Երեխայի ձևավորման գործում ականջը շատ պատասխանատու ընկալուչ է: Ամենևին միևնույն չէ, թե նա ինչ խոսք է լսում: Այդ իմաստով մուլտֆիլմերը կրկնակի կարևորություն ունեն: Մենք պարբերաբար անդրադառնում ենք դրանց լեզվավիճակին: Այսօր կխոսենք մուլտֆիլմերի հայերեն թարգմանությունների մասին:
Սկսենք երեխաների սիրած «Դեպի վեր» մուլտֆիլմից:
«Ես չեմ համբերում լսել այս պատմության ավարտը»: «Мне не терпится услышать…»: Պարզ է, որ այս նախադասությունը թարգմանվել է ռուսերենից: Կարելի է ասել՝ չի էլ թարգմանվել, հենց ռուսերեն էլ մնացել է: Փորձենք միասին թարգմանել: «Ես չեմ համբերում: Ուզում եմ լսել այս պատմության ավարտը»: Կամ՝ «Ես չեմ համբերում, թե երբ եմ լսելու այս պատմության ավարտը»:
Այս մուլտֆիլմում մի հսկա թռչուն կա: Փոքրիկ հերոսը ծերունուն ասում է. «Կարո՞ղ ենք նրան մեզ հետ վերցնել»: Այս միտքն էլ է ռուսերեն: Մանավանդ՝ խոսքը այդ հսկային վերցնելու մասին չէ: Պետք էր ասել՝ «Կարո՞ղ ենք նրան մեզ հետ տանել»: Կամ՝ «Կլինի՞, որ նա էլ մեզ հետ գա»:
Փոքրիկ տղան զարմացած բղավում է. «Այստե՜ղ նայեք»: Նա առաջարկով կամ խնդրանքով չի դիմում որևէ մեկին, այլ պարզապես զարմանքն է արտահայտում: Բայց երեխան այդ պահին կարձագանքի ձայնարկություններով, կասի «վայ, այս ի՞նչ է» կամ մի ուրիշ բան, այլ ոչ երբեք՝ «այստեղ նայեք»: Երեխան նաև չի ասի. «Շատերը ինքնաթիռով են ճանապարհորդում, բայց Դուք խելամիտ եք գտնվել»: Նախ՝ ոչ թե գտնվել, այլ վարվել: Սա լեզվական սխալ է, իսկ մնացածը պարզապես վատ է. շատե՜րը, խելամի՜տ… Չէ՞ որ սա մուլտֆիլմ է: «Ուրիշներն ինքնաթիռով են ճանապարհորդում, իսկ Դուք շատ խելոք բան եք արել»: Եվ, հավատացե՛ք, տեսարանից ստացած տպավորությունը միանգամայն այլ կլինի:
«-Դու երբեք ճամբար չե՞ս գնացել: -Այո, բայց դրսում չենք գիշերել»: Հայերենի մեծ գիտակ պետք չէ լինել՝ իմանալու համար, որ «չե՞ս գնացել»հարցին չեն պատասխանում «այո», այլ ասում են՝ «գնացել եմ»:
«Ես զանգում եմ, բայց Ֆիլիսն ասում է, որ նրան ձանձրացնում եմ»: Այստեղ երրորդ մեկը չկա: Զանգին պատասխանողն էլ, ձանձրացողն էլ նույն Ֆիլիսն է: Ուրեմն՝ «Ես զանգում եմ, բայց Ֆիլիսն ասում է, որ իրեն ձանձրացնում եմ»:
«Վզկապիդ հետ ինչ-որ բան այն չէ»: Այս հետ-ը հայերեն չէ: Պետք չէ նախադասությունն այնպես կազմել, որ առանց «հետ» կամ «մոտ» կապի գործը գլուխ չգա: «Վզկապդ ի՞նչ է եղել», կամ՝ «Վզկապիդ ի՞նչ է պատահել»: Եվ պետք չէ ասել «Գրանցեք եղանակի մասին տվյալները մածյանում»: «Մատյան» գրում, «մատյան»կարդում ենք:
Իսկ ահա «Աստերիքս. աստվածների երկիրը» մուլտֆիլմի հերոսներից մեկին ամբողջ ընթացքում անվանում են չարաճիճի Կուս: Այսպիսի բառ չկա: Ճիշտ է՝ չարաճճի: Ընդ որում՝ այդ սխալն անում են կրկնօրինակող բոլոր դերասանները:
Իսկ ահա հերոսներից մեկն ասում է. «Եկվորներին այնքան էլ ուրախ չեն այստեղ»: Դարձյալ բառացի պատճենում ռուսերենից: «Այստեղ եկվորներին այնքան էլ ուրախ չեն ընդունում»: «Եկվորներին այստեղ այնքան էլ չեն սիրում»: Կարելի է շարունակել: Ճիշտ տարբերակները քիչ չեն:
«Քաղաքի բոլոր քաղաքացիներին բնակարան է հատկացվում»: Պարզ է, որ վատ է: Կարելի էր ասել. «Քաղաքի բոլոր բնակիչներին…»: Կամ՝ «Բոլոր քաղաքացիներին…»:
«Նա գիտի՝ որտեղ վազել»: Այսպես կարելի է ասել, եթե խոսքը, ասենք, մարզադաշտում, բակում կամ որևէ այլ վայրում վազելու մասին է: Բայց այստեղ խոսքը վազելու ուղղությանն է վերաբերում: Ուրեմն՝ «Նա գիտի՝ ուր վազել», «Նա գիտի՝ ուր պիտի վազի»:
Սխալ է ասել՝ «Ինձանից գողություն չեն արել»: Պետք է ասել՝ «Ինձանից չեն գողացել»: Սխալ է ասել՝ «Ինչ պետք է անել սրա հետ»: Պետք է ասել՝ «Ինչ պետք է անել սրան»: «Կեսար, դու անազնիվ գտնվեցիր»-ի փոխարեն պետք է ասել՝ «Կեսար, դու անազնիվ վարվեցիր/եղար»: «Դուք պետք է հոգ տանեք ապրանքանիշի մասին»: Մասին հոգ չեն տանում: Ճիշտ է՝ «Դուք պետք է հոգ տանեք/հոգաք ապրանքանիշի համար»: Ավելի լավ է՝ «Դուք ապրանքանիշի մասին պիտի մի բան մտածեք» և այլն:
Այս մուլտֆիլմերն արդեն կրկնօրինակված են: Պարզ է, որ նշված ու էլի շատ սխալներ չեն ուղղվի: Բայց մենք շարունակելու ենք հետևել հայկական եթերին՝ հուսալով, որ մեր խոսքն օդում չի մնա, ու հայերենի համար կգան ավելի լավ ժամանակներ:
Երազիկ Գրիգորյան