Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«ԱՐԴԻ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հուլիսի 8-9-ը Մանկավարժական համալսարանում ՀՀ լեզվի կոմիտեի և Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորա­տորիայի նախաձեռնությամբ կազմակերպվեց գիտաժողով, որը նվիրված էր արդի հայ բառարանագրության խնդիրներին ու հեռանկարին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը: Ողջույնի խոսք ասաց ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կամո Վարդանյանը:

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի կարծիքով գիտաժողովի կազմակերպումը լավ առիթ է գաղափարներ փոխանակելու, ներկայացնելու արածը և ուրվագծելու հեռանկարը:

Լաբորատորիայի վարիչ պրոֆ. Լալիկ Խաչատրյանը նկատեց, որ այս կարգի գիտաժողովները նպատակ ունեն ոչ միայն ներկայացնելու Հայաստանի գիտական հանրության հետազոտությունների ուղղությունները, այլև դրանք մեծապես կարող են  նպաստել արտերկրի հայագիտական կենտրոնների հետ կապերի ընդլայն­մանը։ Մյուս կողմից՝ գիտաժողովին ներկա մագիստրոսների համար այն կարող է ուղենիշ և խթան դառնալ գիտահետազոտական աշխատանքներ կատա­րելու ճանապարհին։

 

Լիագումար նիստում ներկաները լսեցին երեք զեկուցում։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆ. Վ. Մադոյանի զեկուցումը նվիրված էր իր հեղինակած համապարփակ (ունիվերսալ) բառարանին: Պրոֆեսորը մեկնաբանեց բառարանի կառուցվածքային նրբությունները, ընդգծեց, որ անդրադարձել է բառի ուսումնասիրության բոլոր մակարդակներին:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Կ. Աբրահամյանը ներկայացրեց իր դիտարկումներն արդի բառարանագրության խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձավ բազմալեզու բառարանների հարցին՝ ընդգծելով նրանց կարևոր դերը միջմշակութային կապերի ամրապնդման գործում։ Պրոֆեսորը հատկապես շեշտեց, հայերենի գանձաբառարանի, երկլեզու և եռալեզու տերմինաբանական բառարանների  ստեղծման անհրաժեշտության մասին:

Լիագումար նիստի երրորդ զեկուցումը ներկայացրեց Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի  փոխտնօրեն, բան. գիտ. թեկնածու Նազիկ Հովհաննիսյանը։  Նա ներկայացրեց հայերենի դարձվածային միավորների իմաստներն ու կառուցատիպերը նույնանիշների` ձեռագիր  (18-րդ դարի) բառարան­ներում՝ կարևորելով հայերեն ձեռագիր բառարանների դերը հայագիտական հետազոտու­թյունների համատեքստում։

 

Հաջորդ զեկուցումները նվիրված էին բառարանագրության տարբեր հարցերի։

ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆ. Աշոտ Փիլիպոսյանը  ներկայացրեց հնդեվրոպական *u/wel բառարմատը լեզվապատմամշակութային և տերմինաբանական մեկնությունների համատեքստում՝ զուգահեռներ անցկացնելով ցեղակից լեզուներում այդ բառարմատի գործառական դերի և նրանով բաղադրված  բառերի, տեղանունների իմաստների միջև։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Նարինե Հեքեքյանն անդրադարձավ հայերենի էլեկտրոնային բառարաններին, կարևորեց դրանց դերը գիտահետազոտական աշխատանքների  ընթացքում, խոսեց հայերեն էլեկտրոնային բառարանների ներկա վիճակի և արդի միտումների մասին։

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն անդրադարձավ լեզուների անվանումների անմիօրինակությանը, բառարաններում դրանց գրանցման տարբերակայնությանը՝  հանգամանորեն խոսելով մասնավորապես հայերենում գործածվող հնդկական լեզուների անունների, դրանց գործածության, կանոնարկ­ման և բառարանային մշակման մասին։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն, դոցենտ Հասմիկ Պետրոս­յանն անդրադարձավ տերմինների բառարանային  մշակումների խնդիրներին և խոսքը մաս­նա­վորեցրեց հայերեն գիտատեխնիկական տերմինների բառարանագրման հարցերի շուրջ։

Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ լեզուների ամբիոնի վարիչ, դոցենտ Հենրիետա Սուքիասյանը և  բ. գ. թ., դոցենտ Հովհաննես Զաքարյանը («Տաթև» գիտակրթական համալիր) ներկայացրին հայերեն բժշկագիտական եզրույթների ինքնատիպության հարցերը՝ ընդգծելով  հայերենի բառաստեղծման հնարավորությունները՝ օտարազգի տերմիննները թարգմանելու և պատճենելու  գործընթացում։

ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտություններ գիտական լաբորատորիայի վարիչ, պրոֆ. Լալիկ Խաչատրյանի զեկուցումը վերաբերում էր լեզվաբանական տերմինների ուսումնական նոր բառարանի առաջնահերթ խնդիրներին։ Դեռևս 2020-ին դոցենտ Մ. Միրումյանի  համահեղինակությամբ  պրոֆեսորը կազմել է «Հայերենա­գիտական տերմինների ուսումնական բառարանը», որտեղ, բնականաբար, չկային ընդհանուր լեզվաբանության տերմինները, ուստի լեզվաբանական բառարանի անհրաժեշտությունն  զգացվում է՝ ուսանողներին օգտակար ձեռնարկ տրամադրելու նպատակով։ Նոր բառարանը, որ կազմվելու է թեմատիկ  սկզբունքով, ներառում է լեզվաբանության առանցքային հարցերը՝ ամբողջացնելով լեզվի կառուցվածքային մակարդակների, լեզվի տեսության և լեզուների դասակարգման տերմինահա­մակարգը։

ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, դոցենտ Աշոտ Գալստյանը ներկայացրեց հուշագրության երկերում հեղինակային բառամեկնությունների հար­ցերը՝ նկատելով, այդ կարգի բառամեկնություններն ունեն բառարանագրական որոշակի արժեք։

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան,  դոցենտ Արտաշես Մարտի­րոսյանը խոսեց հայերենի բառային կազմի մի կարևոր շերտի՝  «անձ, մարդ» բառիմաստային ենթաբազմության բառարանագրական մշակումները մասին։

ՀՀ Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Հակոբյանը խոսեց փիլիսո­փա­յական խնդրադաշտի համատեքստում բառարանագրական մեկ հարցի մասին. այն է՝ արդյոք ճի՞շտ է, որ  բառարաններում արձանագրում են բառի սխալ ձևը և նշում՝ սխալ, անհանձնարարելի։ Այդ դեպքում տրված սխալագրությունը չի՞ կայունանա բառարանից օգտվողի հիշողության մեջ և չի՞ ապակողմնորոշի նրան, մանավանդ այդպիսի ձևեր կան արդի բացատրական բառարաններում։

 

 

Հուլիսի 9-ին միջազգային գիտաժողովը տեղափոխվեց առցանց հարթակ, որտեղ պրոֆ. Լ. Խաչատրյանի նախագահությամբ մասնակիցները լսեցին 4 զեկուցում:

Բ. գ. թ. Լիլիթ Խաչատրյանը (Համազգայինի Արևմտյան շրջանի գրական միավոր, Լոս Անջելես, ԱՄՆ) ներկայացրեց գրաբարի արդի բառարանագրությունը և նրա խնդիրները։ Զեկուցողն անդրադարձավ, որ մեզանում չկան աշխարհաբար-գրաբար բառա­րաններ, բուհական դասագրքերում չկան տեղանունների և անձնանունների բառացանկեր, պատմական քարտեզներ և այլն։ Սրանք հարցեր  են, որոնց բախվում են ուսանողները գրաբար ուսումնասիրելիս և աշխարհաբարից գրաբար թարգմանություններ կատարելիս, մինչդեռ  բառարանները պետք է օգնեն համակող­մանի գիտելիքներ ձեռք բերելուն և դրանք կայունացնելուն։

Բ. գ. թ., դոցենտ Նորայր  Պողոսյանի (Արևմտյան թեմի առաջնորդարան, հայագիտական ծրագրերի և արխիվի պատասխանատու, Լոս Անջելես, ԱՄՆ) զեկուցումը վերա­բե­­րում է 16-18-րդ դարերում հայերենի բառապաշարի տեղաշարժերին։ Զեկուցման հեղինակը  կարևորում է  բառապաշարի տեղաշարժերի արձանագրումը աշխարհա­բարի վաղ շրջանում և նկատում, որ այդ տեղաշարժերն իրենց նպաստն են բերել նոր հայերենի բառային կազմի զարգացման գործում. անհրաժեշտ է իմաստային այդ  տեղաշարժերն արձանա­գրել (պատմական)  բառարաններում։

Արցախի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը հանգամանորեն ներկայացրեց անկախության շրջանի Արցախի բառարանագրությունը։ Զեկուցողն ամենայն մանրամասնությամբ ներկայաց­րեց բառարանագրական  այն ճյուղերը, որոնցով զբաղվել են Արցախի լեզվաբանները և ըստ արժանվույն գնահատեց նրանց  կատարած  աշխատանքը։

Գորիսի պետհամալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ. գ. թ., դոցենտ Սվետլանա Մանուչարյանը ներկայացրեց Կապանի տարածաշրջանի խոսվածքների բարբառային բառարանի կազմման սկզբունք­ները։

Գիտաժողովի ավարտին համանախագահներ Լ.Խաչատրյանն ու Դ.Գյուրջինյանն ամփոփեցին երկօրյա աշխատանքի արդյունքները, շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և հույս հայտնեցին, որ հետագայում ևս կշարունակեն իրենց համագործակցությունը՝ ի շահ հայերենագիտության։

Գիտաժողովի զեկուցումները լույս կտեսնեն առանձին ժողովածուով։