Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«ԳԵԼԵՐԻ ՀՈԹԵԼՆԵՐԻ» ԵՎ ԱՂՎԵՍՆԵՐԻ «ՍԱՈՒՆԱՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը», դա էլ ոմանք որոշել են պարել հյուրանոցներում, և, ինչպես երևում է, այդ պարը լինելու է գայլերի հետ․․․

Բան չե՞ք հասկանում։

Պարզաբանեմ։

Չգիտեմ՝ արդեն որքան ժամանակ Երևանի Եզնիկ Կողբացու փողոց, 75/5 հասցեում գործում է մի յուրօրինակ հյուրանոց։ Թեև ներսում չեմ եղել, սակայն, դատելով ցուցանակի բովանդակությունից, այն նախատեսված է գայլերի, ժողովրդական լեզվով ասած՝ գելերի համար։

Չե՞ք հավատում։ Կասկածի պատճառ չկա, որովհետև այդ մասին գրված է հյուրանոցի ցուցանակին։ Գրված է հայերեն։ Սևով սպիտակի վրա։ Խնդրեմ․ «Էլիզիում գելերի հոթել»։

Ի՞նչ։ Սխա՞լ եմ ընկալում։

Ա՜խ, հասկանալու համար պիտի կարդամ նաև անգլերենը։

Փաստորեն հիմա ցուցանակներին գրվածը հասկանալու համար պիտի համեմատենք օտարալեզու բնագրի հետ։

Է՛, հետո՞։ Երևանի փողոցներում չմոլորվելու համար բոլորս պարտավոր ենք իմանալ անգլերե՞ն։

Դեռ վերջերս գրեցինք օտար լեզուների թարգմանվող լեզվական միավորները ոչ թե տառադարձելու, այլ հայերեն թարգմանելու անհրաժեշտության մասին։ Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի զավեշտալի դեպքեր կարող են լինել, երբ չես հետևում լեզվի բնական կանոնին՝ թարգմանել այն, ինչ թարգմանելի է։

Նախ՝ «gallery» բառը հայատառ կգրվի ոչ թե «գելերի», այլ «գելըրի»։ Բացի այս՝ «gallery» նշանակում է սրահ, պատկերասրահ, ցուցասրահ, նաև՝ վերնասրահ (թատրոնում), միջանցք, պատշգամբ, գեղարվեստական հավաքածու։

Ինչպես երևում է ցուցանակի օտարալեզու հատվածից, «հոթելը»՝ հյուրանոցը, այդ շենքում առանձին է, որովհետև աստղանիշներով բառային միավորներն առանձնացված են։

Իսկ ի՞նչ է դարձել

             Elysium Gallery

          ***

            HOTEL

գրությունը հայերենում՝

              ԷԼԻԶԻՈՒՄ

            ԳԵԼԵՐԻ

            ՀՈԹԵԼ

Հիմա ոմանք կասեն՝ հայերեն չգրելիս մեղավոր ենք, գրելիս մեղավոր ենք։

Հարգելինե՛րս, սա ո՞ր թիվն է, որ գոհանանք օտար գրությունները հայերեն ինչ-որ ձևով, ինչ-որ մի կերպ թարգմանելով։

Ցուցանակներում ու գովազդում գոնե երեք-չորս բառ ճիշտ գրել պիտի՞ կարողանանք, թե՞ ոչ։

Կրկնենք մեկ անգամ ևս․ լեզվական թարգմանվող միավորները պետք է թարգմանել պարտադիր, այլապես, եթե այսպես շարունակվի, շուտով մեր քաղաքներում կունենանք ոչ միայն գելերի «հոթելներ», այլև աղվեսների ու նապաստակների «սաունաներ»։

Գուրգեն Միքայելյան

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին