Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ՆՅՈՒԶ․ԷՅԷՄ» ԿԱՅՔԻ «ՍՊՈՐՏ» ԷՋՈՒՄ ՆԿԱՏՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

«Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով և առավելության հասավ 29 քայլում» («Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մար­տի­րոսյանը հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին», 18.07.2021)։

      Մեր խոսքում բավական հաճախ է չարաշահվում «հանդես գալ» արտահայ­տութ­յունը։ Այն «փոխարինում է» գրեթե ամեն ինչին՝ ելույթ ունենալուն, խոսելուն, նվագելուն, երգելուն․․․

Տվյալ դեպքում դրա փոխարեն ճիշտ կլիներ գրել «խաղալ» բառը։ Ֆիգուրներ-ի փոխարեն էլ հարկավոր էր գործածել  խաղաքարեր-ը։

Մյուս սխալը հավանաբար վրիպակ է։ Պետք է լիներ՝ «29-րդ քայլում»։

Նախադասությունը կարելի էր կազմել այսպես․ «Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը խաղաց սպիտակ խաղաքարերով և առավելության հասավ 29-րդ քայլում»։

 

«Հիշեցնենք, որ մեկ տարվա որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ և 1 կին» («Սիմոն Մարտիրոսյան․ Անարդար է, որ Օլիմպիական խաղերին միայն ես եմ մասնակցում», 18․07․2021):

Միտքը ձևակերպված է սխալ։ Նախադասությունը կարելի էր շարադրել, օրինակ, այսպես․ «Հիշեցնենք, որ մեկ տարվա որակազրկումից հետո ծանրամարտի Հայաս­տանի հավաքականը Տոկիո-2020 օլիմպիական խաղերին երկու մարզիկի մասնակ­ցության իրավունք է ստացել՝ 1 տղամարդու, 1 կնոջ»։

Սխալներ կան նաև վերնագրում․ Օլիմպիական-ը պետք էր գրել փոքրատառով, իսկ ուրիշի ուղղակի խոսքն առնել չակերտների մեջ․ «Սիմոն Մարտիրոսյան․ «Անարդար է, որ օլիմպիական խաղերին միայն ես եմ մասնակցում»»։

 

      «․․․․ մի շարք այլ մարզիկներ հուլիսի 19-ին մեկնել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ կմասնակցեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին, փոխանցում է  NEWS.am Sport-ի թղթակիցը», «Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից փոխան­ցում է  NEWS.am Sport-ի թղթակիցը» («Հայ օլիմպիականների մեկնումը Տոկիո», 19․07․2021)։

Ինչպես տեսնում ենք, «Օլիմպիական խաղեր»-ը այստեղ նույնպես գրված է ուղղագրական սխալով։ Այդ մասին խոսեցինք և դրան այլևս չենք անդրադառնա։

«Փոխանցել» բառի գործածության հետ կապված սխալների մասին Լեզվի կոմիտեն հրապարակել է առանձին հորդորակ, որն էլ առաջարկում ենք ընթերցել[1]։

Մեջբերված առաջին օրինակում կա նաև կետադրական սխալ։

Նախադասությունները պետք էր գրել, օրինակ, այսպես․ ««․․․․ մի շարք այլ մար­զիկներ հուլիսի 19-ին մեկնել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ կմասնակցեն 32-րդ ամառային օլիմպիական խաղերին»,– տեղեկացնում է  «NEWS.am Sport»-ի թղթակիցը», «Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանից հաղորդում է  «NEWS.am Sport»-ի թղթակիցը»։

 

«Իտալական «Ռոման» միացել է իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Ալֆոնսո Պեդրասայի համար պայքարին» («Ռոման» միացել է իսպանացի ֆուտբոլիստի համար պայքարին», 19072021)։

      Այստեղ նույնպես ինչ-որ բառ պակասում է։ Պայքարը ոչ թե տվյալ ֆուտբոլիստի՛ համար է, այլ նրան ձեռք բերելու։

Ճիշտ կլիներ գրել․ «Իտալական «Ռոման» միացել է իսպանական «Վիլյառեալի» պաշտ­պան Ալֆոնսո Պեդրասային ձեռք բերելու պայքարին», «Ռոման» միացել է իսպանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու պայքարին»։

 

«Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիա­կան խաղերը հետաձգվել էին ․․․․» («Կորի Գաուֆը կորոնավիրուսի պատճառով բաց կթող­­նի ․․․․», 19․07․2021), «32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պան­դեմիայի պատճառով հետաձգվել էին .…» («Ավստրալիան 3-րդ անգամ կընդունի ․․․․», 21.07.2021)։

Նշված օտար բառի հայերեն համարժեքը համավարակ-ն է։ Թե ինչո՛ւ են կայքի լրագրողները գերադասում օտար բառը, անհասկանալի է։

 

««Ալաշկերտի» ու «Շերիֆի» միջև առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին» («Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-«Շերիֆ» զույգի հաղթողի հաջորդ մրցակիցը», 19․07․2021)։

Այս նախադասության մեջ նույնպես անհարկի գործածվել է օտար բառ․ ստադիոն-ի փոխարեն պետք էր գրել «մարզադաշտ», որը վաղուց գործածում են նաև մարզական լրագրողները։

Ճիշտ չէ «հանդիպում անցկացնել» բավական հաճախ կրկնվող արտահայտությունը։

Սխալ է նաև միջև-ի գործածությունը։ (Այս տարածված սխալի մասին նույնպես առաջարկում ենք կարդալ Լեզվի կոմիտեի կայքում[2]

Նախադասությունը պետք է կազմվեր, օրինակ, այսպես․ ««Ալաշկերտի» ու «Շերիֆի» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հան­րապե­տական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:00-ին» կամ ««Ալաշկերտի» ու «Շերիֆի» առաջին խաղը կկայանա հուլիսի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրա­պետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:00-ին»։

 

«Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթա­նակ էր տարել Մամեդյարովի նկատմամբ», («Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոս­յանը պայքարից դուրս թողեց ․․․․», 20.07.2021):

Լեզվամտածական սխալ է․ հաղթանակը չեն տանում որևէ մեկի նկատմամբ։ Պետք էր գրել, օրինակ․ «Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասական պարտիայում սպիտակ­ներով հաղթել էր Մամեդյարովին» կամ «Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջին դասա­կան պարտիայում սպիտակներով հաղթա­նակ էր տարել Մամեդյարովի հետ խաղում»։

 

      «Լուի վան Գալը Հոլանդիայի հավաքականը գլխավորել է 2000-2001-ը և 2012-2014-ը, իսկ ԱԱ-2014-ում դարձել է բրոնզե մեդալակիր», («Լուի վան Գալը դարձյալ կգլխա­վորի Հոլանդիայի հավաքականը», 21․07․2021):

Նախ՝ «իսկ» շաղկապով կապվում են իմաստով իրար հակառակ, հակադրվող լեզվական միավորները։ Քանի որ այստեղ չկա այդպիսի հակադրություն, ուստի դրա գործածությունը ճիշտ չէ։

Երկրորդ՝ մարզիչը հավաքականը գլխավորել է ոչ թե նշված թվականները, այլ թվա­կան­ներին։

Պետք էր շարադրել այսպես․ «Լուի վան Գալը Հոլանդիայի հավա­­քականը գլխավո­րել է 2000-2001 և 2012-2014 թվականներին։ ԱԱ-2014-ում դարձել է բրոնզե մեդա­լակիր»։

 

««Ինտեր Էլիսի» պաշտպան Հասմինա Մուսան պատմել է, որ նա ստիպված է եղել 2 անգամ գրավել սեփական դարպասը, որպեսզի խախտի «Աշանտի Գոլդի» դեմ հան­դիպ­ման պայմանավորվածությունը, հայտնում է Goal.com-ը» («Գանացի ֆուտբոլիստը միտումնավոր 2 անգամ գրավել է սեփական դարպասը», 21.07.2021):

Ըստ գրվածի՝ սեփական դարպասը գրավել է ոչ թե Հասմինա Մուսան, այլ մեկ ուրիշ ֆուտբոլիստ։ Միտքը ճիշտ արտահայտելու համար հարկավոր էր գործածել «ինքը» դերանունը։

Կա նաև կետադրական սխալ։

Պետք էր գրել․ ««Ինտեր Էլիսի» պաշտպան Հասմինա Մուսան պատմել է, որ ինքը ստիպված է եղել 2 անգամ գրավել սեփական դարպասը, որպեսզի խախտի «Աշանտի Գոլդի» դեմ հանդիպման պայմանավորվածությունը», հայտնում է «Goal.com»-ը»։

 

«Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ» (նույն տեղում):

Հետաքննությունը չի կարող լինել վերաբերյալ։

Պետք էր գրել, օրինակ․ «Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ» կամ «Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննում է միջադեպը»։

 

«Ֆրանսիական ՊՍԺ-ի նոր դարպասապահ, Իտալիայի հավաքականի խաղացող Ջանլուիջի Դոնարուման ․․․․» («Դոնարումա Բուֆոնը խորհուրդ տվեց ինձ տեղափոխվել ՊՍԺ», 21․07․2021):

Չգիտես ինչու, նշված թիմի անունն ամենուր գրվում է առանց չակերտների։ Նշանա­կություն չունի, որ դա հապավում է։ Թիմի անվանումը մնում է անվանում և պետք է գրվի չակերտներում։

Սխալ կա նաև վերնագրում։ Որպես կանոն՝ «Նյուզ․ԷյԷմ» կայքը վերնագրերում ուրի­շի ուղղակի խոսքը չակերտների մեջ չի առնում։ Այդ սկզբունքից հարկավոր է հրա­ժարվել։

Նախադասությունները պետք է գրվեին այսպես․ «Ֆրանսիական «ՊՍԺ» նոր դար­պա­սապահ, Իտալիայի հավաքականի խաղացող Ջանլուիջի Դոնարուման ….», «Դոնա­րումա «Բուֆոնը խորհուրդ տվեց ինձ տեղափոխվել «ՊՍԺ»»։

 

««Ռոման» մեկնել է Տրիեստ՝ նախապատրաստական փուլի առաջին արտագնա խաղին», «Հանդիպմանը մեկնել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը» («Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է «Տրիես­տինայի» դեմ խաղին», 21․07․2021)։

Երեք նախադասության մեջ էլ նույն սխալն է․ խաղին չեն մեկնում։ Նախադա­սութ­յուն­ները պետք էր կազմել այլ տրամաբանությամբ։

 

«Հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսա­պաշ­տպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց առաջին խաղակեսը: (««Ռո­ման» հաղթեց, Մխիթարյանը հանդես եկավ մեկնարկային կազմում», 22.07.2021):

Խաղադաշտում ֆուտբոլիստը ոչ թե խաղակեսեր  է անցկացնում, այլ խաղում է։

Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, մարզական լրագրողներն ու մեկնաբանները կար­ծես խուսափում են «խաղալ» բառը գործածելուց։ Նմանատիպ դեպք է նաև վերնագրում։ Ո՞րն է տրամաբանական՝ մեկնարկային կազմում խաղա՞լ, թե՞ հանդես գալ․․․

Նախադասությունները կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ «Հռոմեա­կան թիմի մեկ­նար­կային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղաց առաջին խաղակեսում», ««Ռոման» հաղթեց, Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում»։

 

«Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն չի կարողացել ավարտել մարզումը բարձր ջերմության ու մրսածության սիմպտոմների պատճառով: («Կորոնավի­րուսի դեմ պատվաստվելուց հետո ․․․․», 22․07․2021)։

«Սիմպտոմ» օտար բառի հայերեն համարժեքը ախտանշան-ն է։ Պետք էր գրել․      «․․․․ ջեր­մության ու մրսածության ախտանշանների պատճառով»։

 

«․․․․ 29-ամյա ֆուտբոլիստը կորոնավիրուսի 2 բացասական թեստ է հանձնել ․․․․» (նույն տեղում), «18–ամյա Բորոդինը Վլադիվոստոկում ընթացող մարզումային հավաքի ժա­­մանակ դրական թեստ է հանձնել» («Եվրոպայի չեմպիոնը Տոկիո մեկնելուց առաջ․․․․», 21․07․2021):

Դրական կամ բացասական լինում է ոչ թե հանձնած թեստը, այլ թեստի պատաս­խանը։

«Մարզումային հավաք»-ի փոխարեն ճիշտ կլիներ գրել «մարզական հավաք»։

Նախադասությունները պետք էր շարադրել այսպես․ «․․․․ 29-ամյա ֆուտբոլիստի հանձ­­նած կորոնավիրուսի 2 թեստի պատասխանը եղել է բացասական ․․․․», «Վլադի­վոստոկում ընթացող մարզական հավաքի ժամանակ 18–ամյա Բորոդինի հանձնած թեստի պատասխանը եղել է դրական»։

 

«Նրանց շարքերում չի միայն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը» («Արթուր Դավթ­յանը՝ Տոկիոյից. Այս Օլիմպիական խաղերը շատ են տարբերվում նախորդներից (ֆոտո)», 23.07.2021):

Նախ՝ պետք է լիներ «շարքերում չէ»։

Երկրորդ՝ այստեղ նույնպես ուրիշի ուղղակի խոսքը վերնագրում պիտի առնվեր չակերտների մեջ։

Երրորդ՝ ֆոտո-ի փոխարեն պետք էր գրել «լուսանկար»։ Ի դեպ, վերնագրերում այս օտար բառն է գործածվում միշտ։

Հարկավոր էր գրել․ «Նրանց շարքերում չէ միայն մարմնա­մարզիկ Արթուր Դավթ­յանը», «Արթուր Դավթ­յանը՝ Տոկիոյից. «Այս օլիմպիական խաղերը շատ են տարբերվում նախորդներից» (լուսանկար)»։

 

«Եվրո-2020-ին մասնակցելու պատճառով 33-ամյա ֆուտբոլիստը ստացել է լրա­ցուցիչ հանգստի հնարավորություն» («Բենզեման վարակվել է կորոնավիրուսով», 23.07.2021):

Ասելիքը ձևակերպված է սխալ։ Ըստ շարադրանքի՝ ֆուտբոլիստն ստացել է լրացու­ցիչ հանգստի հնարավորություն վատ բան անելու՝ Եվրո-2020-ին մասնակցելու պատճա­ռով։

Հասկանալի է, որ լրագրողը ցանկացել է ասել ճիշտ հակառակը․ «33-ամյա ֆուտբո­լիստը ստացել է լրա­ցուցիչ հանգստի հնարավորություն, քանի որ մասնակցել է Եվրո-2020-ին»:

 

Հավելենք, որ կայքում օտար լեզվով են գրված էջերի անվանումները՝ «News», «Sport», «Style», «Medicine», «Video» և այլն։

Արտարժույթի փոխարժեքները ներկայացնելու մասում հայերեն չեն «USD», «EUR», «RUB», «ME-USD» բառերը։

1-ին էջում միայն օտար լեզվով է գրված խմբագրության հասցեն, էջի վերևում՝ «Yerevan» բառը։

Թե ինչո՛ւ կայքի ողջույնն էլ հայերեն չէ (գրված է․ «GOOD MORNING, WORLD!»), դժվար է հասկանալ։

Ինչպես տեսնում ենք, խմբագրությունն անելիքներ ունի։

 

 

Գուրգեն Միքայելյան

 

[1]Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3je8UIJ

[2]Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3le2PPt

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook