Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զբոսանք բառերի աշխարհում (5-րդ մաս)

Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»: Բանաստեղծական խոսքի հեղինակը Ավետիք Իսահակյանն է: Այո՛, սիրտն էլ երաժշտական գործիքի նման լարեր ունի: Միայն թե գործիքի լարերը ոչ թե երևակայական են, այլ իրական, հիմնականում՝ մետաղյա:

Հայ քնարերգության վարպետների խոսքերով շատ երգեր են ստեղծվել: Իսկ գիտե՞ս, որ «քնարերգություն» բառը նույնպես երաժշտության հետ կապ ունի: Հին Հունաստանում բանաստեղծները քնար էին նվագում ու նրա հնչյունների ուղեկցությամբ չափածո տաղերով պատմում իրենց զգացմունքների մասին: Քնարը, արդեն հասկացար, երաժշտական գործիք է: Հունարեն այն կոչվում է լիրա: Ահա թե որտեղից են առաջացել հայերեն «քնարերգություն» և օտար «լիրիկա» բառերը: Քնարը գեղեցիկ տեսքով ու հմայիչ ձայնով լարային գործիք է: Լարային է կոչվում երաժշտական գործիքների երրորդ խումբը, որի մասին է այսօրվա մեր զրույցը:

Լարային գործիքների մի մասը աղեղով են նվագում: Այդ գործիքները կոչվում են լարային-աղեղնավոր: Դրանց մեջ նշանավոր են ջութակիընտանիքի գործիքները՝ ջութակից չափերով մի քիչ մեծ ալտը, ավելի մեծ թավջութակը, որի օտար անվանումն է վիոլոնչել,և ամենամեծը՝ կոնտրաբասը, որը հայերեն անուն չունի: Ջութակը ամենաբարձր ձայնասահմանում (ռեգիստրում) է հնչում, կոնտրաբասը՝ ամենացածր, այսինքն՝ կոնտրաբասի ձայնն ամենաթավն է:

Իտալացի ջութակագործ մի վարպետ է եղել՝  Անտոնիո Ստրադիվարիուսը: 17-18-րդ դարից սկսած՝ նրա պատրաստած ջութակները եղել ու մնում են անգերազանցելի: Անգերազանցելի են  ջութակահարներ Նիկոլո Պագանինիի, Պաբլո Սարասատեի կատարումները:

Ասում են՝ ջութակը Արևելքից է անցել Եվրոպա: Կան գործիքներ, որոնք Արևելքում էլ մնացել են: Այսպես, պարսկերեն «թառ»՝ նշանակում է «լար»: Ահա թե որտեղից է առաջացել արևելյան լարային աղեղնավոր գործիք թառի անունը: Նույն լեզվում քամանչա-ն «աղեղ» է նշանակում: Երկուսն էլ ներառված են հայկական ժողովրդական նվագարանների կազմում: Հայ միջնադարյան մեծ բանաստեղծ և երգահանՍայաթ-Նովան քամանչահար էր:      

Լարային գործիքներ կան, որոնք նվագում են առանց աղեղի: Գիտե՞ս ինչպես:  Կսմթելով: Կատակ չէ: Գործիքների այդ խումբը հենց այդպես էլ կոչվում է՝ լարային- կսմիթավոր: Քեզ արդեն ծանոթ քնարն այս խմբին է պատկանում: Այդպիսիք են եգիպտական տավիղը, իսպանական հնագույն գործիք կիթառը, ռուսական բալալայկան, հայկական քանոնը:Փնտրիր ու լսի՛ր հայ անվանի քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանի նվագը: Շատ կհավանես: 

Լարային-կսմիթավոր գործիք է արևելյան հնագույն վինը: Այլ լեզուներով այս գործիքը լյուտնյա է կոչվում: Մենք՝ հայերս էլ սիրել ու գործածել ենք վինը: Այդ մասին վկայություն ունի 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդը: Վինից առաջացած մի գործիք կա՝ մանդոլինը: Եթե լինես Իտալիայում ու շրջես վենետիկյան նավակով՝ գոնդոլով, անպայման կլսես նեապոլյան այս հրաշալի գործիքի մեղեդին:  

Լարային գործիքները մի ընդհանրություն ունեն. բոլորը փայտից են, իսկ նրանց մեծ մասը կլոր «փորիկ» ունի: Կլոր թե եռանկյուն՝ այն կոչվում է գուշ: Նաև հիշի՛ր մեդիատորի անունը: Հայերեն դա կնտնտոցն է՝ կարծր նյութից պատրաստված այն փոքրիկ սարքը, որը հաճախ գործածում են կսմիթահար գործիք նվագողները՝  նրանք, ովքեր լարային գործիքը աղեղով չեն նվագում:

Պատանի՛ բարեկամ, քեզ պատմեցինք ընդամենը մի քանի լարային գործիքի մասին: Մյուսների հետ ի՛նքդ ծանոթացիր:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Կանչ» ամսագրում։

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին