Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Երեխաներին՝ միայն որակյալ խոսք (2-րդ մաս)

Գաղտնիք չէ, որ մեր երեխաներն ամենից շատ դիտում են ռուսերեն թարգմանությամբ ամերիկյան, ֆրանսիական, ինչպես նաև ռուսական մուլտֆիլմեր: Այս պարագայում շատ կարևոր է մուլտֆիլմերի կրկնօրինակման միջոցով երեխաների համար իրենց մայրենիի գեղեցկությունը բացահայտելու գործը: Նկատենք, որ ռուս երեխաների համար այդ աշխատանքը լավագույն կերպով է կատարում ռուսական հեռուստաշուկան:

Շարունակենք մեր զրույցը կրկնօրինակված մուլտֆիլմերի հայերենի մասին:

Միասին դիտենք երեխաների սիրելի «Կոշկավոր կատուն»: Այս կատվի սիրելին էլ մուլտֆիլմում մի գեղեցկուհի կատու է, որին կոչում են օրիորդ Փափթաթ: Վատ թարգմանություն է: Փափուկ բառից չի կարող բարդ բառ կազմվել փափ-ով: Ճիշտ կլիներ նրան Փափկաթաթ անվանել՝ «փափկամորթ», «փափկասուն» բառերի նմանողությամբ: Կարելի էր նաև այլ տարբերակներ գտնել: Հայերենը մարդու միտքը չի կաշկանդում: Բայց ա՛յ քեզ հայերեն՝ «Իմ ու Գոմփոյի միջև վերքերը շատ խորն են»: Վերքերը Կոշկավորի ու Գոմփոյի միջև՛ չեն: Վերքերն առհասարակ միջև չեն լինում: Ճիշտ է՝ «Իմ ու Գոմփոյի սրտում վերքերը շատ խորն են», «Իմ ու Գոմփոյի մեջ վիրավորանքը շատ խորն է» և այլն:

«Զգո՛ւյշ եղիր՝ ում հետ ես շփվում»,- հնչում է մուլտֆիլմում, և իմաստը միանգամայն հասկանալի է: Բայց հասկանալի լինելը չի փրկում այս սխալ նախադասությունը: Տվյալ դեպքում ճիշտ կլիներ՝ «Իմացի՛ր՝ ում հետ ես շփվում», «Զգո՜ւյշ, տե՛ս, թե ում հետ ես շփվում», «Դրան մի՛ վստահիր» և այլն:

«Գիտեմ, որ նեղացած ես, բայց ինչ ուրախ եմ քեզ տեսնել»: «Как я рад тебя видеть»,- ասում են ռուսները: Եվ ահա մեր եթերը լցվել է «ուրախ եմ ծանոթանալ», «ուրախ եմ ներկա լինել» և այլ ռուսերենատիպ նախադասություններով: «Գիտեմ, որ նեղացած ես, բայց ինչ/շատ (ավելի լավ է՝ առանց սրանց) ուրախ եմ, որ քեզ տեսա»: Շատ ավելի լավ է՝ «Գիտեմ, որ նեղացած ես, բայց լավ է, որ հանդիպեցինք» և այլն:

«Օր չի անցնում, որ չմտածեմ, թե ինչ կորցրի»: Դարձյալ պատճենահանված խոսք: Փորձենք թարգմանել: Ահա, դժվար չէ՝ «Օր չկա, որ չմտածեմ, թե ինչ կորցրի»:

«Գիտե՞ս բանտում ինչ են անում Գոմփոյի հետ»: Բանտում Գոմփոյի հետ միասին ոչինչ չեն անում: Չէ՞ որ «հետ» նշանակում է՝ միասին: Բանտում Գոմփոյին տանջում են: Ուրեմն՝ «Գիտե՞ս բանտում ինչ են անում Գոմփոյին»:

«Ես մի բան եմ երազում՝ իմ պարտքերս տամ»: Վատ չէր լինի, որ ստեղծագործական խմբի անդամներից մեկնումեկը հիշեր, որ արևելահայերենում ստացական հոդի հետ անձնական դերանուն չի գործածվում: Կա՛մ «Ես մի բան եմ երազում՝ իմ պարտքերը տամ», կա՛մ «Ես մի բան եմ երազում՝ պարտքերս տամ»: «Իմ պարտքերս»՝ ճիշտ չէ:

Անցնենք «Բևեռային ճեպնթաց» մուլտֆիլմին:

«Հե՛յ, ի՞նչ ես անում: Մեր գլխին պատմություն ես բերելու»: Սա հայերեն չէ: Մենք՝ հայերս, մեկի գլխին ոչ թե պատմություն ենք բերում, այլ փորձանք: Իսկ պատմության մեջ գցո՛ւմ ենք:

«Կանգնած ենք ճեպընթացի ամենասկզբում»: Գնացքի ոչ թե սկզբում են կանգնում, այլ առջևի մասում: 

«Փորձեցի բռնվել ամրակից, ինչն էլ պոկվեց»: Կամ՝ «Խնդիր չի, ոչինչ»: Մուլտֆիլմում այսպես չեն խոսում: «Փորձեցի բռնվել ամրակից, բայց այն պոկվեց»: Եվ՝ «Բան չկա, ոչինչ»: Փոքրիկ փոփոխություններ, և դրվագը կդառնա կենդանի, մուլտֆիլմային:

«-Ես ոչինչ չեմ լսում: Իսկ դու՞: -Ոչ»: Այս հարցին ոչ ոք այսպիսի պատասխան չի տա: «Ես էլ», «Չեմ լսում», «Ես էլ չեմ լսում» և այլն: Կամ էլ հարցը պիտի խմբագրվեր. «-Ես ոչինչ չեմ լսում: Իսկ դու լսո՞ւմ ես: -Ոչ»:

«Խաղալիքներն առանց այդ էլ շատ են տուժել»: Այս «առանց այդ էլ» արտահայտությունը վերջին շրջանում է հայտնվել եթերում և վստահաբար՝ ռուսերենից հայերեն վատ թարգմանության հետևանք է: Նույն կերպ և մուլտֆիլմի հաջորդ սխալը՝ «Ամեն ինչ այդքան էլ վատ չէ»: Ճիշտ է՝ «Խաղալիքներն առանց այն էլ շատ են տուժել», «Ամեն ինչ այնքան էլ վատ չէ»: Ուշացումով խմբագրեցինք այս մուլտֆիլմերը՝ հուսալով, որ ոչ միայն այս գործի պատասխանատուները, այլև բարեխիղճ ընթերցողները կանսան հայերենը չաղավաղելու մեր հորդորին:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Շարունակենք վերլուծել «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի հայերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական սխալները: Ֆիլմի չորրորդ մասի
Առցանց ուսուցման օրերին Հարրի Փոթերի հասակակիցների և ոչ միայն նրանց համար Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց աշխարհն
Տեխնոլոգիական հնարամտությունները մի հպումով փոխեցին աշխարհը: Խելացի հեռախոսը գերեց մարդուն՝ բառի տարբեր իմաստներով: Մարդը վերանայեց
«Արմենիա» հեռուստատեսության «Երգիր, թե կարող ես» հաղորդաշարը պարզապես ժամանցային չէ: Եթե ուզում ես անորակ երաժշտությունից
Շարունակենք մեր զրույցը պատմական թեմայով արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների որակի մասին: Նախորդ անգամ ներկայացրինք ուսումնասիրված

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին