Ստորև ներկայացված սխալները միայն հաղորդավարների խոսքից են։ Հաղորդման հյուրերի խոսքը չենք վերլուծում։
«Դեկտեմբերի 14-16-ը Երևանում անցկացվելու է Ալեքսանդր Սպենդիարյանի 150 միջազգային գիտական նստաշրջանը» (13․12․2021)։
Նշված հատվածը սխալ է ձևակերպված։
Ճիշտ է՝ «Դեկտեմբերի 14-16-ը Երևանում անցկացվելու է Ալեքսանդր Սպենդիարյան-150 միջազգային գիտական նստաշրջանը» կամ «Դեկտեմբերի 14-16-ը Երևանում անցկացվելու է Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանը»։
«Մենք խոսել ենք այն ծրագրերի մասին, որոնք որ նախատեսված էին» (13․12․2021)։
Որոնք և որ դերանունները միաժամանակ գործածելը հաճախադեպ է հայկական եթերում։ Անընդհատ լսում ենք՝ որոնք որ, որոնց որ, որը որ և այլն։ Այս օրինակներում երկրորդ որ-ը չի կարող լինել որոնք, որ(ը) դերանունների կողքին։
Ճիշտ է՝ «Մենք խոսել ենք այն ծրագրերի մասին, որոնք նախատեսված էին»։
Նշված սխալի այլ դեպքեր․
«Եթե խոսենք այն մասին, թե որքան է Սպենդիարյանը հնչում աշխարհի բեմերում՝ սա բավարա՞ր է էն մասշտաբի համար, որը որ ինքը կա որպես արվեստագետ» (13․12․2021)։
Այստեղ նաև՝ ո՛չ թե սա, այլ դա։ Սա ասում են խոսքի առկա առարկայի մասին։
Ոչ թե մասշտաբի համար, այլ մասշտաբի համեմատ (նախընտրելի է խուսափել օտար բառից)։ Նաև սխալ է ասել մասշտաբ, որը ինքը կա։
Ճիշտ է, օրինակ՝ «Եթե խոսենք այն մասին, թե որքան է Սպենդիարյանը հնչում աշխարհի բեմերում՝ դա բավարա՞ր է էն (այն) ընդգրկման համեմատ, որ ունի նա որպես արվեստագետ»։
«Միայն հայերի մասի՞ն ենք խոսում, թե՞ մարդիկ, որոնք որ այլազգի են» (13․12․2021)։
Այստեղ նաև՝ ոչ թե մարդիկ, որոնք, այլ մարդկանց, որոնք։
Ճիշտ է՝ «Միայն հայերի մասի՞ն ենք խոսում, թե՞ մարդկանց, որոնք այլազգի են»։ Նախընտրելի է՝ «Միայն հայերի մասի՞ն ենք խոսում, թե՞ նաև այլազգիների»։
«Ի՞նչ թունաքիմիկատներով է մշակվում հողը, որից որ սնվում է պտուղ-բանջարեղենը» (01․02․2022)։
Ճիշտ է՝ «Ի՞նչ թունաքիմիկատներով է մշակվում հողը, որից սնվում է պտուղ-բանջարեղենը»։
«Ի՞նչ հետաքրքիր գտածոներ կան, որոնք որ բացահայտում են հին հայ մարդուն»
(18․02․2022)։
Ճիշտ է՝ «Ի՞նչ հետաքրքիր գտածոներ կան, որոնք բացահայտում են հին հայ մարդուն»։
«Ուզում եմ մեջբերել մի շատ հետաքրքիր հատված, որը որ կգա մեր զրույցի վերջաբանի փոխարեն» (04․03․2022)։
Այստեղ նաև սխալ է ձևակերպված նշված հատվածը։
Ճիշտ է, օրինակ՝ «Ուզում եմ մեջբերել մի շատ հետաքրքիր հատված, որը կլինի մեր զրույցի վերջաբանը»։
Հաղորդման հյուրը պատմում է այն մասին, որ Սպենդիարյանի ստեղծագործությունները նոր սերնդին ներկայացնելու գործում խութեր կան։ Հաղորդավարը հարցնում է․
«Արդյո՞ք այս միջոցառումները գալիս են լրացնելու այդ խութը» (13․12․2021)։
Խութ նշանակում է ճանապարհին ցցված քար՝ խոչ, փոխաբերաբար՝ արգելք, խոչընդոտ։ Այստեղ, պարզ է, բառը փոխաբերաբար է գործածվել։ Ո՛չ ուղիղ, ո՛չ փոխաբերական իմաստով խութը հնարավոր չէ լրացնել։
Ճիշտ է՝ «Արդյո՞ք այս միջոցառումները գալիս են վերացնելու այդ խութը»։
«Թող երեխաներ շատ ծնվեն, խնդիրը դրանում չի» (19․01․2022)։
Հայերենում խնդիրը դրանում չի լինում։ Սա ռուսերենին հատուկ լեզվական կառույց է՝ задача в том, вопрос в том, дело в том։
Ճիշտ է՝ «Թող երեխաները շատ ծնվեն, խնդիրը դա չի (չէ)»։
Նույնն են․
«Խնդիրն ինչո՞ւմն էր․ նրանք չէի՞ն ուզում գնալ Կուրշավել» (20․01․2022):
Ճիշտ է՝ «Խնդիրն ի՞նչն էր/ո՞րն էր․ նրանք չէի՞ն ուզում գնալ Կուրշավել»։
«Խնդիրը նրանում է, որ Հայաստանը փորձեց քանակը դարձնել որակ» (25․01․2022):
Ճիշտ է՝ «Խնդիրն այն է, որ Հայաստանը փորձեց քանակը դարձնել որակ»։
«Կարևորը՝ որ գյուղացիներն ուզենան դա կիրառել։ Խնդիրը դրանո՞ւմ է» (01․02․2022)։
Ճիշտ է՝ «Կարևորը՝ որ գյուղացիներն ուզենան դա կիրառել։ Խնդիրը դա՞ է»։
«Երբ երրորդ երեխան ծնվում է, պետությունը շատ էժան տոկոսադրույքով քեզ տալիս է հիպոտեկային վարկ» (19․01․2022)։
Տոկոսադրույքը էժան կամ թանկ չի լինում, այլ ցածր կամ բարձր։
Ճիշտ է՝ «Երբ երրորդ երեխան ծնվում է, պետությունը շատ ցածր տոկոսադրույքով քեզ տալիս է հիպոտեկային վարկ»։
«Ունեցե՛ք շատ երեխաներ, բարեկամներ, բայց գիտակցված ունեցեք այդ ամենը» (19․01․2022)։
Խոսքը շատ երեխաներ ունենալու նպատակահարմարության մասին էր։ Բայց ինչքան էլ շատ լինեն, երեխաների մասին ճիշտ չէ ասել՝ այդ ամենը։
Առաջարկում ենք՝ «Ունեցե՛ք շատ երեխաներ, բարեկամներ, բայց գիտակցված ունեցեք»։
«Մարդիկ համաձայն են ամենաթանկ գնով գնալ Կուրշավել» (20․01․2022)։
Գինը, ինչպես որ տոկոսադրույքը, թանկ կամ էժան չի լինում, այլ ցածր կամ բարձր։
Ճիշտ է՝ «Մարդիկ համաձայն են ամենաբարձր գնով գնալ Կուրշավել»։
«Սիրո մեծ բաժինը դահուկային սպորտինն է, որ մրցումային ձևերից են դահուկային արագընթաց մրցարշավերը, դահուկացատկը և այլն» (20․01․2022):
Ոչ թե որ, այլ որի։ Երկրորդ նշումը հոգնակիի սխալ կազմություն է։
Ճիշտ է՝ «Սիրո մեծ բաժինը դահուկային սպորտինն է, որի մրցումային ձևերից են դահուկային արագընթաց մրցարշավները, դահուկացատկը և այլն»։
«․․․․ մի վայր, որտեղ ոչ մեկ դեռ չի եղե» (20․01․2022):
Հաղորդաշարը վարողներից Եգոր Գլումովը հաճախ չի արտասանում ել խոնարհման բայերի վերջին տառը․ մի բան, որ հատուկ է բարբառներին, ժողովրդախոսակցական լեզվին։ Սխալ է նաև ոչ մեկ-ը։
Ճիշտ է՝ «․․․․ մի վայր, որտեղ ոչ ոք դեռ չի եղել»։
Նշված երկրորդ սխալի բազմաթիվ դեպքերից ևս երկուսը․
«Պարտքերը որտեղի՞ց էին կուտակվե» (25․01․2022):
Ճիշտ է՝ «Պարտքերը որտեղի՞ց էին կուտակվել»։
«Արի ու տես, որ հարցը չի լուծվե» (08․02․2022)։
Ճիշտ է՝ «Արի ու տես, որ հարցը չի լուծվել»։
«Առաջին անգամ իրենք պետք է ձյունով իջնեն» (20․01․2022):
Խոսքը ձյան վրայով իջնելու մասին էր։ Ընդունված է ասել նաև ձների/ձյուների/ձյան միջով։
Ճիշտ է՝ «Առաջին անգամ իրենք պետք է ձյան վրայով իջնեն» կամ «Առաջին անգամ իրենք պետք է ձների/ձյուների/ձյան միջով իջնեն»։
«Գրելու ընթացքում գրածը ֆիքսվում է ուղեղում, և ոչ միայն» (20․01․2022):
Խոսքը գրիչով գրածն ավելի լավ մտապահելու մասին էր։ Կարելի էր ֆիքսվել (հայերեն համարժեքը՝ հաստատվել, ամրանալ) օտար բառի փոխարեն գործածել տպավորվել-ը։ Իսկ շարունակությունն անհեթեթ է, քանի որ գրավոր խոսքը ուղեղից բացի ոչ մի տեղ չի ֆիքսվում/տպավորվում։
Ճիշտ է՝ «Գրելու ընթացքում գրածը տպավորվում է ուղեղում»։
«Գանք դեպի սովետական դարաշրջանը, որտեղի իներցիայի մեջ գտնվել եմ նաև ես» (24․01․2022)։
Լեզական սխալներով, անփույթ ձևակերպված միտք է։ Նախ՝ մտքով սովետական դարաշրջան պետք է ոչ թե գանք, այլ գնանք։ Մտքով միանգամից ես տեղափոխվում ինչ-որ տեղ, և այդ դեպքում դեպի-ն դառնում է ավելորդ։ Դարաշրջանը տեղ չէ, և սխալ է ընտրված որտեղ դերանունը։ Իներցիայի մեջ գտնվելը նույնպես սխալ ձևակերպում է։
Ճիշտ է, օրինակ՝ «Գնանք սովետական դարաշրջան, որի իներցիային ենթարկվել եմ նաև ես»։
«Սովետական դպրոցում հաշվի էր առնվում պայուսակների կիլոգրամների քանակը» (24․01․2022)։
Նշվածը սխալ ձևակերպում է։
Ճիշտ է՝ «Սովետական դպրոցում հաշվի էր առնվում պայուսակների քաշը» կամ «Սովետական դպրոցում հաշվի էր առնվում, թե քանի կիլոգրամ են պայուսակները»։
«Գնալ դասի, գալ տուն տարբերակը փոխարինվեց նստած տեղից գիտելիք ստանալուն» (24․01․2022)։
Մի բանը փոխարինում է մյուսին, բայց փոխարինվում է մյուսով։
Ճիշտ է՝ «Գնալ դասի, գալ տուն տարբերակը փոխարինվեց նստած տեղից գիտելիք ստանալով»։
«Սկսեցին երեք ամսով կուրսեր գնալ և դառան մաթեմատիկ» (24․01․2022)։
Գնում են դասի, աշխատանքի, հացի, ուրեմն՝ կուրսերի։ Նաև՝ նշված երկրորդ բառի ռուսերեն տարբերակն է գործածվել։
Ճիշտ է՝ «Սկսեցին երեք ամսով կուրսերի գնալ և դառան (գրականը՝ դարձան) մաթեմատիկոս»։
«Ողջունեք Ձեր աշակերտներին, ովքեր քթները բարձր կքայլեն» (24․01․2022)։
Ոչ թե աշակերտներին, ովքեր, այլ աշակերտներին, որոնք։ Ում, ով/ովքեր-ը գործածվում է միայն դերանունների հետ (դու, ում, նա, ով/նրանք, ովքեր)։
Ճիշտ է՝ «Ողջունեք Ձեր աշակերտներին, որոնք քթները բարձր կքայլեն»։
Նույնն են․
«Մենք ունե՞նք այնպիսի աշակերտներ, ովքեր այս ճանապարհով ընդունվել են որևէ միջազգային բուհեր» (04․03․2022)։
Այստեղ նաև՝ որևէ դերանունը գործածվում է միայն եզակի լրացյալի հետ։
Ճիշտ է՝ «Մենք ունե՞նք այնպիսի աշակերտներ, որոնք այս ճանապարհով ընդունվել են որևէ միջազգային բուհ»։
«Տիգրան Հարությունյանը երիտասարդ էր, ով ապրեց ընդամենը քսանմեկ տարի, բայց իր կյանքը բովանդակային առումով հասցրել էր դարձնել ճանաչելի» (04․03․2022)։
Այստեղ նաև՝ ապրեց և հասցրել էր բայերը պետք էր նույն ժամանակաձևով գործածել։ Ճանաչելի նշանակում է մեկը կամ մի բան, ինչը հնարավոր է ճանաչել կամ ենթակա է ճանաչման։ Բայց Տիգրան Հարությունյանը իր կյանքը ճանաչելի չէր դարձրել, այն էլ այստեղ անհասկանալի՝ բովանդակային առումով։
Զրույցից դատելով՝ ճիշտ է՝ «Տիգրան Հարությունյանը երիտասարդ էր, որն ապրեց ընդամենը քսանմեկ տարի, բայց հասցրեց ապրել բովանդակալից կյանք ու բարի հիշատակ թողնեց»։
«Ի՞նչ ծրագրեր են պլանավորվում» (25․01․2022)։
Պլանը հենց ծրագիր է, ուստի ծրագիրը չեն պլանավորում։
Ճիշտ է՝ «Ի՞նչ ծրագրեր կան/ունեք»։
«Ինչի՞ համար է պետք․․․․ Վա՜յ, ինձ անընդհատ ասում են՝ ինչո՞ւ։ Իմ ոսկեղենի՜կ հայերեն։ Ինչո՞ւ համար է պետք երեխաներին տանել մանկապարտեզ» (27․01․2022)։
Հաղորդավար Եգոր Գլումովն այսպես իր ճիշտ խոսքը սխալեցնում է՝ հընթացս «հղում անելով» իր մայրենիին, որի «մեղքով» հաճախ դիտողություն է ստանում։
Ճիշտ է՝ «Ինչի՞ համար է պետք երեխաներին տանել մանկապարտեզ» կամ «Ինչո՞ւ է պետք երեխաներին տանել մանկապարտեզ»։
«Ինտելեկտուալ խաղերի մասին է խոսքը գնում» (27․01․2022)։
Սա ռուսերենին հատուկ, այդ լեզվից պատճենված արտահայտություն է։ Հայերենում խոսքը չի գնում, այլ, օրինակ, ասվում է։
Այստեղ ճիշտ է՝ «Ինտելեկտուալ խաղերի մասին է խոսքը»։
«- Ունե՞ս գետաձիներ։
- Այո, ծանոթ գետաձիներ ունեմ» (27․01․2022)։
Հաղորդավարներից մեկը լեզվական սխալ է թույլ տալիս, մյուսը կրկնում է այդ սխալը։
Ճիշտ է՝ «- Ունե՞ս գետաձիեր։
- Այո, ծանոթ գետաձիեր ունեմ»։
«Մեր տաղավարում է Եվրոմիության կանաչ գյուղատնտեսության փորձագետը» (01․02․2022)։
Նշված բառում եվր և միություն բաղադրիչները կապվում են ա հոդակապով, և սխալ է ասել Եվրոմիություն։
Ճիշտ է՝ «Մեր տաղավարում է Եվրամիության կանաչ գյուղատնտեսության փորձագետը»։
«Ի ուրախություն բոլորիս՝ կան հասարակական տարբեր կազմակերպություններ ․․․․» (10․02․2022)։
Գրաբարյան ի նախդիրը ձայնավորից առաջ հնչյունափոխվում է յ-ի (նոր ուղղագրությամբ՝ հ) և միանում բառին՝ հօգուտ, հոտնկայս և այլն։
Ճիշտ է՝ «Հուրախություն բոլորիս՝ կան հասարակական տարբեր կազմակերպություններ ․․․․»։
Նույնն է՝
«Ի ուրախություն բոլորի, կան մարդիկ, ովքեր անշահախնդրության օրինակ են հանդիսանում» (17․02․2022)։
Այստեղ նաև՝ ոչ թե մարդիկ, ովքեր, այլ մարդիկ, որոնք (այս սխալը վերևում մեկնաբանվել է)։ Ավելորդ է հանդիսանալ բառը։
Ճիշտ է՝ «Հուրախություն բոլորի, կան մարդիկ, որոնք անշահախնդրության օրինակ են»։
«Ժամանակն է խոսել երաժշտությունից» (22․02․2022)։
Այստեղ խնդրառության սխալ կա։ Հարցով պարզենք այն։ Ինչի՞ ժամանակն է։ Խոսելու ժամանակն է։ Կամ շրջենք շարադասությունը՝ «Երաժշտությունից խոսելու ժամանակն է»։
Ուրեմն՝ «Ժամանակն է խոսելու երաժշտությունից»։
Նույնն են․
«Կանաչ գյուղատնտեսությունը միտում ունի բարելավել կյանքի որակը» (01․02․2022)։
Ճիշտ է՝ «Կանաչ գյուղատնտեսությունը միտում ունի բարելավելու կյանքի որակը»։
«Հուսանք, որ մենք էլ հնարավորություն կունենանք շնորհանդեսին մասնակցել» (04․03․2022)։
Ճիշտ է՝ «Հուսանք, որ մենք էլ հնարավորություն կունենանք շնորհանդեսին մասնակցելու»։
«Սոնան հայերեն լեզվով անակնկալներ ունի» (22․02․2022)։
-Երեն վերջածանցը նշանակում է լեզու՝ ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն ևն։ Ուրեմն ավելորդ է –երեն-ի հետ լեզու բառի գործածումը։
Ճիշտ է՝ «Սոնան հայերեն անակնկալներ ունի» կամ «Սոնան հայոց լեզվով անակնկալներ ունի»։
Նույնն է․
«Հայերեն լեզվո՞վ է ամեն ինչ արվում» (11.03․2022):
Ճիշտ է՝ «Հայերենո՞վ է ամեն ինչ արվում» կամ «Հայոց լեզվո՞վ է ամեն ինչ արվում»։
«Ուզում եմ հասկանամ» (22․02․2022)։
Ստորոգյալի հետ որպես լրացում գործածվում է բայի ուղիղ ձևը՝ հորդորում ենք լռել, փորձում եմ համոզել, որոշել է գալ և այլն։
Ճիշտ է՝ «Ուզում եմ հասկանալ»։
«Հայաստանում ամեն բան կենտրոնանում է մայրաքաղաքում, և երկրորդական պլան է մղվում նաև մարզային կյանքը» (03․03․2022)։
Երկրորդական պլան է մղվում արտահայտությունը սխալ է․ կա՛մ երկրորդ պլան է մղվում, կա՛մ երկրորդական է դառնում։ Ավելորդ է նաև բառը, որովհետև այստեղ խոսքը միայն մարզային կյանքի դերի մասին է։
«Հայաստանում ամեն բան կենտրոնանում է մայրաքաղաքում, և երկրորդ պլան է մղվում/երկրորդական է դառնում մարզային կյանքը»։
«Այդ խնդիրներն արձանագրվում են։ Իսկ կա՞ դրա լուծումը։ Ա՛յ սա կարևոր խնդիրն է և ամենակարևոր հարցն է» (03․03․2022)։
Այստեղ թվային անհամաձայնություն կա։ Եթե խնդիրները, ուրեմն՝ դրանց լուծումը։ Նաև՝ խնդիր և հարց բառերն այստեղ նույն իմաստով են գործածվել։ Նույն բանի մասին ավելորդ է ասել սա կարևոր խնդիրն է և ամենակարևոր հարցն է։ Այդպես կարելի էր նաև խուսափել խնդիր բառի կրկնությունից։
Ճիշտ է՝ «Այդ խնդիրներն արձանագրվում են։ Իսկ կա՞ դրանց լուծումը։ Ա՛յ սա ամենակարևոր հարցն է»։
Թվային անհամաձայնության ևս մի քանի դեպք․
«Ինչպե՞ս պետք է տղամարդու դաստիարակությունը լինի, և ընթացիկ հասարակությունը կամ կրթական համակարգը ի՞նչ պետք է անի, որպեսզի այս չարիքը վերանա» (03․03․2022)։
Հասարակությունն ու կրթական համակարգը ոչ թե պետք է անի, այլ պետք է անեն։ Այստեղ նաև՝ դաստիարակությունը ոչ թե ինչպե՞ս պետք է լինի, այլ ինչպիսի՞ն պետք է լինի։ Ընթացիկ հասարակություն բառակապակցության մեջ ընթացիկ-ն ավելորդ է։ Որպեսզի շաղկապի փոխարեն այստեղ պետք էր գործածել որ-ը (այս սխալը ստորև կմեկնաբանվի)։
Ճիշտ է՝ «Ինչպիսի՞ն պետք է տղամարդու դաստիարակությունը լինի, և հասարակությունը կամ կրթական համակարգը ի՞նչ պետք է անեն, որ այս չարիքը վերանա»։
«Վերջին իրադարձությունները ամենացավալին էին, որ երբևէ կարող էր տեղի ունենալ» (03․03․2022)։
Ճիշտ է՝ «Վերջին իրադարձությունները ամենացավալին էին, որ երբևէ կարող էին տեղի ունենալ»։
«Տեսե՛ք, գեներն իրենն ասում են» (04․03․2022)։
Ճիշտ է՝ «Տեսե՛ք, գեներն իրենցն ասում են»։
«Թեման շատ երկար թեմա է» (03․03․2022)։
Թեմա բառն անհարկի կրկնվել է։ Նաև՝ թեման երկար չի լինում, այլ, ասենք, ծավալուն, տարողունակ։
Ճիշտ է՝ «Թեման շատ ծավալուն է»։
«Արդյո՞ք ստանդարտ այդ ընթացքը դասերի՝ ֆիզիկայի, մածեմածիկայի, կարող է թույլ տալ, որպեսզի աշակերտը մասնակցի օլիմպիադայի» (04․03․2022)։
Նախ՝ նշված առաջին բառի փոխարեն պետք էր գործածել դրա հայերեն համարժեքը՝ միօրինակ։ Այստեղ ավելի ճիշտ է մշտական-ը։
Մաթեմատիկա բառը ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում է։
Ապա՝ որպեսզի շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով հարցերով կարող ենք պարզել, որ այս երկրորդականը նպատակի պարագա չէ։ Այն ուրիշ գործառույթ ունի և պատասխանում է ի՞նչ հարցին (թույլ տալ ի՞նչ)։ Նաև՝ անհարթ է շարադաությունը։
Ճիշտ է՝ «Արդյո՞ք դասերի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի այդ մշտական ընթացքը կարող է թույլ տալ, որ աշակերտը մասնակցի օլիմպիադայի»։
«Եկեք անդրադառնանք գլխավոր հերոսներին։ Ինչո՞ւ ոչ» (04․03․2022)։
Ոչ ոք չի ասել՝ ոչ։ Ուրեմն ինչի՞ համար է այս ինչո՞ւ ոչ-ը, որ անդադար հնչում է հայկական եթերից։
Ճիշտ է՝ «Եկեք անդրադառնանք գլխավոր հերոսներին»։
«Բավակա՞ն է, հա՞, երեք-չորս ժամ տրամադրելը» (04․03․2022)։
Այս ավելորդ հա՞-ն նույնպես անընդհատ ներկա է մեր հաղորդավարների խոսքում։ Այսպես այն մակաբույծ բառ է։
Ճիշտ է՝ «Բավակա՞ն է երեք-չորս ժամ տրամադրելը»։
«Ինչքանո՞վ է կարևորվում ընտանիքի կամ ընկերների աջակցությունը Ձեր հաջողության ճանապարհին»։
Սխալ ձևակերպում է։
Ճիշտ է՝ «Ինչքա՞ն/որքա՞ն կարևոր է ընտանիքի կամ ընկերների աջակցությունը Ձեր հաջողության ճանապարհին» (04․03․2022)։
«Դուք կարո՞ղ եք էդ դժվարությունները մենակով հաղթահարել» (04․03․2022)։
Տարածված սխալ է։ Մենակ բառը չի հոլովվում։
Ճիշտ է՝ «Դուք կարո՞ղ եք էդ (այդ) դժվարությունները մենակ հաղթահարել»։
«Ինչպե՞ս ընդունեց այն փաստը, որ նա պետք է գնա բանակ» (04․03․2022)։
Ինքը դերանվան փոխարեն հաճախ է նա-ն գործածվում։ Այսպես ճիշտ կլիներ, եթե փաստն ընդունողն ու բանակ գնացողը տարբեր մարդիկ լինեին։ Բայց այստեղ խոսքը նույն մարդու մասին է։
Ուրեմն՝ «Ինչպե՞ս ընդունեց այն փաստը, որ ինքը պետք է գնա բանակ»։
«Ես գիրքը պատահականության սկզբունքով թերթում եմ, ամեն երկրորդը կամ ամեն առաջինը, ամեն հաջորդը սիրո մասին է» (04․03․2022)։
Ձևակերպումն այս դեպքում սխալ է։ Ամեն առաջին-ը սխալ է բոլոր դեպքերում։
Ճիշտ է, օրինակ՝ «Ես գիրքը պատահականության սկզբունքով թերթում եմ, ի՜նչ շատ են սիրո մասին բանաստեղծությունները»։
«Թող մեր միակ հոգսերը ծաղիկների գույները լինեն» (08․03․2022)։
Նշված ածականը՝ միակ, պահանջում է եզակի թվով լրացյալ։
Ճիշտ է՝ «Թող մեր միակ հոգսը ծաղիկների գույները լինեն»։
«Զինվորի քույր, մայր լինելը ոնց որ թե մեր կրեդոն է» (08․03․2022)։
Հաղորդավարները շատ հաճախ են գործածում օտար բառեր, որոնք ունեն հայերեն համարժեք։ Նշված բառի իմաստն է հավատամք, համոզմունք։ Զինվորի մայր կամ քույր լինելը մեր կրեդոն՝ հավատամքը, համոզմունքը չէ։ Չէ՞ որ մարդն իր հավատամքն ընտրում է։ Խոսքն այն մասին էր, որ զինվորի հարազատ լինելը ճակատագրի պես մի բան է դարձել մեր ժողովրդի համար։
Ուրեմն ճիշտ է՝ «Զինվորի քույր, մայր լինելը ոնց որ թե մեր ճակատագիրն է»։
Նախընտրելի է՝ «Զինվորի քույր, մայր լինելը կարծես ճակատագրի պես մի բան է դարձել»։
Ներկայացնում ենք ևս մի քանիսը․
«Հայաստանում կարծես թե թրենդ է բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելը» (20․01․2022):
Ճիշտ է՝ «Հայաստանում կարծես թե նորաձև է/ընդունված է բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելը»։
«Քանի՞ տարի է, որ էդ պրոյեկտը կա» (25․01․2022)
Ճիշտ է՝ «Քանի՞ տարի է, որ էդ (այդ) նախագիծը կա»։
«Գյուղացին լուրջ խնդիր ունի պրոդուկտի իրացման»։ (01․02․2022)
Ճիշտ է՝ «Գյուղացին լուրջ խնդիր ունի արտադրանքի/մթերքի իրացման»։
«Սերը լավ բան է, պետք է պոզիտիվ ներկայացնեն» (22․02․2022)։
Ճիշտ է՝ «Սերը լավ բան է, պետք է դրական ներկայացնեն»։
«Արդյո՞ք դա լավ տենդենց է» (03․03․2022)։
Ճիշտ է՝ «Արդյո՞ք դա լավ միտում է»։
«Կա՞ արդյոք ձեզ համար ստատիստիկա» (04․03․2022)։
Այստեղ ճիշտ է՝ «Դուք ունե՞ք վիճակագրություն»։
«Միջազգային ֆորմատով մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ» (11.03․2022)։
Ճիշտ է՝ Միջազգային ձևաչափով մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ»։
«Հազարավոր բրենդների շարքում այս անունները լսելիս հիշեք ․․․․» (13․03․2022):
Ճիշտ է՝ «Հազարավոր ապրանքանիշների շարքում այս անունները լսելիս հիշեք ․․․․»։
Երազիկ Գրիգորյան