Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զբոսանք բառերի աշխարհում (3-րդ մաս)

Բարև՛, պատանի՛ բարեկամ: Չե՞ս պատասխանում բարևիս: Հա՜, ձայնդ է կտրվել: Պարզ է. կա՛մ մրսել ես, կա՛մ չարաշահել ապագա բարիտոնդ: Ուզում ես իմանալ, թե ինչ է բարիտո՞նը: Ասեմ, որ դա ոչ մի կապ չունի բարու կամ տոնի հետ: Բարիտոնը   արական երգչական ձայնի տեսակ է: Քանի որ ձայնդ կտրված է, ու ստիպված ես լռել, ուրեմն ուշադիր լսի՛ր. ես քեզ կպատմեմ երգչական ձայների մասին:

Արական երգչական ձայնի հիմնական տեսակներից է տենորը: Իտալերեն tenore (տենորե) նշանակում է «պահել»: Սա մեծ ձայնածավալի (դիապազոնի) արական բարձր ձայն է: Երգեցողության մեջ բարձր կամ ցածր ձայն ասելով նկատի են ունենում ոչ թե ձայնի ուժգնությունը այլ այն, թե ո՛ր ռեգիստրում, այսինքն՝ ձայնասահմանում է երգում տվյալ երգիչը. դաշնամուրի ներքևի՞ նոտաներին է համապատասխանում նրա ձայնը, թե՞ վերևի: Ոչ երաժշտական ձևակերպմամբ՝ երգչի ձայնը հա՞ստ է, թե՞ բարակ: Տենորի ձայնը համապատասխանում է դաշնամուրի վերին՝ «բարակ» նոտաներին:

Երբ լսես «երեք տենոր» արտահայտությունը, հիշի՛ր, որ խոսքն իտալացի  աշխարհահռչակ տենորներ Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի և Լուչանո Պավարոտիի մասին է: Գլխով ես անում: Գիտեմ, հատկապես Պավարոտիի անունը շատերին է ծանոթ: Աշխարհի մեծագույն տենորներից է նաև կրկին իտալացի Էնրիկո Կառուզոն: Իսկ գիտե՞ս, թե ո՛ւմ են համարում հայկական Կառուզո: Փարիզի Մեծ օպերայի մեներգիչ, Կոմիտասի աշակերտ Արմենակ Շահմուրադյանին:

Արական հաջորդ ձայնը քեզ արդեն ծանոթ բարիտոնն է: Այն հնչում է տենորից ներքև ընկած ձայնասահմանում: Baritone (բարիտոնե) իտալերեն նշանակում է ներքևում հնչող տոն՝ ձայներանգ: Այս ձայնով երգել են իտալացի Տիտո Գոբին, ռուս Դմիտրի Խվորոստովսկին, հայ օպերային արվեստի երախտավոր Միհրան Երկաթը:

Հերթը հասավ ամենացածր նոտաները երգող արական ձայնի տեսակին: Այն կոչվում է բաս: Basso (բասո)  իտալերեն հենց «ցածր» է նշանակում:  Իհարկե, մենք արդեն գիտենք, որ այս անվանումը պայմանական է: Բասով երգում են ոչ թե ցածրաձայն, այլ ամենացածր ձայնասահմանի նոտաները, այսինքն՝ բասը ամենահաստ ձայնն է: Այս ձայնով երգել է ռուս Ֆեոդոր Շալյապինը: Իր հրաշալի բասով է աշխարհի ուշադրությունը գրավել մեր հայրենակից Բարսեղ Թումանյանը:

Հիմա խոսենք կանանց երգչական ձայների մասին: Դրանք հիմնականում երկուսն են՝ սոպրանո և մեցո-սոպրանո: Իտալերեն sopra (սոպրա) նշանակում է «վեր»: Այս ձայնը կանանց ամենաբարձր՝ վերին նորտաները երգող ձայնն է: Իսպանացի աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեի մասին անկասկած լսած կլինես: Իսկ մեր՝ հայերիս հայտնի սոպրանոներն են Գոհար Գասպարյանն ու Լուսինե Զաքարյանը:

Mezzo (մեցո) իտալերեն նշանակում է «կիսով չափ», «միջին»: Մեցո-սոպրանոն երգում է դաշնամուրի միջին նոտաների ձայնասահմանում: Այս ձայնով օպերային արվեստի սիրահարներին դյութել են ռուս Ելենա Օբրազցովան, անզուգական Տաթևիկ Սազանդարյանը, ժամանակակիցներից՝ իտալացի Չեչիլիա Բարտոլին և այլք:

Այսօր Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան է ցուցադրվելու: Հրավիրում եմ: Ձայնդ կտրվա՞ծ է: Ոչինչ, փոխարենը մենք այնտեղ հրաշալի ձայներ կլսենք:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կանչ» ամսագրում։
Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին