Որևէ տեքստի ճիշտ թարգմանությունն ապահովելը պարզունակ պահանջ է: Ճիշտ թարգմանությունը դեռևս լավ թարգմանությունը չէ: Լավ թարգմանությունը լեզվական, լեզվատրամաբանական չափանիշները բավարարելուց բացի, մի տեսակ պահպանում է բնագրի շունչը և նուրբ զգացողություն ունեցող «սպառողին» աննկատ հուշում է, թե ի՛նչ լեզվից է այն կատարված:
Մեր եթերով հեռարձակվող հայերեն թարգմանությամբ ֆիլմերը դիտելիս, սակայն, առանց լեզվական նուրբ զգացողության էլ հասկանում ես, որ ֆիլմը, լինի ֆրանսիական, իտալական թե ամերիկյան, թարգմանված է միջնորդ լեզվից՝ ռուսերենից, և այն էլ բավական կոպտորեն:
Դիմե՛նք ապացույցներին:
«Ինչպես տատիկս էր ասում՝ տալիս են՝ վերցրո՛ւ, խփում են՝ փախի՛ր» («Գիշերը Ռոդանտիում»): Պարզ է, որ սա ռուսերեն дают-бери, бьют-беги ասացվածքի բառացի թարգմանությունն է: Իսկ ասացվածքները, ինչպես գիտենք, բառացի չեն թարգմանվում, այլ փոխարինվում են տվյալ լեզվում եղած համարժեք իմաստ արտահայտող ասացվածքով, ինչպես որ արվել է հոլիվուդյան ֆիլմի բնագրից՝ անգլերենից ռուսերեն թարգմանության մեջ: Իսկ եթե, ասենք, հայերենում նման ասացվածք չկա, քավ լիցի, ազատ, գեղարվեստական թարգմանություն է, ընկալի՛ր դրվագը ու գտի՛ր, շարադրի՛ր կերպարին ու իրավիճակին հարմար, հնչած միտքը լավագույնս փոխանցող արտահայտություն: Այստեղ, օրինակ, կարելի էր ասել. «Ինչպես տատիկս էր ասում՝ եթե հոժարակամ տալիս են, տեղնուտեղը վերցրո՛ւ»:
«Ես պետք է աշխատեմ: Այստեղ ամեն ինչ ինքնիրեն չի լինում» («Բառեր»): Սա հայերե՞ն է: Իհարկե ո՛չ: Սա ռուսերեն է: Ռուսերենում է, որ ամեն ինչ ինքնիրեն չի լինում, իսկ հայերենում ոչի՛նչ ինքնիրեն չի լինում: Այդպիսին է մեր լեզվամտածողությունը: Մինչդեռ այս ֆիլմը պատմում է այն մասին, թե ի՛նչ կարևոր են բառերը: Ասենք ավելին. դրանք սխալ ընտրելու դեպքում կարող է խաթարվել մարդու լեզվամտածողությունը:
«Կուզե՞ք նախաճաշել։ -Մի քիչ ավելի ուշ» («Գիշերը Ռոդանտիում»): Կարելի է մտածել, թե նախաճաշելու առաջարկն ուշ է արված, պատասխանողն էլ նախընտրում է դրանից էլ ուշ նախաճաշել: Մինչդեռ ֆիլմում նախաճաշելու համար շատ շուտ է, և այդ է պատճառը, որ առաջարկը ստացողը նախընտրում է մի քիչ հետո նախաճաշել: Հենց այդպես էլ պետք էր թարգմանել՝ մի քիչ հետո: Ռուսերենի попозже բառի պատճենումն է այս ավելի ուշ-ը, որ շատ ֆիլմերում է հանդիպում: «Թող մնա մի քիչ ուշ, պապիկը զբաղված է» («Չորս Սուրբ Ծնունդ»): Մենք՝ հայերս, ասում ենք թող մնա հետո: «Մեր տվյալները նրա պայուսակի մեջ են, եթե ցանկանաք ավելի ուշ տեսնել դրանք» («Դենի Քոլինզ»): Այստեղ էլ տվյալները տեսնելու համար ամենևին ուշ չէ, և առաջարկվում է տեսնել ոչ թե ավելի ուշ, այլ պարզապես հետո:
Ֆիլմերում մեծ տարածում գտած սխալներ կան, որոնք ժամանակին արված վատ թարգմանություններից արդեն տարածվել են մեր խոսքում ու անընդհատ վերադառնում են իրենց «ծնողի մոտ»: «Տես, ինչ ուրախ է քեզ տեսնել» «Ուրախ եմ ծանոթանալ» («Հաչիկո»), Ուրախ եմ տեսնել («Լիալուսնի թագավորությունը») «Ներս եկեք, նա ուրախ է Ձեզ տեսնել» «Ուրախ եմ տեսնել քեզ, ընկեր», («Դենի Քոլինզ»), «Շատ ուրախ եմ տեսնել», «Ուրախ ենք ծանոթանալ» («Մեծ Մայք»), «Ուրախ էի ծանոթանալ, Բիլի» («Ձախլիկը»), «Անչափ ուրախ եմ քեզ տեսնել» («Գիշերը Ռոդանտիում») և այլն, և այլն… Լավ թարգմանության մեջ այս արտահայտությունները տեղ չէին գտնի: Տես, ոնց է ուրախանում, երբ քեզ տեսնում է… Ինչ լավ է, որ ծանոթացանք… Ուրախ եմ, որ տեսա քեզ…
Պարզապես պետք չէ պատճենիչով թարգմանել: Պետք է լավ հեծյալի պես երկու լեզվի սանձերն այնպես պահել, որ նրանք նույն ուղղությամբ սլանան:
Երազիկ Գրիգորյան