Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զբոսանք բառերի աշխարհում (4-րդ մաս)

Բարև՛, պատանի՛ բարեկամ: Մատներդ ի՜նչ արագ ես շարժում համակարգչի ստեղնաշարի վրայով: Ասես Շոպենի վալսերից նվագելիս լինես: Այո՛, այո՛, ճիշտ հասկացար: Այսօր խոսելու ենք ստեղնավոր (ստեղնաշարային) գործիքների մասին:

Հիշո՞ւմ ես, մեր նախորդ հանդիպման ժամանակ ասացինք, որ երաժշտական գործիքների հիմնական տեսակները չորսն են: Հիշի՛ր նաև, որ շատ գործիքներ միայն մեկ ընտանիքի չեն պատկանում: Ստեղնավոր գործիքները, օրինակ, լինում են ստեղնափողային կամ ստեղնալարային: Բայց այս «ընտանիքի ղեկավարը»  ստեղնաշարն է, այդ պատճառով էլ այս երաժշտական գործիքներին անվանում են ստեղնավոր կամ ստեղնաշարային, իսկ դրանց տիրապետող երաժիշտներին ընդհանուր անվամբ կոչում են ստեղնահարներ:  

Խոսենք ստեղնավոր մի քանի գործիքի մասին: Հիշի՛ր՝ համաձայն (համաձայնություն) բառը ֆրանսերեն թարգմանվում է ակորդ (accord): Ակորդ-ը նաև երաժշտական գիտաբառ է: Այդպես է կոչվում մի քանի հնչյունի միաժամանակյա արտաբերումը, նրանց երաժշտական համաձայնությունը՝ ներդաշնակությունը: Այս բառից է առաջացել ֆրանսիացիների սիրելի ակորդեոն ստեղնավոր գործիքի անվանումը: Ակորդեոնը յուրահատուկ է. այն մեզ արդեն ծանոթ փողային գործիքների պես օդի մղումով է ձայն արձակում:

Ստեղնաշարավոր գործիքների ընտանիքի հնագույն անդամներից են կլավիկորդը և կլավեսինը: Մի հանճարեղ երաժիշտ կա, որի կլավեսինը զարդարում է Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանը: Դա Յոհան Սեբաստիան Բախն է, 18-րդ դարի կոմպոզիտոր: Հենց այդ շրջանում ստեղծվեց ու հետագայում երկար կատարելագործվեց կլավիկորդին ու կլավեսինին փոխարինելու եկած դաշնամուրը: Երաժշտական ամուր դաշնությամբ այս գործիքի ստեղնաշարն իրենց մատների տակ շարժելով՝ Մոցարտը, Բեթհովենը, Լիստը, Շոպենը և շատ ուրիշներ փոխել են աշխարհը: Մոցարտից բացի, մյուսների ոտքերն էլ են աշխատել՝ ոտնակներով կարգավորելով գործիքի հնչեղությունը (Մոցարտի ժամանակ դեռևս ոտնակներ  չկային): Դաշնամուրն ամենամեծ դիապազոնի՝ ձայնածավալի գործիքն է և միաժամանակ պատկանում է լարային, ստեղնավոր և հարվածային գործիքների ընտանիքին (միայն թե ստեղներին տրվող մատների հարվածը նկատի չի առնվում, այլ փայտե ծածկի տակ գտնվող մուրճիկների հարվածը մետաղյա լարերին): Այս իմաստով  դաշնամուրը թերևս միակ գործիքը չէ, բայց այն շատ  իմաստներով է միակը:  Պատահական չէ, որ դաշնամուրն անվանում են  «փոքրիկ նվագախումբ»:Դաշնամուրի մեծ տեսակն է ռոյալը:

Դու նկատե՞լ ես, պատանի՛ բարեկամ, որ համերգի ավարտից հետո բեմից հեռացնում են բոլոր գործիքները, անգամ ռոյալը: Միայն մի գործիք կա, որը մշտապես բեմում է լինում: Դա երգեհոնն է: Այս հնագույն, ծավալային, ստեղնավոր գործիքը նվագում են ձեռքերով ու ոտքերով: Այն մեծ տեղ ունի քրիստոնեական ժամերգության մեջ։ Երգեհոնի անունն էլ մեծապես կապված է Բախի անվան հետ:

Իսկ վերջում ասեմ, թե ինչ բառերով ենք անվանում նշված գործիքներ նվագող երաժիշտներին՝ ակորդեոնահար, կլավեսինահար, դաշնակահար, երգեհոնահար: Հայազգի դաշնակահարներից հայտնի է Սվետլանա Նավասարդյանը, երգեհոնահարներից՝ Վահագն Ստամբոլցյանը:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կանչ» ամսագրում։
Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին