Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Այն ի՞նչն է, ի՞նչը․ լողում է, ձուկ չէ․․․

Ողջո՛ւյն, իմ փոքրի՛կ ընկեր։ Ուզում եմ քեզ երազս պատմել։

Ծովում մի կղզի կար, կղզու վրա՝ շատրվան։ Ես նստել էի այդ շատրվանի տակ, ու ջրի սառնությունը հաճելի էր։ Հանկարծ զգացի, որ կղզին շարժվում է։ Ես կղզու հետ միասին լողում էի ծովում։ Ոնց որ նավ նստած լինեի։ Մեկ էլ իմ կղզին ժպտալով նայեց ինձ։ Պարզվեց՝ նստել եմ դելֆինի մեջքին։

Արթնացա ու հասկացա, որ շոգի պատճառով եմ այդ երազը տեսել։ Այլևս չկարողացա քնել։

Հաջորդ օրը մայրիկիս խնդրեցի պատմել դելֆինների մասին։ Ամենազարմանալի բանը, որ իմացա, այն էր, որ դելֆինները ձուկ չեն, այլ ջրային կաթնասուն։ Գիտե՞ս, թե ի՛նչ է նշանակում կաթնասուն։ Նշանակում է «կաթով սնվող» ու «կաթով սնող»։ Դելֆիններն իրենց ձագերին կաթ են տալիս, ինչպես մյուս կաթնասունները՝ կովը, շունը։ Մի քանիսին էլ դո՛ւ հիշիր։ Ճի՛շտ ես, նաև խոզը, առյուծը, կապիկը։ Կաթնասուն կենդանիները շատ-շատ են։ Միայն թե դելֆինները ոչ թե ցամաքում են ապրում, այլ ջրում։

Կետի մասին լսե՞լ ես։ Այն փոքրիկ կետը չէ, որ կարող ես մատիտով նկարել։ Իմ ասած կետը իսկական ջրային հսկա է։ Նա նույնպես կաթնասուն է։ Դելֆիններն ու կետերը մոտ ազգականներ են․ նրանք ձկների պես ջրում շնչել չեն կարող, որովհետև խռիկներ չունեն։ Զարմանալի՞ բառ է։ Կրկնի՛ր՝ խը-ռիկ։ Խռիկները ձկան թոքերն են։

Դելֆիններն ու կետերը մարդու նման թոքերով են շնչում։ Անընդհատ ջրից դուրս են ցատկում ու թթվածին են վերցնում։ Նրանց «քթանցքերը» մեջքի վրա են։ Շնչելիս այդ անցքերից ջուր են դուրս մղում։ Սիրուն տեսարան է, ոնց որ շատրվան լինի։ Այո՛, հենց այդ շատրվանի տակ էի ես հովանում։

Ափսո՜ս երազ էր։

Ասում են՝ դելֆինները ձիուց խելացի են, շնից՝ հավատարիմ։ Նրանց ծնոտն այնպիսին է․․․․ Ի՞նչ, դու չգիտես, թե ինչ է ծնո՞տը։ Ծնոտը դունչն է։ Կենդանիների ծնոտին նաև մռութ են ասում։ Երբ նայում ես դելիֆինի ծնոտին, թվում է՝ անընդհատ ժպտում է։ Հավանաբար այդպես էլ կա։ Նրանք երեխաների պես են․ ուրախ են ու խաղալ են սիրում։

Մի բան էլ իմացա դելֆինների մասին․ նրանք շատ են սիրում մարդկանց, բայց ամենից շատ սիրում են երեխաներին։ Հիմա հասկացա, թե ես երազումս ինչո՛ւ եմ հենց դելֆին տեսել։

Երազիկ Գրիգորյան