Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ.ԷՅԷՄ» ԿԱՅՔՈՒՄ ՆԿԱՏՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

«Արդեն 13 տարի Տավուշի մարզում հսկայական ծրագրեր իրականացրած ․․․․ հիմնադրամը ….» («Հայ֊ֆրանսիական «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ․․․․», 20.01.2022)։

Ճիշտ ձևակերպում չէ․ ծրագրերը չեն կարող լինել հսկայական։ Կարելի էր գրել, օրինակ․ «․․․․ մարզում մեծածավալ ծրագրեր իրականացրած ․․․․»։

 

«Մեր ջանքերը՝ աղետի ենթարկված երիտասարդին փրկելու ուղղությամբ, արդյունք չտվեցին» («Գյազբել-Արամազդի առեղծվածն ու խորհուրդը», 25․01․2022):

Նախադասությունը կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ «Մեր ջանքերը՝ փրկել աղետի ենթարկված երիտասարդին, արդյունք չտվեցին» կամ «Աղետի ենթարկված երիտասարդին փրկելու մեր ջանքերն արդյունք չտվեցին»։

 

«․․․․ բարձունքներից անասունները ժամանակին իջեցնում են ցածի հովիտներ, որտեղ անհամեմատ որոտ-կայծակի վտանգը շատ ավելի պակաս է» (նույն տեղում):

Պետք էր գործածել կա՛մ անհամեմատ-ը, կա՛մ շատ ավելի-ն․  «․․․․ բարձունք­նե­րից անասունները ժամանակին իջեցնում են ցածի հովիտներ, որտեղ որոտ-կայծակի վտան­գը շատ ավելի պակաս է»,  «․․․․ բարձունքներից անասունները ժամանակին իջեցնում են ցածի հովիտներ, որտեղ որոտ-կայծակի վտանգը անհամեմատ պակաս է»։

 

«Կարո՞ղ եք ավելի հաճելի ու բարձր ապրում պատկերացնել ….» (նույն տեղում):

Թերևս կարելի էր գործածել վեհ բառը․ «Կարո՞ղ եք ավելի հաճելի ու վեհ ապրում պատկերացնել ….»։

 

«Մոտ 100 մ երկարությամբ սողանքային հատվածը, որ գրունտային է, ամենաթե­թևակի տեղումներից հետո անգամ, հատկապես խոշոր բեռնատարների և կցորդով մեքենաների համար, դառնում է անանցանելի՝ ներքևից (Սատանի կամրջից) բարձրա­ցողների համար» («Շինուհայրի խաչմերուկ – Տաթև-Կապան վերաշինված մայրուղին ․․․․», 27․01․2022):

Տեղումները կարող են լինել, օրինակ, թույլ, բայց ոչ թեթևակի։

Պետք էր խուսափել համար բառի անհարկի կրկնությունից։

Ճիշտ չէ նաև կետադրությունը։

Նախադասությունը կարելի էր կազմել այսպես․ «Մոտ 100 մ երկարությամբ սողան­քային հատվածը, որ գրունտային է, թույլ տեղումներից հետո անգամ ներքևից (Սատանի կամրջից) բարձրա­ցող հատկապես խոշոր բեռնատարների և կցորդով մեքենաների համար դառնում է անանցանելի»։

     

«․․․․ Արկադի Ծատուրյանը խմբագրությանն ուղարկեց իր պատմվածքներից մեկը՝ «Անտառային հեքիաթ», ինչպես և ժողովրդական խաղիկների մի փունջ՝ իր կողմից հավաքած ու մշակած, որոնք էլ տեղ գտան պարբերականի նշված համարում» («Բանաստեղծ, արձակագիր Արկադի Ծատուրյանն այսօր կդառնար 85 տարեկան», 07․02․2022):

Նախ՝ պետք է լիներ․ «․․․․ Արկադի Ծատուրյանը խմբագրությանն ուղարկեց իր պատմվածքներից մեկը՝ «Անտառային հեքիաթ»-ը ․․․․» կամ «․․․․ Արկադի Ծատուր­յանը խմբագրությանն ուղարկեց իր պատմվածքներից մեկը՝ «Անտառային հեքիաթ» վերնագրով ․․․․»։

Երկրորդ՝ եթե գործածվում է կողմից կապը, ուրեմն նրան կապվող բայը պետք է լինի կրավորական ձևով։

Տվյալ դեպքում պետք է լիներ՝ «իր կողմից հավաքված և մշակված»։ Սակայն, ինչպես հաճախ նշվում է, ոճական նկատառումով հարկավոր է խուսափել կրա­վորական այսպիսի կառույցներն անհարկի գործածելուց։ Այստեղ ճիշտ կլիներ գրել․ «․․․․ Ար­կա­դի Ծա­տուրյանը խմբագրությանն ուղարկեց իր պատմվածքներից մեկը՝ «Անտառային հեքիաթ», ինչպես և իր հավաքած ու մշակած ժողովրդական խաղիկների մի փունջ ․․․․»։

 

«Հիմա էլ այդ մասին կարելի է լսել համաշխարհային աստղերի շուրթերից ու մեծ հե­ղի­նակություն վայելող հեղինակների կողմից» («Աշխարհահռչակ օսկարակիր ֆիլմում ․․․․», 10.02.2022):

Այստեղ էլ կողմից կապի անհարկի գործածության պատճառով դարձել է․ «․․․․ կարելի է լսել ․․․․ հեղինակների կողմից»։

Պետք էր պարզապես գրել․ «Հիմա էլ այդ մասին կարելի է լսել համաշխարհային աստղերի շուրթերից ու մեծ հե­ղի­նակություն վայելող հեղինակներից»։

 

«Արցախյան երրորդ պատերազմից հետո հայոց ազգային բանակի հետ կապված ամեն մի հարց ավելի սրտամոտ է դարձել յուրաքանչյուր սյունեցու համար» («Սյունիքում ձմեռային զորակոչը կազմակերպվել է պատշաճ մակարդակով», 09․02․2022)։

Համար բառի գործածությունն այստեղ ճիշտ չէ։ Կարելի էր չգործածել նաև մի-ն և նախադասությունը կազմել այսպես․ «Արցախյան երրորդ պատերազմից հետո հայոց ազգային բանակի հետ կապված ամեն հարց ավելի սրտամոտ է դարձել յուրաքանչյուր սյունեցու»։

 

      «Մամուլից տեղեկացանք, որ շուտով մեկնարկելու են վարժական հավաքները, որը կտևի մինչև հունիսի 1-ը» (նույն տեղում):

      Կա թվային անհամաձայնություն։

      Հարկավոր էր գրել․ «Մամուլից տեղեկացանք, որ շուտով մեկնարկելու են վարժական հավաքները, որոնք կտևեն մինչև հունիսի 1-ը»։

 

«Լենգդոնի խաղաղ կյանքը կարճ է տևում, մի օր նա արթնանում է Ֆլորենցիայում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ ուղեղի կաթվածով ու տեսիլքներով»  («Աշխարհահռչակ օսկարակիր ֆիլմում ․․․․», 10.02.2022):

Դարձյալ ճիշտ չէ ձևակերպումը․ լեզվական առումով հնարավոր չէ արթնանալ կաթվածով ու տեսիլքներով։ Ասելիքը հարկավոր էր շարադրել այլ ձևով։ Ընդ որում՝ ստորակետի փոխարեն պետք էր դնել միջակետ։

 

«Նա անցյալից ոչինչ չի հիշում ու դժվարությամբ է կարողանում անջատել իրակա­նությունը մղձավանջներից» (նույն տեղում):

Այստեղ նույնպես կա մտածական սխալ։

Կարելի էր շարադրել այսպես, օրինակ․ «Նա անցյալից ոչինչ չի հիշում ու դժվարութ­յամբ է կարողանում տարբերել իրակա­նությունը մղձավանջային պատրանքներից»։

 

«․․․․ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված միջոցառման ժամանակ դեսպան Զոհուրին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ հայ-իրանական հարաբերությունները ․․․․» («Իրանը՝ Հայաստանի արտաքին առևտրի 3-րդ խոշոր գործընկեր ․․․․», 10․02․2022):

Ցանկալի էր գրել․ «․․․․ միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել դեսպան Զոհուրին ․․․․»։

 

«Ի դեպ, Իրանն ու Հայաստանը չեն պատրաստվում կանգնել ձեռք բերված արդյունք­ների վրա և նախատեսում են առնվազն կրկնապատկել առևտրի ծավալները» (նույն տեղում):

Գուցե շարադրվեր այսպես․ «․․․․ չեն պատրաստվում բավարարվել ձեռք բերած արդյունք­ներով ․․․․» կամ «․․․․ չեն պատրաստվում բավարարվել ձեռք բերածով ․․․․»։

 

«Հայաստանը վերջապես կճեղքի կոմունիկացիոն շրջափակումը, իսկ Թուրքիայի ներկայությունը Արցախում որոշ իմաստով կկոմպենսացվի Իրանի ներկայությամբ Սյունիքում» («Իրանում վերջնական որոշում կա ․․․․», 10․02․2022):

Անհարկի գործածվել են օտար բառեր։

Պետք էր գրել, համապատասխանաբար, հաղորդակցություն և փոխհատուցում բառե­րը․ «․․․․ կճեղքի հաղորդակցական շրջափակումը, իսկ Թուրքիայի ներկայությունը ․․․․ կփոխհատուցվի Իրանի ներկայությամբ Սյունիքում ․․․․»։

 

«Ավելի ուշ՝ անցած նոյեմբերին, ադրբեջանական անցակետեր կարգվեցին Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին («Ձմեռը սյունիքյան ճանապարհներին՝ իրողություններ, խնդիրներ և, իհարկե, կառուցվող այլընտրանքային ճանապարհներ …․», 17.02.2022):

Անցակետերը չեն կարգվում։ Կարելի էր գրել՝ «անցակետեր տեղակայվեցին»։

Վերնագրում բութ նշանի փոխարեն ճիշտ կլիներ դնել միջակետ։

 

«․․․․ մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային պահպանությունը դժվարություններով է ընթանում» (նույն տեղում):

Պահպանությունն ընթացող բան չէ։ Հաջող չէ նաև ձմեռային պահպանություն ձևա­կերպումը։

Հարկավոր էր գրել, օրինակ․ «․․․․ մարզի տարածքով անցնող միջպետական և հանրա­պետական ճանապարհների պահպանությունը ձմռանը դժվարանում է»։

 

«Եվ ոչ միայն ձնազանգվածն է խոչընդոտում, այլ տեսանելիության գրեթե լիակատար բացակա­յությունը» (նույն տեղում):

Կան շաղկապներ, որոնք գործածվում են զույգերով, միասին։ Դրանցից են ոչ միայն ․․․․ այլև (ոչ միայն մենք, այլև դուք) կամ ոչ միայն …, այլ նաև (ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը), ոչ թե ․․․․ այլ (ոչ թե այսօր, այլ վաղը) զույգերը։

Նշված մյուս հատվածում ճիշտ չէ ձևակերպումը։ Պետք էր շարադրել այլ ձևով։

 

«Խորհրդային տարիներին, օրինակ, որքանով հիշում ենք, այդ հատվածում ․․․․» (նույն տեղում):

Հարկավոր էր գրել․ «․․․․ որքան հիշում ենք ․․․․»։

 

«․․․․ գլխավոր հոգսերից մեկը, որ համապե­տա­կան ու ռազմավարական նշանակութ­յուն ունի, ճանապարհային կանոնավոր հաղոր­դակցության ապահովումն է» (նույն տե­ղում):

Հոգսը նշանակություն չի ունենում։ Այստեղ նույնպես ասելիքը պետք էր շարադրել այլ կերպով։

 

«Եթե ավարտված են նախագծային աշխատանքները, ապա ի՞նչ հիմնական ցուցա­նիշներ կունենա ապագա մայրուղին» (նույն տեղում)։

Մայրուղին չի կարող ունենալ ցուցանիշ։ Նույն բնույթի սխալ է։

 

          Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

 

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook