Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակի» լրագրող Աղունիկ Հովհաննիսյանին։
Զրույցի թեման երեխաների անունների ընտրությունն է։
1․ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել էր 2021 թվականի հունվար-դեկտեմբերին ծնվածների շրջանում առավել տարածված անուններն ըստ սեռի։ Ցանկում նորածին թե՛ աղջիկների և թե՛ տղաների բազմաթիվ անուններ կան, որոնք օտար են: Խնդրում եմ նախ՝ առանձին անդրադառնալ վերոնշյալ ցանկի ոչ հայկական անուններին, հնարավորության դեպքում ասել, թե դրանք ի՞նչ ծագում ունեն, կամ այդ անունները ո՞ր երկրներում են տարածված:
Հաճախ դժվար է լինում հստակ տարանջատել՝ անունը հայկակա՞ն է, թե՞ ոչ։ Տղաների անունների մեջ վերջին տարիներին Դավիթ անունը միշտ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Անցյալ տարի այն կրկին առաջին տեղում էր։ Ծագումով եբրայական է, նշանակում է «գեղեցկատեսիլ», «սիրելի»։ Բայց կասկած չկա, որ այն ամենահայկականն է թեկուզ այն պատճառով, որ հայոց դյուցազներգության գլխավոր հերոսի անունն է։ Հայերիս համար Սասունցի Դավթի կերպարը ոգեշնչող է հազար տարուց ավելի։
Քրիստոնյա շատ ազգեր էլ ունեն այս անունը, անցել է նաև արաբներին, բայց Դավիթ անվան հայկական ընկալումը դրանից չի փոխվել։ Դավիթ-ը հայության սիրելի անուններից է։
Նարեկ անվան հայկականությունն ակնհայտ է։ Այն համեմատաբար նոր անձնանուն է, ծագել է Գրիգոր Նարեկացու հանճարեղ ստեղծագործության՝ «Մատյան ողբերգության» աղոթամատյանի կարճ՝ Նարեկ անվանումից (Նարեկ անունով գյուղ կար, հայտնի է Նարեկավանքը)։ Երբ ասում ես Նարեկ, գիտես, որ այդ անունը կրողն անպայման հայ է։
Այդպիսիք են ցանկի մյուս անունները․ Տիգրան-ը հայոց հզոր արքայից արքայի անունն է, Հայկ-ը՝ մեր ազգի անվանադիր նախահոր, Արեգ-ը հազարամյակների պատմություն ունի, հայոց դիցաբանության հնագույն աստվածներից մեկի անունն է։
Բայց ահա Մոնթե անունը նոր է մեզանում, Արցախյան պատերազմի նշանավոր հերոսի անունն է, որը լատինական սկզբնաձևից է ծագում։ Մարդիկ անտեսում են այն հանգամանքը, որ անունը հայկական ծագում չունի, և դա հասկանալի է. աչքի առաջ հառնում է քաջարի հերոսի և ռազմագետի առինքնող կերպարը։
Տղաների տարածված անունների ցանկի մեջ են հայտնվել Մարկ-ը և Ալեքս-ը։ Սրանք մեզանում նորաձև են, ծագել են հին հունական Մարկոս և Ալեքսանդր անուններից, օտարների մեջ (Եվրոպա, Ռուսաստան և այլն) տարածված կրճատ անուններից։ Իրենց սկզբնաձևերի համեմատ իհարկե ավելի կարճ են։ Մարդիկ թե՛ տղաների և թե՛ աղջիկների անունների պարագայում այժմ նախապատվությունը տալիս են կարճ անուններին, բայց այս անունների օտար լինելն իսկույն զգացվում է։ Օտար մարդու համար անունը հաճախ ազգային պատկանելության ցուցիչ է։ Օրինակ՝ Արմեն։ Գիտես, որ վստահաբար հայ է։ Ալեքս-ի և Մարկ-ի դեպքում անունը լեզվամշակութային այդ տեղեկության կրիչը չէ։
2․ Ձեր կարծիքով երեխաներին օտար անուններով կոչելը երբվանի՞ց այսքան մեծ տարածում գտավ: Մտավախություն կա՞, որ այդ սովորությունն աճելու միտում ունի:
Դարերի պատմություն ունի։ Կապվում է երկար ժամանակ օտարների գերիշխանության տակ լինելու հանգամանքին։ Անկախության շրջանում շարունակվում է ավանդույթի ուժով։ Մարդիկ դնում են իրենց պապերի և մեծ պապերի անունները, որոնք հաճախ օտար կամ օտարահունչ են լինում։ Արևելյան անուններից հիմնականում հրաժարվել ենք, բայց հիմա էլ արևմտյան և ռուսական ազդեցության տակ ենք հայտնվել։
Աղջիկների անունների մեջ տարեցտարի օտար տարրը ավելի նկատելի է դառնում։ Նարե, Արփի և Մանե անունների կողքին տեղ են զբաղեցնում Անգելինա-ն, որ հայկական որևէ հիմք չունի, երկար է, կամ Միլենա-ն, Արիանա-ն, Էլեն-ը։ Այս անուններն օտար են մեզ, բայց և վերջին տարիներին շատ են տարածվել մեզանում։ Եբրայական ծագում ունեցող Եվա անվան կողքին հայտնվել է Էվա-ն, Մարիա-ն և Մարի-ն անվանացանկում առաջ են անցել ավանդական Մարիամ-ից, որը եբրայական ծագում ունի։
3․ Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք նպաստում են օտար անունների հաճախակի կիրառմանը:
Հիմնական պատճառը օտարամոլությունն է։ Սփյուռքում այլ պատճառներ էլ կան։ Օրինակ՝ պետությունը պահանջում է օտարազգի անուններ չդնել։
Իրենց երեխաներին օտար անուններ դնող ծնողները հաճախ հայրենիքից հեռանալու մտադրություն են ունենում։ Նրանք իրենց զավակներին օտար անուններով են կոչում, որպեսզի նրանք չտարբերվեն նոր միջավայրից, հասարակությունից. չէ՞ որ հայկական անունները «կմատնեին» նրանց ազգային պատկանելության մասին։ Ազգային ինքնությունից փախչելու մի ձև է սա։
«Հայկական ժամանակի» հրապարակումը՝ այստեղ։