Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Արդո՞ւկ, թե՞ հարթուկ

Սկսենք պրպտել բառարանները:

Ակադեմիական «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում», Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանում» ևն «արդուկ» բառի բացատրությունը համապատասխանում է բոլորիս հայտնի կենցաղային սարքի նկարագրությանը:

Նշված և այլ բառարաններում կա նաև «հարթուկ» բառը, որից հղում է արվում «արդուկ»-ին: Իսկ ուղղագրական բառարաններից (Ա. Ղարիբյան, Գ. Շեկյան, «Դպրոցական ուղղագրական բառարան», Հ. Բարսեղյան, «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան», Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան, «Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան» ևն) «հարթուկ», «հարթուկել», բառերը հիմնականում բացակայում են, կան միայն «արդուկում», «արդուկիչ» տարբերակները:

Շարունակենք թերթել բառարանները: Ռ. Նազարյանի, Ա. Գյոդակյանի «Հայերեն ուղղագրական դպրոցական բառարանում» «հարթուկ»-ը ներկայացվում է, բայց որպես խոսակցական բառ: Ս. Գալստյանի «Դպրոցական բառակազմական բառարանը» հարթուկ-ը համարում է արդուկ-ի խոսակցական տարբերակը:

Հարց է առաջանում՝ ծանոթ ու անհրաժեշտ այս սարքի անունը «հա՞րթ» բառի հետ է կապված, թե՞ «արդ»:

Դիմենք այս բառերի ստուգաբանությանը: Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» արդ-ը մեկնաբանվում է որպես «ձև» (Հր. Աճառյանը, Գ. Ջահուկյանը, Պ. Բեդիրյանը և այլք այս արդ-ը տեսնում են զարդարել, հարդարել, գմբեթարդ, խորանարդ, արդար և շատ այլ բառերում), իսկ հարթ-ի իմաստը հայտնի է՝ «տափակ, ողորկ» ևն:

Աճառյանը արդ-ից առաջացած «հարդար(ել)» բառը բացատրում է որպես «ողորկ», որը «հարթ» է նշանակում: «Արդակ» բառն էլ նա մեկնաբանում է որպես «հարթ» (արդակագույն-ը՝ շատ հարթ), իսկ արդուկել-ը բացատրում է՝ «ութույով հարթել»՝ ակամա հուշելով, որ գուցե արդ-ն ու հարթ-ը իմաստաբանական կապ ունեն:

Աճառյանը, թեև արդ-ը և հարթ-ը ներկայացնում է առանձին բառահոդվածներով, հարթ-ի բառահոդվածում մեջտեղ է բերում արդ-ն ու հարդարուն-ը՝ հղում անելով «Նոր հայկազյան բառարանին»:

Պետրոս Բեդիրյանն իր «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքում ճիշտ է համարում բառի միայն «արդուկ» ձևը՝ բացատրելով, որ կենցաղային այս առարկան կապ չունի «հարթ» բառի հետ, և որ արդուկելը ոչ թե հագուստը հարթեցնելն է, այլ նրան ձև տալը։ Հարթեցնելու հետ կապելը համարվում է ժողովրդական ստուգաբանություն:

Հիմա արդո՞ւկ, թե՞ հարթուկ:

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Մեր թվարկությունից առաջ արևադարձային և մերձարևադարձային աշխարհներում տարածված ու սիրված մրգի՝ նարնջի հայրենիքը Չինաստանն ու
Հնում հայ մատենագրության մեջ գործածվել է մի յուրահատուկ նշան, որը դրվել է համառոտագրված բառերի վրա
Պարզվում է, որ աշխարհի տարբեր երկրներում կան նաև լեզուների թանգարաններ, որոնցում ներկայացվում են լեզուները, նրանց

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին