Ափսոսանքով նշենք, որ ուսուցողական այս հաղորդաշարի լեզվական մակարդակը անհարիր է նրա բնույթին։ Չգիտես ինչու, որոշվել է, որ հաղորդաշարի լեզուն լինի գրականի ու կենցաղային-խոսակցականի խառնուրդ։ Սա պատճառ է դառնում լեզվական բազում սխալների, աղավաղումների։
Հատկապես նման հաղորդումներում այս մոտեցումն արդարացված չէ։
Նկատենք, որ այսպես ասած «գիտակցված սխալներին» ավելանում են օտարաբանությունները, քերականական, բառագործածության, լեզվամտածական և այլ անճշտություններ։ Այդպես հետին պլան է մղվում մշակույթ ներկայացնող հաղորդաշարի լեզվական մշակույթը։
Ստորև ներկայացնում ենք ասվածը հավաստող օրինակներ։
02․04․2022
«․․․․ մանուկներ են ընկնում աչքովդ, որոնք հուշումներ են տալիս»։
Հուշումները տալու կամ չտալու բան չեն։
Ճիշտ կլիներ ասել․ «․․․․ որոնք հուշում են»։
«Ոնց որ լիքը մարդ ապրի այստեղ ․․․․»։
«Բայց փոխարենը լիքը բան սովորեցինք և իմացանք ․․․․» (23․04․2022)։
Պետք չէ խոսակցական լեզվում տարածված սխալները եթերում «օրինականացնել»։
Հարկավոր էր ասել, օրինակ․ «Կարծես շատ մարդ ապրի այստեղ ․․․․», «Բայց փոխարենը շատ բան սովորեցինք և իմացանք ․․․․»:
«Մի խոսքով՝ փնտրում ենք Գիքոր, ավելի շուտ՝ Համբո կամ երկուսին միասին»։
Քանի որ խոսքը որոշակի, ծանոթ կերպարների մասին էր, պետք էր ասել․ «․․․․փնտրում ենք Գիքորին, ավելի շուտ՝ Համբոյին կամ երկուսին միասին»։
«Ուրեմն, ինձ թվում ա, որ պտտվող թատրոնը պետք ա սա լինի», «Ու, կարող ա, դարպաս ա ․․․․»։
Այսպես՝ «է» օժանդակ բայի փոխարեն հաճախ հնչում է ա-ն։ Դրանք իրար «փոխարինում» են անգամ նույն նախադասության մեջ՝ առանց որևէ սկզբունքի։ Նման «ոճից» պետք է հրաժարվել։ (Հետագա օրինակներում սրան չենք անդրադառնա)։
«Ու իրա վրա ազդագրեր են փակցված, ու ինքը պտտվում է»։
Նախ՝ քանի որ խոսքն անձի մասին չէր, ուստի չպիտի գործածվեին անձ ցույց տվող իր, ինքը բառերը։
Երկրորդ՝ «իրա» ձևը ճիշտ չէ։ Արդի հայերենում կանոնական է միայն «իր» տարբերակը։
«․․․․ ոչ մի ռացիոնալ լուծում չեմ գտնում»։
Պետք էր ասել․ «․․․․ ոչ մի բանական/տրամաբանական լուծում չեմ գտնում»։
«Ասենք, երկաթե ձայնը կարող ա սուսերում խաղալ»։
Անհասկանալի է․․․․
«․․․․ էստեղ պերսոնաժներ պիտի գտնենք»։
Նշված բառին համարժեք է հայերեն կերպար-ը։
Հարկավոր էր ասել․ «․․․․ Այստեղ կերպարներ պիտի գտնենք»։
«Ժողովո՛ւրդ, սա հնարավոր բան ա՞․ էսքան էս կողմերով ֆռռալ ու էս պատի փայլուն ափը չնկատել»։
Կարծում ենք՝ մեկնաբանության կարիք չկա։
«Դժվար թե ինչ-որ սիմվոլիկ բան լինի»։
Պետք էր գործածել խորհրդանշական բառը․ «Դժվար թե ինչ-որ խորհրդանշական բան լինի»։
09․04․2022
«Տեսնենք, թե հաջորդ արկածները մեզ որտեղ են սպասվում»։
«Նախ գնահատենք գեղեցկությունը, ապա հասկանանք, թե ի՛նչ է մեզ սպասվում այս դռների հետևում: Մեզ սպասվում են դարակներ» (23․04․2022):
Մեր խոսքում հաճախ հանդիպող այս սխալի մասին Լեզվի կոմիտեն հրապարակել է հորդորակ[1]։ Առաջարկում ենք ընթերցել։
Վերջին նախադասության մեջ ընդհանուր ասելիքը նույնպես ձևակերպված է անհարթ։ Պետք էր շարադրել այլ կերպով։
«Պտտվում եմ ու նաև ամբողջ ուժով վայելում եմ այս հսկայի գեղեցկությունը»։
Հասկանալի է, որ խոսքն ասվում է հանպատրաստից, և սխալներից խուսափել հնարավոր չէ, սակայն, բոլոր դեպքերում, անհրաժեշտ է լինել ուշադիր․ գեղեցկությունն ինչպե՞ս կարելի է վայելել ուժով․․․
«Նախ, մի հատ ցույց կտա՞ս էն վարդագույն քարն ինչ ա»։
«․․․․ մի հատ ցույց կտա՞ս էդ «ժողովուրդ» բառը» (23․04․2022)։
«Իսկ ԱԲ-48-ը մի հատ չի էլ ուզում ․․․․»։ (23․04․2022)։
«Մի հատ ելման դիրքից նորից տեսնենք՝ ինչ վիճակ է մեզ մոտ» (01․05․2022):
Հատ բառի սխալ գործածության դեպքեր են։
Նախադասությունները հարկավոր էր կազմել առանց մի-ի և հատ-ի․ «Նախ, ցույց կտա՞ս այն վարդագույն ․․․․», «․․․․ ցույց կտա՞ս այդ ․․․․», «Իսկ ԱԲ-48-ը չի էլ ուզում ․․․․», «․․․․ ելման դիրքից նորից տեսնենք ․․․․»:
«Սրանք այնքան արիստոկրատ քարեր են, որ քար անվանելը մի տեսակ խղճի խայթ է առաջացնում»։
Փոխաբերական իմաստով քարերն արիստոկրատ՝ ազնվական, իհարկե, կարող են լինել, սակայն չենք կարծում, թե դրանք քար անվանելը կարող է առաջացնել խղճի խայթ։
«Ա՛յ քեզ հավես պատմություն»։
Դեմ ենք․ «հավես» չէ․․․
«․․․․ շարժվենք առաջ ու էլի հետաքրքիր նմուշների հետ ծանոթանանք»։
Երբ ծանոթանում ենք երևույթների ու առարկաների, նպատակահարմար է, որ խնդրառությունը լինի առանց հետ կապի։
Ճիշտ կլիներ ասել․ «․․․․ շարժվենք առաջ ու էլի հետաքրքիր նմուշների ծանոթանանք»։
16.04.2021
«Հիմա՝ արձանի մասին մի քիչ, որովետև, իրոք, սարսափելի հետաքրքիր պատմություն է»։
Սարսափելի-ի փոխարեն ճիշտ կլիներ գործածել, օրինակ, շատ, խիստ, անչափ, չափազանց բառերից որևէ մեկը։ Օրինակ․ «Հիմա՝ արձանի մասին մի քիչ, որովետև, իրոք, անչափ հետաքրքիր պատմություն է»։
«․․․․ իսկ արձանը, չեք հավատա, կորում է»։
Այս և նման այլ սխալների մասին ևս Լեզվի կոմիտեն հրապարակել է հորդորակ[2], որը նույնպես առաջարկում ենք կարդալ։
«Հեշտ տարվող բան գտնենք, որ կերամիկա չլինի, միամիտ չկոտրենք կամ չվնասենք»։
Այստեղ էլ ճիշտ կլիներ գործածել պատահաբար բառը՝ պատահաբար չկոտրենք կամ չվնասենք։
«․․․․ մենք կհանդիպենք արդեն հաջորդ հասցեով»։
Հանդիպել հնարավոր է ոչ թե հասցեով, այլ հասցեում։ Ի դեպ, այլ թողարկումներում այսպես էլ ասվում է։
23․04․2022
«Դա նույնպես բանաստեղծական ֆորմա է»։
Պետք էր ասել․ «Դա նույնպես բանաստեղծական ձև է»։
«ԱԲ-48, «ուպապամսպա» բառ չկա, չէ՞, հայերենում»։
Չենք կարծում, թե եթերից այսպիսի հարց հնչեցնելը նպատակահարմար է․ իհա՛րկե չկա և չի կարող լինել։
«Ինչքան ժամանակ կորցրեցի՞նք էս խնդրի վրա»։
«Չհասցրեցի նորմալ տեսնել՝ ի՛նչ է» (01․05․2022):
Պետք էր ասել՝ կորցրինք, չհասցրի։ Թե ինչո՞ւ, այդ մասին նույնպես մենք ունենք հրապարակում[3]։
«Ասեք, որ էմոցիաներ են»։
Այս օտար բառի հայերեն համարժեքն է հույզ-ը։ Առաջարկում ենք այսուհետև գործածել դա։
«Իսկ այս թախտին ի՛նչ մարդիկ են նստել, ի՛նչ զրույցներ են տարվել այս սենյակում»։
Այստեղ նույնպես սխալը լեզվամտածական է․ զրույցը չի տարվում։
Կարելի էր ասել, օրինակ․ «Իսկ այս թախտին ի՛նչ մարդիկ են նստել, ի՛նչ զրույցներ են եղել այս սենյակում»։
01․05․2022
«Հա՜, նկատի ունես՝ այսօր էլ ենք ինֆորմացիա հավաքո՞ւմ»։
Այստեղ նույնպես, ինչպես այլ դեպքերում, պետք էր գործածել նշված օտարաբանության հայերեն համարժեք տեղեկություն բառը։
«Ես հասկանում եմ, որ դու էսօր ալեգորիաների սիրահար ես ․․․․»։
Ալեգորիա-ի հայերեն համարժեքը այլաբանություն–ն է։ Պետք է գործածել վերջինս։
«Օ՜, ինչ հետաքրքիր ստենդ է»։
Հարկավոր էր ասել՝ ցուցատախտակ (ցուցափեղկ)։
«․․․․ կարողացել է հիմնավորել, որ Տիգրան Մեծի թագի վրա պատկերված է եղել Հալլեի գիսավորը, որին մենք տեսնում ենք ․․․․»։
Գիսավորը անձնավորելու կարիք չկար։ Պետք էր ասել՝ որը մենք տեսնում ենք։
«Օրինակ, հենց մեր Ծիր Կաթինը, որը անվանում ենք Հարթագողի ճանապարհ»։
Հարդ բառն ավարտվում է դ հնչյունով։ Պետք էր ասել հարդագողի։
«Մեզ հիմա տեխնիկապես ձեռն(ը)տու է լցնել ․․․․»։
Այստեղ նույնպես սխալն արտասանական է։ Նշված բառն արտասանվում է այսպես՝ ձեռ(ը)նտու։
«Եվ ես արեցի այն, ինչ միշտ անում եմ ռիսկի գնալուց առաջ» (հաղորդաշարի կրկնվող մասում)։
Գերադասելի էր ռիսկի ոչ թե գնալ, այլ դիմել․ «Եվ ես արեցի այն, ինչ միշտ անում եմ ռիսկի դիմելուց առաջ»։
Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝ Գուրգեն Միքայելյան
[1] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3L4jG00
[2] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/37z8Xxd
[3] Լեզվիկոմիտե․հայ // https://bit.ly/3P6MKYh