Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Բա՛ց արա բացիկդ

Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու մարդիկ տոների առթիվ թղթե բացիկներ էին նվիրում իրար՝ առձեռն կամ փոստով:

Ի՜նչ սիրուն էին այդ նվեր-բացիկները: Կարող էիր դնել գրքիդ մեջ կամ պահարանի վրա: Ամենակարևորը՝ ուզածդ պահին նրա վրա կարող էիր տեսնել սիրելի ձեռագիրը, որով ջերմ խոսքեր էին գրված:

Դե՛, քանի որ մենք հայտվեցինք անցյալ ժամանակում, հիմա միասին այս գեղեցիկ բացիկով կշնորհավորենք մեր սիրելիներին տարեմուտի առթիվ: Դու մայրիկի՞դ ես շնորհավորելու: Ուրեմն գրի՛ր. «Սիրելի՛ մայրիկ, շնորհավորում եմ քո ամա…»: Օ՜, Ամանորը փոքրատառո՞վ սկսեցիր: Ուղղի՛ր, միայն թե շատ զգույշ, որ բացիկը չփչացնես: Հիշի՛ր, տոների անունները գրվում են մեծատառով՝ Ամանոր, Կանանց տոն, Մայրենի լեզվի օր, Ծաղկազարդ և այլն: Բայց սպասի՛ր, Ամանոր բառում մի «վտանգավոր» բան էլ կա: Շատերը բառամիջում օ են գրում՝ կարծելով, թե օր բառի սկզբնատառն է: Ո՜չ, Ամանոր-ը կազմված է ամ (տարի) և նոր բառերից: Դրանք միացրո՛ւ ա հոդակապով և կստանաս Ամանոր, այսինքն՝ Նոր տարի: Ճիշտ ես, Նոր տարին նույն տոնի անվանումն է ու դարձյալ մեծատառով է գրվում: Բայց ի տարբերություն Ամանոր-ի՝ այն կարող է գործածվել նաև «ոչ տոնական» իմաստով: «Որոշել ենք նոր տարում շատ գրքեր կարդալ»: Այստեղ խոսքը տոնի մասին չէ, այլ նոր սկսված կամ սկսվելիք տարվա, ուրեմն ճիշտ է նոր բառը փոքրատառով գրելը:

Լա՛վ, շարունակենք: Շնորհավորի՛ր նաև Սուրբ Ծնունդի (կամ Ծննդյան) կապակցությամբ: Ճիշտ նկատեցիր, Ծնունդ բառնէ՛լ է մեծատառով գրվում: Դա Քրիստոսի ծննդյան հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի նշան է:

Մայրիկիդ մաղթում ես, որ Ձմեռ պապը բարի լուրե՞ր բերի: Ուրեմն մի՛ նեղացրու Ձմեռ պապին, և նրա անունը փոքրատառով մի՛ գրիր: Նա Ամանորի խորհրդանիշն է և աշխարհում միակ պապն է, որի անունը Ձմեռ է:

Կաթոլիկ աշխարհում Ծննդյան տոնի նվերներ է բերում Սանտա Կլաուսը, որ 4-րդ դարում ժողովրդի սիրելի սուրբ Նիկողայոս Սքանչելագործն է: Իսկ գիտե՞ս, որ մենք՝ հայերս, Ամանորի ու Սուրբ Ծննդյան մե՛ր խորհրդանիշն ունենք՝ Կաղանդ պապը: Նրա անունը՝ Կաղանդ, ծագել է լատիներեն calenda (կալենդա)՝ ամսագլուխ (ամսվա սկիզբ կամ ամսվա վերջ) բառից: Ամանորին նա հայտնվում էր գավազանով, ոչխարի մորթուց կարված քուրքով, շրջում էր տնետուն, շնորհավորում ու բարին մաղթում ամենքին:

Կաղանդ պապին փաղաքուշ մեծարանքով նաև Մեծ պապուկ կամ Մեծն պապուկ են անվանել: Ահա թե ինչո՛ւ. չորրորդ դարում մենք մի երևելի, գիտուն ու  ժողովրդի կողմից շա՜տ սիրված կաթողիկոս ունեինք՝ Սահակ Պարթևը: Նա էր, որ հայոց գրերը ստեղծելու գործում օժանդակեց Մեսրոպ Մաշտոցին: Հենց նա էլ մեր Կաղանդ պապի նախատիպն է, և մենք պիտի անցյալից դեպի մեր օրերը բերենք Կաղանդ պապին:

Մենք ժամացույցի սլաքները հետ էինք պտտել, բայց անկախ այն բանից՝ բացիկի՛ ժամանակաշրջանն է, թե համացանցի՛, Ամանորի գիշերը ժամացույցի սլաքները կհանդիպեն 12 թվի վրա, զանգերը կհնչեն ու Նոր տարվա խինդով կսկսվի նոր տարին:

Իսկ դու շտապի՛ր, դեռ բարեմաղթանքներդ չես ավարտել: Եվ միշտ հիշի՛ր, որ Կաղանդ պապը հայտնվում է Ամանորի գիշերը, նվերներ ու յոթ խրատ է բաժանում երեխաներին: Նվերները նա իր ձեռքով է տալիս, իսկ խրատները  պարկի մեջ են, ի՛նքդ պիտի հանես ու կարդաս՝ բարություն, ազնվություն, ընկերասիրություն, աշխատասիրություն, համեստություն, գոհունակություն, հարգալից վերաբերմունք։

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կախարդական բանալի» ամսագրում։
Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Մատներդ ի՜նչ արագ ես շարժում համակարգչի ստեղնաշարի վրայով: Ասես Շոպենի վալսերից նվագելիս

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին