Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԱՐԵՎԵԼԱՀԱՅՆ ՈՒ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ ԻՐԱՐ [3 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

ԱՄՍԱԿԱՆ

Այս բառը հայաստանյան բացատրական բառարաններում տրված է բազմաթիվ իմաստներով՝ «ամսվան հատուկ, ամսվա», «մեկ ամսվա տևողություն ունեցող», «ամեն ամիս, ամսեամիս», ինչպես նաև «ամսական ռոճիկ՝ վարձատրություն» և «արգանդային ամենամսյա արյունահոսությունը. դաշտան»։ Ակնհայտ է, որ այս վերջին իմաստները ձևավորվել են մեկ ամսվա ժամանակային ընդգրկում ունենալու հիմքով։

Բառարաններից մեկում ամսական բառի «ամսական ռոճիկ՝ վարձատրություն» իմաստի կողքին նշված է «հնացած»։ Եվ իրոք, Հայաստանում եթե առաջ ավելի շատ ռոճիկ էին ասում, ապա այսօր գրեթե համատարած աշխատավարձ բառն է գործածվում, իսկ ամսական-ը՝ ոչ։

Բայց ահա արևմտահայերենում ամսական բառն «աշխատավարձ» իմաստով հնացած չէ, գործուն է։ Կարելի է լսել. «Ամսականը տակաւին չէ ստացեր»։

 

  • Հայաստանում աշխատանքի անցած արևմտահայերենախոս կինը որոշ ժամանակ անց դիմում է արևելահայերենախոս տնօրենին. «Պարո՛ն, ամսականիս խնդիրը պիտի ուզէի քննարկել»։ Ապշահար տնօրենը պատասխանում է. «Տիկի՛ն, այդ հարցը Ձեր ամուսնո՛ւ հետ քննարկեք»։

 

ԱԽՈՅԱՆ

Շատ հին բառ է, վկայվել է 5-րդ դարից, նշանակել է «քաջ, նախահարձակ կտրիճ», նույնիսկ «հաղթանակ»։ Գրաբարում գրվել է ախոյեան և ախոյան ձևերով։

Դարերի ընթացքում բառը նոր իմաստներ է ձեռք բերել։

Արևմտահայերենի բառարանները ախոյեան-ը բացատրում են այսպես՝ «մրցանակաւոր մարզիկ» կամ «մրցումին մէջ առաջին», նաև «մրցակից, թշնամի, հակառակորդ»։

Արդի հայերենի հայաստանյան բացատրական բառարաններում ախոյան բառը համակողմանի ներկայացվում է այսպես՝ «թշնամի, հակառակորդ», «մրցակից», արևմտահայերեն «չեմպիոն», կրկին արևմտահայերեն (փոխաբերաբար) «մարտիկ, մի բանի համար մարտնչող մարդ», հին՝ «նախահարձակ կռվող» և այլն։

Ակնհայտ է էական զանազանությունը։ Եթե Հայաստանում օտար բառի կիրառմամբ ասում և գրում են ծանրամարտի չեմպիոն, ապա արևմտահայ սփյուռքում՝ ծանրամարտի ախոյեան։ Այս վերջինից էլ օրինաչափորեն կազմվել է ախոյեանութիւն «առաջնության համար տարվող պայքար» բառը (Հայաստանում՝ չեմպիոնատ. արևելահայերենում ախոյանություն-ը ախոյան լինելն է կամ ախոյանի արարքը՝ վերաբերմունքը)։

Պարզ է, որ այսուհետև չենք տարակուսի՝ լսելով, որ մեր հայրենակիցը դարձել է ճատրակի ախոյեան։ Եթե, իհարկե, գիտենք, որ ճատրակ-ը շախմատ-ն է։

 

ՊԱՀ

Գևորգյան ճեմարանում դասի եմ։ Հանկարծ մեկը, որ Երուսաղեմից էր եկել, դուռը բացեց և հարցրեց.

– Ներեցե՛ք, ի՞նչ պահ է։

Պատասխանեցի՝ հայերենի։

Ուսանողներս զարմացած ինձ նայեցին։

 

Պահ բառը ընդհանուր հայերեն է և գրական հայերենի երկու տարբերակներում՝ արևելահայերենում և արևմտահայերենում, նշանակում է «կարճատև ժամանակ, ակնթարթ, վայրկյան, րոպե», «որևէ բանի տեղի ունենալու՝ վրա հասնելու՝ պատահելու ժամանակը», «որևէ դեպքի՝ իրադարձությանը կամ գործողությանը զուգադիպող ժամանակը» և այլն։

Միայն «դասաժամ» իմաստն է, որ տարբեր է։ Պահ-ը «դասաժամ» իմաստով գործածվում է արևմտահայերենում։ Ուստի երբ արևմտահայն ասի, որ վեց պահ ունի, արևելահայը պիտի հասկանա «վեց դաս կամ դասաժամ»։

 

Հայերէնի պահուն ինչե՜ր կ’ըլլան:

 

Եկել է իրար լիարժեք հասկանալու պահը։

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook