Լեզվական ուսումնասիրության ենք ենթարկել հաղորդավար Եգոր Գլումովի հեղինակային հաղորդաշարը։ Եզրակացրել ենք, որ հաղորդավարի լեզվական սխալները հիմնականում ռուսերենի ազդեցությամբ են, այդ լեզվով մտածողության հետևանք։ Բավականին սխալներ կան հաղորդման մասնակից խոհարարների խոսքում (հյուրերի խոսքը չենք ուսումնասիրում)։ Հաղորդաշարի անվանումը հեռուստաէկրանին, համացանցում գրված է կետադրական սխալով՝ առանց գծիկի։
Ստորև ներկայացված սխալները հաղորդավարի խոսքից են։
«Նույն ուտեստը միառժամանակ պատրաստելու համար երկու թիմերին տրվում է նույն ժամանակը» (հաղորդում 1-ին)։
Նշված բառի բացատրությունն է՝ ժամանակավորապես, մի որոշ ժամանակ։ Ակնհայտ է, որ հաղորդավարն այն շփոթել է միաժամանակ-ի հետ։ Կարելի էր նաև այդ բառը չգործածել։
Ճիշտ է՝ «Նույն ուտեստը միաժամանակ պատրաստելու համար երկու թիմերին տրվում է նույն ժամանակը»։ Նախընտրելի է՝ «Նույն ուտեստը պատրաստելու համար երկու թիմերին տրվում է նույն ժամանակը»։
«Երկու թիմերը ընտրում են իրենց կապիտաններին, ովքեր պատրաստելու են ուտեստը» (հաղորդում 1-ին)։
Թիմերից յուրաքանչյուրն ունի մեկ կապիտան, ուրեմն պետք է ընտրել ոչ թե կապիտաններին, այլ կապիտանին (և հետևաբար՝ ոչ թե պատրաստելու են, այլ պատրաստելու է)։ Նաև՝ ոչ թե կապիտաններին, ովքեր …, այլ կապիտաններին, որոնք … (եզակին՝ որը)։ Ովքեր (ով), ում -ը գործածվում է միայն դերանունների հետ (օրինակ՝ կապիտանը նա է, ում ․․․․ ևն)։
Ճիշտ է՝ «Երկու թիմերը ընտրում են իրենց կապիտանին, որը պատրաստելու է ուտեստը»։
Նշված երկրորդ սխալի մի այլ դեպք․
«Պարտվում է այն թիմը, ում պատրաստած ուտեստը ․․․․» (հաղորդում 1-ին)։
Այստեղ սխալն ավելի կոպիտ է, քանի որ թիմ-ը իրանիշ գոյական է։
Ճիշտ է՝ «Պարտվում է այն թիմը, որի պատրաստած ուտեստը ․․․․»։
«Խնդիրը նրանում է, որ պետք է ընտրեք կապիտան, որը որ պետք է լինի գլխավորը» (հաղորդում 1-ին)։
Ռուսերեն дело в том-ի պատճենումը հայերենում կոպիտ լեզվական սխալ է։ Սխալ են նաև տարածված որը որ, որոնք որ ձևերը։ Թե՛ որպես դերանուն, թե՛ որպես շաղկապ, երկրորդ որ-ը չի կարող լինել որոնք և որ(ը) դերանունների կողքին։
Ճիշտ է՝ «Խնդիրն այն է, որ պետք է ընտրեք կապիտան, որը պետք է լինի գլխավորը»։
Նշված երկրորդ սխալի այլ դեպքեր․
«Մենք ունենք օգնական, որը որ կբերի ․․․․» (հաղորդում 1-ին)։
Ճիշտ է՝ «Մենք ունենք օգնական, որը կբերի ․․․․»։
«Արդեն տաղավարում են մարդիկ, որոնք որ ինձ քաջ ծանոթ են» (հաղորդում 6-րդ)։
Ճիշտ է՝ «Արդեն տաղավարում են մարդիկ, որոնք ինձ քաջ ծանոթ են»։
«Ձեր օգնականները, որոնք որ պետք է ոչինչ չլսեն ….» (հաղորդում 7-րդ)։
Ճիշտ է՝ «Ձեր օգնականները, որոնք պետք է ոչինչ չլսեն ….»։
«Պարոն Մամուլյանը, որը որ մեր մասնակիցներին առաջարկել էր Լոռվա այլազան» (հաղորդում 7-րդ)։
Ճիշտ է՝ «Պարոն Մամուլյանը, որը մեր մասնակիցներին առաջարկել էր Լոռվա այլազան»։
«Գինի, որը որ ստացվում է խաղողի տարբեր տեսակներից» (հաղորդում 11-րդ)։
Ճիշտ է՝ «Գինի, որը ստացվում է խաղողի տարբեր տեսակներից»։
«Գինին պահվում է տակառներում, որոնք որ պատրաստված են կաղին ծառից» (հաղորդում 11-րդ)։
Այստեղ նաև՝ ոչ թե կաղին ծառից, այլ կաղնու ծառից/կաղնուց/կաղնու (բնա)փայտից։
Ճիշտ է՝ «Գինին պահվում է տակառներում, որոնք պատրաստված են կաղնու ծառից/կաղնուց/կաղնու (բնա)փայտից»։
«Գետաձիներն իրենց տեսքով ապացուցում են ․․․․» (հաղորդում 3-րդ)։
Այս բազմավանկ բառի վերջին արմատը անվանական է, այլ ո՛չ բայական, ուստի հոգնակին կազմվում է ոչ թե ներ, այլ եր մասնիկով։
Ճիշտ է՝ «Գետաձիերն իրենց տեսքով ապացուցում են ․․․․»։
«Ամեն ինչ բերում, տեղադրում եք ձեր սեղանի վրա» (հաղորդում 5-րդ)։
Դնում են սեղանին/սեղանի վրա, բայց տեղադրում են սեղանին։
Այստեղ ճիշտ է՝ «Ամեն ինչ բերում, դնում եք ձեր սեղանին»։
«Այս գեղեցկուհին այդ առաջարկությանը չմերժեց» (հաղորդում 6-րդ)։
Բայական անդամի լրացումը, եթե անձ է ցույց տալիս, ձևով նման է տրական հոլովին, իսկ եթե իր է ցույց տալիս՝ հայցականին։
Ուրեմն՝ «Այս գեղեցկուհին այդ առաջարկությունը չմերժեց»։
«Պետք չէ օգտագործել բռի ուժ» (հաղորդում 6-րդ)։
Խոսքը բռնանալու մասին է, բռիության հետ կապ չունի։
Ճիշտ է՝ «Պետք չէ օգտագործել բռնի ուժ»։
«Համոզված եմ՝ Շվեդիայում սաղմոն ուտում են այնքան, ինչպես հայերը՝ խորոված» (հաղորդում 8-րդ)։
Նշված առաջին դերանունը ցույց է տալիս քանակ, երկրորդը՝ ձև, հետևաբար
դրանք միասին գործածելը սխալ է։ Այստեղ խոսքը ուտելու քանակի մասին է, ոչ թե ձևի։
Ուրեմն ճիշտ է՝ «Համոզված եմ՝ Շվեդիայում սաղմոն ուտում են այնքան, ինչքան հայերը՝ խորոված»։
«Կարող եք թխել ձեր սիրված խմորեղենը» (հաղորդում 8-րդ)։
Կրավորական սեռի բայի հետ ճիշտ չէ տվյալ գործողությունը կատարողին նշելը, ինչպես՝ ձեր սիրված խմորեղենը, Արամի կարդացված գիրքը ևն։ Իսկ եթե նշում եք, թե ովքեր են կամ ով է սիրողները, կարդացողը և այլն, ուրեմն բայը պետք է լինի ներգործական սեռի՝ ձեր սիրած, Արամի կարդացած։
Ճիշտ է՝ «Կարող եք թխել ձեր սիրած խմորեղենը»։ Կամ՝ «Կարող եք թխել սիրված խմորեղենը»։
Նույնն է․
«Ո՞վ է Ձեր սիրված ջութակահարը» (հաղորդում 11-րդ)։
Այստեղ ճիշտ է՝ «Ո՞վ է Ձեր սիրած ջութակահարը»։
«Գինիները արտահանվում են երկրից դուրս» (հաղորդում 8-րդ)։
Արտահանել նշանակում է՝ երկրից դուրս հանել։ Ուրեմն այս նախադասության մեջ երկրից դուրս-ը ավելորդ է։
Ճիշտ է՝ «Գինիները արտահանվում են»։
«Ժամանակն է պարզաբանել, թե ով է կապիտանը» (հաղորդում 8-րդ)։
Պարզաբանել նշանակում է՝ մեկնաբանել, բացատրել, հասկանալի դարձնել։ Այստեղ խոսքը պարզելու, այսինքն ո՛չ թե հասկանալի, այլ հայտնի դարձնելու մասին է։ Նաև՝ ժամանակն է որևէ բան անելու, այլ ոչ՝ անել։
Ուրեմն ճիշտ է՝ «Ժամանակն է պարզելու, թե ով է կապիտանը»։
«Մեր խոհանոցում պետք է հնչի «Անուշ» օպերայից հատվածներ» (հաղորդում 8-րդ)։
Թվային անհամաձայնության դեպք է․ պետք է հնչի՝ եզակի, հատվածներ՝ հոգնակի։
Ճիշտ է՝ «Մեր խոհանոցում պետք է հնչեն «Անուշ» օպերայից հատվածներ»։
Նույնն են․
«Բասի դեպքում կոտրվում է աթոռները» (հաղորդում 9-րդ)։
Ճիշտ է՝ «Բասի դեպքում կոտրվում են աթոռները»։
«Արդեն կարելի է պանիկայի ենթարկվել, որովհետև մնացել է հաշված վայրկյաններ» (հաղորդում 10-րդ)։
Այստեղ նաև՝ պանիկա օտար բառի փոխարեն պետք էր գործածել դրա հայերեն համարժեքը։
Ճիշտ է՝ «Արդեն կարելի է խուճապի ենթարկվել/մատնվել, որովհետև մնացել են հաշված վայրկյաններ»։
«Հարցրեք դեղատներում, որ ձեր մաշկը լինի հարթ, իսկ հիշողությունը՝ տեղին» (հաղորդում 8-րդ)։
Տեղին նշանակում է՝ հարմար, պատշաճ, իրավացի։ Այստեղ խոսքը հիշողությունը տեղը լինելու՝ հարկ եղած վիճակում, անթերի, գոհացուցիչ չափով լինելու մասին է։
Ճիշտ է՝ «Հարցրեք դեղատներում, որ ձեր մաշկը լինի հարթ, իսկ հիշողությունը՝ տեղը»։
«Պատկերացրեք՝ մեծ օռկեստրի դիրիժոր եք» (հաղորդում 9-րդ)։
Նշված բառի հայերենը նվագախումբ-ն է։
Ճիշտ է՝ «Պատկերացրեք՝ մեծ նվագախմբի դիրիժոր եք»։
«Պարոն Մամուլյանը արդեն այրել էր գազի տակը» (հաղորդում 9-րդ)։
Նշվածը գրական հայերենով ճիշտ կլինի՝ միացրել էր գազօջախը։ Ընդունելի է նաև խոսակցական տարբերակը՝ վառել էր գազը։ Բայց այն, ինչ հնչել է հաղորդման ժամանակ, անընդունելի է։ Գազը չենք այրում, և այն էլ՝ գազի տակը։ Պատկերավոր ասած՝ միացնում, վառում ենք կաթսայի՛ տակը։
Ճիշտ է՝«Պարոն Մամուլյանը արդեն միացրել էր գազօջախը»։ Կամ՝ «Պարոն Մամուլյանը արդեն վառել էր գազը» և այլն։
«Եկեք համարենք՝ ոչ մեկ ոչ մեկի չի ճանաչում» (հաղորդում 10-րդ)։
Ոչ ոք-ի փոխարեն ոչ մեկ ասելը հատուկ է բարբառային, ժողովրդախոսակցական հայերենին։ Հեռուստատեսային հաղորդավարի խոսքում այն չպիտի հնչի։ Նույնը վերաբերում է ոչ մեկի-ին։
Ճիշտ է՝ «Եկեք համարենք՝ ոչ ոք ոչ մեկին չի ճանաչում»։
«Ոսկեհատը», ուրեմը, սպիտակ չոր գինի է, որը հնեցվում է տակառներում» (հաղորդում 10-րդ)։
Առաջին նշումը հաղորդավարի խոսքում հաճախ հնչող սխալներից է․ ուրեմը բառ հայերենում չկա։ Սխալ է նաև չոր գինի տարածված որակումը։ Դա ռուսերենից պատճենում է։ Հայերենում այդպիսի գինիներին անվանում են անապակ։ Նաև՝ հնանալ-ը ա խոնարհման բայ է և թեքվելիս դառնում է հնացած/հնացված ևն։
Ճիշտ է՝ «Ոսկեհատը», ուրեմն, սպիտակ անապակ գինի է, որը հնացվում է/հնանում է տակառներում»։
«Տղաներ, տեսեք՝ տարբերությունը ինչում է» (հաղորդում 11-րդ)։
Նշված արտահայտությունը օտար լեզվից պատճենում է։
Ճիշտ է՝ «Տղաներ, տեսեք՝ տարբերությունը որն է»։
«Միգուցե սա ավելի լավ է, քան իրեն պատկերացնում է պարոն Մամուլյանը» (հաղորդում 11-րդ)։
Նշված արտահայտության մեջ իրեն-ը ավելորդ է։ Սա նույնպես օտար լեզվամտածողության հետևանք է։
Ճիշտ է՝ «Միգուցե սա ավելի լավ է, քան պատկերացնում է պարոն Մամուլյանը»։
«Տարբեր տեսակի արկղներ, զամբյուղներ ․․․․» (հաղորդում 11-րդ)։
Նշված բառի հոգնակին սխալ է կազմված։
Ճիշտ է՝ «Տարբեր տեսակի արկղեր, զամբյուղներ ․․․․»
«Քարտը «Կոմֆարեա» խանութ-սրահն է տրամադրե, տասը հազար դրամ գումար կա վրեն» (հաղորդում 11-րդ)։
Բայական ել վերջավորության լ-ն չարտասանելը հաղորդավարի խոսքի կոպիտ դրսևորումներից է։ Նաև՝ դրամ բառի հետ ավելորդ է գործածել գումար-ը, քանի որ դրամն այլ բան չէ, քան գումար։ Եվ այդ գումարը ոչ թե քարտի վրեն է, այլ վրա (կամ մեջ)։
Ճիշտ է՝ «Քարտը «Կոմֆարեա» խանութ-սրահն է տրամադրել, տասը հազար դրամ կա մեջը»։
«Շնորհակալություն մասնակից թմերին» (հաղորդում 11-րդ)։
Օտար միավանկ բառերի ձայնավորը չի սղվում։
Ճիշտ է՝ «Շնորհակալություն մասնակից թիմերին»։
«Իսկ դուք գիտե՞ք, որ Սիցիլիայում ընդհանրապես գոյություն չունեն Եհովայի վկաները» (հաղորդում 12-րդ)։
Նշված բառն այստեղ որոշյալ առումով գործածելը սխալ է։ Հարցնում ենք՝ Սիցիլիայում ինչե՞ր գոյություն չունեն, այլ ոչ՝ Սիցիլիայում ինչե՞րը գոյություն չունեն։
Ճիշտ է՝ «Իսկ դուք գիտե՞ք, որ Սիցիլիայում ընդհանրապես գոյություն չունեն Եհովայի վկաներ»։ Նախընտրելի է՝ «Իսկ դուք գիտե՞ք, որ Սիցիլիայում ընդհանրապես Եհովայի վկաներ չկան»։
«Կարան լինեն ինգրեդիենտներ» (հաղորդում 12-րդ)։
Ոչ թե կարան լինեն, այլ կարող են լինել։ Ոչ թե ինգրեդիենտներ, այլ բաղադրիչներ։
Ճիշտ է՝ «Կարող են լինել բաղադրիչներ»։
«Ձեզ տրամադրվում է քսանհինգ րոպե ժամանակ» (հաղորդում 12-րդ)։
Ժամանակի միավորի հետ ժամանակ բառն ավելորդ է։
Ճիշտ է՝ «Ձեզ տրամադրվում է քսանհինգ րոպե»։
«Կակաոյով կարող եք պատրաստել ցանկացած ձեր ուզած թխվածքը» (հաղորդում 12-րդ)։
Ցանկացած-ն ու ձեր ուզած-ը նույն իմաստն ունեն, ուստի դրանք միասին գործածելը ճիշտ չէ։
Ճիշտ է՝ «Կակաոյով կարող եք պատրաստել ցանկացած թխվածք»։ Կամ՝ «Կակաոյով կարող եք պատրաստել ձեր ուզած թխվածքը»։
Վերևում նշեցինք, որ հաղորդավարը ել վերջավորությամբ բայերի լ-ն չի արտասանում, ինչից նրա խոսքը դառնում է ժարգոնային՝ եթերին ոչ հարիր։ Բերենք մի քանի օրինակ՝ առանց նշելու ճիշտ տարբերակները, քանի որ դրանք ենթադրելի են․
«Նրանք այդպես են որոշե»։
«Եթե չեք հիշե»։
«Ինչ բերել եք, լավ եք արե, ինչ չեք բերել, լավ եք արե»։
«Գլխավոր մրցանակներ ա (է) մեզ տրամադրե։
«Փաստորեն, Մոցարտից իզուր չեմ խոսացե այսօր»։
«Կարմիր թիմն է այսօր հաղթե» և այլն։
Հաղորդավարը խոսելիս անընդհատ գործածում է ռուսերեն так բառը՝ փոխանակ ասելու՝ այսպես, դե ևն։
Վերևում ասել ենք, որ հաղորդավարը ուրեմն-ի փոխարեն ասում է ուրեմը։ Նաև՝ հետևաբար, հետևապես նշանակող, այսինքն ինչ-ինչ նախապատմություն ենթադրող այս բառը հաղորդավարը գործածում է հիմնականում սխալ՝ անտեղի։
Գիտեն/գիտեմ-ի փոխարեն ասում է գիդեն/գիդեմ, փակել-ի փոխարեն փագել։
Անարատ կաթ-ի փոխարեն ասում է անառատ կաթ, Կարապետյանի փոխարեն՝ Կարապեծյան, սպագետի-ի փոխարեն՝ սպագեծի։
Բոլոր լ-երն արտասանում է ռուսերենի мягкий знак-ով։
Հաղորդավար Եգոր Գլումովի խոսքը թեև նախկինի համեմատ բարելավվել է, բայց շտկելու բաներ դեռ կան։ Հուսով ենք, որ ճանաչված հաղորդավարին այդ գործում կօգնի սույն ամփոփագիրը։
Երազիկ Գրիգորյան