Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Գործնական աջակցություն ֆիլմերի թարգմանիչներին (2-րդ մաս)

Նախորդ անգամ խոսեցինք օտարալեզու ֆիլմերի հայերեն որակյալ թարգմանությունն ապահովելու կարևորության մասին: Յուրաքանչյուր ֆիլմի համար մեկ անգամ կատարվող այդ աշխատանքը, որին հետագայում տարիներ շարունակ եթեր է տրամադրվում, պարտադիր ու տրամաբանական է, որ լինի անթերի, առնվազն չներկայացնի սխալ, անճաշակ կամ անհեթեթ խոսք: Մենք նաև իրավունք չունենք զանց առնելու այն բարձր չափանիշը, որն այս ասպարեզում ժամանակին ստեղծել է «Հայֆիլմ» կինոստուդիան: Վարոս Հովակիմյանի նման թարգմանչի մտքով չէր անցնի, որ երբևէ էլեկտրոնային բառարաններ ու էլեկտրոնային «թարգմանիչներ» կլինեն, որոնք կհեշտացնեն մի լեզվից մյուսի փոխադրման գործը. այնքա՛ն կհեշտացնեն, որ ֆիլմերի թարգմանությամբ զբաղվելը ձախ ձեռքի գործ կթվա, ու չի ուշանա հետևանքը, որի ապացույց-օրինակները կգտնեք ստորև:

«Նա միակ դիակն էր, որ նա իր ողջ բանակում անցկացնելու ընթացքում տեսել էր» (գ/ֆ «Բառեր»): Դիակի մասին ճիշտ է ասել՝ դա: Այդպես նաև գեղեցիկ կլիներ, քանի որ չէր կրկնվի նա դերանունը: Գեղեցիկ կարելի էր շարադրել նաև շարունակությունը:  Օրինակ, ըստ դրվագի՝ «Դա միակ դիակն էր, որ նա տեսավ իր բանակային տարիներին»:

Շարունակենք «լսել» այս ֆիլմը: «Նրա և նրա կնոջ համար իրար նայելը հավասարազոր էր ճշմարտությանը նայելուն»: Հայերենում դերանունները չունեն սեռի քերականական կարգ: Դա չի նշանակում, թե պետք է թարգմանել սխալ՝ «նրա և նրա կնոջ» և անգամ ճիշտ՝ «նրա և իր կնոջ» ձևով: Ֆիլմում այս կերպարի անունը Ռորի է: Ուրեմն կարելի էր առաջին դերանվան փոխարեն գործածել անունը: Այստեղ նաև տեղին չէ հավասարազոր բառը: «Ռորիի և նրա կնոջ համար իրար նայելը նույնն էր, թե նայել ճշմարտությանը»: Սա նախընտրելի տարբերակներից մեկն է միայն:

Ահա հաջորդ լեզվական անհեթեթությունը նույն ֆիլմում. «Փաստորեն այնքան էլ ամեն ինչ չգիտեք»: Եթե սխալն ուղղելի լիներ, կառաջարկեինք՝ «Փաստորեն ամեն ինչ չէ, որ գիտեք», «Պարզվում է՝ այնքան էլ տեղեկացված չեք», «Ուրեմն ճիշտ չեք ասում, թե ամեն ինչ գիտեք» և այլն:

«Դա մի հնարք է, որ կօգնի այդ սառնությունը անցնել»: Պետք էր կոկորդի սառածութունն անցկացնել, այլ ոչ սառնությունը, և այն էլ ա՛յդ սառնությունը՝ այսպիսի անհաջող շարադրմամբ: Հենց այսպիսին է լինում վատ թարգմանությունը: Նաև այսպիսին՝ «Դու ռինգում արյունահոսել ես սեփական արյամբ» (գ/ֆ «Ձախլիկը»): «Դու ռինգում արյուն ես թափել», «Ռինգում քո արյունն է թափվել», «Ռինգում քո վնասվածքներն արյունահոսել են»… Ահա՝ մեկ վատ թարգմանության դիմաց բազում լավ տարբերակներից երեքը միայն:

«Հայրի՛կ, խոսքը ողջ-առողջ երեխաների մասին է (գ/ֆ «Վարձով երեխա»): Ֆիլմում խոսքը իրական երեխաների մասին է, որոնց առողջության մասին խոսք անգամ չկա: Կամ՝ «Որդեգրումը շատ փափուկ հարց է»: Հայերենում որդեգրումը փափուկ չէ: Ճիշտ է՝ «Որդեգրումը շատ նուրբ հարց է»: Այ սա հայերեն է: Նույն ֆիլմում՝ «Լավ հիշիր, լա՞վ»: Չէ՞ր կարելի թարգմանել «Լավ հիշիր, հա՞»: Միանգամայն այլ խոսքային պատկեր է:

«Մեծամասնության պես անում եմ ձեռքիս եկածը» (գ/ֆ «Աշունը Նյու Յորքում»): Նախ ո՛չ թե ձեռքիս եկածը, այլ ձեռքիցս եկածը: Բացի այդ՝ մի՞թե այդպես ենք խոսում մենք առօրյայում: Այսպիսի՞ն է սովորական, բնական հայերենը: Այ այսպիսին է այն՝ «Բոլորի պես անում եմ ձեռքիցս եկածը»: «Ես էլ շատերի պես անում եմ, ինչ ձեռքիցս գալիս է»:

Սա էլ է արհեստական խոսք՝ «Նա պիտի լավ սովորի ակնհայտաբար» (գ/ֆ «Մեծ Մայք»): «Նա անպայման պիտի լավ սովորի»: Ամենից շատ երևի սա կսազեր կադրին:

«Քո խելքն ու կամքն ինձ պես ուժեղ են»: Ոչ թե ինձ պես, այլ իմի պես (գ/ֆ «Չորս Սուրբ ծնունդ»): «Ինձ քեզ մոտ բերելու սա շատ խղճուկ պատրվակ է» (գ/ֆ «Դենի Քոլիս»): Ճիշտ է՝ «Սա ինձ քեզ մոտ բերելու շատ խղճուկ պատրվակ է»: «Վատ եղանակ են խոստացել» (գ/ֆ «Գիշերը Ռոդանտիում»): Ոչ թե խոստացել, այլ կանխատեսել: «Ի՞նչ հաշիվ է ֆուտբոլային խաղը»: Ճիշտ է՝ «Ֆուտբոլային խաղի հաշիվն ի՞նչ է» (գ/ֆ «Մեծ Մայք»):

Տեսնում եք՝ համարյա բոլոր վատ կամ սխալ մեջբերումները թեև լեզվական-լեզվամտածողական ազդեցության իմաստով վտանգավոր, բայցև բավական պարզունակ են: Պետք չէր հանճար լինել դրանք կանխելու համար: Պետք էր պարզապես բարեխիղճ լինել ու չվնասել ո՛չ մեր լեզուն, ո՛չ այն աշխատանքը, որ կատարել են ֆիլմարտադրողները:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին