Հույն համայնքի երիտասարդներն իրենց հայազգի եղբայրների հետ այս օրերին պատերազմի առաջնագծում են:
Հնագույն ժամանակներից մեր օրեր հասած այս ժողովուրդները շատ նման են իրար։ Նման են նրանց աչքերն ու հայացքները՝ ուղղված իրենց ու աշխարհին, մարդկության ստեղծած մնայուն արժեքներին։ Դրանք հայերն ու հույներն են՝ խաղաղ, ստեղծարար, հարուստ ու հերոսական անցյալ ունեցող հնագույն ժողովուրդներ։
Զրույց «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ նախագահ Մարիա Լազարեւայի հետ։
– Հայ-հունական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Ինչպիսի՞ն են դրանք այսօր մեր ընդհանուր հայրենիքում՝ Հայաստանում։
– Իսկապես, հայերն ու հույները հազարամյակներ ի վեր կապված են պատմությամբ, մշակույթով, նույնիսկ ընդհանուր ցավով։ Այս երկու ազգերը նման են իրենց նիստուկացով, սովորույթներով, կարելի է ասել՝ նաեւ բնավորությամբ։ Հենց սա է նպաստել, որ Հայաստանում շուրջ երեք դար առաջ հաստատված հույները երբեք իրենց չեն զգացել եւ այսօր էլ չեն զգում օտար երկրում։ Ապրելով կողք կողքի՝ հույներն ու հայերը սերտ բարեկամություն են արել, ընտանիքներ կազմել, կենցաղ կիսել։ Լոռու մարզի որոշ գյուղերում այսօր էլ կհանդիպեք հայ տատիկների, որոնք իրենց հույն հարեւանուհիներից պոնտիերեն (հունական բարբառ է, որ որպես առանձին լեզու կիրառվել է պատմական Պոնտոսում) երգեր կամ արտահայտություններ են սովորել։ Այսօր հունական համայնքի անդամները Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են, ակտիվ մասնակցում են հանրապետության սոցիալ-մշակութային, գիտական, քաղաքական կյանքին։ Մեր համայնքի երիտասարդ տղաներն իրենց հայազգի եղբայրների հետ ծառայում են մեր ընդհանուր հայրենիքին, իսկ այս օրերին՝ կռվում առաջնագծում։
– Հունական ներկայությունը փաստող ի՞նչ կառույցներ կան Հայաստանում։ Որքանո՞վ են դրանք նպաստում հունականության պահպանմանը համայնքում։
– Հայաստանում պոնտացի հույները հաստատվել են շուրջ երեք դար առաջ՝ այստեղ գալով պատմական Պոնտոսից, որը ներկայիս Թուրքիայի հյուսիսարեւելյան հատվածն է, Սեւ ծովի ափերը։ Հիմնականում բնակվել են հանքամերձ վայրերում՝ Ախթալա, Շամլուղ, Մադան, Հանքավան, Զանգեզուր եւ այլն, կառուցել դպրոցներ, եկեղեցիներ։ Սյունիքի Բաշքանդ գյուղում է 19-րդ դարի կիսավեր հունական գեղեցիկ եկեղեցին, որը կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրովները։ Մի այլ հունական եկեղեցի կա Հանքավան գյուղում, որը թեեւ ավերված չէ, բայց չի գործում, քանի որ Հայաստանում հույն ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ չունենք։ Ցավոք, այսօր միայն գրավոր վկայություններ եւ մի փոքր բարձրաքանդակ է պահպանվել ժամանակին Գյումրու կենտրոնում վեր խոյացող շքեղ Սուրբ Գեորգ հունական եկեղեցուց։ Հայաստանում հույների դարավոր ներկայության մասին են վկայում նաեւ հունական գերեզմանոցները։ Անշուշտ, Հայաստանում հունական հոգեւոր եւ նյութական մշակութային հուշարձանների առկայությունն ավելի է ամրացնում մեր ոտքի տակի հողը՝ այն դարձնելով հայրենիք, որտեղ հույներն ապրել, ստեղծագործել եւ պատմական ուղի են անցել արդեն մի քանի սերունդ։
– Նորանկախ Հայաստանում մոտ 12 հազար հույն էր բնակվում։ Վիճակագրությունն ի՞նչ է փաստում այսօր, եւ որո՞նք են հույների համահավաք բնակավայրերը մեր երկրում։
– Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո մեծ թափ ստացած արտագաղթը զգալի բացասական ազդեցություն ունեցավ նաեւ Հայաստանի հունական համայնքի վրա։ Այդ տարիներին Հունաստանը որոշակի լավ պայմաններ ստեղծեց հայրենադարձության համար, եւ Հայաստանի ու նախկին ԽՍՀՄ երկրների շատ հույներ մշտական բնակության տեղափոխվեցին Հունաստան։ Այսպիսով` կտրուկ նվազեց Հայաստանի հույն ազգաբնակչության թիվը՝ հասնելով մոտ հազար բնակչի։ Արտագաղթածների մեծ մասը երիտասարդ, վերարտադրողական տարիքի, աշխատունակ ընտանիքներ էին, իսկ Հայաստանում տարեցները մնացին։ Այսպես հունական համայնքը Հայաստանում կորցրեց մի քանի սերունդ, ինչն էլ, բնական է, բացասական հետեւանք թողեց համայնքի կազմի եւ մանավանդ լեզվի պահպանման վրա։ Եթե նախկինում Մադանը, Հանքավանը, Յաղդանը համարվում էին հունաբնակ գյուղեր, ապա այսօր այնտեղ ապրող հույների թիվը զգալիորեն զիջում է հայերի թվին։ Հենց միայն Մադանը, որը հայտնի է եղել որպես հունական գյուղ, այսօր այնպես է հունաթափվել, որ դարձել է ընդամենը Ալավերդու թաղամասերից մեկը՝ փոքրաթիվ բնակչությամբ։
– Ձեր կարծիքով` որո՞նք են լեզվապահպանության, կրթության բնագավառի ամենամեծ խնդիրները համայնքում։ Ի՞նչ միջոցառումներով է հնարավոր հաղթահարել դրանք։
– Համայնքի թվային կազմի նվազումը մեզ կանգնեցրեց համահավաք՝ կոմպակտ բնակավայրերի կորստի առջեւ։ Եվ քանի որ այլեւս չկան այդպիսիք, չկան նաեւ հունական դպրոցներ։ Մեր նախնիները պատմական Պոնտոսից ժառանգել եւ կիրառում էին հունարենի պոնտական բարբառը, որը, սակայն, ժառանգականության կապի խախտման հետեւանքով այսօր գործածվում է հիմնականում համայնքի տարեց սերնդի շրջանում միայն, իսկ ավելի երիտասարդ սերունդը, կարելի է ասել, չի տիրապետում պոնտիերենին։ Փաստացի՝ մեծահասակներն ու նոր սերունդը այս պահին չեն հաղորդակցվում նույն հունարենով։ Երիտասարդները նոր հունարենը որպես օտար լեզու են ուսումնասիրում հունական համայնքի կիրակնօրյա դպրոցներում։ Հունական համայնքում նոր հունարենի ուսուցումն անվճար է, ուսուցիչները ֆինանսավորվում են Հունաստանի կառավարության կողմից եւ պարբերաբար վերապատրաստվում Հունաստանում։ Հավելեմ նաեւ, որ հունարենը, որպես օտար լեզու, ուսուցանվում է նաեւ Երեւանի պետական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, Հայ-հունական քոլեջում եւ «Պիրեա» հայ-հունական մանկապարտեզում։ Չնայած որ նշված ուսումնական հաստատությունների սովորողները հիմնականում հայեր են, այնուհանդերձ, այդ կերպ եւս լեզուն կիրառելի եւ կենդանի է մնում Հայաստանում։
– 2020 թվականին համավարակը ցնցեց աշխարհը, իսկ մեր երկիրը՝ նաեւ պատերազմը։ Այս ընթացքում լեզվական իմաստով իրազեկման որեւէ խնդիր ունեցե՞լ է հունական համայնքը։
– Դարերով ապրելով հայերի կողքին՝ Հայաստանի հունական համայնքի անդամները վարժ խոսում են հայերեն եւ ռուսերեն, հետեւաբար` լեզվական իմաստով իրազեկման որեւէ խնդիր չենք ունեցել։ Սակայն դա մեզ չի ազատել պատերազմի օրերին ողջ պաշտոնական տեղեկատվությունը հունարենով հասանելի դարձնելու կարեւոր պարտականությունից։ Այս պարագայում մեր լսարանը ոչ թե Հայաստանի, այլ Հունաստանի եւ սփյուռքի հույներն են։ Մեզ համար կարեւոր էր, որ արտասահմանում ապրող մեր հույն քույրերն ու եղբայրները քաջատեղյակ լինեն մեր հայրենիքում առկա պատերազմական իրավիճակին։ Այս առումով մեծ գործ արեց նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի հունարեն հաղորդումների բաժինը։ Ի դեպ, շաբաթը հինգ օր 15 րոպե տեւողությամբ հունարեն լրատվությունից բացի, Հանրային ռադիոն իր կայքում ունի բավական հետաքրքիր նյութերով հագեցած հունարեն բաժին, ինչը, անշուշտ, օգնում է հունական համայնքի ներգրավվածությանը։ Հուսամ՝ այս ամենը նպաստեց, որ այդքան ոգեշնչող ու նշանակալից լինի դրսի հույների աջակցությունը թե՛ բարոյական, թե՛ ֆինանսական տեսանկյունից։
– Հունական համայնքի լեզվակրթական, մշակութային դրսեւորումների ի՞նչ հեռանկար եք տեսնում Հայաստանում։
– Ինչպես նշեցի, համահավաք բնակավայրերի պակասի եւ ժառանգականության կապի պատճառով պոնտիերենի՝ որպես ազգային լեզվի եւ բարբառի կիրառությունը Հայաստանի հույների շրջանում կտրուկ անկում է ապրել։ Այս պահին մեզ համար նույնիսկ դժվար է ինքնուրույն փորձեր անել պոնտիերենի ուսուցումը վերականգնելու համար։ Պատճառներից մեկը պոնտիերեն դասավանդողների եւ դասագրքի բացակայությունն է Հայաստանում։ Այս հարցում շատ կարեւոր կլինի պետության աջակցությունը, որպեսզի մեր պոնտիերենը փրկենք մոռացումից։ Մենք հայտ ենք ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պոնտիերենն անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ներառելու համար։ Հույս ունենք, որ պետության օգնությամբ կկարողանանք իրականացնել մեր նախնիների լեզուն կենդանացնելուն ուղղված որոշակի ծրագրեր։ Հայաստանն այսօր ծանր իմաստով պատմական ժամանակաշրջան Է ապրում։ Հույն ժողովուրդը լավ գիտի, թե ինչ է թուրքական ծավալապաշտությունը։ Հուսանք, որ մեր ժողովուրդների համար կգան ավելի նպաստավոր ժամանակներ՝ մեր մշակութային երկխոսությունը զարգացնելու, մեր ունեցածը պահպանելու եւ այդ հիմքի վրա նորը ստեղծելու համար։
Զրույցը վարեց Երազիկ Գրիգորյանը