Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Գործնական աջակցություն ֆիլմերի թարգմանիչներին (1-ին մաս)

Ընդհանուր լեզվավիճակի վրա ունեցած մեծ ազդեցությունից է, որ եթերից հնչող հայերենը եղել ու մնում է Լեզվի կոմիտեի ուշադրության կենտրոնում:

Նախորդ զրույցների ժամանակ խոսել ենք վերջին շրջանում մեր խոսք ներխուժած լեզվական սխալների մասին և արձանագրել, որ դրանց զգալի մասը ԶԼՄ-ների, հատկապես եթերի միջոցով է մուտք գործում:

Եթե այս կամ այն հաղորդման մեջ հնչած լեզվական մեղանչումը ժամանակի ընթացքում կարող է դուրս մղվել եթերից, չկրկնվել ու մոռացվել, ապա կա մի ասպարեզ, որտեղ սխալները վարակի մնայուն աղբյուր են դառնում: Խոսքը եթերով հեռարձակվող ֆիլմերի լեզվի մասին է:

Մասնակիորեն անդրադարձե՛լ ենք թարգմանված ֆիլմերի լեզվին: Այժմ ծավալուն աշխատանք ենք սկսում այս ուղղությամբ՝ հուսալով, որ մեր օգնությամբ առաջիկայում թարգմանվող ֆիլմերում չեն կրկնվի նախորդների սխալները:       

Լեզվական սխալները քննարկելուց առաջ խոսենք դիտարկված ֆիլմերի թարգմանությունից ստացած ընդհանուր տպավորության մասին: Շրջանցելով ֆիլմերի ընտրության չափանիշները, ինչպես նաև ծանոթ չլինելով բնագրին՝ չենք կարող չնշել, որ ժամանցային, անգամ պարզունակ ֆիլմերը մեծապես տուժում են մեր թարգմանիչների ներկայացրած աղքատիկ, անկյանք ու անարյուն հայերենից: Երբեմն խոսքային պատկերը ջերմ, սրտառուչ տեսարանի վրա սառը շունչ է փչում. մի բան, որից կարելի է խուսափել չափազանց հեշտությամբ:

«Մենք կթողնենք, որ սերն ընթանա իր հունով»,- մի հուզական պահի, բազում խնդիրներ հաղթահարելուց հետո ասում է «Չորս Սուրբ ծնունդ» ֆիլմի հերոսն իր սիրելիին: «Միանշանակ»,- պատասխանում է աղջիկն ու անհարկի չարաշահված այս բառով փչացնում տպավորությունը: Ֆիլմի հերոսը կարող էր ասել. «Արի թողնենք, որ մեր սերն իր հունով ընթանա», աղջիկն էլ կարող էր պատասխանել. «Արի թողնենք» կամ «Համաձայն եմ»: Գուցե այս տեքստում տարբերությունը մեծ չի թվում, բայց ֆիլմը դիտելիս տպավորությունը միանգամայն այլ կլիներ:

Նույն ֆիլմում երեխաները կանգնած են տոնածառի մոտ ու ինչ-որ պատճառով տխուր են: Նրանց տատիկը հարցնում է. «Չեմ հասկանում՝ ո՞րն է խնդիրը, ո՞րն է խնդիրը»: Կգտնե՞ք մի տատիկ, որն իր թոռների հետ այս կերպ կխոսի, այն էլ սուրբծննդյան երեկոյին: Չէ՞ր կարելի մարդկային լեզվով թարգմանել այս պարզագույն միտքը, այո՛, միտքը, ոչ թե նախադասությունը, քանի որ լավ թարգմանությունը միտքն է փոխանցում, այլ ոչ բառերի շարանը: Տեսարանը կջերմանար, եթե տատիկն ասեր. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք քիթներդ կախել» կամ «Չեմ հասկանում՝ ի՞նչ է պատահել»: Հազար ու մի տարբերակ կա այս կոճղային խոսքից խուսափելու համար, եթե անգամ այն բառացի ճիշտ թարգմանություն է:

Այս ֆիլմին առաջիկայում կանդրադառնանք, իսկ այժմ՝ նման լեզվական տեսարաններ «Բառեր» ֆիլմից:

«Ես ուզում եմ ձեզ իրական իրավիճակը ներկայացնել»: Ֆիլմում լեզվական սխալներ շատ կան: Բայց արդյո՞ք սա դրանցից մեկն է: Ամենևին ոչ: Այստեղ լեզվական սխալ չկա: Այստեղ կա լեզվական անճաշակություն:

«Ես ուզում եմ ձեզ իրական վիճակը ներկայացնել», «Ես ուզում եմ ձեզ իրականությունը ներկայացնել», «Ես ուզում եմ ձեզ ներկայացնել իրավիճակը, ինչպես որ կա»: Այս շարքը կարելի է շարունակել:

Ուրեմն ինչո՞ւ է ֆիլմում ընտրվել այս «իրական իրավիճակը» արտահայտությունը: Չէ՞ որ այս խոսքը հնչում է գեղարվեստական ֆիլմում: «Մի հիմար երիտասարդ, ում դեմքից հիմարությունը թափվում էր»: Խնդրեմ՝ ևս մի անհաջող արտահայտություն: Այստեղ բավական տարածված լեզվական մի սխալ էլ կա. ոչ թե «երիտասարդ, ում դեմքից», այլ «երիտասարդ, որի դեմքից»: Բացի այդ՝ հնարավոր չէ՞ր խուսափել մի նախադասության մեջ երկու անգամ հիմար բառը գործածելուց: Թարգմանիչը կամ խմբագիրը կարող էին բացել բառարանն ու կարդալ, թե այս բառը քանի հոմանիշ ունի հայերենում: Դրանք բոլորն էլ կարող էին փրկել տեքստը: Բայց ինչի՞ մասին է խոսքը, եթե րոպեներ անց ֆիլմում հնչում է. «-Ի՞նչ կասես սրա մասին: Այն կարծես գեղեցիկ է: Հավանու՞մ ես այն: -Իմ կարծիքով այն շատ հին է: -Իմ կարծիքով այն շատ լավն է: Եթե մենք այն մաքրենք, դու կարող ես օգտագործել այն: Ես կգնեմ այն քեզ համար»: Մոտ կես րոպեում յոթ անգամ հնչում է այն բառը ու տեսարանին տաղտկություն հաղորդում:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին