Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Անահիտ» մուլտֆիմի լեզվական սխալները

Հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմում չարի ու բարու կռիվն է, արհեստների,  հայրենասիրության գովքը: Բայց մուլտֆիլմի լեզվական պատկերը փոշիացնում է ներկայացված արժեքները:

Լսենք մուլտֆիլմի հերոսներին:

ԱՆԴՈԿ (Անահիտի ձին)

Այս ձին աչքի է ընկնում «լեզուների իմացությամբ»: Ձիու կերպավորման համար մուլտաշխարհը միլիոնավոր հնարքներ ունի: Անդոկի համար ընտրվել է օտար բառերի հեղեղ թափելը` ինչ-որ տհաճ, ոչ մուլտֆիլմային ոճով: «Ի՞նչ կա որ, սյուրպրիզ ա», «Վայ, ես մեռա, իսծերիկա»: Եթե Անդոկն առաջին օտար բառի փոխարեն ասեր անակնկալ, երկրորդի փոխարեն` չեմ դիմանում, հիմա կուշաթափվեմ և այլն, երեխաներին պակաս դուր չէր գա, քիչ չէր հետաքրքրի:

«Էդ պռակատից աման-չաման ա»: Այն, որ այս հեքիաթի նկարագրած ժամանակաշրջանում նման ծառայություն չի եղել` իր հերթին: Նաև` այդ ծառայությունը հայերեն վարձույթ-ն է (վարձույթով):

Անդոկ ձին տեղի-անտեղի լատիներեն է խոսում. homo homini lupus est (մարդը մարդուն գայլ է), post scriptum (հետգրություն), terra incognita (անհայտ երկիր), mea culpa (իմ մեղքը) և այլն: Սցենարային տեքստի հետ կապ չունեցող այս արտահայտությունները գործածելու իմաստը այդպես էլ անհայտ է մնում:

«Գնաց կաշը»: Այս տեսակ արտահայտությունը մանկական մշակույթի դռներին անգամ չպիտի մոտենար: Եվ, չգիտես ինչու, այս խոսքից հետո ձին երգում է` Բարսելոնա՜:  

«Յիս էն Անդոկսին ձին չիմ, վուր ավզի վրա հիմնանանամ»: Մուլտֆիլմի ստեղծագործական անձնակազմը Սայաթ-Նովայից նույնպես «անմասն չի մնացել»: «Թամամ աշխարհի» մեջ Սայաթ-Նովան իրեն Սայաթ-Նովասի է անվանում: Այստեղ էլ Անդոկ ձին է երգում «Թամամ աշխարհը»` վերևում նշված ձևով: Վերջում էլ հիմնանամ-ը (հենվեմ, հիմնվեմ) դարձնում է հիմնանանամ:

ՍԵՐՈԲ (արքայի խնամարկու)

«Ու հլը ուզում ես գնալ մենակո՞վ: / Մարդիկ են կորչում օրը ցերեկով»: Առաջին նշումը բարբառային խոսքին է հատուկ, մինչդեռ ֆիլմում Սերոբը, որպես բարձր, արքունական խոսքի կրող, Վաչագանի հետ չափածո է խոսում ու նույնն էլ նրանից է պահանջում: Ուրեմն պալատական Սերբը հլը չպիտի ասեր, այլ պիտի ասեր` դեռ: Երկրորդ նշումն արդեն կոպիտ լեզվական սխալ է, որ հավանաբար հանգավորման համար է թույլ է տրվել: Կարելի էր այս բառը գործածել ճիշտ` մենակ, հաջորդ միտքն էլ միանգամայն հնարավոր էր հանգավորված արտահայտել:

ԱԶԱՐ (արքայի հորեղբայրը)

«Էս ո՞նց էսքան արագ հայտնվիր»: Սա ցածր խոսքին հատուկ բառ է, մինչդեռ խոսողը պալատական է: Պալատականն անպայման կասեր` հայտնվեցիր:

«К чертовой бабушке»: Այս ռուսերեն արտահայտությանը փոխարինող բազմաթիվ հայերեն արտահայտություններ կան` գրողի ծոցը, սատանան քեզ հետ և այլն:

«Կարևորը ինձ չքաշես (այսինքն` վատ վիճակի մեջ չգցես): Դե փախար դու այստեղից»: Այսպես պալատական Ազարը ներկայացնում է փողոցային խոսվածք, և այն էլ ոչ թե Վաչագան արքայի ժամանակաշրջանի, այլ այսօրվա: Այս տեսակ խոսքի մեջ, արդեն, ականջ ծակողը գրական այստեղից-ն է: Հանցանք է երեխաներին այսպիսի հայերեն ներկայացնելը:

«Գահասենյակում դարերով ի վեր / Երբեք չեն դրվել ավելորդ իրեր»: Կա՛մ տեքստի հեղինակը չգիտի, որ ճիշտը դարեր ի վեր-ն է, կա՛մ չափածո խոսքի տողաչափին տուրք է տվել` հայերենի հաշվին:   

ՎԱՉԱԳԱՆ (արքա)

«Արագացրա, Սերոբ»: Մուլտֆիլմի գլխավոր հերոս Վաչագան արքան, որ կրթված, դաստիարակված է ու օտար լեզուներ գիտի, էկրանից այսպիսի հայերեն է սովորեցնում դեռահասին: Այստեղ հանգ ու վանկի խնդիր չկա, ու ոչինչ չէր խանգարի ասել` «արագացրու»:

«По коням»,-կոչ է անում Վաչագան արքան: Եթե նա տեղ-տեղ  «ռուսախոս» չլիներ, կասեր` դեպի նժույգները կամ ձի հեծնեք (հեծնենք):

«Սերոբ, ընկել ես հողի՞ն»,- այսպես է ասում Վաչագանը` Սերոբին գետնին ընկած տեսնելով: Այսպիսի շինծու հայերեն է ներկայացվում հանուն հանգավորման (Սերոբը պատասխանում է. «Ես աչքիս հանձնվեմ դողին»), և սա ներկայացվում է իբրև լեզվական բարձր մշակույթ:

«Այդ ի՞նչ էր` գա՞յլ էր, գազա՞ն, կենդանի՞»: Ստացվում է` գայլը ո՛չ գազան է, ո՛չ կենդանի, գազանն էլ ո՛չ գայլ է, ո՛չ կենդանի… Կատարյալ լեզվական անտրամաբանություն:

Լուսանկարը՝ «Անահիտ» մուլտֆիլմից։

ԶԱՆԳԻ (շուն)

«Ուրեմն լսեք, բանը նրանում ա»: Ռուսերեն дело в том-ի պատճենումն այն կոպիտ լեզվական սխալներից է, որ տարածվելով` փորձում է նեղացնել  գեղեցիկ ու ճիշտ բանն այն է-ի տեղը:

«Է՜, ձյաձ Սերոբ, ինչի՞ց ես խաբար»: Հայերենի, ռուսերենի ու թուրքերենի մի խառնուրդ է սա: Խոսքի բնականությունն ամենևին չէր տուժի, եթե Անդոկն ասեր. «Է՜, քեռի Սերոբ (Սերոբ քեռի) ինչի՞ց ես տեղյակ»: 

ԲԱՐԻ ԾԵՐՈՒՆԻ

«Դո՞ւ ինչ ես կանգնել, кузнец»: Այս իմաստունը նույնպես մասնակից է մուլտֆիլմի խառնալեզվությանը: Այսպես է նա դիմում դարբնին: Բայց չմոռանանք, որ Աղայանի ու կարծես նաև այս մուլտֆիլմի հիմնական ուղերձը արհեստի գովքն է, իսկ դարբնին հեգնորեն кузнец ասողն, ահա, մուլտֆիլմի բարի, իմաստուն ծերունին է:

Հայ հեքիաթագրության դասական Ղազարոս Աղայանը Թումանյանին գրած իր նամակներից մեկում սրտի ցավով պատմում է, թե ինչ հեշտությամբ է մեր ժողովուրդը մոռանում իր հին զրույցները, հիշելիս էլ պատահում է` աղավաղում է դրանք: Աղայանը խիստ կարևոր, հրատապ էր համարում բանավոր մաքուր ակունքից վերցրածը գրի միջոցով նույնքան մաքուր պահպանելն ու սերունդներին փոխանցելը:

Մենք առանց այն էլ քիչ բան ենք անում մեր երեխաների համար: Նրանք մեծանում են հիմնականում օտար մշակութից սնվելով: Գոնե ստեղծված հնարավորության պայմաններում պիտի ջանանք մշակույթի մաքուր ջուրը մատուցել նրանց: Աղայանի «Անահիտ» հեքիաթը այդ մաքուր ջրի մի կաթիլն է, որ այսպես անխնա պղտորել են:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է  «Եթեր»  շաբաթաթերթի  02․08․2018-ի համարում։
Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին