Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԵՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ

«Երգարվեստի մեջ փոփոխությունը իր հետ կբերի փոփոխություն պետական համակարգում»:

Պյութագորաս

 

 

  Կարևոր է այն, թե հանրությունն ի՛նչ երգեր է լսում։ Եվ դա սոսկ երաժշտական ճաշակի խնդիր չէ։ Երգի ընտրությունը կարող է նկարագրել, երբեմն՝ «մատնել» լսողին։

  Մենք՝ հայերս, լավ երգեր ունենք, բայց վաղուց արդեն շատերի ունկը զբաղված է հայկական շոու բիզնեսի՝ օրավուր վատթարացող արտադրանքով (ներողություն օտար արտահայտության համար․ գուցե դրա հայերենը չի ստեղծվում, քանի որ այս պարագայում օտարը շատ է դիպուկ)։ Կարծիք կա, թե մեր հանրությունն ի՛նքն է կատարել իր երաժշտական ընտրությունը։ Հիշենք, որ առաջարկ-պահանջարկի առաջնահերթության խնդիրը հավերժական է, ու դրա շուրջ քննարկումները երբևէ պարզերես չեն արել առաջարկող կողմին ու չեն ազատել պատասխանատվությունից։ Ինչևէ, մեր խնդիրը վերջին տասնամյակների ընթացքում անդադար  որակական անկում ապրող, բայցև դիտումների մեծ ծավալ ունեցող հայերեն երգերի լեզվական վիճակն է։ Միասին լսենք մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներին։

  Միհրան Ծառուկյանը երգում է․ «Սիրո ճամփան մեզ երկուսիս/ Արահետով է իր տանում»։ Բայց չէ՞ որ արահետն էլ ճանապարհ է։ Ուրեմն սիրո ճանապարհը իր ճանապարհո՞վ է տանում։ Անհեթեթ միտք է։ Լիլիթ Հովհաննիսյանն իր երգում ասում է․ «Ինձ ստում ես ու չես ամաչում»։ Մարդիկ ինչ-որ մեկին չեն ստում, այլ պարզապես ստում են։ Ինչ-որ մեկին մարդիկ խաբո՛ւմ են։ Էռնեստ Հովհաննիսյանը երգում է․ «Իզուր սերդ չես զիջում, քոնը ես եմ, իմն էլ դու»։ Սիրելի՛ Էռնեստ, բա՛ց արա բառարանը ու տե՛ս, թե զիջել բառը ի՛նչ է նշանակում։ Նրա ո՞ր իմաստն է հարմար քո երգին։ Ուզում ես, որ քո սիրած աղջիկը հրաժարվի իր սիրուց ու մնա առանց սիրո՞։ Ա՛յ թե ինչ է նշանակում զիջել։ Բայց Էռնեստը դժվար թե բառարան կարդա․ մեր «անզուգականները» կարդալ չեն սիրում։ Այլապես Գեղամ Սարգսյանն իր երգի մեջ չէր ասի․ «էդ քո սիրուն սև աչերդ/ Գերել են ինձ, այրել սերս»։ Եթե քո-ն կա, ուրեմն ոչ թե աչերդ, այլ աչերը՝ քո աչերը։ Նաև՝ հիմա ոչ ոք աչեր չի ասում (հին երգերում հանդիպող բառ է), ասում են աչքեր։ Ու մի բան էլ․ աչքերը կարող են մարդու սի՛րտը այրել, բայց ո՛չ սերը։ Ո՛չ ուղիղ, ո՛չ փոխաբերական իմաստով հնարավոր չէ փրկել այս տողերը։ Էրիկ Կարապետյանին լսենք․ «Էն որ ասում են՝ սերը սրտի երկու կեսերը/ Մի հատ մեծ սրտի է վերածում՝ ճիշտ է»։ Օ՜, սրտաբանների ականջից հեռու։

  Տեսանյութում շատ մեծ, լեփ-լեցուն դահլիճ է։ Մարտին Մկրտչյանն է երգում, ու ամբողջ դահլիճը ձայնակցում է։ Բոլորը օտար ելևէջների առաջ ձեռքերը բարձրացրած․․․ պարում են։ Բոլորը երիտասարդ են ու, ամենից զարմանալին՝ բոլորը գիտեն երգի բառերը։ Ահա՛ դրանք․ «Իմ անուն, իմ պատիվ, իմ սիրուն/ Ասա էս ի՞նչ ես հետս անում,/ Որ քեզանից չեմ կշտանում։/ Սրտիս միջի սերը դուն ես, /Քո խալով էլ ինձ տանջում ես,/ Դե արի, արի, շուտ արի, արի,/ Քո խալով էլ մի չարչարի»։ Ախր ա՛յ Մարտին Մկրտչյան, լեզվական սխալները, որոնք նշել ենք (ոչ թե  «ի՞նչ ես հետս անում», այլ «ի՞նչ ես ինձ անում», ոչ թե «դուն ես», այլ «դու ես»), դեռ մի կողմ թողնենք։ Խալով տանջել-չարչարելը ո՞րն է։ Մի ուրիշ երգում էլ ասում ես․ «Իմ ուզած սերը ինձ եղավ»։ Քեզ ամեն ինչ էլ եղավ, դա ակնհայտ է։ Բայց գոնե աղոտ կերպով պատկերացնո՞ւմ ես, որ քո երգով սերունդ ես «դաստիարակում»։ Մարդկանց հոգևոր պահանջմունքները կարելի՞ է այսքան նսեմացնել։ Իսկ Հայկոն, որ բանիմաց երաժշտի համարում ունի, երգում է․ «Ամենամոտը իմ սրտին դուն ես/ Ամենաառաջինը, ով ինձ զգում ես» (ճիշտ է՝ Առաջինը (ամենաառաջին չի լինում, ինչպես որ չի լինում ավելի առաջին) դու ես,/ որն ինձ զգում է)։ Ո՞ւր եք տանում ունկնդրին։ Առաջ դեպի հե՞տ։ Վտանգավո՛ր ընթացք է։

  Արաբո Իսպիրյանը երգում է․ «Կյանքի ընկերներս ո՞նց դարձան կարոտ/ Մեզանից հեռու, Աստծուց շատ մոտ» (ճիշտ է՝  Աստծուն շատ մոտ): Նույն երգում լսում ենք․ «Սրտիս մեջ մեր օրերն են պատել»։ Սա ուղղելի չէ, նոր տող պիտի գրվի։ Ավելի ճիշտ՝ նոր երգ պիտի գրվի, քանի որ հայրենասիրական երգերում առավել աններելի են օտար ելևէջները, լեզվական անճշտությունները։ Միամիտ ունկնդիրն այդ երգերը նույնացնում է մեր ազգագրական երգերի հետ, ու չի էլ պատկերացնում, որ այդ տարբեր արժեքների բախման կետում իր տեսակն է։

  Երգչուհի կա՝ Մաշ Իսրայելյան։ Երգում է․ «Դարձել եմ խաղալիք նրա ձեռքում/ Չունեմ էլ անելիք նրա գրկում»։ Չունենք ասելիք, ու չենք առաջարկում որևէ փոփոխություն։ Թող այսպես էլ մնա։ Մի երգ էլ ունի, վերնագիրը՝ «Սիրտս լացումա»։ Հենց այսպես։ Այս երգչուհին չգիտի, թե ինչ է օժանդակ բայը։ Բայց փոխարենը գիտի Տերյանին․ վերցրել ու աղավաղել է նրա «Փողոցի երգը» հայտնի բանաստեղծությունը։ Կամ էլ ինչ-որ մեկը Մաշին հեշտությամբ խաբել է՝ գլխի ընկնելով, որ երգչուհին Տերյանի պոեզիային ծանոթ լինել չի կարող։ Լսե՛նք․ «Պատուհանիս տակ լալիս է կրկին/ Անձրևի հետ թափվող այդ մեղեդին։ /Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,/ Կարծես թե ես եմ, ես եմ այն ստեղծել, /Չգիտես, բայց ես եմ խոսում այդ երգում․․․»։ Այսպես մինչև վերջ։ Իսկ կրկներգը մուղամ է, փառք Աստծո, առանց Տերյանի․ «Սիրտս լացում ա, կարոտից անվերջ թախծում ա,/ Արժանի չես արցունքի, բայց էլլի սիրտս լացում ա․․․»։

  Ահա՛, հասանք հայկական շոու բիզնեսի գլխին եկած հերթական մեծ փորձանքներին։ Արևելյան կլկլոցը, ավելորդ նոտաներ երգելը չի բավարարել մեր երգիչներին։ Սկսել են իրենց երգերի հայերեն բառերը հնչեցնել նոր արտասանությամբ՝ հատուկ հնչերանգով կրկնելով բաղաձայնները՝ իբրև թե արաբերեն են երգում՝ «ու էլլի, ու էլլի», «իմ կյանքը թալանելլ ես», «քեզ երանի իմաննայի ու քո կողքին չմննայի», «հոգիս դատարկվելլ է»։

  Մի նորություն էլ կա․ խոսակցական լեզվին, բարբառներին հատուկ ա օժանդակ բայը մտել է երգարվեստ։ Երանելի են թափառական աշուղները․ նրանց համար երգի խոսքը է-ական էր։ Իսկ հայտնի Արամ Էմպետրին, Էրիկ Կարապետյանը, Լիդուշիկը ու այլք մի վայրկյան անգամ կանգ չեն առել հայկական, թեկուզ ժամանցային, երգը նվաստացնելու մտքի առաջ․ «Մենակ մնալը լավ ա, շատ լավ ա», «Սիրտը իմ նրանն ա», «Սերը գաղտնի մնա, իմն ա, իմն ա»։ Բայց չէ՞ որ երգը նաև պոեզիա է։ Կամ՝ պետք է որ լիներ․․․

  Ներեցե՛ք, մխիթարելու բան չկա։ Ցավով պիտի ասենք՝ հայ երգը երբեք չի եղել այսքան սնամեջ, այսքան օտարոտի, հետադիմական, նվաստացնող։ Հայ երգիչը երբեք չի եղել այսքան անասելիք ու անդեմ։

  Բայց մեր այս ամբողջ փնտրտուքի մեջ հուսադրող մի բան գտանք՝ երգի մի տող՝ մի անկեղծ խոստովանություն․ «Ա՜խ, ո՞նց բուժեմ հոգիս տկար»։ Այսպես շիտակորեն, առանց կաշկանդվելու իր հոգու տկարության մասին է երգում մեր երգիչներից․․․ ի՞նչ կարևոր է, թե ով․․․ ո՛վ ասես․․․ բոլո՛ր նրանք, ում համար միևնույն է, որ ականջն ամենից մոտն է ուղեղին, ու հազարավորների լսելիքն են դարձնում իրենց գլխից մեծ չարիքներ գործող, հազա՛ր բանի համար մեղավոր երգերը։

 

Երազիկ Գրիգորյան

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին