Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զբոսանք բառերի աշխարհում (3-րդ մաս)

Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ի՞նչ է, չե՞ս կարողանում խաչբառը լուծել: Հապա տեսնեմ. երաժշտական գործիք, ութ տառ, վ-ով սկսվում, ն-ով ավարտվում է: Պարզ է, խոսքը վալդհոռնի մասին է: Գերմաներեն այն նշանակում է «անտառային եղջերափող»: Երաժշտական գործիքների օտար անվանո՛ւմն էլ է պետք իմանալ, հայերե՛նն էլ: Վալդհոռնի հայերենը շատ գեղեցիկ է՝ գալարափող: Այս գործիքը գալարաձև, ոլորուն փողի՝ խողովակի տեսք ունի, այդ պատճառով են այն գալարափող կոչել: Երաժշտական գործիքների աշխարհը շատ հետաքրքիր է: Կուզե՞ս միասին զբոսնենք այդ աշխարհում: Գնացի՛նք:

Երաժշտական գործիքների՝ նվագարանների հիմնական տեսակներն են՝ փողային, ստեղնավոր (ստեղնաշարային), լարային և հարվածային: Քեզ արդեն ծանոթ գալարափողը փողային գործիք է: Կան պղնձե փողային և փայտե փողային գործիքներ: Գալարափողը պղնձից է պատրաստվում, հետևաբար պղնձե փողային գործիք է: Մետաղյա ոլորաձև խողովակի միջով օդը՝ շունչը, մղվում ու ձայն է արձակում: Փաստորեն մարդու շունչը փողային գործիքների միջոցով վերածվում է շատ հետաքրքիր, հնչեղ ու բազմատեսակ ձայների:

Փողին՝ գլանին, իտալերեն ասում են tromba (տրոմբա): Այստեղից էլ տրոմբոն փողային գործիքի անվանումը: Տրոմբոնը պղնձից պատրաստված նվագախմբային գործիք է: Այն իր հայերեն անվանումը չունի: Էլի կան գործիքներ, որոնք հայերեն անվանում չունեն: Դրանցից է ֆլեյտան: Այն հնագույն գործիք է, պատրաստում էին թրծակավից, ոսկրից: Հետագայում ֆլեյտա սկսել են սարքել փայտից, և այն համարվել է փայտե փողային գործիք: Հիմա ֆլեյտան առավելապես մետաղից են պատրաստում:

Փողային է հոբոյը, որը նույնպես հայերեն անվանում չունի: Հոբոյը մեծ դիապազոնի՝ ձայնածավալի, փայտե գործիք է: Երևի այստեղից էլ առաջացել է նրա ֆրանսերեն անվանումը, որ կազմված է «բարձր» և «փայտ» բառերից: Հոբոյը համարվում է նվագախմբի թագուհին: Կա տեսակետ, ըստ որի հոբոյից է ծագել հայկական դուդուկը: Դուդուկը, պատանի՛ բարեկամ, ծիրանենու փայտից են պատրաստում: Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» կարդացե՞լ ես: Անպայման կարդա՛ ու կտեսնես, թե մեզ՝ հայերիս համար ի՛նչ խորհուրդ ունի փայտե այս պարզ գործիքը, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհին:

Փողային գործիք է սրինգը, որն ի սկզբանե հովվական նվագարան է եղել, ինչպես մեր բլուլը որն, ի դեպ, հենց սրնգից է առաջացել: Շատերն այն հայկական սրինգ են անվանում: Կարդա՛  Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուր» լեգենդը ու կտեսնես, թե ի՛նչ հրաշագործ է հովվական այս փոքրիկ նվագարանը: Այսպիսի մի փոքրիկ, փայտե փողային նվագարան է և հայկական շվին: Շվիի անունը «շվոց» բառից է: Բայց ինչպիսի՜ շվոց: Այնքան գեղեցիկ, որ նրան նվագամաս (երաժշտական պարտիա) են հատկացրել ո՛չ միայն ժողովրդական, այլև դասական ստեղծագործություններում:

Փողային գործիքներ շատ կան: Դրանք մյուս գործիքների պես մի ժողովրդից մյուսին են անցել ու հետաքրքիր փոփոխություններ կրել: Հայկական ժողովրդական նվագարանների կազմից հիշենք պկուն, պարկապզուկը: Չմոռանանք նաև մեր թվարկությունից առաջ ստեղծված ու մինչև օրս հնչող շեփորը: Տարբեր ժանրերում օգտագործվող պղնձե փողային այս գործիքը կարծես նաև խմբի առաջնորդ լինի: Իր հնչեղ ձայնով այն ոգեշնչում, միավորում է մարդկանց ու առաջ մղում, ինչպես այդ արեց և արցախյան շարժման օրերին՝ իր առինքնող ձայնը դարձնելով մեր պայքարի խորհրդանիշը:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կանչ» ամսագրում։

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին