Դու, որ հայ չես ու չես ծնվել հայ
Ապա ո՞նց գիտես զգալ մեր հոգին,
Մեր հայությունը
Չէ՞ որ հայ չես ու չես ծնվել դու հայ:
Ահմադ Նուրիզադե
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ իրանցի գրող, բանաստեղծ, թարգմանիչ Ահմադ Նուրիզադեի հիշատակին նվիրված միջոցառում։
Նուրիզադեն ոչ հայկական ծագում ունեցող թերևս միակ գրողն է, որ ստեղծագործել է հայերեն, հեղինակել է «Բարև ձեզ, հայեր» և «Մենության գիշեր ու երազանքներ» բանաստեղծությունների ժողովածուները։
Նուրիզադեն պարսկերեն հրատարակել է հայկական բովանդակությամբ 15 գիրք, այդ թվում՝ «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» (հնագույն շրջանից մինչև 20-րդ դարի վերջերը), «Հարյուր տարի հայ բանաստեղծություն» և «Հարյուր տարի հայ արձակի» թարգմանական ժողովածուները։
Հիշատակի միջոցառմանը, որն անցավ ջերմ մթնոլորտում, սրտի խոսք ասացին թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Հ. Թաբաթաբային, Հայաստանի գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը, ուրիշ մտավորականներ: Հնչեցին Նուրիզադեի հայերեն բանաստեղծություններից, ինչպես նաև հայ քնարերգությունից կատարված թարգմանություններից՝ պարսկերեն:
Հուշ-ցերեկույթին ելույթով հանդես եկավ նաև Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Նա մեծապես գնահատեց Ահմադ Նուրիզադեի ավանդը հայ գրականությունը, պատմությունն ու մշակույթը իրանյան ընթերցողներին ներկայացնելու գործում: Կոմիտեի նախագահն ընդգծեց Նուրիզադեի կատարած հսկայածավալ գործի կարևորությունը հայ-իրանյան մշակութային երկխոսությունը ընդլայնելու, հարևան ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու ասպարեզում: Կոմիտեի նախագահը նկատեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է իր օտարազգի բարեկամին՝ Հայաստանի իրանցի զավակին, և Հայաստանի Հանրապետությունը ժամանակին բարձր է գնահատել նրա աշխատանքը։