Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Դավիթ Գյուրջինյան. մտորումներ ինքնության ու հայոց լեզվի մասին

ԾՆՈՒՆԴՈՎ ես երևանցի եմ: Բայց լիարժեք երևանցի չեմ, քանի որ մանկությունս Երևանում չի անցել: Ինչո՞ւ: Մի քիչ երկար պատմություն է:

Հայրս ներկայիս Տավուշի մարզի Տավուշ գյուղից է: Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո նա գնացել է երեք տարի Գավառում գերմաներենի ուսուցիչ աշխատելու: Մայրս, երևանցի լինելով, ավագ եղբորս և իմ ծննդյան ժամանակ հատուկ եկել է Երևան, որպեսզի մեր փաստաթղթերում Երևանը նշվի որպես ծննդավայր: Դե, մտածել է, որ երեք տարի հետո Գավառն էլ չի լինի իրենց ու մեր կյանքում: Բայց այդպես չեղավ, նրանք այդպես էլ մնացին Գավառում. ծնողներս հիմա այդտեղ են թաղված:

ՄԻՏՔՍ այնտեղ է, որտեղ հայեր են ապրել և ապրում են հիմա, որտեղ հայերեն են խոսել ու խոսում են հիմա էլ…

ՍԻՐՏՍ Տավուշի սարերում է, թեև շատ վաղուց այնտեղ չեմ եղել…

ՀԱՅԱՍՏԱՆԸ իմ տունն է, իմ ամեն ինչն է, անցյալս, ներկաս ու ապագաս, թոռնիկներիս երկիրը… Առանց Հայաստանի չեմ պատկերացնում ինձ ու հայությունը…

ԱՐՄԱՏԸ կարևոր է: Իմ բնավորության որոշ գծերի, նկարագրիս համար պարտական եմ նախ և առաջ տավուշյան արմատներիս, բայց մորական արմատներս էլ որոշակի դեր են խաղացել (մորս կողմից տատիկ-պապիկս Կարս-Ալաշկերտից են եղել. նրանց չեմ տեսել):

ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ, շատ բան ենք մոռացել: Իբրև հավաքականություն՝ հաճախ մոռացել ենք մեր զորավոր արմատների, մեր ստեղծածի, ավանդույթների ու սովորույթների մասին: Հայոց պատմության դժնդակ ժամանակներում որոշ շրջաններ ու սերունդներ անգամ հայերենն են մոռացել, բայց հետո, բարեբախտաբար, վերագտել են կորցրածը: Բայց նաև անդառնալի կորուստներ են եղել…

ԼԵԶՈՒՆ՝ ինքնաճանաչման ճանապարհ: Մաշտոցից մինչև մեր օրեր: Մեզնից անբաժան է հայերենը: Հայերենն է մեր մտածողության հիմքը, մեր հոգեկերտվածքի կարևոր հիմքը: Հայերենը մեր հավաքական կենսափորձի կուտակիչն ու փոխանցողն է: Մեր լեզուն է մեզ միավորում, աշխարհի որ անկյունում որ լինենք: Կորցրինք լեզուն, կորցնում ենք կապը մեր անցյալի, մեր մշակույթի, մեզ նման մտածող մարդկանց հետ: Օտար լեզուն միմյանցից օտարացնում է հայ մարդկանց. եթե մեկ-երկու սերունդ դիմանան, հաջորդները կորսված են հայության համար…

Ոմանք ասում են, թե կարևորը հայկական ոգի ունենալն է: Սակայն մի բան մոռանում են, որ այդ ոգին լեզվի և այդ լեզվով ստեղծված մշակույթի միջոցով է ձևավորվում ու ամրանում:

ՄԱՅՐԵՆԻՆ ԱՅՍՕՐ

Այսօր հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Բարեբախտաբար, հայախոս է Ջավախքը: Հայերենի ապագան ապահով է հայրենի հողում:

Սփյուռքում հայախոս համայնքներ կան, բայց վերջին շրջանում հայկական դպրոցն ու հայերենը պահպանելը ավելի ու ավելի դժվար է դառնում: Հայաստանից և Մերձավոր Արևելքից ներարկվող ուժը միայն որոշ ժամանակ է բարերար ազդեցություն ունենում: Կան համայնքներ էլ, որտեղ, դժբախտաբար, հայերենը լրիվ նահանջել է:

ԸՆՏԱՆԻՔԸ կարևոր դեր ունի մայրենի լեզուն փոխանցելու հարցում: Որևէ մեկի լեզվական նկարագրի հարցում դպրոցից առաջ նախ ընտանիքն է պատասխանատու: Սա յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի:

Մեծագույն հարգանքի են արժանի այն ընտանիքները, որոնք սփյուռքյան պայմաններում կարողանում են հայերենը հաղորդել իրենց զավակներին, հայախոս հայեր մեծացնել:

ԴՊՐՈՑԸ մարդու լեզվական ձևավորման դարբնոցն է: Հայերենի ուսուցիչներից բացի իրենց սաներին ճիշտ, լավ, հարուստ լեզու պիտի փոխանցեն բոլոր առարկաների ուսուցիչները, որ հայերենի բնական ու լիարժեք հնչի այլազան թեմաներով խոսելիս ու գրելիս: Հայերենը պիտի լինի մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության և մյուս բոլոր ուսումնական առարկաների ու բնագավառների լեզուն:

ԱՐՏԱԳԱՂԹԸ տկարացնում է ոչ միայն Հայաստանը, այլև հայերենը: Հայրենիքից հեռու, հատկապես նախկին խորհրդային երկրներում ապրող հայերը շատ շուտ են կորցնում հայերենը, քանի որ հայկական դպրոցներ հիմնականում չկան, հայերն էլ շահագրգիռ չեն իրենց զավակներին հայկական կրթություն տալու հարցում (իբր օտար երկրի հասարակությանը հեշտությամբ սերտաճելու համար):

ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ-ի մասին միայն մի դիտարկում անեմ: Եթե կա խոսակցական հայերեն, աշակերտների, ուսանողների (առահասարակ երիտասարդության) խոսակցական՝ իր բոլոր յուրահատկություններով, ուրեմն հայերենը կենդանի լեզու է, ոչ թե պահածոյացված մի բան: Բայց սա չի նշանակում, որ այդ խոսակցականը պիտի լինի ամենուրեք: Ո՛չ, տարբեր ոլորտներում և իրավիճակներում առաջնայինը գրական հայերենն է, միայն գրական հայերենը: Հայերենի այս դրսևորումը սովորական ու բնական պետք է լինի բոլորի համար:

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ. ՉԻՄԱՑՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Դա հենց օտարամոլություն է: Լեզվական օտարամոլությունը նույնքան խոտելի է, որքան մյուս մոլությունները:

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ, ՄԱՅՐԵՆԻՆ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ. ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԱՅԵՐԵՆԸ ԼԱՅՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Իբրև 21-րդ դարի լեզու՝ հայերենը պիտի առնչվեր նորագույն տեխնոլոգիաներին և լիներ թվային տիրույթում: Սա մեր լեզվի կենսունակության վկայությունն է: 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, 1512 թ. Հակոբ Մեղապարտը հայերեն առաջին գիրքը տպագրեց: Այո՛, մենք հետ չենք մնացել մարդկության առաջադիմական քայլերից: Հիմա էլ պիտի ջանանք հետ չմնալ, թեև հապաղել ենք: Դրա հետևանքներից մեկը ոչ հայատառ հեռախոսագրերն են և սոցցանցերում տակավին շարունակվող լատինատառ և ռուսատառ գրելու հոռի սովորությունը: Պիտի կարողանանք հաղթահարել ազգային այս խայտառակությունը:

ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՈՐՔԱ՞Ն Է ՆԵՐԿԱ ԿԱՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Հայ արդի գրականությունն անընդհատ է թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Սա նշանակում է, որ հայերենն իր երկու գրական դրսևորումներով (արևելահայերեն և արևմտահայերեն) ժամանակակից գեղարվեստական գրականության լեզու է, հետևաբար նաև ժամանակակից գեղարվեստական մտածողության ձևավորման և արտահայտման միջոց:

Արդի գրականությունը հայ մշակույթի մի բաղկացուցիչն է: Այն ներկայացնում է այսօրվա հայ մարդուն, նրա կյանքը, հոգեբանությունը… Վստահ կարող եմ ասել, որ այդ գրականությունն ունի իր ընթերցողը:

Ինչպես անցյալում, այսօր էլ ունենք օտարագիր հեղինակներ, բայց նրանք որքան էլ հռչակ ունենան, հայերենի զարգացմանը նպաստ չեն բերում:

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ, ԼԵԶՎԻ «ՆՈՐԱՑՈՒՄ»՝ ՆՈՐ ԲԱՌԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Հայերենը՝ իբրև կենդանի լեզու, բնականորեն փոփոխվում-զարգանում է: Ժամանակակից հասկացությունների համար հայերենը փորձում է նոր բառեր, գիտական եզրույթներ ստեղծել: Դա անում են ոլորտի մասնագետները՝ հաճախ լեզվաբանների հետ համագործակցելով: Հայերենը միշտ արձագանքել է նոր իրողություններին: Եթե չի կարողացել ընդունելի համարժեք ստեղծել, դիմել է փոխառության, և մենք հազարավոր փոխառություններ ունենք, որոնք հայերենի բառապաշարի կարևոր մասն են կազմում: Այդպես է եղել միշտ, դարեր շարունակ: Այդպես է նաև հիմա:

Անշուշտ, լինում են նաև անհաջող կազմություններ. դրանք չեն ընդունվում կամ ժամանակի ընթացքում դուրս են մղվում:

Ցավոք, բառաստեղծմամբ երբեմն զբաղվում են մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում հայերենի բառակազմական օրինաչափությունները, լեզվական ճաշակ չունեն, անտեղյակ են հայերենի բառակազմական ավանդույթից: Նրանց հորինած բառերը շրջանառվում են, սակայն չեն ընդունվում, երբեմն էլ զավեշտաբառերի տպավորություն են թողնում:

Կան չարամիտ մարդիկ էլ, որոնք միտումնավոր անհամ-անհաջող բառեր են հորինում ու տարածում՝ այդպես զավեշտի առարկա դարձնում հայերենը: Այսպես նրանք վարկաբերում են հայերենը: Ես նկատել եմ, որ այդ գործով զբաղվում են հատկապես ռուսական կրթությամբ մարդիկ, որոնց հայերենի իմացությունը լիարժեք չէ: Այդպիսիների ջրաղացին ջուր չպիտի լցնել:

ՀԱՅԵՐԵՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ Է

Հայերենը պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, գործում են լիազոր մարմիններ՝ ՀՀ Լեզվի կոմիտեն և Լեզվի տեսչությունն Արցախում:

Լեզվի տերը և պաշտպանը ժողովուրդն է:

ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ… ԻՍԿ ՎԱ՞ՂԸ…

Աշխարհը շարունակում է իր բնական ընթացքը: Այն իր խորքային բովանդակությամբ գրեթե նույնն է: Մարդն էլ նույնն է: Ճիշտ է, հագուստ է հագնում, դրանք շուտ-շուտ փոխվում-փոփոխվում են, բայց էությունը նույնն է, չարի և բարու պայքարը՝ հավերժական, մարդու կատարելագործման ցանկությունը՝ միշտ արդիական:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ, ԵԹԵ․․․

Եթե վերադառնանք մեր արմատներին, 21-րդ դարի դիտանկյունից վերագնահատենք մեր ժառանգությունը և ստեղծենք մշակույթ, որը հաջորդ դարերում էլ կսնի մեզ ու կզորացնի…

ԿՅԱՆՔՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Կյանքը շարունակվում է: Մարդիկ սկսեցին այլ կերպ գնահատել կյանքը:

ԱՊՐՈՒՄ ԵՄ…

Ապրում եմ իմ կյանքը, ջանում եմ ինքս ինձ չդավաճանել:

Զրուցեց Աղավնի Գրիգորյանը

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook