Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ՍԻՎԻԼՆԵԹ.ԷՅԷՄ» ԿԱՅՔԻ «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆՈՒՄ ՆԿԱՏՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

«Լրագրողների շրջայցը կազմակերպվել էր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիակա­նացման ու շահագործման ժամկետը մինչև 2026-ը երկարաձգելու առիթով» («Հայաս­տանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի․ նախարար», 17․11․2021):

Ըստ շարադրանքի՝ երկրորդ էներգաբլոկի ոչ միայն շահագործ­ման, այլև արդիա­կա­­նաց­ման ժամկետն է երկարացվել։ Անշուշտ, հեղինակի ասելիքը սա չէ, որով­­հետև իրականում տվյալ էներգաբլոկի արդիականացումը կատարվել է, և երկա­րացվել է միայն շահագործման ժամկետը։

Կա նաև կետադրական անճշտություն։ Վերջին ժամանակներս, չգիտես ինչու, մեր շատ լրատվամիջոցներ վերնագրերում ու­րիշի ուղղակի խոսքը չակերտների մեջ չեն առնում։ Պետք էր գրել այսպես․ ««Հա­յաս­­տանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի». նախարար»։

«․․․․ մտադիր են այնպես անել, որ գործող կայանի շահագործման ժամկետների ավարտին լինի նոր էներգաբլոկ և այն անմիջապես միացնել ցանցին»  (նույն տեղում):

Կայանի շահագործման ժամկետը մեկն է․ պետք էր գրել եզակի թվով։

Նշված մյուս սխալի մասին չխոսելով՝ առաջարկենք նախադասության ճիշտ տարբերակը․ «․․․․ մտադիր են այնպես անել, որ գործող կայանի շահագործման ժամկետի ավարտին լինի նոր էներգաբլոկ, և այն անմիջապես միացվի ցանցին»։

«Նոր էներգաբլոկի հզորությունը դեռ հայտնի չէ, սակայն նախարարի խոսքով՝ այն առնվազն կունենա այն հզորությունը, որն ունի գործող կայանը ․․․․» (նույն տեղում):

Հայտնի չէ ոչ թե էներգաբլոկի հզորությունը, այլ այն, թե այդ հզորությունը որքա՛ն է լինելու։ Այն-ի անհարկի կրկնությունից էլ խուսափելով՝ գերադասելի էր գրել, օրինակ․ «Թե որ­քան է լինելու նոր էներգաբլոկի հզորությունը, դեռ հայտնի չէ, սա­կայն, նախա­րարի խոս­­քով, այն առնվազն կունենա նույնքան հզորություն, ինչքան ունի գործող կայանը․․․․»։

«Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը թեև դանդաղ, բայց շարունակում է նվազել» («Հայաստանում տնտեսական աճը շարունակում է դանդաղել», 25.11.2021):

       Այսպես գրում ենք այն դեպքում, երբ կատարվում է ցանկալին։ Օրինակ․ «Տնտեսութ­յունը թեև դանդաղ, բայց շարունակում է զարգանալ»։

Տվյալ դեպքում ասելիքը պետք էր ձևակերպել այլ ձևով։ Այլապես դուրս է գալիս, թե հեղինակը ցանկանում է, որ նվազի։

«Հայաստանում «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցության օպերատորի հավանական գնորդ անձը՝ Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը, որոշ փաստաթղթերում առնչվում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ընկերություններից մեկի հետ» (««Ռոստելեկոմ» հավանական գնորդը կապ ունի ․․․․», 29.11.2021):

Անձինք, ընկերությունները (և այլն) իրար կարող են առնչվել ոչ թե փաստաթղթերում, այլ, օրինակ, ըստ փաստաթղթերի։

Պետք էր գրել․ «․․․․ Արման Ունանյանը, ըստ որոշ փաստաթղթերի, առնչվում է (առնչություն ունի) Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խա­չատրյանի ․․․․»։

Վերնագրում հոլովական վերջավորությունը հարկավոր էր գրել չակերտներում։ Այսպես՝ «Ռոստելեկոմի»։

Հետագա մեկնաբանություններում այս բնույթի կրկնվող սխալներին չենք անդրա­դառ­նա։ Առաջարկում ենք ընթերցել Տերմինաբանական կոմիտեի համապատասխան որոշումը[1] («Չակերտների մեջ առնվող անունների հոլովական վերջավորությունների և հոդերի գրության մասին», «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու», Երևան, 2006, էջ 212)։

««Յուքոմ»-ի մեծամասնական բաժնետերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են՝ Արտյոմ Խաչատրյանը՝ 29 տոկոս, Գուրգեն Խաչատրյանը՝ 29 տոկոս ․․․․» (նույն տեղում):

Մեծամասնական-ը ներկայումս ընտրակարգերին վերաբերող եզրույթ է։ Այս բառը չունի այն իմաստը, որը դրա մեջ տեսել է հեղինակը։

Նախադասությունը պետք էր շարադրել այլ կերպ։

««Գալաքսի գրուպ»-ի նախագծերից են …. բնակարանների կառուցապատումը ….» (նույն տեղում), «Ինչպես վերը նշեցինք, «Գալաքսի»-ի ծրագրերից մեկը …. բնակա­րան­ների կառուցապատումն ու վաճառքն է ….» (նույն տեղում), «Ընկերությունը զբաղվում է ․․․․ հյուրանոցային համալիրների կառուցապատմամբ ու շահագործմամբ ….» («Իտալական «Ռենկո»-ն՝ Հայաստանում ….», 01․12․2021):

Կառուցապատել նշանակում է որևէ տեղանք կառույցներով, շինություններով պատել։ Բնակարանը, հյուրանոցային համալիրը ոչ թե կառուցապատում են, այլ կառուցում։

Ճիշտ կլիներ գրել․ «․․․․ նախագծերից են ․․․․ բնակելի շենքերի (բնակարանների) կա­ռու­ցումը ….», «…. ծրագրերից մեկը …. բնակելի շենքերի (բնակարանների) կառուցումն ու վաճառքն է ….», «Ընկերությունը զբաղվում է ․․․․ հյուրանոցային համալիրներ կառուցե­լով ու շահագործելով ….»։

«Ըստ Հայաստանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Տերյան 5» ՍՊԸ-ի բաժնետեր այս տարվա սեպտեմբերի 27-ից հանդիսանում է Կիպրոսում գրանց­ված «Մաստեպո փրոփերթիս լիմիթիդ» ընկերությունը», (««Ռոստելեկոմ»-ի հավանական գնորդը կապ ունի ․․․․», 29.11.2021):

Տերմինաբանական կոմիտեի որոշմամբ՝ հատկացուցչի պաշտոնում կիրառվող այն տառային հապավումները, որոնց բաղադրիչ տառերն արտասանվում են առանձին-առանձին, գրվում են ուղիղ ձևով՝ առանց հոլովական վերջավորության։

Պետք է լիներ՝ ՍՊԸ բաժնետեր։

Ճիշտ կլիներ նաև նախադասությունը կազմել առանց հանդիսանալ բառի․ «Ըստ Հա­յաս­տանի իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Տերյան 5» ՍՊԸ բաժ­նետերն այս տարվա սեպտեմբերի 27-ից Կիպրոսում գրանցված «Մաստեպո փրոփերթիս լիմիթիդ» ընկերությունն է»։

      «Իրական սեփականատերերի համաձայն՝ «Արմփաուեր»-ում 32 տոկոս մասնակցութ­յուն ունի «Ռենկո»-ի նախագահ Ջիովաննի Գասպարինին ․․․․» («Իտալական «Ռենկո»-ն՝ Հայաստանում ․․․․», 01․12․2021):

Ճիշտ ձևակերպում չէ։ Պետք է լիներ, օրինակ․ «Ըստ իրական սեփականատերերի՝ «Արմփաուերում» ․․․․»։

      «Թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին» («Տնտեսությունն ի վիճակի է դիմակայել թուրքական ապրանքների արգելքին. Էկոնոմիկայի նախարարություն», 02.12.2021):

Նշված անճշտությունը հրապարակված նյութում կրկնվում է բազմիցս։

Հարկավոր էր գրել․ «Թուրքական ծագմամբ ապրանքների՝ Հայաստան ներ­մուծ­ման ․․․․»։

Այստեղ նույնպես ուղղակի խոսքը վերնագրում պետք էր առնել չակերտների մեջ։ Կա նաև խնդրառական սխալ։ Պետք է լիներ․ ««Տնտեսությունն ի վիճակի է դիմակայելու թուրքական ապրանքների արգելքին». Էկոնոմիկայի նախարարություն»։

«Վերջին մեկ տարում Հայաստանում ստեղծվե՞լ են թուրքական ծագման ապրանք­ները փոխարինող նոր արտադրություններ» (նույն տեղում)։

Նախորդ օրինակում բերված սխալին ավելացել են ևս երկուսը։

Նախ՝ ճիշտ խնդրառությամբ կլինի՝ ապրանքներին փոխարինող․․․

Երկրորդ՝ ապրանքին կարող է փոխարինել ոչ թե արտադրությունը, այլ ապրանքը։

Նախադասությունը կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ Վերջին մեկ տարում Հայաս­տանում արտադրվե՞լ են թուրքական ծագմամբ ապրանք­ներին փոխարինող նոր ապ­րանքներ»։

«Եթե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո ․․․․ կար հստակ կոն­սեն­սուս, ապա այժմ տրամադրություններն այլ են» (նույն տեղում)։

Նշված օտար բառի հայերեն համարժեքներն են համաձայնություն, միակամություն բառերը։ Այստեղ նախընտրելի էր գործածել համաձայնություն-ը։

«Այն երկարաձգելու կամ չեղարկելու վերաբերյալ բուռն քննարկումներ են ընթանում իշխանության ներսում» (նույն տեղում)։

Քննարկումները չեն լինում վերաբերյալ։ Ճիշտ կլիներ գրել, օրինակ․ «Իշխանության ներսում բուռն քննարկում են այն երկարաձգելու կամ չեղարկելու հարցը», «Իշխանության ներսում ընթանում են այն երկարաձգելու կամ չեղարկելու հարցի բուռն քննարկումներ», «Իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում՝ այն երկա­րաձգել կամ չեղարկե՞լ, թե՞ ոչ»։

«․․․․ միջանցքը մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային կապվածությունն արտաքին շուկաների հետ բարձրացնելու համար» (««Հյուսիս–Հարավ». Հայաստանը՝ միջանցքային ուղիներում», 02․12․2021)։

Նշված բառի փոխարեն ճիշտ կլիներ գործածելի, օրինակ, ամրապնդել-ը․ «․․․․ մի­ջանցքը մեծ նշա­նա­կություն կարող է ունենալ արտաքին շուկաների (շուկայի) հետ Հայաստանի Հանրապետութ­յան տրանսպորտային կապվածությունն ամրապնդելու համար»։

Վերնագրում հարավ բառը պետք էր գրել փոքրատառով։

««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքը, որը ներկայումս գտնվում է շինա­­­րա­­րության ավարտական փուլում և պետք է Հայաստանի Հանրապետությունը կապի ․․․․» (նույն տեղում)։

Գտնվել բառը չպիտի գործածվեր։ Դրա իմաստն այսպիսի դեպքերում արտահայտում է «է» օժանդակ բայը։ Չպիտի գործածվեր նաև և-ը։

Նախա­դա­սութ­յունը պետք էր կազմել այսպես․ ««Հյուսիս-հարավ» ավտոճա­նա­պարհա­յին միջանցքը, որը ներկայումս շինարարության ավարտի փուլում է, պետք է Հայաս­տանի Հանրապետությունը կապի ․․․․» կամ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքը, որի շինարարությունը ներկայումս ավարտի փուլում է, պետք է Հայաստանի Հանրապետությունը կապի ․․․․»։

«Աշխատանքներ են տարվում Քաջարան-Ագարակ հատվածում ․․․․» (նույն տեղում)։

Այս սխալը, որն ամենից տարածվածներից է, մեր լեզու մտել է բառացի թարգմա­նութ­յան պատճառով։ Օտար լեզու­նե­րում աշխատանքը կարող է տարվել, բայց ճիշտ կլինի, որ մենք այն անենք, կատա­րենք։

«Այն երկրներն են, որոնք անմիջականորեն շահագրգռված են միջանցքի օգտա­գործման մեջ, սակայն չեն հանդիսանում ․․․․ համաձայնագրի կողմեր ․․․․» (նույն տեղում)։

Այստեղ նույնպես գործ ունենք օտար լեզվամտածողության հետ։ Հարկավոր էր գրել «շահագրգռված են միջանցքի օգտագործմամբ», ինչպես նույն հրապարակման այլ հատ­վածում։

      Հանդիսանալ-ը նույնպես մեր այն բառերից է, որոնք հաճախ գործածվում են օտար լեզուների ազդեցությամբ։ Այս օրինակում այն ավելորդ է, ինչպես անմիջականորեն-ը։

Նախադասությունը պետք էր կազմել այսպես․ «Այն երկրներն են, որոնք շահա­գրգռված են միջանցքի օգտագործ­մամբ, սակայն ․․․․ համաձայնագրի կողմեր չեն ․․․․»։

«News.am-ի լրագրողը ներկայացնում է այս տարի Հայաստան օդային ճանապարհով ժամանած և մեկնած անձանց թվերը ․․․.» («Միգրացիան ու գործազրկությունը Հայաս­տա­նում ․․․․», 03․12․2021):

Այստեղ Հայաստան բառին ժամանած-ի հետ կապվում է նաև մեկնած-ը, և դառնում է Հայաստան մեկնած, որը տվյալ խոսքաշարում ճիշտ չէ։

Սխալ է նաև «․․․․ ներկայացնում է ․․․․ անձանց թվերը» ձևակերպումը։

Կարելի էր գրել, օրինակ, այսպես․ «News.am-ի լրագրողը ներկայացնում է, թե այս տարի օդային ճանապարհով որքան անձ է ժամանել Հայաստան և որքան է Հայաս­տանից մեկնել ․․․.», «News.am-ի լրագրողը ներկայացնում է, թե այս տարի օդային ճանա­պարհով որքան մարդ է ժամանել Հայաստան և որքան է Հայաստանից մեկնել ․․․.», «News.am-ի լրագրողը ներկայացնում է, թե այս տարի օդային ճանապարհով ինչքան անձ է ժամանել Հայաստան և ինչքան է Հայաստանից մեկնել ․․․.», «News.am-ի լրագրողը ներկայացնում է, թե այս տարի օդային ճանապարհով ինչքան մարդ է ժամանել Հայաստան և ինչքան է Հայաստանից մեկնել ․․․.»:

«Իսկ ինչո՞ւ ադամանդագործական ընկերությունները չեն կարող առանց միջնորդի հումքի ձեռքբերում իրականացնել «Ալռոսա»-ի հետ .․․․» («Կառավարությունն ալմաստի ձեռքբերման միջնորդ ընկերություն է հիմնում», 09․12․021):

Իրականացման համաճարակ․ թերևս այսպես կարելի է երևույթը բնորոշել։ Իսկ այս կերպ շա­րու­նա­կելու դեպքում շուտով մենք այլևս ոչինչ ո՛չ կանենք, ո՛չ կկատարենք, ո՛չ կիրա­գոր­ծենք և միայն ու միայն կիրականացնենք, ինչպես տվյալ դեպքում հումքի ձեռք­բե­րումը։

Այս մասին թեև խոսվել է բազմիցս, Լեզվի կոմիտեն անգամ հրապարակել է հորդո­րակ[2], բայց այն տպավորությունն է, որ շատ լրագրողների լեզվին վերաբերող նյութերը չեն հե­տաքրքրում, այդ հրապարակումները նրանք չեն կարդում։

Տվյալ դեպքում այս սխալն իր հերթին պատճառ է դարձել մեկ այլ սխալի, որը նույնպես բերված օրինակում նշված է։

Նախադասությունը կարելի էր կազմել այսպես․ «Իսկ ինչո՞ւ ադամանդագործական ընկերությունները չեն կարող առանց միջնորդի հումք ձեռք բերել «Ալռոսայից» .․․․»։

                            Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

[1] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3oPILEm

[2] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3pMrAm7

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook