– Տե՜ս, արևը վերադարձավ երկինք:
– Արևը ոչ մի տեղ չէր գնացել, փոքրի՛կ: Նա միշտ երկնքում է լինում: Պարզապես գիշերները արևը աշխարհի հակառակ կողմում է շողում: Ցերեկներն էլ երբեմն թաքնվում է ամպերի հետևում:
– Հենց այդ ժամանակ ես արևի հետ պահմտոցի եմ խաղում: Երբ արևը երկնքում թաքնվում է, ես համակարգչով գտնում եմ նրան: Մեծ եղբայրս է օգնում: Եղբայրս համակարգչով ամեն ինչ կարող է գտնել: Երբ ես նրան խնդրում եմ, որ արևի մասին երգեր ու պատմություններ որոնի, ասում է. «Վա՜յ, դու մի օր հաստատ արևայրուք կստանաս»:
– Ի՜նչ կատակասերն է եղբայրդ: Դո՛ւ էլ կատակիր: Հաջորդ անգամ, երբ նրան խնդրես, որ համակարգչով արև գտնի, հովարով գլխարկդ դիր: Կասես, որ այդպես պաշտպանվում ես արևայրուքից:
– Հովարո՞վ: Ես հովարով գլխարկ չունեմ:
– Իհա՛րկե ունես: Ես տեսե՛լ եմ քո գլխին: Հիմա համակարգչով կնկարեմ գլխարկդ:
– Հա՜, սա իմ սիրած գլխարկն է:
– Տե՛ս, գլխարկիդ այս կիսալուսնաձև մասը օգնում է, որ արևը դեմքիդ չընկնի. hով է անում: Դրա համար էլ սրան հովար են անվանում: Հովար ունեցող գլխարկները կոչվում են հովարով գլխարկներ:
– Իսկ դու հովարով գլխարկ ունե՞ս:
– Չէ՛, ես հովանոց ու հովհար ունեմ:
– Դրանք նույն բանը չե՞ն:
– Ո՛չ։ Հիմա հովանոց ու հովհար էլ կնկարեմ: Տեսնո՞ւմ ես, քո հովարով գլխարկը, իմ հովանոցն ու հովհարը իրարից շատ տարբեր են: Բայց նրանք մի ընդհանուր բան ունեն․ երեքի անվան մեջ էլ հով բառը կա: Երեքն էլ պաշտպանում են սաստիկ արևից ու շոգից: Հովանոցը՝ նաև անձրևից:
– Հովար, հովհար, հովանոց: Երեքն էլ չե՞ն սիրում արև:
– Իհա՛րկե սիրում են․ արևը չլիներ՝ իրենք էլ չէին լինի:
– Ինչքա՜ն բան իմացա: Գնամ, եղբորս պատմեմ:
– Հետո՛ կպատմես: Քանի դեռ շատ շոգ չէ, գնա բակ՝ ընկերներիդ հետ խաղալու: Նրանց, հաստա՛տ, համակարգչով չես գտնի:
– Եղբա՞յրս էլ չի գտնի:
– Հիշի՛ր, իրական խաղընկերներին ոչ ոք չի կարող համակարգչով գտնել: Նրանք իրական բակում են լինում:
Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան
Նյութը տպագրվել է «Ուրախ պարտեզ» ամսագրում