Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Այլք-ի, այլոց-ի եվ այլոք-ի մասին

Արդյո՞ք ճիշտ են կազմված այլք, այլոց, այլոք բառերը։

Պատասխանենք կարճ՝ առաջին երկուսը՝ այո՛, երրորդը՝ ո՛չ։

Այլքայլ-ի հոգնակին է, որ նշանակում է ուրիշներ։ Այլոց-ը ունի նույն իմաստը, ինչ որ ուրիշների, ուրիշներին բառաձևերը։

Այլք-ը և այլոց-ը գրաբարյան ձևեր են, որոնք այսօր էլ կենսունակ են և բավական հաճախ գործածելի։

Այլ է վերջին օրինակի՝ այլոք-ի պարագան։ Այսպիսի բառաձև չի եղել ու չկա։ Լեզուն վատ իմացող ինչ-որ մեկն այն գործածել է, և ուրիշներն էլ տարածել են՝ կարծելով, թե դա նույնպես գալիս է հնուց։

Ցավոք, այս սխալը նույնպես հանդիպում է հաճախ, թեև դրա մասին խոսվում է ոչ հազվադեպ։ Ահա մի քանի օրինակ․

«Պաշտպանության նախարարը, ԵԿՄ նախագահը և այլոք այցելել են Եռաբլուր»։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ․․․․ Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել»։

«Լուիզա Ղամբարյանը, Լենա Ղազարյանը և այլոք՝ «Դու չտխրես» նոր հոլովակում»։

Ոմանց հավանաբար թվում է, թե այլոք-ը նշանակում է այլ անձինք։ Թերևս սա է պատճառը, որ կազմվում է անգամ այսպիսի նախադասություն․

«Շուրջ 400 լրագրողներ ենթարկվել են հարձակման, և 130 այլոք բերման են ենթարկվել»:

Նշենք, որ հաճախ է գործածվում նաև գրաբարյան այլ ոք, որ նշանակում է այլ անձ, մեկ ուրիշը։ Սա շփոթության տեղիք թող չտա։

Իհարկե, չպետք է նաև կարծել, թե ամեն բան տեղը կընկնի, եթե սխալը վերացնելու համար այլոք-ը բոլոր դեպքերում փոխարինենք այլք-ով։ Օրինակ՝ այս նախադասություններում․

«Մի շարք ընտրողների փոխարեն այլոք են քվեարկել»։

«Նա բացահայտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք միայն բանաձև են գտնում»։

Ամեն բառ ունի իր գործածության ոլորտը․ այս հանգամանքը պետք է նկատի ունենալ միշտ։

Բերված վերջին նախադասություններում այլոք-ի փոխարեն կարելի էր գրել, օրինակ՝ ուրիշներն (այլ անձինք) են քվեարկել ուրիշները միայն բանաձև են գտնում։

Անշուշտ, ուրիշ շատ դեպքերում այլոք-ի փոխարեն ազատորեն կարելի է գործածել այլք-ը, և, օրինակ, ոչ թե ասել․ «Հանդիսությանը մասնակցում էին մտավորականներ, գիտնականներ և այլոք», այլ «Հանդիսությանը մասնակցում էին մտավորականներ, գիտնականներ և այլք»։ Ոչ թե՝ «Դա գրել են մեր գրողները, պատմիչները, գրիչները և այլոք», այլ «Դա գրել են մեր գրողները, պատմիչները, գրիչները և այլք»։

 

Գուրգեն Միքայելյան

#հայերեն #հայոցլեզու
Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։ 👇

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-21/

Ուղղագրության կանոններն իմանալը չափազանց կարևոր է։

Խաղա՞նք 👉https://cutt.ly/VbSOc3U

Որպես լոքեր օտար բառի հայերեն համարժեք շրջանառվում է երկու տարբերակ։

Հստակեցնելու համար առաջարկում ենք քվեարկություն․ ի՞նչ եք կարծում որպես լոքերի համարժեք պահատո՞ւփ, թե՞ պահախցիկ բառն է ավելի ճիշտ գործածել:⤵️
https://cutt.ly/wbbrYX4

Ավելին