Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զբոսանք բառերի աշխարհում (2-րդ մաս)

Բարև՛, պատանի՛ բարեկամ: Երաժշտության մասին զրուցելով՝ նախորդ անգամ մենք հասանք ֆիլհարմոնիկ համերգասրահ: Դու ներդաշնակություն սիրու՞մ ես: «Ֆիլհարմոնիա» հունարեն նշանակում է «սիրել ներդաշնակությունը»: 19-րդ դարում ստեղծված ֆիլհարմոնիկ ընկերությունների նպատակը սիմֆոնիկ երաժշտության տարածումն էր: «Սիմֆոնիկ» հունարեն  նշանակում է կանոնիկ ձայն, համահնչություն (դրա համար են սիմֆոնիայի փոխարեն հայերեն գեղարվեստական խոսքում գործածում «համանվագ» բառը): Սիմֆոնիկ կարող են լինել և՛ երաժշտությունը, և՛ նվագախումբը: Իսկ սիմֆոնիան դասական ժանրում գրված երաժշտական ստեղծագործություն է:

Ահա և այսօրվա համերգի ծրագիրը: Առաջին բաժնում մենք կունկնդրենք կոնցերտ: Լատիներեն այս բառը հայերեն և՛ թարգմանվում է, և՛ չի թարգմանվում: Պարզապես այն երկու նշանակություն ունի: Մի իմաստով նշանակում է «համերգ», իսկ մյուսը երաժշտական ժանր է, որը հենց այդպես էլ կոչվում է՝ կոնցերտ:

Այսօր մենք եկել ենք համերգ՝ կոնցերտ լսելու: Առաջին բաժնում Բրամս ենք ունկնդրելու. կոնցերտ համար 1, գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Շատերը, հատկապես երաժիշտները, «նվագախումբ» բառի փոխարեն գործածում են  հունարեն «օրկեստրը»: Հին հույներն այդպես էին անվանում բեմի առջևի  հրապարակը, որտեղ երգչախմբային կենդանի ձայնի ուղեկցությամբ ընթանում էր թատերական գործողությունը:

Տե՛ս, բեմի կահավորանքից երևում է, որ մասնակցելու են  սիմֆոնիկ նվագախմբի բոլոր հիմնական գործիքները՝ լարային-աղեղնավոր, փայտե փողային, պղնձե փողային, հարվածային: Իսկ դաշնամուրը հանդես է գալու որպես մենակատար: Բեմեզրին մոտ դիրիժորական վահանակն է դրված: «Դիրիժոր» բառը ֆրանսերեն է. նշանակում է ղեկավարող, կառավարող (դրա համար էլ դիրիժորին հայերեն հաճախ կոչում են նվագավար): Վահանակի վրա տեղադրված է պարտիտուրան: Լատիներեն այս բառը բառացի նշանակում է «բաժանում, բաշխում»: Դա պոլիֆոնիկ, այսինքն՝ բազմաձայն երաժշտության նոտագրությունն է, որտեղ ամեն մի գործիքի պարտիան՝ նվագամասը, նոտագրված է առանձին տողով, որպեսզի նվագավարը կարողանա կարդալ այն ու ղեկավարել և՛ ամբողջական հնչողությունը, և՛ բոլոր գործիքներն առանձին-առանձին: Ահա թե ինչքա՛ն բարդ է դիրիժոր-նվագավարի աշխատանքը:

Անտրակտից (ֆրանսերեն բառացի՝ գործողությունների միջև), այսինքն՝ ընդմիջումից հետո՝ համերգի երկրորդ բաժնում, կլսենք Բեթհովենի համար 5 սիմֆոնիան, որը նա անվանել է «Ճակատագիրը բախում է դուռը»: Սիմֆոնիաները հիմնականում քառամաս են լինում: Այդ մասերի միջև փոքրիկ դադար կա: Հիշիր, որ այդ դադարների ժամանակ պետք չէ ծափահարել: Միայն վերջում: Իմ պատանի՛ բարեկամ, ես լսեցի. համերգի վերջում դու բղավում էիր՝ բռավո՜, բի՜ս:  Այս իտալերեն բառերը նշանակում են՝ «կեցցե՜ս (կեցցե՜ք)», «կրկնե՜լ»: Իմացի՛ր դրանց հայերեն նշանակությունը, բայց իմացի՛ր նաև, որ ամբողջ աշխարհի դահլիճներում են բղավում «բռավո՜», «բի՜ս»: Ուրեմն, քանի դեռ դահլիճից դուրս չենք եկել, «բի՜ս». կրկին կհանդիպենք:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կանչ» ամսագրում։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook