Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ավանդույթի ուժը. ի – յ – հ անցման դժվարությունների մասին [9 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Հին հայերենում՝ գրաբարում, Ի նախդիրը ձայնավորով սկսվող բառերից առաջ դառնում է Յ, որը Հ է կարդացվում։ Տերունական աղոթքից գիտենք. «Եղիցին կամք քո որպէս յերկինս [հերկինըս = երկնքում] և յերկրի [հերկրի = երկրի վրա]»։
Հայաստանում 1922 թ. ուղղագրության փոփոխությունից հետո բառասկզբի Յ-ն գրվում է Հ։
Ժամանակակից հայերենում գործում է գրաբարից փոխանցված ավանդույթը, երբ Ի-ն, որակապես փոխվելով, ձուլվում է բառին։ Կան մի շարք քարացած ձևեր, որոնք անխաթար պահպանվել են, արձանագրվել բառարաններում։ Մարդիկ, սակայն, ձայնավորով սկսվող բառերը հաճախ գործածում են Ի-ով կամ էլ Ի-ին առնչվող այլ կարգի սխալներ անում և կամ տարատեսակ դժվարություններ ունենում։
Ներկայացնենք նախդրավոր միավորների մի փունջ՝ անհրաժեշտ պարզաբանումներով։
  1. ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ (յուրախութիւն)

Նշանակում է «մեկի ուրախության համար»։ Ի նախդրին առնչվող օրինաչափությունն իմացողների ականջն է սղոցում «ի ուրախություն» սխալ կազմությունը։

  1. ՀՕԳՈՒՏ (յօգուտ)

Նշանակում է «մեկի կամ մի բանի օգտին»։ Ոմանք սխալմամբ ասում են «ի օգուտ», ոմանք՝ «օգուտ մեկի»։

  1. ՀԱՄՈԹ (յամօթ)

Նշանակում է «իբրև ամոթանք»։ Գրագետ մարդկանց խոսքում սովորական է, հանդիպում է մամուլում և հրապարակախոսության մեջ։ Այսպես. «Եվ համոթ մեզ՝ մենք այս ամենը հանդուրժում ենք»:

  1. ՀԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (յաջակցութիւն)

Նշանակում է «որպես աջակցություն»։ Հաճախ են ասում և գրում, իհարկե սխալվելով, «ի աջակցություն»։

  1. ՀՕԴՍ ՑՆԴԵԼ (յօդս ցնդել)

Առաջին բաղադրիչը բառացի նշանակում է «դեպի օդ», ամբողջ կապակցությունը՝ «վերանալ, անհետանալ, չքանալ, ոչնչանալ»։ Այս հօդս-ը բայ է կազմում նաև ցնդեցնել-ի հետ՝ հօդս ցնդեցնել՝ «ոչնչացնել, վերացնել» իմաստով։

Երբեմն հ-ն չըմբռնելով և ավելորդ համարելով՝ սխալմամբ գործածում են «օդս ցնդել» ձևով։

  1. ՀՈՏՆԿԱՅՍ (յոտնկայս)

Նշանակում է «ոտքի կանգնած»։ Հաճախ ասում են առանց հ-ի՝ «ոտնկայս», նաև «ոտնկաց»։ Անխոցելի տարբերակը հոտնկայս-ն է։

  1. ՀԸՆԹԱՑՍ (յընթացս)

Ի նախդիրը միացել է ընթացք բառին։ Գրաբարյան կանոնով ք-ն, որը ծագել է հոգնակիի մասնիկից, հայցականում դարձել է ս: Նշանակում է «ընթացքում», նաև «զուգահեռաբար»։ Վերջին տարիներին բավական տարածվել է, բայց երբեմն պատահում է նաև «ընթացս» սխալ ձևը։

  1. ՀԱՉՍ (յաչս)

Նման է ՀԸՆԹԱՑՍ-ին. այստեղ էլ աչք-ի Ք-ն է դարձել ս։ Նշանակում է «աչքին, աչքում»։ Գուրգեն Մահարին «Այրվող այգեստաններում» գրել է. «Ո՞վ պիտի ժառանգեր նրա հոգևոր ու մտավոր հարուստ, երևակայական կալվածները, պանծացներ իր անունը հաչս նորոգ [«նոր»], գալիք սերունդների, ո՞վ…»։

  1. Ի ԱՐԴՅՈՒՆՔ

Մամուլում, այլուր հանդիպում է կանոնին հակասող «ի արդյունք» սխալ ձևը, բայց կանոնական հարդյունս-ն էլ գրեթե չի հանդիպում, շատերի ականջին ու աչքին խորթ է։ Ի՞նչ անել։ Կարելի է ասել որպես արդյունքարդյունքը սա է և այլն։

Ընդհանուր եզրակացություն. ձայնավորով սկսվող բառերից առաջ Ի նախդիր գործածելը բացառել։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook