Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՄՓՈՓԱԳԻՐ «168.ԷՅԷՄ» ԿԱՅՔԻ «ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆՈՒՄ ՆԿԱՏՎԱԾ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ

«․․․․ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավո­րութ­յուն․․․․» («Անհետ կորած զինծառայողների ընտանիքները 12 ամիս կշարունակեն աջակ­­ցութ­յան գումար ստանալ», 11․11․2021):

Պետք է լիներ՝ ընձեռելով։

Սխալ կա նաև վերնագրում։ Տվյալ դեպքում ընտանիքները շարունակելու որևէ բան չունեն։ Ճիշտ կլիներ գրել․ «Անհետ կորած զինծառայողների ընտանիքները 12 ամիս  կստանան աջակցության գումար»։

 

«Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617,430.0 հազար դրամ» (նույն տեղում):

Պարզ տրամաբանությամբ՝ հատկացումը կատարվելու է ոչ թե պետբյուջեի միջոց­ների հաշվին, այլ պետբյուջեից // պետբյուջեի միջոցներից։

 

«Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 72 հազար 104 մարդ» «․․․․ ախտահարման հե­տևանք­ներից մահացածների թիվը այս երկրում կազմել է 461 հազար 849 մարդ» («COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում ․․․․», 12․11․2021):

      Ոճական առումով ի վեր-ը տվյալ խոսքաշարին հարիր չէ։ Այն չպիտի գործածվեր, իսկ COVID-ը պիտի տառադարձվեր, ինչպես կայքի այլ նյութերում։ Բացի այս՝ թիվը չի կարող հասնել մարդու կամ կազմել մարդ։

Հարկավոր էր գրել, օրինակ․ «Վիրուսի տարածման սկզբից մինչ օրս ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 մի­լիոն 72 հա­զար 104-ի», «․․․․ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը այս երկրում կազ­մել է 461 հազար 849»։

 

«COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան» (նույն տեղում):

Երկրները թվի մեջ մտնել չեն կարող։ Ինչպես տեսնում ենք, կայքն ունի թիվ բառի գործածության հետ կապված խնդիր­։

Ճիշտ կլիներ գրել․ «ՔՈՎԻԴ-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներն են // երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան» կամ «ՔՈՎԻԴ-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների շարքում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան»։

 

«Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգ­ները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 798 հազար 31 COVID-19-ով ախ­տա­հարված ․․․․» (նույն տեղում):

Տարածված սխալ է։

Առաջատար բառն ունի դրական «երանգ»։ Վարակվելն ու մահանալն այնպիսի բան չեն, որ այդ «ասպարեզում» լինեն առաջա­տարներ ու հետնապահներ։ Իսկ թե ի՛նչ է նշանակում միագումար հայտնաբերվել-ը, դժվար է ասել։

Նախադասությունը պետք էր շարադրել այլ ձևով։

 

«Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրա­զիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է ․․․․» (նույն տեղում):

Թեև այստեղ նույնպես շարադրանքի ոճը «սպորտային» է, բայց անգամ այդ պարա­գայում հորիզոնականում գտնվել-ը ճիշտ չէ։ Նախադասությունը կարելի էր կազմել այսպես․ «Աշխարհում ախտահար­ված­ների թվով երրորդ հորիզոնականում Բրա­զիլիան է ․․․․» կամ, գերադասելի տարբերակով, «Աշխարհում ախտահար­ված­ների թվով երրորդը Բրա­զիլիան է ․․․․»։

 

      «ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2338, Հնդկաստանում՝ 331, Բրազի­լիայում՝ 2843 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը» (նույն տեղում):

Սխալ լեզվատրամաբանությամբ կազմված նախադասություն է։ Կա նաև կետա­դրա­կան ան­ճշտություն։ Հարկավոր էր գրել, օրինակ․ «ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչից մահացել է 2338-ը, Հնդկաս­տանում՝ 331-ը, Բրազի­լիայում՝ 2843-ը»,­­­­ հաղորդել է «Ինտերֆաքս»-ը»։

 

«․․․․ մեզ հասկացնել տվեց՝ ժամերն ու օրերը առանց մեկս մյուսի ․․․․» («Ժա­մա­նակակից սեր ․․․․», 14.11.2021):

Բայական ացն, եցն, ցն ածանցներն ունեցող բառերի մեջ տալ բայի իմաստն արդեն իսկ կա։ Պետք էր կա՛մ գրել՝ հասկանալ տվեց, կա՛մ հասկացրեց։

 

«Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում» («Սպանություն Երևա­­նում», 15․11․2021):

    Տեղի ունենալ-ը մեր խոսքում այնքան է ընդլայնել իր «լիազորությունները», որ արդեն տե­­­­­­­ղի են ունենում անգամ գրպանահատության դեպքերը, կրակոցները, սպա­նութ­յուն­ները․․․

Այստեղ կարելի էր գրել․ «Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է կատարվել Երևա­նում»։

 

«Կրկին ակտիվացել են որոշ շրջանակներ, որոնք գուժում են աշխարհի վախճանի և Տիրոջ երկրորդ գալստյան մասին» («Կրկին ակտիվացել են ․․․․», 15․11․2021):

Համոզված ենք, որ սխալն անփութության հետևանք է։ Ըստ շարադրանքի՝ Տիրոջ գալստյան մասին ասվածը նույնպես գույժ է։

Նախադասությունը պետք էր շարադրել այլ ձևով։

 

      «Հարցին՝ կարո՞ղ է իրադարձությունների ընթացքն այնպես զարգանալ, որ սա տա­նի սեփականության վերաբաշխման ․․․․» («Երկիրը՝ կիսապատերազմական, տնտե­սա­կան ծանր իրավիճակում ․․․․», 15.11.2021):

Ընթացքը զարգանալ չի կարող։ Նախադասությունը կարելի էր ճիշտ շարադրել մի քանի տարբերակով։ Օրինակ․ «Հարցին՝ կարո՞ղ են իրադար­ձություններն այնպես զարգանալ, որ ․․․․», «Հարցին՝ կարո՞ղ են իրադարձություններն այնպիսի ընթացք ունենալ, որ ․․․․», «Հարցին՝ կարո՞ղ են իրադարձություններն այնպես ընթանալ, որ ․․․․»։

 

«Վերջինս տարակուսեց, որ ․․․․ նման պայմաններում պետության առջև ներկայաց­ված է 3.5 միլիարդ դրամի գումարային պահանջ» (նույն տեղում):

Նախադասությունը կարող ենք ուղղել՝ հանելով ավելորդ բառերը․ «Վերջինս տարա­կու­սեց, որ ․․․․ նման պայմաններում պետությանը ներկայաց­ված է 3.5 միլիարդ դրամի պահանջ»:

 

«Ի դեպ, Նարեկ Ալոյանը չի հանդիսանում Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտ­պանը ․․․․» (նույն տեղում), «Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ ․․․․» («ՄՊՀ-ն հորդորում է ․․․․», 19.11.2021):

Հանդիսանալ-ը նույնպես մեր այն բառերից է, որ հաճախ գործածվում է անհարկի։ Այս օրինակներում հանդիսանալու կամ չհանդիսանալու հարց չկա։ Այն չպիտի գոր­ծածվեր։ Նրա ամբողջ իմաստը նման դեպքերում արտահայտում է «է» օժանդակ բայը։

Նախադասությունները հարկավոր էր կազմել այսպես․ «Ի դեպ, Նարեկ Ալոյանը Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտ­պանը չէ ․․․․», «Հանձնաժողովը ևս մեկ անգամ հի­շեց­­նում է, որ նշված բոլոր գործողությունները անբարեխիղճ մրցակցության դրսևո­րում­­ներ են ․․․․»։

 

«Հայաստանում ընթացիկ տարում ․․․․ թունավորման կամ աղիքային վարակների 9 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 235 մարդ» («ՀՀ-ում այս տարի սննդային թունավորման ․․․․», 16․11․2021):

Ըստ գրվածի՝ մարդիկ տուժել են վարակների դեպքերը գրանցելու ժամանակ։ Հասկանալի է, որ ասե­լիքը ձևակերպվել է սխալ։ Միտքը ճիշտ կարելի էր արտահայտել, օրինակ,  այսպես․ «Հա­յաս­տանում ընթացիկ տարում ․․․․ գրանցվել է թունավորման կամ աղիքային վարակ­ների 9 դեպք տուժել է 235 մարդ»։

 

«․․․․ հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյու­սի­սային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոց­ների վրա և «Տաշիր» առևտրի կետում գործող մասնաճյուղերի» («Հոսպիտա­լացված քաղա­քա­ցիները դուրս են գրվել հիվանդանոցից», 16․11․2021):

Պողոտաների դեպքում հեղինակը ճիշտ է, փողոցների դեպքում՝ սխալ․․․

Մեր լեզվա­մտա­ծո­ղութ­յամբ՝ խանութը, դպրոցը, բնակելի շենքը (և այլն) ոչ թե փողոցի վրա են լինում, այլ փողոցում։

Քանի որ Փեթակ-ը տվյալ առևտրի կենտրոնին տրված պայմանական անուն է, ուստի ինչպես Տաշիր-ը, նույնպես պետք էր առնել չակերտների մեջ։

Հարկավոր էր գրել․ «․․․․ հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց («Փեթակի» մոտ) փողոց­ներում և «Տաշիր» առևտրի կետում գործող մասնաճյուղերի»։

 

«Նրանք տարակուսած էին՝ տնօրենը չի կարող միայնակ իրականացնել ուսումնա­դաս­տիարակչական աշխատանքների պատշաճ վերահսկողություն՝ հատկապես մեծ աշակեր­տաքանակ ունեցող դպրոցներում» («Դպրոցներին խաբել են ․․․․», 17.11.2021):

Նոր բառեր, իհարկե, կարելի է ստեղծել, բայց չենք կարծում, թե այս դեպքում դա հաջողվել է։

Իրականացնել բառի գործածության չարաշահման մասին Լեզվի կոմիտեն խոսել է բազմիցս։ (Առաջարկում ենք այդ մասին կարդալ հրապարակված հորդորակում[1]): Այս­տեղ ճիշտ կլիներ այդ բառը չգրել։

Կան նաև կետադրական սխալներ։

Նախադասությունը կարելի էր կազմել, օրինակ, այսպես․ «Նրանք տարակուսած էին․ տնօրենը չի կարող ուսումնա­դաս­տիարակչական աշխատանքները միայնակ պատշաճ վերահսկել հատկապես՝ շատ աշակերտներ ունեցող դպրոցներում» կամ «Նրանք տա­րա­կուսած էին․ տնօրենը չի կարող ուսումնա­դաս­տիարակչական աշխատանքները միայնակ պատշաճ վերահսկել, հատկապես՝ մեծ թվով աշակերտներ ունեցող դպրոց­ներում»։

 

«Դպրոցում իրականացվող գործառույթները մեծածավալ են, և այդ աշխատանքները միայնակ համակարգել հնարավոր չէ» (նույն տեղում), «Լաբորատոր հետա­զո­տութ­յունների նպատակով իրականացվել է լվացուկների ․․․․ խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում» («Երևանի հասարակական սննդի կազմակերպություններից երկուսում ․․․․», 23․11․2021)։

Ճիշտ կլիներ, որ գործառույթները լինեին ոչ թե մեծա­ծավալ, այլ, օրի­­նակ, շատ։

Գուցե վրիպակ է, բայց կա նաև ուղղագրական անճշտություն։ Պետք էր գրել՝ լվացուք։

Իրականացնել բառի անհարկի գործածության մասին նախորդ օրինակում ասվեց։ Այստեղ նույնպես այդպիսի դեպք է։

Նախադասությունները կարելի էր ձևակերպել այսպես․ «Դպրոցի գործառույթները շատ են, և աշխատանքները միայնակ համակարգել հնարավոր չէ» (կամ` «Դպրոցի գործառույթ­ներն այնքան շատ են, որ աշխատանքները միայնակ համակարգել հնարա­վոր չէ»), «Լաբորատոր հետա­զո­տութ­յունների նպատակով կատարվել է լվացուք­ների ․․․․ խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում»։

 

«․․․․ փոփոխությունները ՌԴ առողջապահության նախարարությունը մտցրել է ․․․․ նոյեմ­բերի 18-ին հրապարակված 13-րդ տարբերակում» («ՌԴ առողջապահության նախարա­րությունը ․․․․», 19.11.2021):

Սա էլ օրինակ է օտար լեզվի ազդեցությամբ տարածված սխալի։

Մենք փոփոխությունները ոչ թե մտցնում ենք, այլ անում, կատարում։

Պետք էր գրել․ «․․․․ փոփոխությունները ՌԴ առողջապահության նախարա­րությունն արել է ․․․․ նոյեմբերի 18-ին հրապարակված 13-րդ տարբերակում ․․․․»։

 

«Պատերազմի երկրորդ օրը «Տոնոյան» ԲԿ-ի անձնակազմի մեծ մասն արդեն ռազ­մա­­ճակատում էին» («Որովայնի ծանր վնասվածք ստացած զինվորը ․․․․», 20․11․2021):

 

Ըստ Տերմինաբանական կոմիտեի որոշման՝ հատկացուցչի պաշտոնում կիրառվող այն տառային հապավումները, որոնց բաղադրիչ տառերն արտասանվում են առանձին-առանձին, գրվում են ուղիղ ձևով՝ առանց հոլովական վերջավորության։ Հարկավոր էր գրել՝ ԲԿ անձնակազմի։

Քանի որ մեծ մասը  կապակցությունը քերականորեն եզա­կի է, պա­հանջում է եզակի թվով ստորոգյալ։ Պետք էր գրել․ «․․․․ մեծ մասն արդեն ․․․․ ռազմա­ճակատում էր»։

 

«Առաջիկա ամիսներին ․․․․ երկրի բնակիչները պատվաստում անցնելու հրավեր կստա­նան փոստով» («Բելգիայի բոլոր բնակիչները ․․․․», 11․11․2021):

Պատվաստումն անցնելու բան չէ։ Պետք էր պարզապես գրել․ «․․․․ երկրի բնակիչները պատվաստվելու հրավեր կստանան փոստով»։

 

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումն անցկացվում է ՌԴ-ի բոլոր տարածա­շրջան­ներում» («Գինցբուրգը գնահատել է ․․․․», 22․11․2021):

Նույն բնույթի սխալներ են։ Հարկավոր էր գրել, օրինակ․ «Կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարվում է ՌԴ բոլոր տարածա­շրջաններում»։

 

                   Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝

Գուրգեն Միքայելյան

 

[1] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3FA8h5Z

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook