Բարև՛, սիրելի բարեկամ: Ի՜նչ լավ բառ է բարեկամ-ը: Գիտե՞ս, բառեր կան, որ կարող են բարեկամ լինել, հետո մարդկանց նման կարող են հեռանալ ու կորցնել միմյանց: Բայց հենց ուսումնասիրենք նրանց «անցյալը», պարզ կդառնա, որ նույն արմատից են ծագել: Արի՛ միասին մտնենք բառերի աշխարհը, ու դու էլ կհամոզվես:
Ուսումնասիրենք փողկապ բառը: Այն երկու արմատ ունի: Առաջինը՝ փող, որ մի իմաստով նշանակում է վիզ, պարանոց, երկրորդը՝ կապ (կապել, կապիչ): Այսպես, փողկապ = փող + կապ: Իսկ գիտե՞ս, որ փող-ը նաև խողովակ է նշանակում: Վիզը նմանեցվում է փողի՝ խողովակի: Այս փող-ից են առաջացել կերակրափող, շնչափող բառերը: Փող արմատից են նաև փողային գործիքները, հրացանի փողը, փողրակը (նշանակում է ռետինե խողովակ), տաբատի փողքը (փող + ք հոգնակիակերտ մասնիկ) և անգամ փողոցը: Փող և խողովակ: Իսկ ի՞նչ ազգակցական կապ ունեն այս բառերը: Կարծիք կա, որ խողովակ-ի խող արմատը ծագել է փող-ից: Նախկինում այս բառը եղել է հենց փողովակ: Ժամանակի ընթացքում փ-ն հնչյունափոխվել, դարձել է խ:
Ահա՛ և պարզեցինք. մեր ուսումնասիրած բառերը նույն արմատն ունեն, մոտ բարեկամներ են:
Իսկ հիմա անցնենք բառերի մի այլ խմբի՝ հանցանք, չափազանց, զառանցել, ժամկետանց: Ի՞նչ կապ կարող է լինել իմաստով ու հնչողությամբ իրարից այսքան տարբեր բառերի միջև: Պարզվում է, որ կա, և դա անց արմատն է (անցնել): Այս բառերից հանցանք-ը կազմված է գրաբարյան ի նախդիրից (ձայնավորից առաջ այն դառնում է յ, որն արտասանվում, նոր ուղղագրությամբ նաև գրվում է հ, ինչպես հանուն, հօգուտ և այլ բառերում է), անց արմատից և անք վերջածանցից: Բառի նշանակությունն է՝ դատապարտելի, անօրինական արարք: Սրան մոտ իմաստ ունի զանցանք (զ + անց + անք) բառը, որ նշանակում է փոքր, թեթև հանցանք: Չափազանց-ի կազմությունն է՝ չափ + ա + (զ) անց (այսպես է նաև կարգազանց, օրինազանց, երդմնազանց բառերի դեպքում): Հասանք զառանցել բառին: Սրա նախնական իմաստն է՝ տարիքն անցնել, ծերանալ, իսկ հիմա հասկանում ենք՝ բանականությունից դուրս լինել, անտրամաբանական բաներ ասել՝ զ + առ (նախդիր) + անց + ել: Ժամկետանց բառի մեջ նույնպես անց արմատն է:
Փաստորեն այս բառերը նույնպես «բարեկամական կապ» ունեն:
Իսկ գիտե՞ք, որ կծու բառն առաջացել է կծել բառի արմատից և ու ածանցից: Նկատել եք՝ կծու ուտելիքը ասես կծում է մարդու լեզուն, իսկ կծու խոսքը՝ սիրտը: Կծել և կծու բառերն էլ են բարեկամ:
Ուրեմն լա՛վ ճանաչենք մեր մայրենին, աշխատենք այդ լեզվով երբեք կծու բառեր չասել իրար, որ միշտ մնանք լավ բարեկամներ:
Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան
Նյութը տպագրվել է «Ոսպնյակ» ամսագրում