դիմացինի հետ կիսել բարձր, արևային տրամադրությունդ, ժպիտդ ու ջերմությունդ: Գարունը հայտնի է իր փոփոխական եղանակով, և նման մի բան էլ պատահել է մեր շքերթի մասնակիցներին»:

«Դրսում արդեն գարուն է, իսկ փնտրել նրան, ով կդառնա քո հոգին, դարձել է անհրաժեշտություն»։

Դարձյալ գարնան ու երաժշտության կապի մասին առնվազն լեզվական սխալով կազմված նախադասություն։ Նշված շաղկապը կապում է հակադիր իմաստ ունեցող համադաս նախադասությունները։ Այսինքն իսկ-ից առաջ ու հետո հնչած մտքերը նման դեպքերում պետք է իրար հակասեն։ Մինչդեռ այդպես չէ։ Կարելի էր նաև ավելի գեղեցիկ կազմել նախադասությունը։ Ներկայացնում ենք մեջբերումը՝ միայն լեզվական ճշտմամբ, քանի որ այն ամբողջությամբ վերաձևակերպելու կարիք կա։

«Դրսում արդեն գարուն է, և փնտրել նրան, ով կդառնա քո հոգին, դարձել է անհրաժեշտություն»։

«Օրվա գեղեցիկ սկիզբ կարող է լինել մեկ բաժակ սուրճը, որը խմելիս կարող ես կտրվել իրականությունից։ Սակայն նրանք, ովքեր չեն խմում սուրճ, կարող են օրը սկսել իրենց սիրած երգերով»։

Այստեղ էլ իսկ-ի փոխարեն, որն այս դեպքում տեղին կլիներ, սխալմամբ գործածվել է սակայն հակադիր շաղկապը: (Չենք խոսում այն մասին, թե հաղորդավարուհին սուրճով օրը սկսելը ինչո՞ւ է հակադրել սիրած երգերով սկսելուն, երբ դրանք շատ գեղեցիկ համադրվում են):

Ճիշտ է՝ «Օրվա գեղեցիկ սկիզբ կարող է լինել մեկ բաժակ սուրճը, որը խմելիս կարող ես կտրվել իրականությունից։ Իսկ նրանք, ովքեր չեն խմում սուրճ, կարող են օրը սկսել իրենց սիրած երգերով»։

«Ինչպե՞ս ես կարծում՝ մեր ժամանակներում երգչին ի՞նչ է պակասում»:

Հարցը ոչ միայն տարօրինակ է, այլև սխալ ձևակերպված: Նշված արտահայտությունը հայերենում տարածվել է ռուսերենի ազդեցությամբ՝ как ты думаешь:

Ճիշտ է՝ «Ի՞նչ ես կարծում՝ մեր ժամանակներում երգչին ի՞նչ է պակասում»:

«Երբևէ մտածե՞լ ես գործունեությունդ այլ երկրում շարունակելու մասին։ Թե՞ հայրենասիրությունդ հաղթահարել է»:

Պարզ է, որ խոսքը հաղթելու մասին է:

Ճիշտ է՝ «Երբևէ մտածե՞լ ես գործունեությունդ այլ երկրում շարունակելու մասին։ Թե՞ հայրենասիրությունդ հաղթել է»:

«Շուշան Պետրոսյանը այն մի քանի հոգուն է պատկանում, ովքեր միշտ զգում են հայրենիքի զարկերակը»:

Շուշան Պետրոսյանը հայրենիքի զարկերակը զգացողների՞ն է պատկանում։ Հաղորդավարուհին ուզում էր ասել՝ նրանց թվին է պատկանում։ Նաև՝ ոչ թե ովքեր, այլ որոնք։ Միայն դերանվան դեպքում ենք ասում՝ ովքեր (նրանք, ովքեր, բայց մարդիկ, որոնք

Ճիշտ է՝ «Շուշան Պետրոսյանը այն մի քանի հոգու թվին է պատկանում, որոնք միշտ զգում են հայրենիքի զարկերակը»:

«Իսկ հաշվի չի՞ առնվում ճանաչելիությունը տվյալ մարդու, ում հետ պիտի դուետ կատարեք»:

Նշված բառը, որ նշանակում է՝ մեկը կամ մի բան, ինչը հնարավոր է ճանաչել կամ ենթակա է ճանաչման, վերջին շրջանում սկսել է սխալ իմաստով գործածվել  հայկական եթերում: Մեջբերման մեջ խոսքը ճանաչված լինելու մասին է, ոչ թե ճանաչելի լինելու: Ավելի պարզ պատկերացնելու համար դիմենք այս բառերի հականիշներին՝ ճանաչելի-անճանաչելի, ճանաչված-չճանաչված: Նաև՝ հայերենում կա դուետ բառի հայերեն համարժեքը:

Ճիշտ է՝ «Իսկ հաշվի չի՞ առնվում ճանաչված լինելը տվյալ մարդու, որի հետ պիտի զուգերգ կատարեք»:

«Արաբոն վաղուց նոր տեսահոլովակ չէր ներկայացրել իր հանդիսատեսին, և խորհրդանշանական է, որ նա այս երկար դադարը հաղթեց հենց այս երգով»:

Առաջին նշումը համարենք բանավոր վրիպակ։ Իսկ դադարը, լռությունը ոչ թե հաղթում են, այլ խախտում։

Ճիշտ է՝ «Արաբոն վաղուց նոր տեսահոլովակ չէր ներկայացրել իր հանդիսատեսին, և խորհրդանշական է, որ նա այս երկար դադարը  խախտեց հենց այս երգով»:

«Եկեք միասին հասկանանք, թե ո՛ր տեսահոլովակներն էին պայքարում առաջին հորիզոնականի համար, և որո՛նք կարողացան հաղթանակած դուրս գալ՝ իր հետևում թողնելով մրցակիցներին»:

Թվային անհամաձայնություն կա։ Առաջին նշումը հոգնակի է, ուրեմն երկրորդն էլ պիտի հոգնակի լիներ։

Ճիշտ է՝ «Եկեք միասին հասկանանք, թե ո՛ր տեսահոլովակներն էին պայքարում առաջին հորիզոնականի համար, և որո՛նք կարողացան հաղթանակած դուրս գալ՝ իրենց հետևում թողնելով մրցակիցներին»:

«Սոնայի երգացանկում գրեթե չեն հանդիպում հայալեզու երգերը: Սոնան երգում է՝ ինչպես իրեն հարմար է: Իսկ դա իր մոտ հիանալի է ստացվում»:

Խոսքը որոշակի երգերի մասին չէ, ուրեմն երգեր բառի որոշիչ հոդն ավելորդ է։ Իսկ մոտ կապի նման կիրառությունը հայերենին խորթ է, պատճենված է ռուսերենից։ Ձևակերպումն ընդհանուր առմամբ անհաջող է։

Ճիշտ է՝ «Սոնայի երգացանկում գրեթե չեն հանդիպում հայալեզու երգեր: Սոնան երգում է՝ ինչ լեզվով որ ուզում է, և երգում է հիանալի»:

«Մրցույթի ժամանակ հանդիպե՞լ ես որևէ դժվարությունների»:

Որևէ դերանունը գործածվում է միայն եզակի լրացյալի հետ։

Ճիշտ է՝ «Մրցույթի ժամանակ հանդիպե՞լ ես որևէ դժվարության»:

«Մենք այսօր ունենք անչափ ազգային երգ»։

Ազգային-ը հարաբերական ածական է, չունի համեմատելի հատկանիշ, ուստի ավելորդ է անչափ ածականը որպես ազգային-ի լրացում գործածելը:

Ճիշտ է՝ «Մենք այսօր ունենք/լսելու ենք ազգային երգ»։

«Եկեք հասկանանք՝ Անահիտին ստացվե՞լ է համատեղել նորաձևությունը և երաժշտությունը»:

Նշված արտահայտությունը սխալ է․ հաղորդավարուհին չի կարողացել ճիշտ արտահայտել իր միտքը։ Մենք կսխալվեինք, եթե ասեինք՝ հաղորդավարուհուն չի ստացվել ճիշտ արտահայտել իր միտքը: Այստեղ ճիշտ չէ նաև նախադասությունն անցյալ ժամանակով կազմելը, քանի որ Անահիտը ներկայում է համատեղում:

Ուրեմն ճիշտ է՝ «Եկեք հասկանանք՝ Անահիտը կարողանո՞ւմ է համատեղել նորաձևությունը և երաժշտությունը»:

«Լիալուսնի ժամանակ շատերի մոտ գերբնական հատկություններ են առաջանում: Իսկ թե ինչ է տեղի ունենում Միհրան Ծառուկյանի հետ, կիմանանք միայն երգը լսելուց հետո»:

Նշված բառերը կապ են, բայց դրանցով կազմված նախադասությունները կապ չունեն հայերեն մտածողության հետ: Ուշադիր լինենք՝ կնկատենք, որ տեքստում մոտ և հետ կապերը նույն իմաստով են կիրառված։ Բայց դրանք հոմանիշ չեն, պարզապես «մասնակցել են» նույն կարգի լեզվական սխալի․ օտար լեզվամտածողություն են պատճենել։

Ճիշտ է՝ «Լիալուսնի ժամանակ շատերը գերբնական հատկություններ են ձեռք բերում: Իսկ թե ինչ է պատահում Միհրան Ծառուկյանին/ինչ է տեղի ունենում Միհրան Ծառուկյանի հոգում, կիմանանք միայն երգը լսելուց հետո»:

«Մի փոքր էլ խոսեք Ձեր ապագա ծրագրերի մասին»։

Ծրագրերի մասին խոսելիս ավելորդ է նշել ապագա բառը, քանի որ ծրագրերը միշտ կապված են լինում եկող ժամանակի հետ:

Ճիշտ է՝ «Մի փոքր էլ խոսեք Ձեր ծրագրերի մասին»։

«Այսօր դիտելու ենք տեսահոլովակներ, որոնք ժամանակի ընթացքում ձեզ մոտ նոստալգիկ պահեր կարթնացնեն»։

Պարզ չէ, թե հաղորդավարուհին ինչ նկատի ունի ասելով՝ ժամանակի ընթացքում։ Ավելորդ արտահայտություն է։ Ձեզ մոտ-ը այս իմաստով ռուսաբանություն է։ Նոստալգիան հայերենում կարոտաբաղձությունն է, բայց այստեղ խոսքը պարզապես կարոտի մասին է։ Հաջող չէ պահեր կարթնացնեն արտահայտությունը։ Նաև՝ եթե խոսվում է հեռուստադիտողի զգացմունքների մասին, ուրեմն սկզբում պետք էր ասել՝ դիտելու եք, կդիտեք։

Ճիշտ է՝ «Այսօր կդիտեք տեսահոլովակներ, որոնք ձեր մեջ/ձեր հոգում կարոտի զգացում կարթնացնեն»։

«Քննադատություններ լսե՞լ եք ձեր ամուսնուց՝ կախված ձեր գործունեության հետ»:

Թյուրընկալում չէ: Հաղորդավարուհին հենց այսպես է ասում:

Ճիշտ է՝ «Քննադատություններ լսե՞լ եք ձեր ամուսնուց՝ կապված ձեր գործունեության հետ»:

«Ամեն դեպքում մտածենք, որ տիեզերքը մեր կողմից է, և մեր դրական էներգիան կարող է վերածել իրականության»:

Էներգիան անիրական չի լինում, ուստի այն իրականության վերածել-ը սխալ է։      Քանի որ խոսքը մտքի էներգիայի մասին է, հավանաբար հաղորդավարուհին նկատի ունի դրա նյութականացումը։

Ճիշտ է՝ «Ամեն դեպքում մտածենք, որ տիեզերքը մեր կողմից է, և մեր դրական էներգիան կարող է նյութականանալ»:

Մեջբերումներ առանց կամ գրեթե առանց մեկնաբանության

«Եթե ցանկանում եք իմանալ մաքուր հայկական երաժշտության, հայի հոգու խորության ու զգացմունքայնության մասին, ապա անհրաժեշտ է ընդամենը լսել այս երգը: Մնացածը կհասկանաք ինքներդ: Սևակ Ամրոյան, «Դռթո»»։

Մի կողմ թողնենք՝ նշված երգը մաքուր հայկական է, թե ոչ, և խոսենք երգին նախորդած խոսքի լեզվական կողմի մասին: Եթե մաքուր հայկական երաժշտության, հայի հոգու խորության ու զգացմունքայնության մասին կարելի է իմանալ ընդամենը «Դրդո» (հաղորդման մեջ հստակ ասվում է «Դռթո») երգը լսելով, ապա ի՞նչ մնացածի մասին է խոսքը, որը ունկնդիրն ինքը պիտի հասկանա, դժվար է ասել: Դժվար է նաև ներկայացնել մեջբերման ճշտված տարբերակը: Այն պետք է նորով փոխարինել։

 

«Հաղորդումը ավարտում ենք մի երգով, որը նվիրում ենք նրանց, ում ծննդյան օրն է այսօր: Թող որ Սարգիս Ավետիսյանի երգի բառերը բովանդակություն դառնան»:

Դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ասել հաղորդավարուհին։ Միայն ենթադրել կարելի է, թե ցանկություն է հայտնում, որ երգում հնչած մաղթանքներն իրականանան։ Գուցեև այլ է ասելիքը: Ուստի ձեռնպահ ենք մնում «միջամտելուց»:

«Կան մարդիկ, ովքեր չեն կիսում իրենց սուրճը մյուսների հետ, ոմանք՝ շոկոլադը, մի քանիսն էլ՝ սիրելի մարդկանց: Այս երկար շարքը կարելի է ամփոփել՝ սիրած երգերով, քանի որ կան երգեր, որոնք միայն ձերն են, և դրանով (սխալ՝ սխալի մեջ․ թվային անհամաձայնություն կա․ եթե երգեր, ուրեմն՝ դրանցով) կիսվելը համարժեք է սեփական եսից մի մասնիկով կիսվելու հետ: Ես մեր թիմի հետ պատրաստվում եմ կիսվել ձեզ հետ մեր ամենասիրելի երգերի հետ, և համոզված եմ, որ դրանք կդառնան ձեր ամենաանձնական հույզերը խորհրդանշող գեղեցիկ պատմություններ»:

  Կիսվել ինչ-որ բանով արտահայտության սխալականության մասին վերևում խոսվել է։ Մնացածը մեկնաբանելուց զերծ ենք մնում։

«Իսկ եվրատեսիլյան այդ բեմը քեզ համար երազա՞նք էր, թե՞ ցանկություն»:

Բնական է, որ տաղավար հրավիրված երգչուհին չընտրեց դրանցից մեկը, այլ պատմեց, թե ինչպես է պատրաստվել իր ելույթին։

«Եթե ձեզ դուր չի գալիս այն վայրը, որտեղ գտնվում եք, և ունեք ամեն ինչ թողնելու և փախչելու ցանկություն, ուրեմն ժամանակն է, որ տհաճ վայրերն ու պահերը համեմեք սիրելի երաժշտությամբ: Մտովի տեղափոխվեք այնտեղ, ուր ամեն ինչ հիասքանչ է: Իսկ եթե ձեզ նույնիսկ երաժշտությունը չի փրկում, ապա առաջարկում եմ արագ հեռանալ այդտեղից: Եվ մի մոռացեք, որ աշխարհում կան վայրեր, որտեղ չեն հնչում սիրելի երգեր, սակայն դա նշանակություն չունի, որովհետև ձեզ շրջապատում են սիրելի մարդիկ, և դա այն դեպքն է, երբ նույնիսկ երաժշտությունն է անզոր»։

«Եթե ժամանակին չէինք հավատում, որ Գուրգեն Դաբաղյանը մեծացել է, հիմա եկել է Լիդուշիկի մեծանալուն չհավատալու ժամանակը»:

«Եթե դու հայ ես, ուրեմն քո երազները նման են Սևակ Ամրոյանի տեսահոլովակին»:

«Ասում են՝ համազգեստը գեղեցկացնում է յուրաքանչյուր տղամարդու ու հմայք պարգևում։ Իսկ երբ համազգեստով են բոլորիս կողմից սիրված երգիչները, դա արդեն մեկ այլ պատմություն է»:

«Յուրաքանչյուր բացված օր նորը լինելու համար հիանալի առիթ է»:

Վերջում՝ մի ո՛չ միայն լեզվական դիտարկում

Մորը նամակ գրելիս զոհվող զինվորի մասին երգից անմիջապես հետո հաղորդավարուհին ասում է․ «Հուսով ենք, որ ապահովեցինք ձեր լավ տրամադրությունը»:

Երազիկ Գրիգորյան

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Ավելին
facebook