Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Բարևի և բարևին պատասխանելու 9 երանգները

ԲԱՐԵՎԻ ԵՎ ԲԱՐԵՎԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ 9 ԵՐԱՆԳՆԵՐԸ

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Բարև-ը ծագում է բարի բառի գրաբարյան գործիական հոլովաձևից` բարեաւ-ից, որը հնչում է բարյավԲարեաւ-ը եթե «թարգմանենք» աշխարհաբար՝ նոր հայերեն, կլինի բարով (սա էլ ժողովրդական խոսքին բնորոշ բարևն է): Հնչյունափոխվելով բարեաւ-ը դարձել է բարեւ /  բարև, որը ողջույնի  հայերեն №1 բառն է:

Բարև-ը բարի արև բառակապակցությունից բխեցնելը հակագիտական է. դա ժողովրդական ստուգաբանություն է:

 

    1. Ո՞ւմ և ե՞րբ ենք բարև ասում

Հայերս ավանդաբար կարճ ասում ենք  բարև, երբ հանդիպում ենք հասակակցի, բարեկամի, մտերիմի: Ասում ենք օրվա բոլոր ժամերին, տարբեր իրադրություններում: Բարև-ը գործածում ենք նաև ծանոթանալիս կամ էլ որպես խոսակցություն սկսելու միջոց:

 

    1. Ինչպե՞ս ենք պատասխանում բարևին

Բարևին որպես կանոն պատասխանում ենք բարևով:

 

    • Բարև, տղերք:
    • Բարև,- պատասխանում են կարճ ու շարունակում իրենց գործը (Ստեփան Զորյան):

 

Ոմանք բարևին պատասխանելիս երբեմն ուղղակի կրկնում են ողջույնի բառը՝ բարևբարև.

 

    • Բժիշկ Եսայա՞ն…: Ա՜ բարև, բարև:

Անընդհատ հին ծանոթներ էին հանդիպում (Զորայր Խալափյան):

 

Խոսակցական լեզվում շատերը բարևին «շռայլորեն» պատասխանում են հազար բարև կամ էլ բարևհազար բարև:

    • Հազար բարև, հարևա՛ն, ուստա Ղազարդ սկսել է խմե՛լ… («Գրական թերթ»):

 

Բարևի պատասխանի մեջ ժողովուրդը հաճախ Աստծու անունն է տալիս.

    • Բարև, սպիտակմորուս փահլևաններ:
    • Աստծո՛ւ բարին, կանա՛չ կտրիճ (Նաիրի Զարյան):

 

Կամ էլ այսպես՝ երկուսը միասին. Բարև, Աստծու բարին:

 

    1. Բարև Ձեզ

Երբ անծանոթ կամ պատկառելի մարդու ենք դիմում, հարգանքի հոգնակիով ասում ենք Բարև Ձեզ: Սա քաղաքավարական կամ հարգանքի հոգնակին է. այսպես բարևում ենք XIX դարից սկսած: Գրավոր խոսքում այս Ձեզ-ը մեծատառ է գրվում:

 

    • Բարև Ձեզ, ես վանեցի եմ, ավելի շուտ վանեցիի թոռ եմ,- Բարեգործականի նախասրահում անվարժ հայերենով ինձ է ներկայանում մանկամարդ մի տիկին, չգիտես ինչու, վանեցի բառից հետո ինձ ավելի հայկական թվացող աչքունքով, դեմք ու ժպիտով (Սիլվա Կապուտիկյան):

 

Ծանոթներին, որոնց հետ ընդհանրապես քաղաքավարական հոգնակիով ենք հաղորդակցվում, բնականաբար, կրկին բարևում ենք  Բարև Ձեզ ասելով:

Պարզապես պետք է ուշադիր լինել, եթե այն դառնում է հոգնակի, ապա փոքրատառ է: Օրինակ՝  «Բարև ձեզ, հարգելի՛ պարոն Հայկյան, տիկին Վարդուհի, ուրախ կլինենք մեր տանը հյուրընկալելու ձեզ»:

 

Հարգական Բարև Ձեզ-ն ասում են տարիքով կամ պաշտոնով բարձր ծանոթ մարդուն, որը հաճախ պատասխանում է բարև-ով (ու մարդիկ դրանից սովորաբար չեն նեղանում):

– Բարև Ձեզ, ընկեր Գարեգին,- ասաց ու պատիվ բռնեց.

– Բարև,- պատասխանեցի ես (Գարեգին Բես):

 

    1. Բարև ձեզ

    Բարև ձեզ ասում ենք, երբ բարևում ենք մեկից ավելի մարդկանց: Այն գրվում է միայն փոքրատառ: Կրկնում ենք, փոքրատառ է գրվում, եթե անգամ պատվարժան և տարիք ունեցող մարդկանց է ուղղված:

    1. Բարև քեզ

Հայերենում ընդունված չէ բարև քեզ արտահայտությունը՝ որպես ողջունելու ձև:  Թեպետ պատահում է: Օրինակ՝

    • Այ բարև քեզ, Ալեքսե՛յ, ինչպե՞ս եղավ, որ մեզ էլ հիշեցիր… (Վրթանես Փափազյան):

 

Կամ էլ՝

Իշուկը գնաց, Փիսիկը եկավ.

Եկավ ու ասավ.

Բարև քեզ, Ճռի՜կ,

Նազելի աղջիկ,

Եկ ընկերանանք: (Խնկո Ապեր)

 

Խոսակցական լեզվում որոշակի հնչերանգով ասված բարև քեզ-ն արտահայտում է անհամաձայնություն՝ շաղախված հեգնանքով:

    • Էդ փողին հըլը չորս հատ էլ կոֆե պիտի բերի,- ասաց Շերենցը:
    • Բարև քեզ,- ասաց Շողիկը:- Կոֆեի փողը ջոկ պիտի տաք («Առավոտ» օրաթերթ):
    1. Բարևին չպատասխանելը

Բարևին չպատասխանելն անբարեկրթություն է կամ էլ բարևողի նկատմամբ անուշադրության և արհամարհական վերաբերմունքի դրսևորում: Դա համարյա նույնն է, որ մարդը չի բռնում ողջունելու համար իրեն պարզված ձեռքը:

Բարևին մեկ էլ չեն պատասխանում գժտված սիրահարները.

 

Բարև տվի՝ բարևս չառավ,

Գուցե ինձնից խռոված էր (Գուսան Շահեն):

    1. Բարևը նամակներում և հաղորդագրություններում

Հաճախ հենց բարև-ով ենք սկսում մեր անձնական-մտերմիկ նամակները:

2016 թ. քառօրյայի և 2020 թ. քառասունչորսօրյայի ժամանակ ու դրանցից  հետո Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի հազարավոր դպրոցականներ նամակներ էին գրում հայրենիքի սահմանները պահող հայ զինվորներին: Գրեթե բոլոր նամակներն սկսվում էին այսպես՝ անմիջական և մտերմիկ. «Բարև՛, զինվո՛ր», «Բարև՛, սիրելի՛ զինվոր» կամ «Բարև՛, հա՛յ զինվոր»:

 

Սովորաբար բարև-ով ենք սկսում հեռախոսային կամ ցանցային հաղորդագրությունները (հետևողական և հայերենասեր մարդիկ դա անում են մեսրոպյան տառերով):

Բարև, կյա՛նք: Ո՞նց ես:

Բարև, քա՜ղցրս: Հիանալի: Քո մասին էի մտածում:

    1. Բարևներ և շատ բարև

      Բարև բառի հոգնակին` բարևներ, որը  և շատ բարև-ը սովորաբար փոխանցում են ուրիշների միջոցով՝ գործածելով անելուղարկելհաղորդել բայերի հետ (կամ առանց դրանց): Դա ուշադրության և ջերմ վերաբերմունքի դրսևորում է, բարեմաղթություն:

    • Ձերոնք շատ բարև էին անում, ասում էին, որ քեզ լավ պահես (Ստեփան Զորյան):
    • Շատ բարև կանես քույրիկ Ոսկեհատին (Խաչիկ Դաշտենց):
    1. Բարևում են ոչ միայն մարդկանց

Ուկրաինացի բանաստեղծ Վիկտոր Կոչևսկին «Բարև, իմ Հայաստան» վերնագրով բանաստեղծությունների շարք ունի:

Մանկական պիեսում  ծովացուլը մարդկային լեզվով հայերեն ասում է. «Բարև, ճերմակ սառցասարերի չքնա՛ղ երկիր… Բարև, հյուսիսափա՛յլ…»: (Ռ. Մարուխյան):

Բարևը հարգալից վերաբերմունքի դրսևորում է, ջերմության հաղորդիչ, շփման անհրաժեշտ նախապայման: Հարկավոր է բարև ասելը չխնայել:

Բարև բոլորին: