Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Բառի կազմությունը սխալ ընկալելու հետևանքները [7 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Կան բառեր, որոնք իրենց կազմիչ մասերով նման են ուրիշ բառերի և խոսողների մեջ մտային ինչ-ինչ զուգորդումներ են առաջացնում, որը հանգեցնում է սխալների։ Բառի կազմությունը սխալ ընկալելու հետևանքով մարդիկ կա՛մ աղավաղում են բառը, կա՛մ սխալմամբ գործածում այլ բառի իմաստով։

Ահա այդպիսի բառերի մի փունջ։

ՄԵՂԱՆՉԵԼ

«Բազմաչարչար» այս բայը նշանակում է «մեղք գործել, սխալվել»։ Բառի կազմությունը՝ ՄԵՂՔ բառի արմատ ՄԵՂ, գրաբարյան –անչ– բայական ածանց և –ել մասնիկ։ Մարդիկ ՄԵՂԱՆՉԵԼ բառի «մեղա» սկզբնամասը կապում են ՄԵՂԱ՜ «մեղքին՝ հանցանքին թողություն խնդրելու բացականչություն» նշանակող բառին (ՄԵՂԱ ԳԱԼ «մեղքը խոստովանել և ներում հայցել», ՄԵՂԱՅԱԳԻՐ, ՄԵՂԱՅԱԿԱՆ) և ՄԵՂԱՆՉԵԼ բառը սխալմամբ գործածում «զղջալ, ներում հայցել» իմաստով։ Ահա արտառոց մի նախադասություն՝ «Մեղադրյալը դատարանում մեղանչում էր»։ Ո՛չ, իհարկե. նա նախապես մեղանչել էր,  իսկ դատարանում մեղա էր գալիս, զղջում իր հանցանքի համար։

ՀՈԳԱԲԱՐՁՈՒ

ՀՈԳԵԲԱՆ, ՀՈԳԵԲՈՒՅԺ, ՀՈԳԵՊԱՐԱՐ, ՀՈԳԵԶՄԱՅԼ և բազմաթիվ ուրիշ բառերի նմանությամբ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ բառը հաճախ սխալ ասում են (նաև գրում) «հոգեբարձու»՝ մտածելով, թե հնչյունափոխված ՀՈԳԻ-ն է։ Այնինչ այստեղ ՀՈԳ արմատն է, որը «հոգս» է նշանակում (սրանից էլ՝ ՀՈԳԱԼ, ՀՈԳ ՏԱՆԵԼ, ՀՈԳԱՏԱՐ)։
ՀՈԳԱԲԱՐՁՈՒ բառի երկրորդ արմատը ԲԱՐՁ-ն է (գրաբար ԲԱՌՆԱԼ «վերցնել», «բարձրացնել»), այսինքն՝ հոգաբարձուն ՀՈԳ Է ՏԱՆՈՒՄ, ստանձնում՝ իր վրա է վերցնում այս կամ այն հաստատության հոգսերը հաղթահարելու, վերացնելու ՀՈԳՍԸ։ Անգամ եթե հոգաբարձուն սիրով՝ հոգով անի իր գործը, միևնույն է, բառն Ա-ով է՝ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ։

ՏԱՐԿԵՏՈՒՄ

Այս բառը գործածվում է հատկապես համալսարանական կյանքում, որտեղ բառի «մի բան որոշակի ժամանակով հետաձգել» իմաստը վերաբերում է ուսումնառությունը միառժամանակ ընդհատելուն։ ՏԱՐ- նախածանցն է. մի կետում ընդհատում են, մյուս կետում՝ վերականգնում, այսինքն՝ գործ ունենք տարբեր կետերի հետ։ Սխալ է, երբ կարծելով, թե հիմքում «տարի» բառն է, ասում կամ գրում են «տարեկետում»։ Թեպետ հանուն ճշմարտության պիտի ասել, որ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ սովորաբար հենց տարով (կամ տարիներով) է լինում, դրանից էլ առաջ է եկել այս շփոթը։

ԼՈՒՍՆՈՏ

Կան մարդիկ, որոնք տառապում են լուսնոտությամբ. նրանք քնի մեջ անգիտակցական գործողություններ են անում. քայլում են, սողում, խոսում, նվագում և այլն։ Այդ մարդկանց կոչում են ԼՈՒՍՆՈՏ (լատիներեն lunaticus)։ Բառը 5-րդ դարից կա հայերենում. գործածել է Եզնիկ Կողբացին։

Ասում են նաև լուսնահարգիշերաշրջիկ։

Բառի բաղադրիչներն են ԼՈՒՍԻՆ (հնչյունափոխվել է՝ ԼՈՒՍՆ) արմատը և –ոտ ածանցը։

Որոշ մարդիկ սխալ են ընկալում ԼՈՒՍՆՈՏ բառի կազմությունը. բառը նմանեցնում են լողորդգնորդվարորդ և –որդ վերջածանց ունեցող այլ բառերի՝ դարձնելով «լուսնորդ»։ Ասում են, երբեմն նաև գրում, այնինչ 1500-ամյա բառը ԼՈՒՍՆՈՏ-ն է։

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ

Բառի կազմությունը՝ գրաբարյան Ի նախդիր, ՈՒՂԻ «ճանապարհ» և ԱՐԿԱՆԵԼ «գցել, նետել»։ Ի նախդիրը, միանալով ՈՒՂԻ արմատին, ու ձայնավորից առաջ դարձել է յ՝ յուղի (արտասանվում է հուղի) արկանել «ճամփա գցել»։ Բառասկզբի յ-ն 20-րդ դարի 20-ականների ուղղագրական փոփոխությունից հետո գրվում է ըստ արտասանության՝ հ-ով։

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ նշանակում է «հանգուցյալին տանել գերեզմանոց և թաղել» (ունենք նաև ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐ)։

Քանի որ ննջեցյալին հողին են հանձնում՝ հողը դնում՝ հողում թաղում, մարդիկ, չիմանալով ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ բառի կազմության ընթացքը, բառը ձևափոխել և ասում են «հողարկավորել»։ Ճիշտ չէ։

ԱՐԴՈՒԿ

ԱՐԴՈՒԿ բառը կազմվել է «ձև» նշանակող ԱՐԴ արմատից։ Արդուկի միջոցով ձև է տրվում հագուստին՝ բնականաբար հարթեցնելով՝ ուղղելով ճմռթված մասերը։ «Հարթեցնելու» ընկալումն է պատճառը, որ ոմանք ԱՐԴՈՒԿ-ը գրում են «հարթուկ» ձևով, ԱՐԴՈՒԿԵԼ-ն էլ՝ «հարթուկել» (ԱՐԴՈՒԿԻՉ «արդուկ անող» բառը շատերը չգիտեն, ուստի հ-ով և թ-ով գրելու հավանականությունը զրո է): «Հարթ»-ով կազմությունները թեև բառարանային գրանցում ունեն, այնուամենայնիվ սխալ են։

ԼՈՒՍԱՏՏԻԿ

ԼՈՒՍԱՏՏԻԿ բառը կազմվել է լույս և տուտ «պոչ, ծայր» արմատներից, որոնք միացել են ա հոդակապով, բառի վերջից ավելացել է –իկ ածանցը։ Լուսատտիկը փոքրիկ միջատ է, որը մթության մեջ լույս է տալիս (պոչամասից)։

Ոմանք բառը գործածում են «լուսատիտիկ» ձևով՝ կարծելով, թե լույս արձակող այս միջատը տիտիկ է անում (այսինքն՝ նստում է) թփերի, խոտաբույսերի տերևներին։ Ի դեպ, ասենք, որ «լուսատիտիկ» տարբերակը ևս բառարանային գրանցում ունի։

Բառի հոմանիշներից են՝ կայծոռիկ (կայծ+ոռ+իկ), լուսատուտ, լուսատտնիկ, որոնք  նույնպես վկայում են ԼՈՒՍԱՏՏԻԿ-ի օգտին։

«Art 365» մշակութային, ճանաչողական, լրատվական  կայք

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook