Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

Ուսումնասիրել ենք հաղորդաշարի լեզվավիճակը։ Վերլուծել ենք միայն այն սխալները, որոնց պատասխանատուն ստեղծագործական խումբն է (հաղորդավարի խոսք, այլազգի մասնակիցների խոսքի հայերեն թարգմանություն)։

Ընդհանուր տպավորությունը դրական է։ Ստորև ներկայացնում ենք նկատված սխալները՝ հետագայում դրանցից զերծ մնալու հորդորով։

 

 

«Փլավ եփելիս նախ յուղն ենք ավելացնում» («Հրեաներ»)։

Հայկական եթերը ողողած խոհանոցային հաղորդաշարերն իրենց հետ բերում են «ինքնատիպ» լեզվական սխալներ։ Սա դրանցից մեկն է։ Սկսում են ինչ-որ բան եփել, և առաջին իսկ բաղադրիչը ավելացնում են։ Բայց չէ՞ որ ավելացնել կարելի է արդեն եղածին։ Դատարկ ամանի մեջ լցնում, դնում են, այլ ո՛չ ավելացնում։

Ճիշտ է՝ «Փլավ եփելիս նախ յուղն ենք լցնում»։

Նույնն է՝

«Սկզբում ջրի մեջ ավելացնում ենք խոզի միսը» («Բելառուսներ»)։

Ջրի մեջ նույնպես չեն ավելացնում․ ջուրը ուտեստի բաղադրիչ չէ։

Ճիշտ է՝ «Սկզբում ջրի մեջ լցնում ենք խոզի միսը»։

 

«Խոզի միսը կտրատում ենք խորանարդներով» («Բելառուսներ»)։

Սա նույնպես խոհարարական հաղորդումներում հանդիպող լեզվական սխալներից է՝ ռուսաբանություն․ գրեթե բոլորը կտրատում են ձողիկներով, օղակներով, խորանարդներով․․․

Ճիշտ է՝ «Խոզի միսը կտրատում ենք խորանարդաձև» (մյուս դեպքերում՝ ձողիկաձև, օղակաձև․․․)։

 

«Պետք է լավ խառնել, որ ներծծվի ձիթապտղի յուղով» («Հրեաներ»)։

Նախ՝ թվային անհամաձայնություն կա․ կաթսայում մի քանի բաղադրիչներ են, իսկ դրանց մասին ասված ներծծվի-ն, եզակի թվով է։ Բացի այդ՝ բաղադրիչները պետք է ներծծե՛ն ձիթապտղի յուղը, այլ ո՛չ ներծծվեն դրանով։ Այս սխալը նույնպես ռուսերենից է անցել մեր լեզվին՝ վատ թարգմանության միջոցով։

Ճիշտ է՝ «Պետք է լավ խառնել, որ ներծծեն ձիթապտղի յուղը»։ Կամ՝ «Պետք է լավ խառնել, որ ձիթապտղի յուղը ներծծվի»։

 

«Խնձորը չեզոքացնում է ծովատառեխի բույրը» («Հրեաներ»)։

Բույր և հոտ բառերը հոմանիշ են, բայց իմաստային տարբերություն ունեն։ Եթե հոտը կարող է լավը կամ վատը լինել, և կարող է այն չեզոքացնելու կարիք լինել, ապա բույրը միայն անուշահոտություն է։ Այստեղ պարզ է, որ խոսքը հոտի մասին է։

Ճիշտ է՝ «Խնձորը չեզոքացնում է ծովատառեխի հոտը»։

 

«Ավելացնել հնեցված քացախ» («Հրեաներ»)։

Նշվածը ա խոնարհման բայ է՝ հնանալ, հնացած և այլն։ Այս՝ ո՛չ միայն խոնարհման սխալը տարածել են գինի արտադրողները։ Իրականում գինին, քացախը ոչ թե հնանում/հնացվում, այլ հասունանում/հասունացվում են (ռուսերեն՝ зрелое вино, зрелый уксус)։ Բառի ընտրությունը նաև գինեգործական խնդիր է, մենք կշրջանցենք այն, բայց ո՛չ լեզվական սխալը։

Ճիշտ է՝ «Ավելացնել հնացված/հնացրած քացախ»։

 

«Բրինձը պետք է ջրի մեջ լինի, որ չճեղքվի» («Հրեաներ»)։

Խոհարարական սխալ մշակման պատճառով բրնձի վրա ճե՛ղք չի առաջանում։ Այն  փխլվում է։

Ուրեմն ճիշտ է՝ «Բրինձը պետք է ջրի մեջ լինի, որ չփխլվի»։

 

«Շատ հաճելի է հոգ տանել բերքի մասին» («Հրեաներ»)։

Վերջին տարիներին տարածված սխալ է, որ դարձյալ ռուսերեն տեքստերից է «տեղափոխվել»։ Մենք՝ հայերս, հոգում, հոգ ենք տանում ոչ թե մասին, այլ համար։

Ճիշտ է՝ «Շատ հաճելի է հոգ տանել բերքի համար»։

 

«Ես տավարի միս ունեմ։ Նախապես եփել եմ արգանակը» («Ռուսներ»)։

Արգանակը չեն եփում։ Եփում են տավարի միսը և հարկ եղած դեպքում օգտագործում արգանակը։

Այստեղ ճիշտ է՝ «Ես տավարի միս ունեմ։ Նախապես եփել եմ այն, և արգանակը պատրաստ է»։

 

«Ռուսական խոհանոցը այդքան էլ կծու չէ» («Ռուսներ»)։

Հայերենում կա այնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստները չունեն այդքան էլ կամ այսքան էլ՝ վերջին շրջանում հավանաբար ռուսերեն не так уж-ի ազդեցությամբ մեր խոսք սպրդած արտահայտությունները։

Ճիշտ է՝ «Ռուսական խոհանոցը այնքան էլ կծու չէ»։

 

«Հայկական խոհանոցը հագեցած է հրաշալի համեմունքներով։ Ռուսներն այդքան համեմունք չեն օգտագործում։ Այնուամենայնիվ դա պայմանավորված է տարածաշրջանով» («Ռուսներ»)։

Այնուամենայնիվ նշանակում է չնայած դրան, բայց և այնպես, ինչ էլ լինի, այնուհանդերձ։ Այս շաղկապը տեղին չէ գործածված։ Այստեղ ճիշտ է ասել՝ ամենայն հավանականությամբ, հավանաբար, ըստ երևույթին և այլն։ Ռուսերեն բնագրում հենց այդպես էլ ասվում է՝ скорее всего, այլ ոչ՝ тем не менее։

Ճիշտ է՝ «Հայկական խոհանոցը հագեցած է հրաշալի համեմունքներով։ Ռուսներն այդքան համեմունք չեն օգտագործում։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է տարածաշրջանով»։

 

«Երեխաներս հայ են, բայց կարծում եմ, որ ռուսական արյունը նույնպես իրեն զգացնել է տալիս» («Ռուսներ»)։

Տարածված սխալ է։ Նշված զգացնել բայի ացն պատճառական ածանցը (ե խոնարհման բայերի դեպքում՝ եցն) ինչ-որ բան անել տալու իմաստ է արտահայտում, հետևաբար սխալ է այն տալ բայի հետ գործածելը։ Ճիշտ է՝ զգալ տալ կամ զգացնել (ինչպես՝ հիշել տալ կամ հիշեցնել, սպասել տալ կամ սպասեցնել

Ճիշտ է՝  «Երեխաներս հայ են, բայց կարծում եմ, որ ռուսական արյունը նույնպես իրեն զգալ է տալիս»։ Կամ՝ «Երեխաներս հայ են, բայց կարծում եմ, որ ռուսական արյունը նույնպես զգացնում է (այստեղ կարելի է՝ զգացվում է)»։

 

«Սա թողնում ենք, իսկ այդ ընթացքում հասկանում ենք՝ ինչ ենք անում խճողակի հետ» («Ռուսներ»)։

Հետ կապի նման կիրառությունը ռուսաբանություն է՝ հայերենում սխալ է։ Հաղորդման հեղինակը խճողակի հետ կարող է վարվել ինչպես ուզում է, բայց խճողակի հետ ինչ-որ բան անելը սխալ է, քանի որ հայերենում դա ենթադրում է խճողակի մասնակցությունը։

Ճիշտ է՝ «Սա թողնում ենք, իսկ այդ ընթացքում հասկանում ենք՝ ինչ ենք անում խճողակը»։ Կամ՝ «Սա թողնում ենք, իսկ այդ ընթացքում հասկանում ենք՝ ինչպես ենք վարվում խճողակի հետ»։

 

«Մենք ամուսնուս հետ համադասարանցիներ ենք» («Ռուսներ»)։

Այո՛, ռուսերենում ամուսնու հետ են լինում համադասարանցիներ։

Հայերենում ճիշտ է՝ «Ես ու ամուսինս համադասարանցիներ ենք»։

 

«Ինձ օգնեցին, որ ես ծանոթանամ եզդիական խոհանոցի հետ» («Եզդիներ»)։

Ծանոթանում են մարդո՛ւ հետ, մյուս բոլո դեպքերում՝ առանց հետ կապի։

Ճիշտ է՝ «Ինձ օգնեցին, որ ես ծանոթանամ եզդիական խոհանոցին»։

Նույնն են՝

«Այս անգամ ծանոթանալու ենք բելառուսական խոհանոցների հետ» («Բելառուսներ»)։

Այստեղ նաև՝ ամեն ժողովուրդ իր խոհանոցն ունի (եզակի), այլ ոչ խոհանոցները։ ճիշտ է՝ «Այս անգամ ծանոթանալու ենք բելառուսական խոհանոցին»։

«Այսօր կփորձեմ ծանոթանալ աշխարհի ամենահարուստ խոհանոցներից մեկի հետ» («Լիբանանցիներ»)։

Ճիշտ է՝ «Այսօր կփորձեմ ծանոթանալ աշխարհի ամենահարուստ խոհանոցներից մեկին»։

«Այս անգամ ծանոթացնելու եմ կծու, թթու, քաղցր, համեղ վրացական ազգային համերի հետ»։

Ճիշտ է՝ «Այս անգամ ծանոթացնելու եմ կծու, թթու, քաղցր, համեղ վրացական ազգային համերին»։

 

«Քեզ մոտ շատ լավ է ստացվում» («Բելառուսներ»)։

Մոտ կապի տարածված կիրառության դեպք է՝ ռուսերենից եկած սխալ։

Ճիշտ է՝ «Դու շատ լավ կարողանում ես»։ Կամ՝ այստեղ՝ «Դու շատ լավ ես սարքում»։

 

«-Ծածկո՞ւմ ենք, տիկի՛ն Լյուբա, թե՞ բաց ենք թողնում։

-Այո՛» («Ռուսներ»)։

Եվ այդպես էլ չես հասկանում՝ կաթսայի բերանը ծածկո՞ւմ են, թե՞ բաց են թողնում։ Կադրից դատելով՝ ծածկում են։

Ուրեմն կարելի էր թարգմանել․

«-Ծածկո՞ւմ ենք, տիկի՛ն Լյուբա, թե՞ բաց ենք թողնում։

-Ծածկում ենք»։

 

«Դու հայերեն կսովորես, ես չիներեն չե՞մ սովորի» («Չինացիներ»)։

Այս լեզվի դեպքում –երեն մասնիկը գործածելը սխալ է։ (Հաղորդման մեջ այս սխալը կրկնվում է ո՛չ մեկ անգամ)։

Ճիշտ է՝ «Դու հայերեն կսովորես, ես չինարեն չե՞մ սովորի»։

 

«Տեղափոխվել է Հայաստան վեցը տարի առաջ» («Բելառուսներ»)։

Միայն ինը և տասը թվականները վերջում ը ունեն։

Ճիշտ է՝ «Տեղափոխվել է Հայաստան վեց տարի առաջ»։

Նույնն է՝

«Շուրջ յոթը տարի է՝ այս սարքավորումները աշխատում են գերմանական ձևով» («Գերմանացիներ»)։

Ճիշտ է՝ «Շուրջ յոթ տարի է՝ այս սարքավորումները աշխատում են գերմանական ձևով»։

 

«Ինչպես բոլոր բելառուս կանայք, ես ամուսնացել եմ հայի հետ և տեղափոխվել Հայաստան» («Բելառուսներ»)։

Թվում է՝ լեզվական սխալ չկա։ Բայց ինչպե՞ս կարող են բոլոր բելառուս կանայք հայի հետ ամուսնացած լինել։ Սա հենց լեզվական սխալ է՝ նախադասության ոչ ճիշտ ձևակերպում։

Ճիշտ է՝ «Ինչպես հայի հետ ամուսնացած բոլոր բելառուս կանայք, ես էլ տեղափոխվել եմ Հայաստան»։

 

«Ոսկորը նույնպես գցում ենք (ճաշի մեջ)։ Այն իր որոշակի համն է տալիս»։ («Բելառուսներ»)։

Նշված բառի բառարանային բացատրությունը (պարզ, հստակորեն, լիովին հասկացված, պարզորոշ կերպով տարբերակված ևն) հուշում է, որ բառը տեղին գործածված չէ։

Ճիշտ է՝ «Ոսկորը նույնպես գցում ենք։ Այն լավ/յուրահատուկ համ է տալիս»։

 

«Կարտոֆիլով ուտեստները միլիոնավոր են՝ տապակած, եփած, խաշած» («Բելառուսներ»)։

Ռուսերեն խոսքը դժվարությամբ, բայց լսվում է՝  жареные, вареные, пареные։ Թարգմանությունը սխալ է։

Ճիշտ է՝ «Կարտոֆիլով ուտեստները միլիոնավոր են՝ տապակած, խաշած, շոգեխաշած»։

 

«Դուք չեք տեսնում, բայց մեր մեջքի հետևում մի մեծ համայնք է կանգնած» («Ասորիներ»)։

Նշվածը տարածված սխալ արտահայտություն է։ Երբեմն էլ ասում են՝ թիկունքի հետևում։ Բայց չէ՞ որ մեջքը, թիկունքը հետևի մաս չունեն։

Ճիշտ է՝ «Դուք չեք տեսնում, բայց մեր թիկունքին/մեր հետևում մի մեծ համայնք է կանգնած»։

 

Հաղորդավարուհին անընդհատ գործածում է մերսի, մերսի շատ, մերսի քեզ շատ արտահայտությունները՝ շնորհակալություն, շատ շնորհակալություն, շնորհակալ եմ քեզ ասելու փոխարեն։ Հաճախ է կրկնում նաև անգլերեն օքեյ-ը։ Օրինակ՝ չինացին խոսում է հայերեն, իսկ հաղորդավարուհին նրան պատասխանում է՝ օքեյ։

 

Երազիկ Գրիգորյան

 

 

 

 

 

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook