Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԲԱՌԵՐԻ ԻՄԱՍՏՆԵՐԸ․ ՀԱՐԱՆՈՒՆՆԵՐ

Բարև՛, պատանի՛ ընկեր։ Գիտե՞ս, շատ ժողովուրդներ իրենց լեզուն մայրենի են կոչում։ Այդպիսիք են, օրինակ, գերմանացիները, ֆրանսիացիները, իսպանացիները։ Մյուսներն իրենց լեզուն անվանում են հարազատ կամ ազգային։ Դրանք ռուսներն են, չեխերը, իտալացիները և ո՛չ միայն։ Մենք՝ հայերս, առաջին խմբին ենք պատկանում։ Ու թեև մայրենի ասելով մենք նախ և առաջ հասկանում ենք մայրենի լեզու, այս բառը ունի նաև մորը հատուկ, մորը պատկանող և այլ իմաստներ։ Այստեղից հետևություն՝ մայրենի բառը բազմիմաստ է։

Հետաքրքիր աշխարհ է իմաստաբանությունը, հատկապես մայրենի լեզվի, քանի որ վաղուց ծանոթ բառերը սկսում ես նոր լույսով տեսնել։ Կան բազմիմաստ, մենիմաստ, համանուն, հոմանիշ, հականիշ բառեր։ Սրանց դու ծանոթ ես։ Իսկ ծանո՞թ ես հարանուններին։ Դրանք «արտաքնապես» իրար շատ նման բառեր են  (հար նշանակում է նման․ նման անուններ)։ Նմանության պատճառով շատերը շփոթում են այս բառերը։ Հենց շփոթելու՝ սխալվելու հիմքով էլ առաջացել է բառազույգերի այս քերականական շարքը։

Իսկ մենք չենք շփոթում։ Կամ այլևս չենք շփոթի։ Անցնե՛նք գործի։

Խոսքը ընտանի կենդանիներին վերաբերո՞ւմ է, թե՞ վերաբերվում։ Հիշի՛ր, եթե այս միտքը այլ կերպ շարադրելիս դիմում ես մասին կապին, ուրեմն ճիշտ է առանց վ-ի՝ վերաբերել տարբերակը։ Խոսքը ընտանի կենդանիների մասին է՝ նրանց է վերաբերում։ Իսկ վերաբերվելվարվել իմաստն ունի։ Այսպես՝ «Ընտանի կենդանիներին լավ են վերաբերվում»։

Երբևէ շփոթե՞լ ես ցուցում և ցուցմունք բառերը։ Շատերն են շփոթում։ Ցուցում-ը հրահանգն է, առաջադրանքը, իսկ ցուցմունք-ը դատարանում տված բացատրությունների, տեղեկությունների, վկայությունների ամբողջությունն է։ Մեկը կարող է վկային ցուցում տալ՝ ցուցել, որ դատարանում ցուցմունք չտա։

Կարո՞ղ ես հրավերքի ժամանակ ճառ արտասանել։ Իհա՛րկե կարող ես, եթե խնջույքի ժամանակ անպատեհ չի լինի։ Իսկ հրավերի՞ ժամանակ։ Իհարկե՝ ո՛չ։ Հրավերը որևէ միջոցառման կանչելն է, առաջարկ անելը։ Իսկ հրավերքը, արդեն հասկացանք, ճաշկերույթն է կամ խնջույքը։

Ափսո՜ս, մեր զրույցն ավարտվեց։ Իսկ եթե այն քեզ համար կիսատ մնաց, դիմի՛ր մեզ։ Սիրով կպատասխանենք հարցերիդ։

 

Երազիկ Գրիգորյան