Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Անկոտրում սխալներ

Հանրային խոսքն ուսումնասիրելիս Լեզվի կոմիտեի ուշադրության կենտրոնում ի սկզբանե եղել ու մնում են զանգվածային լրատվամիջոցները՝ որպես հայոց լեզվի ամենագործուն, լավ ու վատ խոսքն ամենից արագ տարածող «օգտատերեր»: Ժամանակին բավական լեզվական սխալներ ընկրկել էին մեր կազմած «սխալների ամփոփագրերի», խմբագրություններում անդադար հնչող հեռախոսազանգերի ու լրագրողական հոդվածների դեմ: Շատերը կհիշեն, որ տպագիր մամուլը բավական մաքրվել էր լեզվական սխալներից, իսկ եթերը՝ նաև հին՝ ռուսական և նոր՝ ամերիկյան առոգանությամբ հայերենից: Բայց ահա մշտական գրանցմամբ մեր կյանք մտած էլեկտրոնային մամուլը լեզվի հարցում գործեց արագ սննդի կետերի տրամաբանությամբ:

Համացանցը սխալների մեծ հոսք բերեց: Դրանց կանդրադառնանք առաջիկայում, իսկ այժմ խոսենք այն լեզվական ձևերի մասին, որոնք եղել են թղթի մամուլի, գուցե մագաղաթի տիրապետության ժամանակներում ու դեռ պահպանում են իրենց անզիջում, սխալական գոյությունը:    

Հայկական եթերն ու մամուլը համառորեն չի լքում մտահաղացում բառը: Այս սխալը քննարկվել է Լեզվի կոմիտեի բազմաթիվ ամփոփագրերում, անդադար գրվել ու խոսվել է սրա մասին: Խոսենք մի անգամ ևս: Միտք և հղանալ (այստեղ նշանակում է` ծագել, ծնվել, առաջանալ) բառերը ա հոդակապի հետ կազմում են մտահղացում բառը: Հիշենք, որ հայերենում հաղանալ (հաղացում) բառ չկա: Այստեղ առկա չէ իմաստի թյուրըմբռնում, այս բառը գործածում են միշտ տեղին, բայց շատ հաճախ՝ վերևում նշված սխալ ձևով:   

Բանն այն է,-ասում և գրում են լրատվամիջոցները, եթե ճիշտ են խոսում հայերեն: Բայց ահա շատերը ռուսերեն дело в том-ը «պատճենիչով թարգմանում են» ու  «բանն այն է»-ն դառնում է բանը  նրանում է: Այս արտահայտությունն անընդհատ կարելի է լսել հեռուստահաղորդումներում, կարդալ մամուլում: Բանն այն է, որ այն  անխնա քննադատվել է, բայց շարունակում է գոյատևել:

Ինչպե՞ս է անունդ: Ուզում ես պատասխանել. «Լավ է, ոչինչ»: Դեռ քանի՞ տարի ի՞նչ է անունդ/անունդ ի՞նչ է հարցը պիտի հնչի սխալ ձևակերպմամբ: Այս չարչրկված սխալը հանդիպում է ամենուրեք, անգամ գեղարվեստական ֆիլմերում, և դա ներելի չէ:    

Քանիցս խոսել ենք հիշեցնել տալ,  մոռացնել տվեց, աշխատացնել տուր և այլ արտահայտությունների մասին, բայց այս սխալը նույնպես շարունակում է իր գոյությունը: Ացն, եցն պատճառական  ածանցները չեն կարող գործածվել տալ բայի հետ, քանի որ նրանք նույն նշանակությունն ունեն: Հիշել տալ-ը հենց հիշեցնել-ն է, և պետք չէ ասել հիշեցնել տալ: Այդպես և մյուս  դեպքերը. ճիշտ է՝ մոռացրեց կամ մոռանալ տվեց, աշխատեցրո՛ւ կամ աշխատե՛լ տուր և այլն:

Կրկին անգամ: Այս սխալը վերլուծել ենք հազար անգամ: Կանդրադառնանք ևս մեկ անգամ: Կանդրադառնանք կրկին, բայց ո՛չ կրկին անգամ, քանի որ կրկին նշանակում է ևս մեկ անգամ: Անգամ-ի իմաստը կա կրկին բառի մեջ, և հարկ չկա այն ավելորդ կրկնել:

Շատերը համառորեն ամսական բառի փոխարեն գրում ու ասում են ամսեկան, օրական-ի փոխարեն՝ օրեկան: Մեղավորը տարեկան բառն է: Նրա նմանողությամբ են նախորդ երկուսը սխալ կիրառվում: Բանն այն է, որ այս դեպքում բառավերջի իական ածանցին հանդիպելով (տարի+ական) հնչյունափոխվում է ե-ի: Իսկ ահա ամիս և օր բառերի դեպքում դա տեղի չի ունենում, ուստի ճիշտ է գրել և ասել ամսականօրական

Գեղեցիկ են գրաբարից եկած ի նախդիրով ձևերը՝ ի վերուստ, ի գիտություն, ի հեճուկս: Այս նախդիրը հաճախ վերագրվում է շնորհիվ բառին, երբ այն նախադասության մեջ առաջադաս է՝ ի շնորհիվ քեզ, ի շնորհիվ բոլորիս ջանքերի և այլն: Շնորհ բառի գրաբարյան այս հոլովաձևը ի նախդիրի «կարիքը չի զգում», հետևաբար ճիշտ է այն ասել և գրել առանց նախդիրի:

Մնում է հուսալ, որ շնորհիվ մեր զրույցների, մեր խոսքից կվերանան բոլոր համառ ու անկոտրում սխալները:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին